Zildjian ստորագրությունը հայտնի լոգո է երաժշտական աշխարհում, եւ չկա մի երաժիշտ, որ չճանաչի այն: Թմբկահարների աշխարհում, որտեղ անվերջանալի երեւակայության, երկարատեւ աշխատանքի եւ անսահմանափակ տաղանդի շնորհիվ ցնցող ռիթմեր են ծնվում, Zildjian ստորագրությունը մի ամբողջ երաժշտական պատմություն ստեղծեց:
Avedis Zildjian Co.՝ այսպես է կոչվում աշխարհի ամենահայտնի, ամենահարուստ եւ ամենաերկարակյաց ընկերությունը, որը զբաղվում է ծնծղաների, թմբուկների փայտիկների եւ թմբկահարների համար այլ անհրաժեշտ պարագաների արտադրությամբ: Ծնծղաները, որոնք այսօր ջազ եւ ռոք երաժշտության մեջ շատ հաճախ են գործածվում, առաջին անգամ հայտնվել են Արեւելքում, մասնավորապես՝ Օսմանյան Թուրքիայում: Թուրքերը ծնծղաներն ու թմբուկներն օգտագործել են պատերազմներում եւ տոնական արարողությունների ժամանակ: Դեռ դարեր առաջ դժվար թե մարդիկ պատկերացնեին, որ այսօր ծնծղաները դառնալու են ռոք եւ ջազ երաժշտության հիմնական գործիքները: Ավելին` դժվար թե մեկի մտքով անցներ, որ ծնծղաների պատրաստման խոշոր բիզնեսի հեղինակը լինելու է ազգությամբ հայ մի մարդ:
Չորս դարի պատմություն ունեցող ծնծղաների արտադրության հիմնադրի անունը Ավետիս է. Ավետիս Զիլջյանն ապրել է 17-րդ դարում, Թուրքիայում՝ Կոնստանտինոպոլսում, եւ, ինչպես արդեն հասկացաք` ազգությամբ հայ է եղել: Նրա հայրը` Քերոբ Զիլջյանը, Թուրքիայի սուլթանի համար տարբեր մետաղներից ձուլվածքներ էր պատրաստում: Ավետիսն այդ ժամանակ որոշեց դառնալ ալքիմիկոս եւ այդ նույն մետաղներից ստեղծել ոսկի: «Ոսկին» ստացվեց անագի եւ պղնձի ձուլումից։ Այն ուժգին ձայն հանող մի գործիք էր, որը դարեր հետո դարձավ Զիլջյանների գերդաստանի բիզնեսը: Սուլթանին դուր եկավ Ավետիսի ստեղծագործությունը, եւ նրան 80 ոսկի ընծայեց: Սուլթանի առաջարկով Ավետիսն իր ազգանունը դարձրեց Զիլջյան. թուրքերեն «զիլ» բառը նշանակում է՝ ծնծղա, իսկ «զիլջի»` ծնծղա պատրաստող: Այս արմատին ավելացնելով իր հայկական տոհմի ազգանվան «յան» վերջածանցը՝ Ավետիսն իրեն անվանեց Զիլջյան:
1623թ. Ավետիսը Կոնստանտինոպոլսում հիմնեց ծնծղաների արտադրությունը: Դարեր շարունակ ծնծղաների արտադրման գործընթացը գաղտնիք էր եւ ընտանեկան ավանդույթի համաձայն՝ այդ գաղտնիքը բացվում էր միայն արտադրության ղեկավարի ավագ որդուն: Օսմանյան Կայսրության զինվորական նվագախումբը օգտվում էր միայն Զիլջյանների արտադրանքից: 18-րդ դարում հայկական արտադրության ծնծղաները մուտք գործեցին Եվրոպայի թագավորական պալատներ, ավելի ուշ հանրահայտ կոմպոզիտորները (Մոցարտ, Վագներ, Գլինկա եւ այլք) իրենց ստեղծագործություններում ընդգրկեցին այս հրաշալի գործիքը: 1851թ. Ավետիս Զիլջյան Երկրորդն անձամբ էր գովազդում իր տոհմական արտադրանքը Եվրոպայում` մասնակցելով միջազգային տարբեր ցուցադրությունների: Արտադրության հաջորդ ղեկավարը Քերոբ Զիլջյանն էր, ով Թուրքիայում հիմնեց K. Zildjian Constantinople ընկերությունը:
Ավետիս Զիլջյանի հետեւորդները մինչեւ 20-րդ դար հանգիստ ապրել եւ իրենց բիզնեսով են զբաղվել, սակայն 1900-ականների սկզբներին երկրում տիրող քաղաքական եւ ազգայնական լարվածությունները Ավետիս Զիլջյան Երրորդին` Քերոբի զարմիկին, ստիպեցին լքել Կոնստանտինոպոլսն ու գաղթել ԱՄՆ: Քերոբը, սակայն, մնաց Թուրքիայում՝ զարգացնելով K. Zildjian Constantinople ընկերությունը: Երբ 1923թ.-ին հիմնվեց Թուրքիայի Հանրապետությունը եւ Կոնստանտինոպոլսը պաշտոնապես վերանվանվեց Ստամբուլ, ընկերության անվանումը փոխվեց՝ K. Zildjian Istambul: 1929-ին Ավետիս Երրորդը ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգում հիմնեց Avedis Zildjian Co.-ն, որը մինչ օրս գործում է եւ համարվում է աշխարհի թիվ 1 ծնծղա արտադրող ընկերությունը: Զիլջյանների ծնծղաների ցանցը, փաստորեն, ընդլայնվում էր: Որոշ ժամանակ անց, սակայն, Քերոբ եւ Ավետիս եղբայրները դարձան միմյանց համար լուրջ մրցակիցներ:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Avedis Zildjian Co.-ն երկրի զինվորական նվագախմբի համար ծնծղաներ պատրաստելու պետական պատվեր ստացավ: Պատվերների քանակն անսահմանափակ էր եւ շատ շուտով Zildjian բրենդը ձեւավորվեց: Ավետիսը հայտնի դարձավ երաժշտական այս աշխարհում՝ որպես նորարար. նրա նորամուծություններից ամենահետաքրքիրը թերեւս այն էր, որ նա ծնծղաներին անուններ տվեց`բնութագրելով դրանցից դուրս եկող ձայնի որակը (Ride, Crash, Splash, Hi-Hat, Sizzle ): Ծնծղաները պատրաստվում էին եւ՛ ավտոմատ ճանապարհով, եւ՛ ձեռքով, սակայն Zildjian-ի ձեռքի վերջին աշխատանքը եղել է 1964թ.-ին, որն էլ պատրաստվել է հանրահայտ «Բիթըլզ» խմբի թմբկահար Ռինգո Սթարի համար:
Արտադրական պրոցեսն ընկերությունը կիսել էր երկու գործարանների միջեւ. մեկում մետաղները ձուլվում էին, իսկ մյուսում՝ ձուլվածքին տրվում էր վերջնական տեսք: Ավելի ուշ այս արտադրությունն իր արմատները ձգեց նաեւ Կանադայում՝ տոհմի մեկ այլ անդամի՝ Ավետիս Երրորդի կրտսեր որդու՝ Ռոբերտ Զիլջյանի ջանքերի շնորհիվ: Զիլջյանների տոհմն այստեղ հիմնեց Azco գործարանը, որը 1968-70թթ. արտադրում էր Zilco կոչվող ծնծղաները:
1975թ. Թուրքիայում արտադրվող K. Zildjian պիտակով ծնծղաների արտադրության մեջ խնդիրներ ծագեցին, սակայն Ռոբերտին հաջողվեց այնպիսի քայլեր ձեռնարկել, որը մեծ ձեռքբերումներ բերեց. K. Zildjian-ը միացավ Avedis Zildjian Co.-ին: Արդեն իսկ ամբողջ աշխարհում ծնծղաների ստեղծման մենաշնորհը Զիլջյաններինն էր:
Ավետիս Երրորդը Զիլջյանների տոհմական ավանդույթը խախտեց եւ ծնծղաների արտադրման գաղտնիքը բացեց իր երկու որդիներին՝ Ռոբերտ եւ Արմանդ Զիլջյաններին: Թերեւս սա ամենամեծ սխալն էր, քանզի հենց այս պատճառով Zildjian ընկերությունը հետագայում բազմաթիվ ներքին խնդիրներ ունեցավ, ինչի արդյունքում պառակտվեց:
1982թ.-ին, հոր` Ավետիս Երրորդի մահից հետո, եղբայրները համաձայնության եկան, որ տոհմական ընկերությունը` Avedis Zildjian Co.-ն, պետք է ղեկավարի ավագ որդին` Արմանդը: Ռոբերտը որոշեց թողնել ընտանեկան բիզնեսը եւ ստեղծել սեփականը, որը նույնպես պետք է զբաղվեր ծնծղաների արտադրությամբ: Նա թողեց ԱՄՆ-ը եւ Կանադայում արդեն իսկ Զիլջյանների գերդաստանի կողմից ստեղծված արտադրության մեջ հիմնեց Sabian ընկերությունը, որ հետագայում դարձավ Zildjian հանրահայտ բրենդի լուրջ մրցակիցը: Երկու եղբայրներն էլ փորձում էին ամեն գնով դառնալ ծնծղա արտադրող թիվ 1 ընկերությունը, գրավել հանրահայտ երաժիշտների ուշադրությունը, եւ յուրաքանչյուրի նպատակն էր՝ ապացուցել` «լավագույնը հենց ես եմ»: Անիմաստ է թվարկել այն երաժիշտների անունները, ովքեր այսօր օգտվում են այս երկու ընկերությունների արտադրանքից: Կառանձնացնենք միայն մեր հայրենակից Ջեյքոբ Արմենին, ում մասին գրել էինք մեր ամսագրի նախորդ համարներից մեկում: Ջեյքոբի բոլոր ծնծղաները Zildjian ընկերության արտադրանքն են:
«Sabian-ն իմ երեխան է,- ասում է Ռոբերտ Զիլջյանը,- Ես այն կազմել եմ իմ երեխաների անունների առաջին վանկերից (Sally, Bill, Andy)»: Sabian-ը տարեկան ավելի քան 900.000 կտոր արտադրանք ունի, սակայն մասնագետների հավաստմամբ` Zildjian-ի տարեկան եկամուտն անհամեմատ գերազանցում է մրցակցինին: Avedis Zildjian Co.-ն ավելի է ընդլայնել իր բիզնեսը եւ արդեն չի բավարարվում միայն ծնծղաների արտադրությամբ. այստեղ ձուլվում են նաեւ թմբկահարների փայտիկներ եւ այլ պարագաներ: Ի դեպ, նորամուծություններից մեկն էլ այն է, որ, Արմանդի խորհրդով, արտադրությունը դասակարգեց ծնծղաները եւ հայտնի երաժիշտների համար առանձին մի շարք ստեղծեց` «Artist Series»: Արմանդը տոհմական այս ընկերությունը ղեկավարեց մինչեւ 2002թ.: Նրա մահից հետո արտադրությունը ժառանգվեց նրա դուստրերին՝ Քրեյգիին եւ Դեբիին: Քրեյգի Զիլջյանն այսօր այս հզոր ընկերության ղեկավարն է եւ առաջին կինը, որին վստահվեց ընտանեկան բիզնեսը:
«Փաստորեն, Զիլջյանների բիզնեսի ղեկավարումը հաջորդող տարիներին վստահվելու է միմիայն մեր տոհմի կանանց, քանզի ես ինքս ունեմ մեկ դուստր` Սամանթան, իսկ քույրս` երկու դուստր: Ի դեպ, երեքն էլ հետաքրքրված են ընտանեկան բիզնեսով, իսկ իմ դուստրը մեր ազգի միակ մարդը եղավ, որ ցանկություն հայտնեց ծնծղաների վրա նվագել»,- հարցազրույցներից մեկում ասել է չորսդարյա պատմություն ունեցող ընկերության ներկայիս ղեկավար, աշխարհի 100 բիզնես-լեդիների ցանկում 15-րդ տեղը զբաղեցնող գործարար կին Քրեյգին:
Այսօր այս հզոր տոհմի հետնորդները` Ռոբերտի եւ Արմանդի երեխաները, ոչ մի կապ չունեն միմյանց հետ: «Ես ցավում եմ, որ այդպես ստացվեց,- այսօր ասում է 81-ամյա Ռոբերտ Զիլջյանը` Sabian ընկերության նախագահը: – Շնորհակալ եմ ճակատագրից գոնե այնքանով, որ եղբորս մահվանից երկու տարի առաջ կարողացա խոսել հետը»:
Avedis Zildjian Co.-ն այսօր հովանավորում է երաժշտական բազմաթիվ դպրոցներ: Ունի կրթական ծրագրեր ԱՄՆ-ում, Կանադայում եւ Եվրոպայում, հատուկ կրթաթոշակներ է սահմանել: 1998թ.-ից մինչեւ այսօր Քրեյգիի նախաձեռնությամբ ստեղծվել եւ գործում է Ամերիկյան թմբկահարների ձեռքբերումների մրցանակաբաշխությունը (American Drummers Achievement Awards)՝ նվիրված Avedis Zildjian Co.-ի 375-րդ տարեդարձի պատվին: