Posts Tagged ‘aleq manukian’
Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Wednesday, April 22, 2009 20:19 - 1 Comment
Ճանաչե՛ք ձեր բարերարներին և հայ սերունդներին նրանց կտակած ունեցվածքը փոշիացնող սողուններին
ԽՈՒՄՀԱՐ՝ ԿԻՊՐՈՍԻ ՄԵԼԳՈՆՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՓԱԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ
Զարմանալի շաբաթ էր մայիսի 3-ը. այդ օրը «Ազգ»-ը տպագրեց Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատության /ՄԿՀ/ նախկին տնօրենուհի Ագապի Նասիպեան-Էքմեքճեանի «Մտորումներ Մելգոնեան բարերարներու օրուան առիթով» հոդվածը, իսկ Հ1-ը ցուցադրեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության /ՀԲԸՄ/ նախագահ Պերճ Սեդրակյանի կամ նրա մասնակցությամբ Միության գործունեության մասին մի տեսաֆիլմ։ Կցանկանայի երկուսին էլ անդրադառնալ, բայց անեմ մի նախապատմություն։
Ներկայումս լուրջ աշխատանք է տարվում արևմտահայոց ժառանգորդների իրավունքների վերահաստատման, նրանց արդարացի պահանջատիրությունը հետապնդող մի համազգային կառույցի ստեղծման ուղղությամբ, և այդ ձեռնարկի հեղինակները կատարել էին հերթական խելամիտ քայլը՝ նրանց անհրաժեշտ էր գիտական հենք, և այդ նպատակով ապրիլի 18-20-ը գիտագործնական միջազգային համաժողով էին կազմակերպել Նիկոսիայում։ Հրավիրվել էին գիտնականների ու մասնագետների մի պատկառելի խումբ՝ Հայաստանից, ռուսաստանաբնակ հայ ձեռնարկատերեր ու մտավորականներ, ազգակիցներ՝ տարբեր երկրներից և օտարերկրացի բարեկամներ, ներկա էին Կիպրոսի կառավարական շրջանակների անձինք։ Ըստ ծրագրի, վերջին օրվա առաջին կեսը հատկացվելու էր ՄԿՀ-ի փակման խնդրի քննարկմանը, և տեղի ունեցավ առնվազն անդուր մի իրադարձություն. նախկին ուսուցիչներն ու նախկին սաները հուզախառն, զգայացունց ելույթներ ունեցան, կրթահամալիրը գոցած ՀԲԸՄ ղեկավարության հասցեին մեղադրանքներ հնչեցին, և այդ ամենն ուղղակի վրիպում էր։ Ոչ թե բովանդակային իմաստի, այլ խնդիրը մատուցելու տեսակետից։ Որովհետև եթե դա ոմանց համար ըմբռնելի էր, ապա մեծամասնությունն անտեղյակ էր և չէր հասկանում ինչի մասին է խոսքը, մելքոնյանցիները հաշվի չէին առել լսարանի տարաբնույթ լինելը, այնինչ, եթե նպատակ ունեին ինչ-ինչ աջակցություն ստանալ՝ պետք էր, նախ, հավաքվածներին տարրական ճանաչողական տեղեկություններ տրամադրել։ Եվ որպեսզի մերօրյա սույնն ընթեցողն ինքը պատկերացում կազմի, հպանցիկ ասենք։
Գրիգոր /1843 – 1920/ և Կարապետ /1849 – 1934/ Մելքոնյան /Մելգոնեան/ եղբայրները նախնական կրթությունն ստացել են ծննդավայրի՝ Կեսարիայի, Գյումուշյան վարժարանում, ապա սկսել են զբաղվել առևտրով։ 1878թ. ռուս-թուրքական պատերազմից հետո անցել են Ռումինիա և Ֆոքշանում վաճառականություն արել։ Կարճ ժամանակ անց տեղափոխվել են Եգիպտոս և ճանապարհամերձ մաքսատներից մեկի մոտ խանութ վարձակալելով՝ ծխախոտ վաճառել։ Հմտանալով այդ գործում՝ եղբայրներն անցել են արտադրության ոլորտ. 