Posts Tagged ‘Սուրեն Սիրունյանին’
ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Thursday, December 4, 2008 23:45 - 4 Comments
Քրեական գործն ուղարկվել է Երեւանի քրեական դատարան
01.12.2008
Մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է նախնական կալանքի տակ գտնվող 7 մեղադրյալների մասով մեղադրական եզրակացությունը:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրյալներ Ալեքսանդր Արզումանյանին, Հակոբ Հակոբյանին, Գրիգոր Ոսկերչյանին, Սուրեն Սիրունյանին, Շանթ Հարությունյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ և 300-րդ հոդվածի 1-ին մասերով, Մյասնիկ Մալխասյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ, 300-րդ հոդվածի 1-ին մասերով և 38-316-րդ հոդվածի 2-րդ մասով, Սասուն Միքայելյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ, 300-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով:
Քրեական գործն ուղարկվել է Երեւանի քրեական դատարան՝ ըստ էության քննելու համար:
Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ ձեւավորված հասարակական հնչեղությունը՝ հրապարակում ենք մեղադրական եզրակացության նկարագրական մասը
«ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Թիվ 62215908 քրեական գործով` ըստ մեղադրանքի՝
1.Ալեքսանդր Ռոբերտի Արզումանյանի՝ ՀՀ քր. օր-ի 225-րդ հոդվածի 3-րդ և 300-րդ հոդվածի 1-ին մասերով,
2. Մյասնիկ Ժորայի Մալխասյանի՝ ՀՀ քր. օր-ի 225-րդ հոդվածի 3-րդ, 300-րդ հոդվածի 1-ին մասերով և 38-316-րդ հոդվածի 2-րդ մասով,
3. Սասուն Մեխակի Միքայելյանի՝ ՀՀ քր. օր-ի 225-րդ հոդվածի 3-րդ, 300-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով,
4. Հակոբ Վարդանեսի Հակոբյանի՝ ՀՀ քր. օր-ի 225-րդ հոդվածի 3-րդ և 300-րդ հոդվածի 1-ին մասերով,
5.Գրիգոր Հարությունի Ոսկերչյանի՝ ՀՀ քր. օր-ի 225-րդ հոդվածի 3-րդ և 300-րդ հոդվածի 1-ին մասերով,
6. Սուրեն Ռաֆիկի Սիրունյանի՝ ՀՀ քր. օր-ի 225-րդ հոդվածի 3-րդ և 300-րդ հոդվածի 1-ին մասերով,
7. Շանթ Շահենի Հարությունյանի՝ ՀՀ քր. օր-ի 225-րդ հոդվածի 3-րդ և 300-րդ հոդվածի 1-ին մասերով,
Հայաստանի Հանրապետությունում պետական իշխանությունը յուրացնելու, 2008թ. մարտի 1-ին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու և 2008թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու ու դրանք անմիջականորեն կատարելու դեպքերի առթիվ հարուցված գործից անջատված սույն քրեական գործի նախաքննությամբ պարզվել է հետևյալը.
Ալեքսանդր Արզումանյանը, Նիկոլ Փաշինյանը, Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Միքայելյանը, Հակոբ Հակոբյանը, Շանթ Հարությունյանը, Գրիգոր Ոսկերչյանը, Սուրեն Սիրունյանը, Խաչատուր Սուքիասյանը և մյուսները նախնական համաձայնությամբ իրականացրել են ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված դիտավորյալ գործողություններ, կազմակերպել են սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ, որպիսի գործողություններն արտահայտվել են հետևյալում.
