Posts Tagged ‘manvel sargsyan’
ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Thursday, December 29, 2011 2:52 - 1 Comment
ժամանակն է վերանայել քաղաքական գործունեության այն ձեւերը, որոնք Հայաստանում գոյություն ունեն մինչեւ այժմ:
«Սարդարապատ»
շարժման նախաձեռնող խումբը դեկտեմբերի 22-ին կազմակերպել էր սեմինար
«Ընտրությունների» այլընտրանքը թեմայով, որը տեղի ունեցավ Խնկո Ապոր անվան գրադարանի դահլիճում:
Ձեզ ենք ներկայացնում Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն՝ Մանվել Սարգսյանի ելույթը ։
Կարծում եմ` ժամանակն է վերանայել քաղաքական գործունեության այն ձեւերը, որոնք Հայաստանում գոյություն
ունեն մինչեւ այժմ: Բոլորս հստակ տեսնում ենք, որ այդ ձեւերով հաջողության չենք
հասնում: Եվ ես կուզենայի մի փոքր դրա մասին խոսել` հընթացս անդրադառնալով այլ
երկրների հաջող փորձերին, միգուցեեւ շատ հակիրճ` Հայաստանի փորձին:
Առաջին` մեզանում 20 տարի
է, ինչ ցանկացած ժողովրդական ընդվզում, փաստորեն, ղեկավարվում է կուսակցության
կողմից, եւ երբեւիցե հարց չի ծագել` ինչքանո՞վ է դա ճիշտ կամ, ընդհանրապես, հնարավո՞ր
է, որ ուրիշ կերպ այս ամեն ինչն ընթանա: Բայց քանի որ մենք վերջին 15 տարում
անընդհատ իշխանափոխության խնդիր ենք դնում եւ համոզում ինքներս մեզ, որ համակարգային
փոփոխություն Հայաստանում կարելի է անել միայն իշխանափոխության դեպքում: Համապատասխանաբար`
մենք պետք է արդյունքները տեսնեինք կամ գոնե փորձեինք մտածել, թե ինչո՞ւ մեզ մոտ ոչինչ
չի ստացվում:
Վերջին շրջանում ես բավականին
ուսումնասիրություններ եմ կատարել` փորձելով հասկանալ, թե ինչպես է ուրիշների
հաջողվել հասնել դրական արդյունքի: Չէ՞ որ ամբողջ 20-րդ դարը նման փորձերի հաջողած
օրինակների ժամանակաշրջան է: Եվ վերջապես այդ համատեքստում արժե մի հետադարձ
հայացք ձգել նաեւ 1988-91թթ. մեր շարժմանը: Մի բան ակնհայտ է` կուսակցություններն
ի զորու չեն համակարգային փոփոխություն կատարելու: Դա անհնարին է անել ժողովրդական
ալիքի վրա` ահա թե ինչի մասին է խոսքը: Հնարավոր է, ասենք, որեւէ կուսակցություն
գա իշխանության եւ վերեւից փոփոխություններ անի, օրինակ` ռուսական «պերեստրոյկայի»
հանգույն, երբ ընդամենը մի անձ` Գորբաչով ազգանունով, եկավ ու վերեւից ինչ-որ փոփոխություններ
մտցրեց: Բայց մեզանում նման փորձը չեղավ, եւ ոչ էլ վերնախավում տեղի ունեցած փոփոխություններով
որեւէ էական բան փոխվեց մեր կյանքում:
Այս կամ այն ընդդիմադիր
ուժի կողմից անընդհատ փորձ էր արվում հասարակական լայն զորաշարժի միջոցով հասնել
համակարգային փոփոխության: Սակայն երբեք լավ ուսումնասիրություններ չեն արվել կամ գոնե
չի պարզաբանվել հանրությանը, թե ինչ են քաղաքական ուժերը հասկանում համակարգային
փոփոխություն ասելով: Կոնկրետ հասկացվում էր իշխանափոխություն` ոչ ավելին:
Կարծում եմ` համակարգափոխության
էությունն իսկապես պետք է լավ պատկերացնել եւ հասկանալ, թե ինչ համակարգ ունենք եւ