1882թ. Զագազիգում հիմնել են «Գ. և Կ. Մելքոնյան» ֆիրման և առաջին գործարանը, որը հետագայում տեղափոխվել է Ալեքսանդրիա։ 1888-ին Ֆայումում կառուցել են նոր գործարան, ուր փոխադրվել են Ալեքսանդրիայի և Ֆայումի ձեռնարկությունները։ 1914թ. այստեղ ամսական արտադրվում էր 10 միլիոն հատ գլանակ։ Ֆիրման ներկայացուցիչներ ուներ Եգիպտոսի ու Սուդանի գրեթե բոլոր քաղաքներում, գործնական սերտ կապեր էր պահպանում եվրոպական ու հեռավորարևելյան տարբեր երկրների հետ։
Ավագ եղբոր մահից հետո Կարապետն ամբողջ ունեցվածքը նվիրաբերում է Հայաստանի Առաջին Հանրապետությանը, ինչի համար արժանանում է «Ազատ Հայաստանի արտասահմանյան առաջին հայ քաղաքացի» կոչմանը։
Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելու պատճառով մեկ տարի անց՝ 1921թ. հուլիսի 25-ին Կ.Մելքոնյանը կազմում է նվիրատվության մի ակտ, որի համաձայն իր ու եղբորից մնացած ամբողջ կարողությունը հատկացնում է Տաճկաստանում ու Կիլիկիայում հայ օրիորդների ու պատանիների համար երեք հայկական դպրոց պահելու։ Իրավարարն էր Պոլսո պատրիարքարանը, որը 1923թ. Նիկոսիայի մերձակայքում գնում է 187 հազ. քմ հողատարածք, իսկ 1924թ. ճարտարապետ Կ.Պալյանի նախագծով սկսվում է կրթահամալիրի շինարարությունը. կառուցվում են 15 շինություն, խաղադաշտեր, հիմնվում են պուրակներ ու պարտեզներ։
Սակայն 1925թ. դեկտեմբերի 28-ին Ալեքսանդրիայում Կարապետ աղան կազմում է մի նոր ակտ և ամբողջ նվիրատվությունը փոխանցում հայ ժողովրդի բացարձակ հեղինակությունը վայելող Պողոս Նուբար փաշայի ղեկավարած ՀԲԸՄ-ին։
Փաշայի և Կ.Մելքոնյանի միջև կայացած բանակցությունների հիման վրա, բարերարների ամբողջ հարստությունը Ալեքսանդրիայի Խառն դատարանում պաշտոնապես ՀԲԸ Միությանն է փոխանցվում նոտարական ակտերով /պայմանագրություն/։ Պ.Նուբարը Կ.Մելքոնյանի ցանկությամբ ծխախոտի գործարանը վաճառում է անգլիական «Իսթերն ընկերությանը»՝ 564.696 ֆունտ ստերլինգով /այս գումարի գնողունակության մասին պատկերացում տալու համար ասենք, որ 1925թ. ՀԲԸՄ հատկացրած 5000 ֆունտ ստերլինգով կազմակերպվեց Հունաստանում, Կ.Պոլսում և Պաղեստինում ապաստանած 4190 գաղթականների ներգաղթը Հայաստան/, որն էլ հավասար մասերով դրվում է Լոնդոնի «Միդլենդ» բանկում և Նյու Յորքի «Նեյշնըլ Սիթի բանկում», որպես անձեռնմխելի գումար։ Դրանից ստացվող շահույթն էր հատկացվում ազգօգուտ նպատակների՝ համաձայն բարերարի հանձնարարության։
Մելքոնյան կրթական հաստատությունը պաշտոնապես հիմնվում է 1926թ.։
Կ.Մելքոնյանի մահից հետո, 1935թ. Ալեքսանդրիայից բերվում է Գրիգոր աղայի աճյունը, ու եղբայրները հողին են հանձնվում հենց համալիրի բակում, նույն դամբանում /ճարտարապետ՝ Մ.Ալթունյան, քանդակագործ՝ Լ.Մուրադով/։
