Posts Tagged ‘arshak erkrord’
ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Thursday, April 5, 2012 4:55 - 2 Comments
Արծրուն Պեպանյանի «Թագավոր Պապ՝ մայրամուտից առաջ» վեպ: (Հատված)
ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ
– Մի՞թե իմ հայրը, ձեր բոլորի թագավորն ու Հայոց Աշխարհի արքան, վայրի մի հալածական կենդանի էր, որ հարկադրված էր պատսպարվել Վիրքի անտառներում, որպեսզի չխողխողեին իրեն ի՛ր իսկ հպատակները: Ձե՛զ եմ հարցնում բդեշխնե՛ր պատվելի, նախարարնե՛ր, իշխաննե՛ր, հոգևորականնե՛ր և արքունի պալատականնե՛ր, որ իմ գահակալության մուտքի պատվին ժողովվել եք ահա Դվինում: Արարիչի դեմ այդ ի՞նչ մեղք էր գործել նա, ով նույն այդ Արարիչի ընտրյալն էր ու հովանավորյալը: Որպես Արարիչի փոխանորդ Հայոց Աշխարհում` նա չէր կարող մարդկանց դեմ մեղք գործել, ու դա չափելն էլ Արարիչի գործն է և ոչ մահկանացուների: Այդ դեպքում ինչի՞ համար էր նա դարձել հալածյալ իր իսկ հպատակների կողմից: Ո՞վ կպարզի դա ինձ և կարդարացնի արարքը խռովարարների, որի արդյունքում հայոց զորքը երկատված կռվում էր ինքն իր դեմ, իսկ օտարներն էլ, օգտվելով դրանից, ավերեցին թե՛ հյուսիսի և թե՛ հարավի գավառները: Ինչու՞ եղավ այդպես, տիարք, հարցնում եմ ահա, ձեզ` որպես ձեր թագավոր ու ձեր զավակ, քանզի ամենքդ այստեղ ինձանից տարիքով եք առնվազն երկու անգամ:
Արքան իրականում պատասխանի չէր սպասում և ոչ էլ պարզաբանման: Ու թավ հոնքերի տակից մռայված նայելով գահասրահում ըստ աստիճանի տեղ գրաված երեք հարյուրյակ երևելիներին` ետ և առաջ էր քայլում անմիջապես գահի առջև:
– Եվ ինչու՞ կաթողիկոս Ներսեսը, որ վատառողջության պատճառով ներկա չէ, որպես երկրի հոգևոր հայր, հաշտության ցուպն առած, չէր դեգերում արքայական տոհմի երկու ճամբարների միջև, և ճշմարտության ու խաղաղության բերում իր ժողովրդին: Կամ դու, կաթողիկոսական տեղապահ Խադ,- արքան կտրուկ շարժումով դարձավ դեպի վերջինս,- ինչու՞ դու ինքդ այդ անելու փոխարեն անխռով նստած էիր Դվինում ու անհոգ հետևում էիր, թե կողմերից որը կհաջողեցնի ոչնչացնել մյուսին: Չունեի՞ր բավարար հարգանք նրանց մոտ, որ քո խոսքը պատվեին: Եթե այո՛, ապա ինչու՞: Թե՞ չունեիր շահ խաղաղության մեջ…
Կաթողիկոսական տեղապահը ձգվեց, ձեռքն ակամա տարավ սև սքեմի վրա տարածվող շղթայախաչին, կամեցավ ինչ-որ բան ասել որպես արդարացում կամ թե առարկություն, սակայն արքայի տեսքից հասկացավ, որ նա պարզաբանումի չի սպասում ամենևին, և ճիշտը լռելն է:
– Խադի ետևը չէր հասցրել լավանալ Արշակ արքայի տված ծեծից ու չէր կարող նա ձի հեծնել Վիրք գնալու համար,- կատակեց Սյունյաց Անդոք իշխանը ցածրաձայն, այնպես, որ նրան լսեցին իրեն մոտիկ գտնվողները միայն:
Նրա խոսքերը զսպված ժպիտ առաջ բերին իր շուրջը, որն աննկատ մնաց արքայից: Բայց շշուկը նաև տեղապահին հասավ. նա գունատվեց, ապա շուրթերը սեղմած, ինչ-որ բառեր արտասանեց` լսելի միայն իրեն:
-Դուք, նախարարնե՛ր ու իշխաննե՛ր Հայոց Աշխարհի, ու՞ր էիք այդ խառնակ օրերին, ինչու՞ էիք ամենքդ փակվել ձեր ամրոցներում անտարբեր օտարի պես: Ես իմ հոր համար չէ, որ խռովված եմ, ահա, այլ հայոց արքայի, ում պատիվը բոլորիս պատիվն է, տրտունջը` նույնպես մեր բոլորինը. այսպես պատգամել են մեր սուրբ նախնիները: Ի՞նչ պատահեց ձեզ, որ պատգամն այդ ուրացաք, ու Հայրենիքը ձեզ համար դարձավ նվազ կարևոր, իսկ ձեր հողերը, ձեր ինչքը դարձան ապրելու իմաստ (և դա այն դեպքում, երբ ամենն արքայինն է, քանի որ նվաճված է և պահվում է նրա նիզակի զորությամբ): Ինչու՞ Հայրենիքը հեռու չէիք պահում ավերող երկպառակությունից և չէի՞ք սաստում Արարիչի սահմանած կարգին դեմ գնացողներին:
Ամենքը կանգնած էին խոժոռ ու գլխահակ:
– Իմ հայր ու մեր բոլորի արքա Արշակին պարսիկները խաբեությամբ գերեցին և մնացի՛ն անպատիժ: Իմ մայր Փառանձեմին, մեր բոլորի թագուհուն, Տիզբոն տարան ու պղծեցին և մնացի՛ն անպատիժ: Հապա ու՞ր էին այդ օրերին ձեր բորբոքված դեմքերը, զինավառ ձեր ջոկատներըը, ձեր պատիվը, որ վրե ՛ժ լուծեիք դրա համար: Այն օրերին ձեզ որոնում ու չէի գտնում և ստիպված էի Լազերի լեռների քարայրներում անցկացնել ամբողջ հինգ ամիս, ասես վայրի մի լուսան, որպեսզի ինձ` թագաժառանգիս, չորսան ու քարշ չտան Տիզբոն: Ինչու՞ են մեզ պատիվ չբերող անցքեր լինում մեր աշխարհում: Ես ամոթից թաքնվելու տեղ չէի գտնում, երբ Տարսոնում ինձ լուրեր էին հասնում պարսավելի անհամաձայնությունների մասին, ու չգիտեի` ի՜նչ երեսով երևամ հռոմեացոնց: Ես եղունգներս էի կրծոտում զայրույթից ու անզորությունից: Եվ ատում էի ձեզ բոլորիդ, որ կորցրել եք Հայրենիքի զգացումը և շարունակում եք ապրել անպատվության մեջ: Որ ձեր անմիաբանության պատճառով Աղձնիքը, Մոկքը, Ծավդիքը, Ռեյմինան և Կորդուքը զիջվեցին Պարսկաստանին: Գահասրահում համր լռություն էր:
-Այսօր ես ստանձնում եմ հայոց արքաների գահը, բայց ուրախություն չկա իմ սրտում, քանզի հանգստություն եմ տեսնում ձեր դեմքերին, ասես այդ նահանգները ձեր Հայրենիքին մաս չեն եղել ու պարտք չունեք դուք ձեր նախնիների առջև, ովքեր միասնական երկիր էին ձեզ պատգամել: Եվ ահա, հարցնում եմ ձեզ` դուք այդ հողերը վերադարձնելու նպատակ չունե՞ք` հանուն ձեր նախնիների հոգու հանգստության և հանուն պատվի: Եթե չունեք, ո՞րն է հապա այդ դեպքում ձեր կյանքի իմաստը: Նվաստացումն ինչպե՞ս եք տանելու: Ձեր ժառանգների հարցին, թե Հայրենիքն ինչու՞ փոքրացավ, ի՞նչ եք ասելու նրանց, երբ որ այն նվազեց ձե՛ր իսկ կենդանության օրոք ձե ՛ր անմիաբանության պատճառով:
Արքան դադար տվեց մի պահ:
Ամենքն անշարժանացել էին որպես արձան:
-Իսկ գուցե թե մտածու՞մ եք, թե երկիրը դեռ մեծ է ու դեռ էլի կարելի՞ է զիջել` հանուն հետագա ժամանավոր անդարտության: Այո՞: Գուցե ուզու՞մ եք, որ էլի մեկ անգամ գրավեն Անի բերդը և ճանապարհների փոշիների մեջ քարշ տան դամբարաններից հանված ձեր թագավորների ոսկորները` այդ կերպ խայտառակելով ձեզ և ձեր սերունդներին ողջ աշխարհի առաջ: Դա՞ է ձեր ուզածը, տիա՛րք: Եթե այո, ապա հիմա ևեթ ազատ եք, ե՛տ դարձեք ձեր կալվածքները, արձակե՛ք ձեր զինվորներին,- նրանք ավելորդ ծախս են ձեր համար,- թի՛կն տվեք արևի տակ, գիրացե՛ք, մինչև որ հյուսիսի վայրի ցեղերը կամ թե պարսիկները գան ձեր փափկասուն մարմինները ոտնատակելու: Գնացե՛ք, հիմա ևեթ գնացե՛ք. ես միայնա՛կ դուրս կգամ Շապուհի դեմ հանուն ազգիս և երկրիս արժանապատվության և իմ արյամբ ու իմ կյանքով կվերադարձնեմ հարգանքն իմ ազգի հանդեպ: Իսկ դա կարևոր է ամեն ինչից:
– Փոթորի՛կ է, կրա՜կ,- շշնջաց ինքն իրեն ներքին գործոց նախարար Հայր Մարդպետը` գոհունակությամբ շոյելով խիտ մորուքը:
-Տրդատ արքա՛ն է, որ կա,- անթաքույց հրճվանքով արձագանքեց Անդոք իշխանը, որ տեղ էր զբաղեցրած գլխավոր նախարարի կողքին:
-Ո՞ր Տրդատը,- հարցրեց Հայր Մարդպետը բազմանշանակ: – Ո՞ր Տրդատն է թոռդ:
Անդոք իշխանը հասկացավ ակնարկը ու պատասխանեց` ափով բերանը փակելով.
-Նա, որ դեռ Արևին էր պաշտում:
-Դե, այդպե՛ս ասա:
-Բայց Տրդատ արքան քսան տարեկանում այսքան փոթորկոտ չի եղել,- ինքնագոհ ավելացրեց Անդոք իշխանը, և Հայր Մարդպետը նրա ծերունազարդ դեմքին հպարտության վարդագույն նկատեց:
-Դե, ուրեմն դու՛ ես, որ կաս,- կատակեց Հայր Մարդպետը:
Անդոկ իշխանն ի պատասխան այդ խոսքի, ուսով մտերմիկ հրեց նրան:
Հեռանալով գահից` արքան մոտ գնաց ավագանուն: Ամենը կողմ քաշվեցին, ու մի լայն միջանցք բացվեց նրա առջև: -Իսկ գուցե դուք ուզու՞մ եք, որ Շապուհն էլի՛ իր որդիներին պարտադրի որպես տիրակալ ձեզ ու ձեր երկրի: Կամ նորեն լինի՞ այնպես, որ ստիպված լինեք թողնել ձեր ընտանիքները, կանանց, որդիներին ու փախչեք, ցրվեք աշխարհով մեկ։ Դուք ուզու՞մ եք, որ նորեն չափահաս տղամարդկանց փղերը տրորեն, իսկ կանանց ու երեխաներին սայլերի ցցերի վրա հանե՞ն, ինչպես եղավ իմ մոր գերումից հետո։ Դա՞ եք ուզում: Քայլելով առաջ` արքան արյունով լեցուն աչքերով նայում էր ավագանուն:
-Տանջամահ եղած այդ մարդկանց կանչերի արձագանքները չե՞ն խլացնում ձեր ունկերը: Եվ մի՞թե ձեզանից որևէ մեկն իրավունք ունի խոսել արժանապատվությունից այդ ամենից հետո: Թե՞ ուզում եք, որ Շապուհը նորեն հայ նախարարների ու ազատների1 կանանց հավաքի, ինչպես եղավ Զարեհավանի ձիարշավարանի հրապարակում, մերկացնել տա բոլորին, նստեցնի հրապարակի երկու կողմերում, իսկ ինքը, ձի հեծած, ամեն օր անցնի կանանց միջով, և ով որ իր աչքին գա, մեկ-մեկ տանի իր վրանն ու անպատվի։ Եթե դա է ձեր ուզածը, էլ ինչու՞ եք հապաղում, շտապե՛ք տուն և հասնելուն պես ձեր աղջիկներին ու կանանց ուղարկե՛ք Շապուհի մոտ` հարճության, որպեսզի հետո ձեր անմիաբանության պատճառով ե՛ս հարկադրված չլինեմ կքել ստորացման ցավի տակ: Տխուր այս դեպքի հիշեցումը պապանձում բերեց սրահին: Դա հարկադրեց արքային դադար տալ մի պահ: Ու լռության մեջ քայլելով` նա կրկին եկավ դեպի գահը:
– Ես այսուհետ արքա եմ, և իմ կյանքն իմ երկրինն է: Ինձ համար երկու անանց արժեք կա` Արարիչ և Հայրենիք: Դրանք վեր են իմ բոլոր այլ արժեքներից, անգամ իմ ընտանիքից ու զավակներից: Եվ իմ բոլոր քայլերը, որոշումներն ու վարքս ամբողջությամբ բխելու են այս երկու արժեքից: Նույնը պիտի լինի նաև ձեզ համար: Ու սա իմ քմահաճությունը չէ. սա՛ է պահանջում Հայոց Աշխարհի շահը և ապագան: Սա՛ են մեզ պատգամել մեր նախնիները: Ու մեզանից յուրաքանչյուրի վարքը չափվելու է հենց այդ արժեքներով. եթե որևէ արարք կհզորացնի մեր երկիրը, ապա այն կատարողը կարժանանա պանծանքի: Եվ վա՜յ նրան, ում վարքը կթուլացնի այդ հզորությունը: Ոչ ոք, ով կմեղանչի, թող ներման հույս չունենա: Թեկուզ նա լինի իմ ամենահարազատ անձը, որդի՛ս անգամ:
Արքան բազմեց գահին, ձեռքն առավ գայիսոնը: Ամենքին պարզ դարձավ, որ նա հիմա կարձակի իր առաջին հրովարտակը: -Արհավիրքները գալիս են որպես պատիժ անմիաբանությանը: Իսկ դրանք սերմանում են հատկապես նրանք, ովքեր վտանգի դեպքում հարում են թշնամուն: Նման մարդկանց մեր նախնիները չեն ներել: Եվ ահա, հարցնում եմ ձեզ, մի՞թե ես անարդար կլինեմ, եթե նախնյաց օրենքով պահանջեմ որձակոտոր անել բոլոր այն տոհմերը, ովքեր լքեցին իրենց արքային ու իրենց զորությունը տվեցին Շապուհին: Տագնապ ու սարսուռ երևաց սրահում գտնվողների դեմքերին:
– Երեմիա՛,- ձայնեց արքան:
Գրագիրն առաջ եկավ` ձեռքին սոճյա մի տախտակ և կնիք մատանե, ու խոնարհ ողջույն տվեց:
-Սպարապե՛տ հայոց,- կանչեց արքան:
Մուշեղ իշխանը ևս առաջ եկավ, ձգվեց:
-Ահա կամքն արքայական, որ գալիս է Արարիչից. ես, Հայոց Աշխարհի Պապ Արշակունի թագավորս, կարգադրում եմ` կալանավորի՛ր և չարաչար պատիժների ենթարկի՛ր այն նախարարներին և իշխաններին, ովքեր թագուհուն լքել ու պարսից թագավորի պատիվներին էին արժանացել։
Սպարապետն աջը դրեց կրծքին որպես պատրաստակամության հավաստում: Իսկ մնացյալը կարկամած էին լսածից:
Ու երբ ասվածն արձանագրված էր որպես արքայական հրովարտակ, Պապը շարունակեց.
-Բայց միայն փշաքաղեցնող պատումներով ու պատիժներով չէ, որ զգաստության եմ բերում ձեզ: Կա՞ որևէ մեկ այր այստեղ գտնվողների մեջ, ում գոհացնում է երկրի վիճակը:
Արքան զննող մի հայացքով չափեց գահադահլիճը: -Հավանության կանչեր չեմ լսում,- ասաց:- Մե՛նք ենք պատասխանատուն երկրի վիճակի համար, ու եթե այն գոհացնող չէ, ապա մենք պա՛րտք ունենք կատարելու նրա առջև` հանուն Արարիչի՛, որ բարեհաճեց մեզ Հայրենիք պարգևել, և հանուն մեր սերունդների՛: Եվ այդու` մենք պիտի Հայրենիքը վերադարձնենք այն սահմաններին, որ տրվել է մեր նախնիներին: Մեր բոլորի միտքն ու կարողությունը պիտի սպասավորեն այս պարտքի կատարումը: Չկա՛ դրանից ավելի սուրբ նպատակ, ու եթե կարիք լինի` պիտի պատրաստ լինենք նաև մեր կյանքը նվիրաբերել. սա՛ են մեզ ավանդել մեր հայրերը: Եվ ես՝ որպես ազգիս մեկ զինվոր, հաղորդում եմ ահա ձեզ, որ ինքս պահանջված ժամին զինյալ կանգնած կլինեմ բանակի առջևի շարքում` դուրս շպրտելու համար պարսիկներին մեր նահանգներից: Ու իմ որդիներն ու կինը նույնպես կլինեն մարտավայրի մոտերքում, որպեսզի ոչ մեկը չմտածի, թե ես զգուշավորությունից նրանց հեռու եմ պահում` վտանգի դեպքում նրանց ապահովությունը հոգալու համար: Դուք կտեսնեք նրանց այնտեղ: Բացի դա, ես գալիք պատերազմին եմ նվիրաբերում արքայական իմ ողջ ունեցվածքը: Ու եթե ես վարվում եմ այդպես, ապա նույնը պահանջելու իրավունք ունեմ նաև ձեզանից` հանուն Արարիչի և Հայրենիքի: Եվ սա՛ է ահա արքայական իմ հաջորդ հրամանը` տասնհինգ օրից ձեզանից յուրաքանչյուրը զինավառ ներկայանում է Դվին իր երեց որդոց հետ՝ բերելով նաև երկու հազար հանդերձավորված զինվոր` իրենց գումակով: Ու թե Բարձրյալը ներեց ձեր բոլորի մեղքերն ու հաղթանակ պարգևեց մեզ, ապա յուրաքանչյուրդ Դվինում կթողնեք հինգ հարյուր զինվոր ու կհոգաք նրանց բոլոր ծախսերը` հանուն Աստծո և Հայրենիքի. ես նպատակ ունեմ վերականգնել Հայոց Աշխարհի երբեմնի հզորությունը, որպեսզի ոչ մեկի մտքով չանցնի կռվելու գալ մեր կողմերը:
– Բայց չենք հասցնի, արքա՛, մենք դեռ պիտի մեր երկրները վերադառնանք,- տրտնջաց նախարարներից մեկը:
– Հենց հիմա ճեպընթաց սուրհանդակներ ուղարկե՛ք, ուր հարկ է, թող շտապեցնեն: Արքունի ախոռը ձեր տրամադրության տակ է, և իմ բանագնացները:
–
1. Ազատներ- ազնվական դասի ներկայացուցիչներ:
- Երբ Ավանգարդ էինք
- Հստակ գործողություններ ի պատասխան Էրդողանի վայրեհաչոցներին:
- Սերժ Սարգսյանի ընտանեկան կլանը պետք է կանգնի արդարադատության առջև
- Բոլոր դեպքերում, Հայաստանը այսօրվան հասցնողները պատասխանատվության են ենթարկվելու:
- Տարեմուտի խոսք ԵՀՄՖ նախագահ Պարոն Աշոտ Գրիգորյանին
- ՀԱՅԱՍՏԱՆ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ, ԱՄԵՐԻԿԱ, ՌՈՒՍԱՍՏԱՆ… Կամ Հայ քաղաքական մտքի մերօրեայ դեգերումները
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹԻՒՆԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ
- ՆԵՐԿԱՅԻՍ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԻ ՄԱՍԻ ՍԻՆ ՅՈՅՍԵՐԸ, ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀՈԳԵՄՏԱՒՈՐ ԾՈՒԼՈՒԹԻՒՆԸ ԿԱՄ ԱՒԱՐԱՅՐԻ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՈԳԻ՞Ն…
- Ստրկամտությունն ու վախը ծնում են ստորություն
- Տաս տարի առաջ բայց կարծես այսօր
- «Նոր մետաքսե ուղու» համաշխարհային համագումարը՝ կրկին առանց Հայաստանի
- Հայաստանով անցնող նոր «մետաքսե ուղին» պաշտոնապես գրանցվեց Չինաստանի միջազգային համագումարում
- ԵՀՄՖ-ի նախագահության կոչը արտերկրի հայկական կազմակերպություններին, գործարարներին և գործիչներին
- Խալիֆաթ:Մաս 2
- Խալիֆաթ:
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 3
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 2
- Կեղծիքի և ստի հարյուրամյա թավուտներում:Մաս 1
- Մի բլոկնոտի Քարտեզի հետքերով:դեպի 1919 թվական :
- Արցախը կարող է դառնալ հայկական Շվեյցարիա. ուսումնասիրություններ
- ԱՊՐԻԼ 2 … ՀԱՂԹԱՆԱ՞Կ..
- ՎԱՃԱՌՎԵ՞Լ, ԹԵ՞ ՉՎԱՃԱՌՎԵԼ ..
- ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏՆ ԵՆ.
- ԱԲԻԿ ԳԱՆՏԻԼԵԱՆ
- ԿԱՆԹԵՂԻՆ Խօսքը Հիմնադրութեան երրորդ ամեակին առթիւ
- « ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՆ ՀԱՆՃԱՐՈՅ»
- Այսօր Հայաստանում տիպիկ աֆրիկյան բռնապետություն է:Հարցազրույց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի փոխնախագահ, ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանի հետ
- Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահություն արձագանքում է հայկական NEWSPRESS բաց նամակին
- ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ:ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ
- ԵՎ ԱՇԽԱՐՀԸ ԿԼՍԻ ՊՈԵՏՆԵՐԻ ՁԱՅՆԸ
- Преступный беспредел Комитета по науке
- 7 декабря 1988 года
- Ինչու է «պիսար» Վիգեն Սարգսյանը առաջ տանում «1000 դրամի» ծրագիրը