դրա փոխարեն ինչպիսին ենք ուզում ստեղծել: Շատ է խոսվում այն մասին, որ մենք
ունենք քրեաօլիգարխիկ համակարգ, բայց չի ասվում, թե ի՞նչ բան է քրեաօլիգարխիկ
համակարգը, որո՞նք են այդ համակարգի խոցերը եւ ինչո՞ւ մենք դա պիտի փոխենք: Եթե փոխարինում
ենք, դիցուք, սահմանադրական կարգով, ապա ի՞նչ է վերջինս նշանակում: Բառը մի բան է,
նրա իմաստի մեջ թափանցելը` բոլորովին այլ: Մանավանդ` Հայաստանում, որտեղ շատ է արծարծվում
«սահմանադրական կարգը վերականգնելու» թեման, այսինքն` խոսվում է մի բանի մասին, որը
Հայաստանում երբեք գոյություն չի ունեցել: Եվ բնական է, որ առկա գործիքակազմով
մենք ցանկալի արդյունքի չենք հասնում:
Հայաստանում, երեւի թե,
եկել է այն պահը, երբ հասարակությունն առաջին անգամ լրջորեն մտածում է ունենալ
սահմանադրական-իրավական պետություն` աշխարհում ամենազարգացած պետական կազմավորման ձեւերից
մեկը: Եվ, կարծես թե, մենք այդ նպատակն արդեն դնում ենք:
Բայց ինչպե՞ս կառուցել
նման պետություն: Օլիգարխիկ համակարգում չի գործում եւ չի էլ կարող գործել ամենաէական
հանգամանքը` ազատ ընտրությունների մեխանիզմը, որովհետեւ օլիգարխիկ համակարգի էությունը
հենց այն է, որ զսպի, կաթվածահար անի այդ մեխանիզմը: Սահմանադրական-իրավական
պետություն կառուցելու երկրորդ կարեւոր մեխանիզմը արդարադատության համակարգն է:
Եթե որեւէ տարածքում գոյություն ունի ազատ արդարադատություն եւ ազատ ընտրություն`
այդտեղ ո´չ ավտորիտար, ո´չ էլ օլիգարխիկ պետություն ստեղծել հնարավոր չի: Օլիգարխները
դա փայլուն հասկանում են, ուստի ողջ իրենց եռանդը օգտագործում են, որպեսզի այս
երկու գործիքակազմերը երկրում չաշխատեն:
Համապատասխանաբար` կուսակցական
գործունեությունն այս երկրում յուրահատուկ ձեւ է ընդունում: Կուսակցությունները
քաղաքական ինստիտուտներ են, որոնց գործունեությունը հստակեցված է օրենքով: Կուսակցությունը
պետք է հայտարարի, թե ինչ արժեքներ է դավանում, այդ արժեքների հիման վրա ներկայացնի
զարգացման ու կառավարման ծրագրեր` շատ կոնկրետ ներկայացնի հասարակությանը, ազատ
ընտրությունների միջոցով ստանա քվեներ, անցնի կառավարման համակարգ եւ իրականացնի
այդ ծրագիրը: Նրանք ուրիշ որեւէ իրավունք չունեն, անգամ իրավունք չունեն ձգտելու
իշխանության այս սահմանված կարգից դուրս: Ցանկացած այլ մեթոդ, որով նրանք հասնում
են իշխանության, քրեորեն պատժելի է, որովհետեւ այն իշխանության ուզուրպացիա է կոչվում:
Բայց եթե գոյություն
չունի ընտրական մեխանիզմ, այս կուսակցությունները` եթե նրանք անգամ կատարյալ են, ինչպե՞ս
իրականացնեն իրենց գործառույթը: Սա կարեւորագույն հարց է: Հանրահայտ է, եւ հասարակությունը
փայլուն գիտի, թե ինչպես է դա իրականացվում: Կուսակցությունները զբաղված են մի
հարցով` ստեղծել երկրում ինչ-որ պայմաններ, որոնք իրենց թույլ կտան գործող վարչակազմից
պոկել ինչ-որ դիվիդենտ` կամ նրան ծառայելով, կամ նրա համար բարդություններ ստեղծելով:
Եթե որեւէ կուսակցություն կասի, որ ինքն ունի երկրորդ, երրորդ միջոց` ինձ