2004թ. մարտի 16-ին ՀԲԸՄ Կենտրոնական վարչությունը, ծախսատարության և կրթության ժամանակակից պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ, որոշում է կայացնում ՄԿՀ-ն փակելու մասին, իսկ 2007թ. մայիսին՝ հաստատության գոյատևումից 79 տարի անց, որոշումն ուժի մեջ է մտնում։
Հաստատությունն այժմ զբաղեցնում է 125 հազ. քմ տարածք, որտեղ տեղակայված են 2 եռահարկ ուսումնական մասնաշենքեր, 2 հանրակացարան՝ տղաների ու աղջիկների համար, մարզահամալիր, տարբեր մարզադաշտեր, պաշտոնյաների բնակելի շենք և այլն։ Այն միակ գիշերօթիկ, երկրորդական, ամենօրյա դպրոցն էր Սփյուռքում։ Նաև միակ միջազգային դպրոցն էր, որտեղ տարեկան ուսանում էին 20-ից ավելի երկրների շուրջ 320 հայ երեխաներ։ Ուսումնական ծրագրերն են եղել՝ հումանիտար, գիտական ու տնտեսական /բիզնես/։ Հայերենից ու անգլերենից բացի դասավանդվել են հունարեն, ֆրանսերեն, արաբերեն, ռուսերեն, բուլղարերեն։ Իր գոյության ընթացքում հաստատությունը տվել է 1650 շրջանավարտ, այստեղ են կրթություն ստացել Սփյուռքի բազմաթիվ ապագա մտավորականներ, կյանքի ուղեգիր են ստացել տարբեր բնագավառների շատ ու շատ բարձրակարգ մասնագետներ։
Ահա այս ամենն էր, որ ապրիլի 20-ին չասվեց գիտաժողովի մասնակիցներին, բայց փոխարենն ստեղծվեց որքան զգայացունց, նույնքան անհասկանալի մթնոլորտ։ Նման իրավիճակում թերևս միակ տրամաբանական, կշռադատված քայլը կատարեց ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ, կիպրաբնակ Բենոն Սևանը։ Մինչ այդ համեստորեն մի անկյունում լուռումունջ նստած՝ նա ոտքի ելավ ու փորձեց մեղմել լարվածությունը, թե՝ փոխանակ մեղադրելու, բողոքելու՝ բանակցեք, ընդհանուր լեզու գտեք ՀԲԸՄ ղեկավարության հետ։
Ելույթներից հետո մեկնեցինք կրթահամալիր, և այն, ինչ տեսա, երբեք չեմ մոռանա։ Տեսա ամրաամուր ցանցապատված շենքերը, մեր մեծերի գետնադիր պղծված արձանաքանդակները և… լսեցի լռությունը՝ հայը չկար։ Մելքոնյանների դամբանից զվարթություն էր ճառագում, բայց դա մենավոր խնդուք էր, և մեր հեռանալուց հետո բարերարները կմնային ազգին իրենց նվիրումի հետ մեն-մենակ։ Իսկ նայելով ու լսելով փակված հաստատության՝ դեռևս հույսի թրթիռը ջերմած նախկին ուսուցիչներին, ակամա մտաբերեցի Հայաստանի հարյուրավոր «օպտիմալացված» մանկավարժներին ու հանգեցի տխրագույն եզրակացության՝ այսօրվա հայոց աշխարհում ամենաանպաշտպան, իրավազուրկ ու լլկված հայը ուսուցիչն է։ Նա, ով կոչված է ազգի ապագա սերնդի հիմնարկեքը կատարելու…
Խորապես համոզված եմ՝ զգայական, հոգեցունց մոտեցումները պատմության ընթացքում մեզ միայն փակուղի են տարել, կորուստներ պատճառել, և վաղուց ժամանակն է ամեն ինչ գնահատել սթափ, հաշվենկատորեն, հանգել եզրակացությունների և համարձակ որոշումներ կայացնել։
Այժմ անդրադառնամ «Ազգ»-ի հոդվածին և Հ1-ի տեսաֆիլմին։
