Posts Tagged ‘Un’
ԷԿՈՆՈՄԻԿԱ - Monday, January 12, 2009 20:06 - 1 Comment
«ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՄԱՐԴԸ»` ԿԻՍՈՎ ՉԱՓ ՀԱՅ
«ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՄԱՐԴԸ»` ԿԻՍՈՎ ՉԱՓ ՀԱՅ
Այս հոդվածը հրապարակելուց առաջ խորհել եմՙ իմաստ ունի՞, արդյոք: Ի վերջո որոշեցի, որ այո, իմաստ ունի: Որովհետեւ սա առնվազն հետաքրքրական տեղեկություն է, գիտելիք: Բացի այդ, հայի արյան գաղթի եւ արյան ուծացման պատմություն է:
Բոլոր ժամանակների 100 լավագույն դիվանագետներից մեկըՙ Բուտրոս Բուտրոս-Ղալին, ծնվել է 1922 թ. Կահիրեում: Ավարտել է տեղի համալսարանը, ապաՙ Սորբոնը, ունի միջազգային իրավունքի դոկտորի եւ փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճաններ: 1977-1990 թթ. եղել է Եգիպտոսի արտաքին գործերի պետնախարար, 1992-1996 թթ.ՙ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. համաշխարհային դիվանագիտական այս բարձրագույն պաշտոնում նա առաջին արաբն էր, «սեւ» մայրցամաքի առաջին ներկայացուցիչը, որին «Թայմ» ամսագիրն անվանեց «բոլոր ժողովուրդների մարդ»:
1997-ից Բուտրոս Ղալին Ֆրանսալեզու պետությունների ասոցիացիայի գլխավոր քարտուղարն է, համաշխարհային քաղաքականության ամենահեղինակավոր անձանցից մեկը, իսկ զանազան գիտական աստիճանների ու կոչումների ցանկը կազմում է 21 էջ:
1991-ի դեկտեմբերին ՄԱԿ-ում կայացած գլխավոր քարտուղարի ընտրության ժամանակ Իսրայելը ձեռնպահ մնացՙ ըստ էության հավանություն տալով, որովհետեւ գլխավոր քարտուղարի կինը հրեուհի էր: Լեյա Նադլերը մկրտվելով ստացել է Մարի անունը, սակայն հուդայականության խոշոր տոների ժամանակ անպայման այցելում է Կահիրեի սինագոգ:
Պատկերացնու՞մ եք, թե Բուտրոս Բուտրոս-Ղալիի կյանքի ու գործունեության վերաբերյալ միայն ինտերնետում որքան կայքէջ կա. մի քանի տասնյակ հազար: Սակայն ուշադրություն դարձրեցի մի զարմանալի իրողությանՙ տեղեկություններ կան պապի, հորեղբոր, այլ ազգականների մասին, բայց ծնողների վերաբերյալՙ ոչ մի խոսք. միայն մեկ անգամ հիշատակվում է, որ հայրը (այն էլՙ առանց անունը նշելու) երկար տարիներ եղել է Եգիպտոսի խորհրդարանի անդամ: Ո՞րն է այս լռության պատճառըՙ չգիտեմ: Սակայն հետաքրքրությունս զուտ պարապությունից չէր, Բուտրոս-Ղալիի ծնողներին պարզելու լուրջ շարժառիթ ունեի, որովհետեւ նրա մայրը հայուհի էրՙ Աննա Գեւորգի Ասլանյանը:
Վ. Զարդարյանը իր «Հիշատակարանի» Ե հատորում (Կահիրե, 1939 թ.) նշում է, որ թոքատցի (եվդոկացի) Գեւորգ Մանուկի Ասլանյանը (1849-1922) պոլսեցի ամիրա Պողոս բեյ Տատյանի թոռն էր ու երգիծաբան Երվանդ Օտյանի մորեղբայրը: Ավարտել էր Փարիզի Կենտրոնական վարժարանը եւ դարձել Օսմանյան կայսրության ամենաճանաչված ճարտարագետներից մեկը, կառուցել է բազմաթիվ շինություններ, երկաթուղիներ, նավահանգիստներ: 1909 թ. Թուրքիայի կամուրջների ու խճուղիների տնօրենն էր, հեղինակ մի քանի աշխատությունների ու դասագրքերի: 1914-ին Կ.Պոլսում հիմնված եւ ընդամենը մեկ տարի գոյատեւած հայկական «Օսմանյան բանկի» վարչական խորհրդի նախագահն էր: Ապա ավելացնում է.«Աղջիկն էր տիկին Աննա Նեգիբ փաշա Ղալի»:
Ղալի տոհմը քրիստոնյա ղպտի էր: Դեռեւս 1860-ական թթ. այդ գերդաստանի նախնի Մուալիմ Շունուդ Բուտրոսը Պետրոս եւ Առաքել Հակոբյան եղբայրների հետ Սուդանում հիմնել էր առեւտրային տուն ու կարողացել մեծ հարստություն դիզել: Պատահական չէ, որ Բուտրոս Բուտրոս-Ղալին ծնվել է 200 սենյակներից բաղկացած մի պալատում, որը գտնվում էր Ղալի անունը կրող փողոցում:
Ա. Ալպոյաճյանը «Պատմութիւն Եվդոկիոյ հայոց» գրքում (Կահիրե, 1952 թ.) գրում է. «Գեւորգ Մանուկի Ասլանյանը (1849-1922) ուներ երկու աղջիկՙ տիկին Առաքել Նուբար փաշա եւ տիկին Բուտրոս Ղալի փաշա»: Առաջինի անունը Նեւզիկ էր եւ, փաստորեն, Պողոս Նուբար փաշայի հարսն էր: Ինչպես նշում է Է. Մելքոնյանը իր «Հայկական բարեգործական ընդհանուր միության պատմություն» աշխատությունում (Ե., 2005 թ.), տիկին Նեւզիկը Պորտ Սայիդի Տիկնանց կենտրոնական հանձնախմբի ատենապետուհին էր եւ զգալի ներդրում է ունեցել հայ գաղթականների ու որբերի խնամատարության գործում:
Իսկ ինչպիսի՞ն էր տիկին Աննա Բուտրոս-Ղալին: «Եգիպտահայ տարեցոյցը» (Կահիրե, ա.տ. եւ թ.) գրում է. «Աննա Նեգիբ փաշա Ղալին եղել է Աղքատաց հոգաբարձության ատենապետուհին», այսինքնՙ նյութապես ու ֆինանսապես օժանդակել է հայ գաղթականներին: Վ. Համազասպյանը «Հայկական բարեգործական ընդհանուր միությունը եւ Հայաստանը» աշխատությունում (Ե., 2001թ.) նույնպես անդրադարձել է տիկնոջը. «Կահիրեի Տիկնանց կենտրոնական հանձնախմբի նախագահ Աննա Նեգիբ փաշա Ղալին մեծ օգնություն է ցույց տալիս գաղթականներին: Աննան գաղթականության օգնության ֆոնդի վիճակախաղին հանդիսավորապես նվիրում է մի մետաքսյա բարձրարժեք գորգ»: Ստույգ հայտնի է նաեւ, որ Աննան 1954-ին դեռեւս ողջ էր ու 20 եգիպտական ոսկի էր նվիրաբերել Կահիրեի Գալուստյան վարժարանի 100-ամյակի կապակցությամբ:
Հավելենք, որ Նեգիբ փաշան եգիպտական բանակի գեներալ էր:
Այսպիսով, չնայած մեր ձեռքի տակ եղած սուղ տվյալներին, գրեթե կասկած չի հարուցում, որ ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարի մայրը հայուհի էր: Ի վերջո, սույն ենթադրության ճշմարտացիությունը կարելի է ստուգել անձամբ Բուտրոս Բուտրոս-Ղալիից: Ճիշտ է, ըստ տեղեկությունների, երբեմն տկարությունը զգացնել է տալիս, բայց նա շարունակում է ապրել եռանդուն եւ առույգ կյանքով:
ԽԱՉԱՏՈՒՐ ԴԱԴԱՅԱՆ
- Երբ Ավանգարդ էինք
- Հստակ գործողություններ ի պատասխան Էրդողանի վայրեհաչոցներին:
- Սերժ Սարգսյանի ընտանեկան կլանը պետք է կանգնի արդարադատության առջև
- Բոլոր դեպքերում, Հայաստանը այսօրվան հասցնողները պատասխանատվության են ենթարկվելու:
- Տարեմուտի խոսք ԵՀՄՖ նախագահ Պարոն Աշոտ Գրիգորյանին
- ՀԱՅԱՍՏԱՆ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ, ԱՄԵՐԻԿԱ, ՌՈՒՍԱՍՏԱՆ… Կամ Հայ քաղաքական մտքի մերօրեայ դեգերումները
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹԻՒՆԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ
- ՆԵՐԿԱՅԻՍ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԻ ՄԱՍԻ ՍԻՆ ՅՈՅՍԵՐԸ, ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀՈԳԵՄՏԱՒՈՐ ԾՈՒԼՈՒԹԻՒՆԸ ԿԱՄ ԱՒԱՐԱՅՐԻ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՈԳԻ՞Ն…
- Ստրկամտությունն ու վախը ծնում են ստորություն
- Տաս տարի առաջ բայց կարծես այսօր
- «Նոր մետաքսե ուղու» համաշխարհային համագումարը՝ կրկին առանց Հայաստանի
- Հայաստանով անցնող նոր «մետաքսե ուղին» պաշտոնապես գրանցվեց Չինաստանի միջազգային համագումարում
- ԵՀՄՖ-ի նախագահության կոչը արտերկրի հայկական կազմակերպություններին, գործարարներին և գործիչներին
- Խալիֆաթ:Մաս 2
- Խալիֆաթ:
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 3
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 2
- Կեղծիքի և ստի հարյուրամյա թավուտներում:Մաս 1
- Մի բլոկնոտի Քարտեզի հետքերով:դեպի 1919 թվական :
- Արցախը կարող է դառնալ հայկական Շվեյցարիա. ուսումնասիրություններ
- ԱՊՐԻԼ 2 … ՀԱՂԹԱՆԱ՞Կ..
- ՎԱՃԱՌՎԵ՞Լ, ԹԵ՞ ՉՎԱՃԱՌՎԵԼ ..
- ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏՆ ԵՆ.
- ԱԲԻԿ ԳԱՆՏԻԼԵԱՆ
- ԿԱՆԹԵՂԻՆ Խօսքը Հիմնադրութեան երրորդ ամեակին առթիւ
- « ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՆ ՀԱՆՃԱՐՈՅ»
- Այսօր Հայաստանում տիպիկ աֆրիկյան բռնապետություն է:Հարցազրույց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի փոխնախագահ, ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանի հետ
- Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահություն արձագանքում է հայկական NEWSPRESS բաց նամակին
- ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ:ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ
- ԵՎ ԱՇԽԱՐՀԸ ԿԼՍԻ ՊՈԵՏՆԵՐԻ ՁԱՅՆԸ
- Преступный беспредел Комитета по науке
- 7 декабря 1988 года
- Ինչու է «պիսար» Վիգեն Սարգսյանը առաջ տանում «1000 դրամի» ծրագիրը