կզարմացնի: Ես շատ կուսակցականների հետ եմ խոսել, եւ բոլորն էլ ասում են, որ
իսկապես ուրիշ ձեւ չկա:
Հիմա ի՞նչ է ստացվում:
Առաջին՝ կուսակցություններն իրենց գործունեության բուն բովանդակությունը չեն կարող ներկայացնել հասարակությանը: Որեւէ կուսակցություն չի կարող ասել հասարակությանը, որ ինքն առեւտրի միջոցով է ստանալու իր «քվեն»: Նշանակում է` ուրիշ բան է ասվում հասարակությանը: Իսկ եթե ուրիշ բան է ասվում, ուրեմն նույն կուսակցությունները դառնում են գործող վարչակազմից հետո հասարակության մշտական ապակողմնորոշող երկրորդ օղակները՝ վերածվելով խաբելու հզոր կառույցների: Չի նշանակում, սակայն, որ այդ մարդիկ չարամիտ ստախոսներ են, նրանք չեն ուզում, բայց քանի որ մտել են այդ տեխնոլոգիայի մեջ, ստիպված են խաբել:
Երկրորդ՝ ընդունելով այդ տեխնոլոգիան, բոլոր կուսակցությունները միասին լեգիտիմացնում են գործող անօրինական վարչախումբը, ավելի են լայնացնում այդ ստվերային պայմանավորվածությունների շրջանակը, բովանդակությունը, հասցնում են մինչեւ վերջին մարդ եւ վերջին մարդուն ամեն օր համոզում են, որ այս ամենը ճիշտ է:
Հիմա Հայաստանի վիճակը դա է: Դրա համար էլ խնդիր առաջացավ` մասնակցել ընտրություններին, թե` ոչ: «Սարդարապատը» խնդիր դրեց չմասնակցել: Ես լսել եմ անցյալ անգամ «Սարդարապատի» ներկայացուցիչների ելույթներն այն մասին, որ եկեք նորից չհիասթափեցնենք ժողովրդին, որովհետեւ անցյալ ընտրությունները ցույց տվեցին, որ հիասթափեցումը հանգեցնում է նրան, որ ժողովուրդը լքում է երկիրը: Այսինքն` եթե մի անգամ էլ հիասթափեցնենք, կարող է արտագաղթի նոր ալիք լինել: Հետաքրքիր է` իհարկե: Իսկապես, վտանգը կա եւ արժե մտածել, որովհետեւ ոչ մի կուսակցություն դեռ չի հայտարարել, որ այս ընտրությունները լինելու են ավելի լավը: Բոլորը (երեկ էլ, կարծեմ, ՀԱԿ-ի ներկայացուցիչը նորից հայտարարեց, որ իշխանությունները չեն ցանկանում ազատ ընտրություններ կազմակերպել) խորապես համոզված են, որ ընտրություն չի լինելու, այսինքն` բոլորը հասկանում են, որ ընտրությունները բերելու են հիասթափություն: Սակայն բոլորը պատրաստվում են մասնակցել ընտրություններին:
Հիմա ի՞նչ անենք, որ դուրս գանք արատավոր այս շրջանից: Երեւի ավելորդ չէ ուսումնասիրել ուրիշների փորձը: Հիրավի, հաջող փորձեր աշխարհում կան, որոնց մասին այսօր Հայաստանում շատ են խոսում՝ շատ է խոսվում Լեհաստանի մասին, Չիլիի մասին, Իռլանդիայի մասին, Հարավաֆրիկյան պետության մասին, բայց չի բացվում, թե ինչպես են մարդիկ հասել այդ հաջողության: Ինձ հետաքրքրեց, եւ ես գտա մի էական հանգամանք` գաղտնիքը ոչ կուսակցական շարժումների մեջ է: Կարող եմ պնդել, որ դա շատ հիմնարար մի բան է: Չիլիում, օրինակ, որտեղ գործում էին կուսակցություններ, երբ հանքափորները սկսել էին շարժումը Պինոչետի ռեժիմի դեմ, ուլտիմատում են դրել կուսակցություններին` ճիշտ այնպես, ինչպես եւ ռեժիմին, ոչ մի տարբերություն