Հարգարժան տիկին Ա.Նասիպեան-Էքմեքճեանը գրում է.«Սփիւռքը որեւէ ատենէ աւելի այսօր պէտք ունի Մելգոնեանին: Այնքան տկարացած է մեր հետաքրքրութիւնը մեր լեզուին, մշակոյթին ու մեր ազգային արժէքներուն նկատմամբ եւ այնքան աղօտած ու խաթարուած՝ մեր ինքնութիւնը, որ եթէ որեւէ միութիւն կամ ոեւէ ղեկավար պիտի մեծապէս գնահատէ հայօրէն ապրող հայ մարդոյժ պատրաստելու առաքելութիւնը, իրագործած պիտի ըլլայ մեծագոյն բարերարութիւնը մեր ժողովուրդին համար», և ես լիովին համաձայն եմ այս մտքին։ Սակայն անընդունելի է հետևյալը.«1915-ին արեւմտահայութիւնն է, որ հայրենազրկուեցաւ, հետեւաբար սփի՛ւռքն է, բարոյապէս, ժառանգորդը Արեւմտահայաստանին եւ սփիւ՛ռքն է, որ առաւելաբար տէր պէտք է կանգնի եղերաբար ինկած մեր նահատակներու լեզուին, մշակոյթին եւ ազգային իտէալներուն»։ Համաձայն չեմ, որովհետև քանի դեռ կշարունակենք տարանջատվել արևմտահայ-արևելահայի /ավելին, Հայաստանում ու Սփյուռքում՝ ըստ ծննդավայրի, հայրենակցականության/, քանի դեռ կշարունակենք նորանոր զոհեր մատուցանել հատվածապաշտության սեղանին, քանի դեռ չենք կարողանա ըմբռնել, որ հայ լինել՝ նշանակում է պատկանել մարդաբանական միևնույն տեսակին, կունենանք մերօրյա կորուստներ։ Ինչու՞ ես չեմ կարող բարոյական ժառանգորդը լինել մեր «լեզուին, մշակոյթին եւ ազգային իտէալներուն», ինչու՞ եք ինձ զրկում ազգիս պարտք մատուցելու իրավունքից, ի վերջո, ես չեմ փակել Մելքոնյանը, այլ սփյուռքյան իրավատերը։
Ինքնագովազդ թող չհնչի, բայց Հայաստանում չգիտեմ մեկ ուրիշի, ով ինձնից հաճախակի անդրադարձած լինի ՀԲԸ Միության պատմությանը և դրա հետ առնչվող բազում երախտավորների գործունեությանը. դա ամփոփված է իմ մի քանի գրքերում ու տասնյակ հոդվածներում։ Ես համարել և համարում եմ, որ ՀԲԸՄ-ն մեր լավագույն համազգային կառույցն է և ազգային արժեքային համակարգի անքակտելի բաղադրյալը, ավելին՝ հայ ժողովրդի վերջին հարյուրամյակի պատմությունն առհասարակ անհնար է պատկերացնել առանց Միության։ ՀԲԸՄ-ն ունեցել է երկու փառահեղ նախագահ /ներողություն եմ խնդրում մյուսների հիշատակի առջև/, ի դեմս Պողոս Նուբարի և Ալեք Մանուկյանի, ովքեր իսկական ազգային հերոսներ էին։ Եթե մեկ նախադասությամբ բնութագրելու լինենք այդ ազգընտիր անձանց գործունեությունը, ապա կասենք, որ նրանք պահեցին ու պահպանեցին հային։ /Ի դեպ, 2001թ. լրանում էր Պ.Նուբարի ծննդյան 150 և Ա.Մանուկյանի 100-ամյակները, և նույն «Ազգ»-ում հոդված տպագրեցի, որտեղ կոչ էի անում այդ կապակցությամբ գոնե մի հանդիսավոր նիստ գումարել կամ հիշատակի միջոցառում կազմակերպել. չարվեց, և դա ամոթ էր ու խայտառակություն/։
Ինչու՞ եմ այս ամենն ասում. նախ, քանի որ Միությունն ազգային արժեք է՝ այն պատկանում է համայն ժողովրդին և չի կարող լինել մի քանի անձանց կամ մարդկանց խմբի սպասարկուն։ Երկրորդ, ղեկավարել Միությունը՝ նշանակում է ուսել ծանրագույն բեռ ու վիթխարի պատասխանատվություն։ Երրորդ, այդ կառույցի ղեկավարն ուղղակի հնարավորություն ունի մնալու մեր ժողովրդի պատմության մեջ։ Բայց՝ ոչ վարժարան փակելով։ Ալեք Մանուկյանը հիմնում-բացում էր։ Հեռատես Պողոս Նուբարի մտքով եթե անցներ, որ 79 տարի անց Մելքոնյանը կփակվի՝ ինքը նոտարական ակտում դա արգելափակող կետ կմտցներ։
Հարգարժան պրն Պ.Սեդրակյանը տեսաֆիլմում անթաքույց գոհունակությամբ խոսում էր ՄԿՀ-ի փակման մասին, իբրև մեծ հաջողություն։ Եվ նշում մի քանի փաստարկներ, որոնք կփորձենք վիճարկել։
Փաստարկ 1. Ուծացումն անշրջելի է, և սփյուռքահայ ներկայիս սերնդին հայեցի կրթությունը պետք չէ։ Այս թեզը նոր չէ, տասնամյակներ շարունակ շրջանառվում է, և, հիրավի, ուծացումն անվիճելի երևույթ է։ Բայց հենց դրա՛ դեմ է պայքարի կոչված եղել ՀԲԸՄ-ն իր գոյության ընթացքում, ինչու՞ ՄԿՀ-ի պարագայում այդ սկզբունքը չի պահպանվում։ Մտքի ալարկոտությունը, ամլությունը, կորովազրկությունը, գլխացավանքից ազատվելը չէ՞ պատճառը։ Արդյո՞ք Միության մյուս ուսումնական հաստատություններին է՞լ է նույն «բախտը» սպասվում՝ նույն տրամաբանությամբ։
Փաստարկ 2. ՄԿՀ-ի ուսուցման մակարդակը չի համապատասխանում աշխարհի ժամանակակից կրթության պահանջներին։ Եթե անգամ համաձայնենք այս տեսակետին, կուզենայինք հարցնել՝ ինչու՞ այդ ուղղությամբ չեք աշխատել, ինչու՞ չեք փոխել ուսումնական ծրագրերը, ինչու՞ չեք համապատասխանեցրել միջազգային չափանիշներին։ Ի վերջո, կրթահամալիրի բնույթը կարող էիք հիմնովին փոխել, ձեր ձեռքն ո՞վ էր բռնում, տերը դուք էիք։
Փաստարկ 3. Ծախսատար է և ֆինանսապես իրեն չի արդարացնում։ 79 տարի ա՞նց եղավ սա։ Եթե այս փաստարկը համապատասխանում է իրականությանը, ապա թույլ կտանք եզրակացնել, որ Միության վարչությունը բիզնես-վարչարարների /մենեջերներ/ լուրջ կարիք ունի։ Այդ դեպքում ճիշտ չէ՞ր ՄԿՀ-ի կառավարումը հանձնել նրան, ով կարող էր կրթական բիզնես իրականացնել։
Փաստարկ 4. Ճիշտ է, ՄԿՀ-ն փակում ենք, բայց փոխարենը նոր Մեքոնյան ենք բացում Երևանում, ուր ուսանելու կգան սփյուռքահայ պատանիներն ու աղջիկները։ Առաջին հայացքից շատ սիրուն է, հայրենասիրական։ Բայց, նախ, Կարապետ աղան վարժարանը հիմնել է Կիպրոսում և ոչ՝ Երևանում։ Երկրորդ, ովքե՞ր են դասավանդելու, ովքե՞ր են ապահովելու միջազգային պատշաճ մակարդակ, մի՞թե ոչ հայաստանյան բուհերի այն նույն դասախոսները, ովքեր եթե կաշառք չվերցնեն, կրկնուսուցմամբ չզբաղվեն, հանապազօրյա հացի փնտրտուքներում տեղից-տեղ չվազվզեն՝ սովորական վարսավիրից երեք անգամ պակաս կվաստակեն։ Հայաստանում այսօր կան հազարավոր դպրոցներ, 23 պետական և 64 մասնավոր բուհեր, նոր «Մելքոնյանն» ինչո՞վ է տարբերվելու։ Եվ, երրորդ, ի՞նչ է լինելու Մելքոնյանների աճյունների հետ, Գրիգոր աղան մի անգամ վերաթաղվել է, հիմա էլ եղբայրների մասունքները պիտի հողին վերահանձնվեն Երևանու՞մ, է, այդ մարդիկ իրենց ազգանվեր բարերարության ձեռից հո կրակը չեն ընկել…