չեն դրել: Հասարակությունն ուլտիմատում է դրել ամբողջ քաղաքական դաշտին: Ըստ երեւույթին, այնտեղ նույն վիճակն է եղել, ինչ որ մեզ մոտ է: Իհարկե, այնտեղ ֆաշիստական, ռազմական դիկտատուրա էր, բայց էությունը չի փոխվում՝ նա լեգիտիմացվում էր կուսակցությունների կողմից: Երբ շարժումն արդեն կանգնել էր այդ վիճակում, երբ մոտ էր հաղթանակը, այդ ժամանակ ուլտիմատում դրել բոլորին: Եղել են խոշոր կուսակցություններ, որոնք անցել են ժողովրդի կողմը` որպես հասարակ մասնակիցներ, ոչ ղեկավար: Սա երեւի թե էական հանգամանք է:
Մեր փորձը 1988-91թթ. նույնն է ցույց տվել. ժողովուրդն ինքն է ստեղծել շարժման ղեկավարություն: Եվ փաստորեն մենք կարող ենք ամենաէական եզրակացությունն անել, որ համակարգային փոփոխություն կարող է անել միայն քաղաքացիական շարժումը: Գուցեեւ կուսակցությունների ղեկավարությունն է եղել հիմնական պատճառը, որ մենք 2008-ին չկարողացանք հաղթահարել այս վիճակը: Դա շատ էական խնդիր է, որովհետեւ համակարգային փոփոխությունը հեղափոխություն է, ինչքան էլ այդ բառը չենք սիրում՝ մեզ թվում է, թե հեղափոխությունը շենքեր գրավելն է: Ոչ մի երկրում, որտեղ դեմոկրատական հեղափոխությունը հաջողել է, ոչ ոք շենք չի գրավել: Ո՞րն է եղել տարբերությունը Հայաստանի հետ. բոլոր տեղերում հասարակությունը եւ բնական ճանապարհով ի հայտ եկած հեղափոխական գործիչների վերնախավը ուլտիմատումի առաջ են դրել քաղաքական համակարգին: Ուլտիմատում` գրավոր ձեւակերպած Սահմանադրության դրույթների հիման վրա: Եվ ահավոր զրկանքներով ու կորուստներով ստիպել են այդ վարչականներին ընդունել ուլտիմատումի գլխավոր պահանջը` ազատ ընտրություններ անցկացնել: Դրանից հետո հրավիրել այն բոլոր կուսակցություններին` մասնակցելու ազատ ընտրություններին: Տեսեք` ինչքան էական տարբերություն կա: Չիլիի ժողովրդական շարժումն այդ տեսակետից կատարյալ է, անգամ կուսակցություն չեն ստեղծել, որ գնան վերցնեն իշխանությունը: Նրանք հասկանում էին, որ կուսակցությունների գործը հեղափոխություն անելը չէ, որ կուսակցությունը պետք է զբաղվի իր գործով: Նրանց տրվում էր մաքուր դաշտը, որ գործեն: Մյուս երկրներում էլ մոտավորապես նույն սխեմաներն են եղել: Այդ ուլտիմատումի հասցնելու գաղափարն այս հեղափոխությունների էությունն է: Եվ ոչ ոք զենք չի օգտագործել, ուժ չի օգտագործել:
Երբ Հայաստանում ասում են, որ եթե այս անգամ էլ իշխանությունները չգնան ընտրությունների, կլինի թավշյա հեղափոխություն, ապա այդ հեղափոխության ճանապարհի քարտեզը պետք է դրված լինի սեղանի վրա, եւ հասարակությունը պետք է իմանա, թե ինչպես է դա արվելու` քայլ առ քայլ: Եվ այդ ուժն առաջին իսկ օրից, եթե նման քարտեզ ունենա իր սեղանի վրա, պետք է նախօրոք հայտարարի, որ հեղափոխությունից հետո չի մասնակցելու քաղաքական գործընթացներին, լուծարվելու է, չի մասնակցելու ընտրություններին: Հասարակությունն այսօր դա պետք է իմանա, որ հավատա այդ գործիչներին:
22 դեկտեմբերի 2011թ.
Երեւան
- Երբ Ավանգարդ էինք
- Հստակ գործողություններ ի պատասխան Էրդողանի վայրեհաչոցներին:
- Սերժ Սարգսյանի ընտանեկան կլանը պետք է կանգնի արդարադատության առջև
- Բոլոր դեպքերում, Հայաստանը այսօրվան հասցնողները պատասխանատվության են ենթարկվելու:
- Տարեմուտի խոսք ԵՀՄՖ նախագահ Պարոն Աշոտ Գրիգորյանին
- ՀԱՅԱՍՏԱՆ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ, ԱՄԵՐԻԿԱ, ՌՈՒՍԱՍՏԱՆ… Կամ Հայ քաղաքական մտքի մերօրեայ դեգերումները
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹԻՒՆԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ
- ՆԵՐԿԱՅԻՍ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԻ ՄԱՍԻ ՍԻՆ ՅՈՅՍԵՐԸ, ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀՈԳԵՄՏԱՒՈՐ ԾՈՒԼՈՒԹԻՒՆԸ ԿԱՄ ԱՒԱՐԱՅՐԻ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՈԳԻ՞Ն…
- Ստրկամտությունն ու վախը ծնում են ստորություն
- Տաս տարի առաջ բայց կարծես այսօր
- «Նոր մետաքսե ուղու» համաշխարհային համագումարը՝ կրկին առանց Հայաստանի
- Հայաստանով անցնող նոր «մետաքսե ուղին» պաշտոնապես գրանցվեց Չինաստանի միջազգային համագումարում
- ԵՀՄՖ-ի նախագահության կոչը արտերկրի հայկական կազմակերպություններին, գործարարներին և գործիչներին
- Խալիֆաթ:Մաս 2
- Խալիֆաթ:
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 3
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 2
- Կեղծիքի և ստի հարյուրամյա թավուտներում:Մաս 1
- Մի բլոկնոտի Քարտեզի հետքերով:դեպի 1919 թվական :
- Արցախը կարող է դառնալ հայկական Շվեյցարիա. ուսումնասիրություններ
- ԱՊՐԻԼ 2 … ՀԱՂԹԱՆԱ՞Կ..
- ՎԱՃԱՌՎԵ՞Լ, ԹԵ՞ ՉՎԱՃԱՌՎԵԼ ..
- ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏՆ ԵՆ.
- ԱԲԻԿ ԳԱՆՏԻԼԵԱՆ
- ԿԱՆԹԵՂԻՆ Խօսքը Հիմնադրութեան երրորդ ամեակին առթիւ
- « ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՆ ՀԱՆՃԱՐՈՅ»
- Այսօր Հայաստանում տիպիկ աֆրիկյան բռնապետություն է:Հարցազրույց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի փոխնախագահ, ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանի հետ
- Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահություն արձագանքում է հայկական NEWSPRESS բաց նամակին
- ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ:ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ
- ԵՎ ԱՇԽԱՐՀԸ ԿԼՍԻ ՊՈԵՏՆԵՐԻ ՁԱՅՆԸ
- Преступный беспредел Комитета по науке
- 7 декабря 1988 года
- Ինչու է «պիսար» Վիգեն Սարգսյանը առաջ տանում «1000 դրամի» ծրագիրը