Այս ամենը տեսանելի, մակերեսին երևացող հարցեր են, այնինչ իրականում կան խորքային լուրջ խնդիրներ։ Դրանցից մեկն այն է, որ կրթահամալիրը վերածվել է առուծախի առարկայի՝ ՀԲԸՄ ղեկավարությունը տարածքը, շինությունները հանել է վաճառքի /բա ի՞նչ պիտի աներ, հաջողությամբ արդեն ձերբազատվել է «շարժական գույքից»՝ սաներից և ուսուցիչներից/։ Տրամաբանական էր ենթադրել, որ եթե մի հայ մի բան է վաճառում, ապա, նախ, այն կարող է գնել մեկ ուրիշ հայ։ Վերևում նշել եմ, որ գիտաժողովին ներկա էին ռուսաստանաբնակ հայ ձեռնարկատերեր, որոնք միգուցե նաև այդ նպատակով էին ժամանել և որոնց էլ սկսեցի հարցուփորձ անել։ Խոսքը վերաբերում էր լուրջ գործարքի, այդ իսկ պատճառով ըմբռնումով էի ընկալում բոլորի մերժումները՝ շոշափել այդ թեման։ Ի վերջո, նրանցից մեկը տեղի տվեց և ասաց՝ թանկացրել են, ու նշեց կոնկրետ թիվ։ Դա չեմ հրապարակի, որովհետև իսկությունն ստուգել հնարավոր չէ։ Ասեմ միայն, որ սկզբնապես հայտարարվել է մեկ գումար, հետո ճիշտ այդքան ավելացվել է, ապա՝ ավելացվել ևս ճիշտ այդքան։ Խոշոր բիզնեսում դա ընդունված պրակտիկա է. երբ ուզում են իմանալ ունեցածի կամ թեկուզ սեփական ընկերության իրական, շուկայական արժեքը՝ հայտարարում են դրա վաճառքի մասին, և սկսվում է յուրահատուկ ներքին աճուրդ։ Նույնը կատարվում է ՄԿՀ-ի հարցում։ Բայց կա մի «փոքրիկ» խնդիր՝ Մելքոնյանը ոչ թե խաղատուն է, պարասրահ կամ ռեստորան, այլ՝ վարժարան, հետևաբար և՝ բարոյական արժեք։
Եթե ՀԲԸՄ ղեկավարությունը ցանկանում է վաճառել ազգային բարերարների նվիրատվությունը, բայց և բարի կամք ունի, որ այն մնա կրթօջախ, թող գինը շարունակ չթանկացնի, ընդհակառակն՝ նվազեցնի, իսկ ես կօգնեմ գնորդ գտնել. գիտեմ մոսկվաբնակ երեք խոշորագույն հայ ձեռնարկատերերի, որոնց բիզնեսը բարձրակարգ կադրերի խիստ կարիք ունի։ Նրանցից մեկն արդեն հիմնել է միջազգային բիզնես-դպրոց, մյուս երկուսը որոնումների մեջ են։ Ահա այս մարդիկ կարող էին ձեռք բերել ՄԿՀ-ն, պահպանել Մեքոնյանների անունը, պահպանել արևմտահայերենի, հայագիտական այլ առարկաների դասավանդումը, բայց և կպատրաստեին իրենց անհրաժեշտ մասնագետներ։
Այն, որ ՄԿՀ-ն պիտի մնա որպես կրթօջախ՝ այլընտրանք չունի, և ՀԲԸՄ ղեկավարությունն այս հարցում ունի լրջագույն հակառակորդ՝ ի դեմս… Կիպրոսի Հանրապետության։ Բարեգործականի վարչության որոշումից 8 օր անց՝ 2004թ. մարտի 24-ին, Կիպրոսի խորհրդարանը միաձայն որոշում է կայացնում ընդդեմ ՄԿՀ-ի փակման, ապրիլի 2-ին Ներքին գործերի նախարարության քաղաքաշինության բաժինը կրթահամալիրի երկու պատմական շենքերը հայտարարում է «պատմաճարտարապետական, ազգային ժառանգություն», հարակից պուրակը՝ «կանաչ գոտի», իսկ 2007թ. մարտին նույն նախարարությունն արձակում է մի հրաման, որով արգելում է Մելքոնյան կալվածքի որևիցե ձևափոխում։ Այսինքն՝ այնպիսի խոչընդոտներ է հարուցում, որոնք ապագա սեփականատերը պարզապես ի վիճակի չի լինելու հաղթահարել։ Պատմության մեջ ինձ հայտնի չէ գեթ մեկ դեպք, երբ որևիցե երկրի տարածքում գտնվող հայոց վարժարան պահել-պահպանելու հարցում նույնանման նախանձախնդրություն ցուցաբերեր պետությունը։ Կիպրոսն, իբրև Եվրոմիության անդամ-երկիր, ունի ստույգորոշ պարտավորություններ, որոնցից մեկն էլ ազգային փոքրամասնությունների լեզվապահպանությանն աջակցելն է, իսկ լեզուն սովորեցնում են դպրոցում։ Այնպես որ ՄԿՀ-ին ֆինանսապես պարտավոր և պատրաստ են աջակցել ոչ միայն Կիպրոսը, այլև համաեվրոպական կառույցն ինքը /ևս մի փաստարկ ընդդեմ կրթահամալիրի՝ ֆինանսապես վնասաբեր լինելու պնդման/։
Այսպիսով, ստեղծվել է շախմատային եզրաբանությամբ ասած՝ ցուգցվանգային, պատային իրավիճակ, և խնդիրն առկախ է։
Ինձ՝ մտավորականիս համար, այս ամբողջ թնջուկն առաջին հերթին ունի ազգային, քաղաքական նշանակություն։ Հայերս կղզում ներկա ենք ավելի քան 1000 տարի, այնինչ կրթահամալիրի փակումը վաղ թե ուշ կհանգեցնի թե՛ ուծացման, թե՛ արտագաղթի՝ համայնքի վերացման. ի՞նչ խիղճ պետք է ունենալ նման հանցանքի բեռ ուսելու համար։
Երբ 1974թ. Թուրքիան օկուպացրեց Կիպրոսի հյուսիսը՝ կղզու տարածքի 38%-ը, և առայսօր այն վերածեց անապատի, թուրքական ռազմուժն առաջիններից մեկը ռմբահարեց Մելքոնյան վարժարանը։ Ինչու՞՝ գիտեր ինչ է անում։ Ի՞նչ է, Թուրքիան մի պարագիծ է քաշել, որից անդի՞ն պետք է լինի հայը։ Փակենք կրթահամալիրը, որպեսզի սիրաշահե՞նք ագրեսորին։ Ինչպե՞ս կարելի է թուրքի ջրաղացին ջուր լցնել։ /Դժբախտաբար, այսօր «ոռոգողներ» շատ կան, բայց ամեն ինչ չափ ու սահման ունի/։
2008թ. մարտի վերջին Նիկոսիայի Լեդրա փողոցում քանդվեց բաժանարար պատը, և Կիպրոսի երկու հատվածների միջև սահմանը բացվեց։ Երբ մեկ ամիս անց մենք հայտնվեցինք փողոցի թուրքական մասում, թուրք սահմանապահը անձնագրերը պահանջեց, ուսումնասիրեց և ասաց՝ Հայաստանի և Ռեգբճեղի քաղաքացիների մուտքն արգելվում է։ Ասածս սրբագրական վրիպում չէ, Ռեգբճեղի փոխարեն նշեց աֆրիկյան մի կորած-մոլորած երկրի անուն, և հավին էլ հասկանալի էր, որ դա պարզունակ պատրվակ էր, հո չէին կարող Հայաստանին «սև ցուցակի» մեջ մենակ թողնել։ Դա իսկական զավեշտ էր, որովհետև չնայած Նիկոսիայի փողոցները հեղեղված էին զանազան ազգերի ներկայացուցիչներով, բայց գեթ մեկ սևամորթ չենք տեսել։ Հիմա ի՞նչ անենք, Թուրքիայի ստվերից սկսենք Կիպրոսու՞մ վախենալ։ Մինչև երբ, որքա՞ն զիջենք։
Ավարտելով այս ծանր ու ոչ հաճելի թեման, կուզենայի սխալ չհասկացվել. ինձ համար հավասարապես թանկ են թե՛ ՀԲԸՄ-ն, որի արածն ու արվողն անգնահատելի է, և թե՛ ՄԿՀ-ն, որը տասնամյակներ շարունակ օտարության մեջ հայ է կրթել։ Երկուսն էլ ազգային արժեքներ են։ Բարեգործականի ղեկավարությունը կրթահամալիրի հարցում սխալ է թույլ տվել, ինչի հետ համաձայն չեն մելքոնյանցիները։ Ըստ իս, անխոհեմության արբեցողությունից հետո տիրում է խումհարային վիճակ, որից հարկ է անցում կատարել սթափության ոլորտ։ Ուստի երկու կողմին էլ էլ կխնդրեի զերծ մնալ հետագա առճակատումից, անպատեհ արտահայըություններից, դրսևորել փոխադարձ հանդուրժողականություն, բարիկամեցողություն, միաբանություն և ելք գտնել վերաբացելու կրթահամալիրը՝ ի շահ ազգի։
Անշուշտ, այնքան պարզամիտ չեմ կարծելու, թե սույն հրապարակումն ի վիճակի է ինչ-որ էական ազդեցություն ունենալու, բայց եթե դույզն իսկ նպաստ բերի՝ պարզապես երջանիկ կլինեմ։
- Երբ Ավանգարդ էինք
- Հստակ գործողություններ ի պատասխան Էրդողանի վայրեհաչոցներին:
- Սերժ Սարգսյանի ընտանեկան կլանը պետք է կանգնի արդարադատության առջև
- Բոլոր դեպքերում, Հայաստանը այսօրվան հասցնողները պատասխանատվության են ենթարկվելու:
- Տարեմուտի խոսք ԵՀՄՖ նախագահ Պարոն Աշոտ Գրիգորյանին
- ՀԱՅԱՍՏԱՆ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ, ԱՄԵՐԻԿԱ, ՌՈՒՍԱՍՏԱՆ… Կամ Հայ քաղաքական մտքի մերօրեայ դեգերումները
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹԻՒՆԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ
- ՆԵՐԿԱՅԻՍ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԻ ՄԱՍԻ ՍԻՆ ՅՈՅՍԵՐԸ, ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀՈԳԵՄՏԱՒՈՐ ԾՈՒԼՈՒԹԻՒՆԸ ԿԱՄ ԱՒԱՐԱՅՐԻ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՈԳԻ՞Ն…
- Ստրկամտությունն ու վախը ծնում են ստորություն
- Տաս տարի առաջ բայց կարծես այսօր
- «Նոր մետաքսե ուղու» համաշխարհային համագումարը՝ կրկին առանց Հայաստանի
- Հայաստանով անցնող նոր «մետաքսե ուղին» պաշտոնապես գրանցվեց Չինաստանի միջազգային համագումարում
- ԵՀՄՖ-ի նախագահության կոչը արտերկրի հայկական կազմակերպություններին, գործարարներին և գործիչներին
- Խալիֆաթ:Մաս 2
- Խալիֆաթ:
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 3
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 2
- Կեղծիքի և ստի հարյուրամյա թավուտներում:Մաս 1
- Մի բլոկնոտի Քարտեզի հետքերով:դեպի 1919 թվական :
- Արցախը կարող է դառնալ հայկական Շվեյցարիա. ուսումնասիրություններ
- ԱՊՐԻԼ 2 … ՀԱՂԹԱՆԱ՞Կ..
- ՎԱՃԱՌՎԵ՞Լ, ԹԵ՞ ՉՎԱՃԱՌՎԵԼ ..
- ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏՆ ԵՆ.
- ԱԲԻԿ ԳԱՆՏԻԼԵԱՆ
- ԿԱՆԹԵՂԻՆ Խօսքը Հիմնադրութեան երրորդ ամեակին առթիւ
- « ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՆ ՀԱՆՃԱՐՈՅ»
- Այսօր Հայաստանում տիպիկ աֆրիկյան բռնապետություն է:Հարցազրույց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի փոխնախագահ, ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանի հետ
- Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահություն արձագանքում է հայկական NEWSPRESS բաց նամակին
- ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ:ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ
- ԵՎ ԱՇԽԱՐՀԸ ԿԼՍԻ ՊՈԵՏՆԵՐԻ ՁԱՅՆԸ
- Преступный беспредел Комитета по науке
- 7 декабря 1988 года
- Ինչու է «պիսար» Վիգեն Սարգսյանը առաջ տանում «1000 դրամի» ծրագիրը