2008թ. փետրվարի 19-ին կայացել են Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունները, որի արդյունքների վերաբերյալ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալները հրապարակվել են հաջորդ օրը՝ փաստելով, որ ՀՀ Նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը: Համաձայն ընտրությունների ընթացքը վերահսկող միջազգային դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների հրապարակած գնահատականի՝ ընտրությունները տեղի են ունեցել միջազգային չափանիշներին համապատասխան:
ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, ՀՀ Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանը, «Հայկական Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Միքայելյանը, Հակոբ Հակոբյանը, Խաչատուր Սուքիասյանը, ինչպես նաեւ Շանթ Հարությունյանը, Աբովյանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին պատգամավոր Գրիգոր Ոսկերչյանը, ՀՀ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի ղեկավար Սուրեն Սիրունյանը, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ նախկին պետ Համլետ Հովհաննիսյանը և մյուսները ՀՀ Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբի պատասխանատուների կատարած նախնական հաշվարկների արդյունքերի ամփոփումից հետո համոզված լինելով Լևոն Տեր-Պետրոսյանի ակնհայտ պարտված լինելու հարցում, գիտակցելով, որ սպառվել են ՀՀ Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգով իշխանության գալու իրենց հնարավորությունները, Հայաստանի Հանրապետությունում պետական իշխանությունը յուրացնելու ուղղակի դիտավորությամբ և այդ նպատակով գալով համաձայնության, յուրաքանչյուրն ըստ իրեն վերապահված դերաբաշխման, կազմակերպել ու անմիջականորեն իրականացրել են պետության ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելու, պետական համակարգը քայքայելու միջոցով պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված դիտավորյալ գործողություններ և իրենց հանցավոր մտադրությունն ի կատար ածելու նպատակով իրականացրել են ի սկզբանե մշակած և ծրագրած գործընթաց.
Հասարակության լայն շրջաններում դժգոհություն առաջացնելու և իրենց հանցավոր նպատակին հասնելու համար մարդկանց հոծ զանգվածներ ներգրավելու մղումով տարածել են ընտրություններն կեղծված լինելու և Լևոն-Տեր Պետրոսյանը իբր ձայների 60 տոկոսից ավել առավելությամբ նախագահ ընտրված լինելու վերաբերյալ ակնհայտ սուտ տվյալներ: Ընտրությունների հաջորդ իսկ օրվանից, որպես պետական իշխանության ներկայացուցիչների նկատմամբ ուժ գործադրելու վճռականության դրսևորում, ինչպես նաև իրենց օրենքից գերակա և անպատժելի ներկայացնելու միտումով, առանց այդ մասին նույնիսկ համպատասխան իրազեկում ներկայացնելու. օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպել և 2008թ. փետրվարի 20-ից Երևան քաղաքի Ազատության հրապարակում տևական ժամանակահատվածում անցկացրել են զանգվածային հրապարակային միջոցառումներ: Դրանով իսկ համաժողովրդական բողոքի պատրանք ստեղծելու, միևնույն ժամանակ, անընդմեջ շուրջօրյա զանգվածային միջոցառումները, պարբերաբար կրկնվող երթերը միջազգային հանրությանը «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքին համապատասխան ներկայացնելու նպատակով փորձել են մեկնաբանել՝ իբրև թե ոչ զանգվածային միջոցառումը՝ նստացույցը, վերաճել է բազմահազարանոց հանրահավաքի, սակայն փաստացի մարդկանց հոծ բազմության մասնակցությունը ապահովվել է տարբեր միջոցներով, այն է՝ Ալեքսանդր Արզումանյանը, Նիկոլ Փաշինյանը, Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Միքայելյանը, Հակոբ Հակոբյանը, Գրիգոր Ոսկերչյանը, Սուրեն Սիրունյանը, Խաչատուր Սուքիասյանը և մյուսներն իրենց շրջապատի նկատմամբ անձնական ու ծառայողական ազդեցությունը գործադրելով, հարկադրելով, սին խոստումներով, ինչպես նաև որոշակի վարձատրության դիմաց մարդկանց հավաքագրելով:
Մասնավորապես, Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանը, Գրիգոր Ոսկերչյանը, Սասուն Միքայելյանը, համաձայն ստանձնած դերակատարության, նյութապես շահագրգռելով, ինչպես նաև հարկադրաբար, Գաբրիել Գաբրիելյանի, Արմեն Ֆարմանյանի, Գևորգ Գևորգյանի, Խաչիկ Մարտիրոսյանի և այլոց միջոցով Երևան քաղաքի Մալաթիա թաղամասից, «Անուշ» ՏԱՄ ՍՊԸ-ից, Մալաթիայի գյուղմթերքների շուկայից, Ապարան, Աբովյան, Հրազդան քաղաքներից ու հարակից գյուղերից հավաքագրել են Լավրենտ Գասպարյանին, Մուշեղ Անտոնյանին, Արա Հարությունյանին, Աշոտ Մելքոնյանին, Գրիգոր Եղիազարյանին, Կարեն Հայրապետյանին, Սիս Կարապետյանին, Հմայակ Գալստյանին, Գագիկ Ավդալյանին, Արիստակես Վարդանյանին, Խամո Նամադյանին, Լուիզա Ստեփանյանին, Պետրոս Պետրոսյանին, Սարգիս Բադիկյանին, Կարեն Ստեփանյանին, Սարգիս Խաչիկյանին, Ռոբերտ Սարգսյանին, Աբրահամ Մաթևոսյանին, Ռոստամ Պետրոսյանին, Կարինե Գասպարյանին, Հակոբ Աթաբեկյանին, Համլետ Հայրապետյանին, Վահագն Մանուկյանին, Շավարշ Մանուկյանին և մարդկանց նոր խմբեր, ապահովել նրանց տեղափոխումն ու մասնակցությունն օրենքով սահմանված կարգի խախտմամբ Ազատության հրապարակում անցկացվող զանգվածային միջոցառումներին, անմիջականորեն ղեկավարել ու առաջնորդել են նրանց: Տևական ժամանակով բազմամարդ միջոցառում անցկացնելու համար կատարվել են նախապես ծրագրված նախապատրաստական աշխատանքներ: Ապահովվել են բոլոր այն կենցաղային անհրաժեշտ պարագաների մատակարարումը, ինչը կնպաստի մարդկանց հնարավորինս երկար Ազատության հրապարակում պահելուն:
Հաշվի առնելով ցուրտ եղանակը բերվել են վառարաններ, վառելափայտ, գիշերելու, ինչպես նաև զենք, զինամթերք և հանրավտանգ այլ առարկաներ պահելու համար տեղադրվել են վրաններ: Մարդկանց հավաքագրելը, տևական ժամանակով հրապարակում պահելն իրականացրել են նաև իրենց համախոհների ու լիազորված անձանց միջոցով: Անվճար սնունդ, ոգելից խմիչք և ծխախոտ բաժանելով` միջացառմանը ներգրավել են մեծ թվով մշտական զբաղմունք չունեցող մարդկանց, որոնց ցերեկվա ժամերին հրապարակում գտնվելու համար վճարել են 1000-ից 3000 դրամ, իսկ գիշերելու համար՝ 5000-ից 10000 դրամ:
Հրապարակային այդ շուրջօրյա տևական միջոցառումները խաթարել են հասարակական կարգը, դրանց մասնակիցները կազմակերպիչների դրդմամբ չեն ենթարկվել հրապարակային միջոցառումները օրենքով սահմանված կարգով անցկացնելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ոստիկանության որոշումների պահանջներին, վնասել են Ազատության հրապարակում գտնվող գույքը, խոչընդոտել են Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի, դրան հարող շենքերի ազատ մուտքն ու ելքը, մարդկանց անդորրը, կազմալուծել մայրաքաղաքի բնականոն կենսագործունեությունը, իսկ հարակից բնակելի և վարչական շենքերի շքամուտքերը վերածվել են հասարակական զուգարանների:
Մարդկանց որոշ խմբերի համար Ազատության հրապարակը դարձել է թմրանյութեր ձեռք բերելու և օգտագործելու իրավապահ մարմինների հսկողությունից դուրս գտնվող «ապահով» վայր: Զանգվածային միջոցառումների ժամանակ Նիկոլ Փաշինյանը, Ալեքսանդր Արզումանյանը և մյուսները սադրիչ ելույթներով, կոչերով և ամբոխավարական կրքեր բորբոքելով բազմությանը տրամադրել և նախապատրաստել են պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված գործողությունների կատարմանը:
Մասնավորապես, Ալեքսանդր Արզումանյանը, հանդիսանալով Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավարը, ըստ էության, ունենալով կարևոր և ուրույն դերակատարում, իրենց իսկ շտաբի պատասխանատուների կատարած նախնական հաշվարկների արդյունքերի ամփոփումից հետո հաստատապես իմանալով, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պարտվել է, հրապարակային ելույթներում խեղաթյուրել է ընտրությունների արդյունքները` հայտարարելով՝ իբր վերջինս հաղթել է ձայների 60 տոկոսից ավելի առավելությամբ: Հրապարակային միջոցառումների ընթացքում սադրիչ ելույթներով, կոչերով, այն է՝ ստահոդ և վարկաբեկիչ տեղեկություններ հրապարակելով՝ ինչպես ընտրությունների ընթացքի, այնպես էլ իշխանության ներկայացուցիչների, վերջիններիս վարած ներքին և արտաքին քաղաքականության մասին, միջոցառմանը ներգրավված անձանց թվաքանակն արհեստականորեն ուռճացնելու՝ 500 հազար մարդ և ավել ներկայացնելու, ուժային գործողությունների դիմելու դեպքում մարդկանց մոտ ապահովվածության ու ինքնավստահության զգացում առաջացնելու նպատակով՝ կեղծ տեղեկատվություն են տարածել այն մասին, որ Հայաստանի Հանրապետության բոլոր ուժային կառույցների աշխատակիցների գերակշռող, բանակի բարձրագույն հրամանատարության մի մասը, ինչպես նաև նախկին ազատամարտիկներով համալրված հասարակական միավորումները պատրաստակամ են միանալ իրենց, և ամբոխավարական կրքեր բորբոքելու եղանակով հավաքվածների մոտ, ի թիվս բացասական բնույթի հույզերի, զգացմունքերի ձևավորման միջոցով, ստեղծելով պատրանք` իշխանությունը բռնի ուժով զավթելու հնարավորության մասին, նրանց մղել են գործադուլի, դասադուլի և անհնազանդության այլ ձևերի, պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված գործողությունների կատարման:
Ամբոխավարական կրքեր և ահնազանդություն հրահրող ելույթները զուգորդվել են ազգային-ազատագրական, ռազմաշունչ երաժշտությամբ, իսկ գիշերային ժամերին ցուցադրվել են բռնությունը խրախուսող, քարոզող մարտաֆիլմեր՝ հավաքվածներին առավել դյուրագրգիռ և ագրեսիվ դարձնելու համար: Ալեքսանդր Արզումանյանը իշխանության ներկայացուցիչների պահանջներին չենթարկվելու կոչեր է արել՝ տարածելով սուտ տեղեկություններ օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող զանգվածային միջոցառումները օրենքի տառին համապատասխանելու մասին, Սուրեն Սիրունյանի և այլոց միջոցով հավաքված բազմությանը պահել մշտական լարվածության մեջ, կազմակերպել է հիշյալ միջոցառումներին մարդկանց խմբերի անընդմեջ ներկայությունը ապահովող կենցաղային անհրաժեշտ պարագաների մատակարարումը, տրամադրել ֆինանսական միջոցներ՝ հայտարարելով, որ չեն հեռանալու, մինչև իշխանությունը չվերցնեն: Ավելին, Սասուն Միքայելյանը, Մյասնիկ Մալխասյանը, Հակոբ Հակոբյանը, օգտագործելով Արցախի ազատագրական պայքարի ընթացքում իրենց ձեռք բերած հրամանատարական փորձն ու հեղինակությունը, ԵԿՄ անդամների և ազատամարտիկների շրջանում ունեցած իրենց ազդեցությունը, իշխանությունը բռնությամբ զավթելու կոչեր են արել, հորդորել ԵԿՄ բոլոր անդամներին միանալ իրենց, պայքարել իշխանությունների դեմ, ընդհուպ նաև՝ կռիվ տալ նրանց հետ: Սասուն Միքայելյանը հայտարարել է, որ պայքարելու են մինչև վերջ, ամեն գնով հասնելու են իշխանափոխության, պահանջել է ցանկացած պահի պատրաստ լինել վճռական քայլերի և պայքարի՝ ազատամարտիկներին կոչ անելով իշխանություններին ցույց տալ, թե ովքեր են իրական կռվողները, ցույց տալ ուժը և ապացուցել դա, չենթարկվել ոստիկաններին, պայքարել նրանց դեմ ու չլքել տարածքը:
Գրիգոր Ոսկերչյանը իր կողմից հավաքագրված քաղաքացիներին Աբովյան քաղաքից Երևան տեղափոխելուց առաջ, ինչպես նաև Ազատության հրապարակում, պարբերաբար հանդես է եկել օրինական իշխանություն իրականացնող անձանց մեկուսացնելու, պաշտոնանկ անելու, նրանց փոխարեն իշխանություն իրականացնելուն ուղղված գործողություններ կատարելուն հակելու ելույթներով ու կոչերով՝ հայտարարելով. «Ժողովուրդը պետք է համախմբվի, մասնակցի հանրահավաքներին մինչև հաղթանակ, որին պետք է հասնել ցանկացած եղանակով և պատրաստ լինել ցանկացած քայլերի ու գործողությունների, որպեսզի տապալվի իշխանությունը, թեկուզ՝ բռնությամբ: Իսկ նրանք, ովքեր աչքի կընկնեն իրենց գործողություններով և նվիրվածությամբ, կստանան գումարային պարգևատրում»: Հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով խմբի անդամները, որպես պետական իշխանությունը բռնությամբ զավթելու միջոց, 2008թ. մարտի 1-ին Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու և իրագործելու մտադրությամբ ինչպես անձամբ, այնպես էլ իրենց հետ համագործակցելու ցանկություն հայտնած այլ անձանց միջոցով կազմավորել են զանգվածային բռնարարքների կատարմանը պատրաստ անձանց խմբեր և կազմակերպել նրանց շրջանում ապօրինի կերպով ձեռք բերված հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, պայթուցիկ սարքերի, սառը զենքի, ինչպես նաև մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված տարատեսակ առարկաների բաշխում:
Այդ նպատակով Մյասնիկ Մալխասյանը 2008թ. փետրվարի 26-ին իրեն պատկանող «ԳԱԶ 31-10» մակնիշի ավտոմեքենայով, վարորդի` Արման Շահինյանի հետ Ազատության հրապարակ է փոխադրել մետաղյա ձողեր և փայտե մահակներ, որոնք թաքցրել են հրապարակում տեղակայված «Ապարան» ցուցանակը կրող վրանում՝ իշխանության ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալու ընթացքում օգտագործելու նպատակով:
Այնուհետև՝ 2008թ. փետրվարի 27-ից 29-ն ընկած ժամանակահատվածում, Սասուն Միքայելյանը կազմակերպել է փայտե և երկաթե մահակների, ամրանների, տարաներով բենզինի փոխադրումը Ազատության հրապարակ, որոնք թաքցվել են հրապարակում տեղակայված «Հրազդան», «Կոճոռ», «Վանատուր» ցուցանակներով վրաններում:
Մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված փայտե մահակներ են բերվել և Ազատության հրապարակում հավաքվածներին բաժանվել նաև Խաչատուր Սուքիասյանի կազմակերպմամբ՝ թիկնապահների և աշխատակիցների միջոցով:
Բացի այդ, Վրեժ Նիկոլյանը, սատարելով ու աջակցելով երկրում ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելու նպատակով օրենքով սահմանված կարգի խախտմամբ Երևան քաղաքում կազմակերպված և անցկացվող հրապարակային միջոցառումների կազմակերպիչներին, այդ թվում՝ 2008թ. մարտի 1-ին Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու ու կազմակերպելու դիտավորությամբ գործողություններ իրականացնող՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին, Հակոբ Հակոբյանին և մյուսներին, ինչպես նաև վերը նշված նպատակով նրանց աջակցող իր խնամուն՝ Համլետ Հովհաննիսյանին, Մուշեղ Սաղաթելյանին, ու այդ միջոցառումներին մասնակցող «Հատուկ գունդ» հասարակական կազմակերպության անդամներին, վերջիններիս հանձնարարությամբ, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամաբ բռնություն գործադրելու՝ մարմնական վնասվածքներ պատճառելու, նրանց օրինական գործողություններին խոչընդոտելու նպատակով, 2008թ. փետրվարի 29-ին պատվիրել է մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված նետողական սառը զենք հանդիսացող «ոզնի»կոչվող 80 մետաղական կոնստրուկցիա: Ընդ որում, Վրեժ Նիկոլյանը կոնստրուկցիաները պատրաստող վարպետներին պարտավորեցրել է պատվերը կատարել շտապ և նույն օրը կազմակերպել է դրանց տեղափոխումը Ազատության հրապարակում տեղակայված «Հատուկ գունդ» ցուցանակը կրող վրան:
Ազատության հրապարակում հավաքված բազմությանն առավել գրգռելու, զանգվածային անկարգություններ հրահրելու միջոցով իրենց հանցավոր մտադրության իրականացմանը հասարակության նոր զանգվածներ ներգրավելու նպատակով Գրիգոր Ոսկերչյանը 2008թ. փետրվարի 29-ի երեկոյան կոչով դիմել է հրապարակում հավաքված Կոտայքի մարզի բնակիչներին և նրանց հորդորել տուն չգնալ, գիշերել հրապարակի տարածքում՝ ասելով, որ այդ գիշերը կարևոր է բոլորի համար, շատ մարդ է պետք լինելու, դրա դիմաց տվել և խոստացել է նյութական փոխհատուցում, իսկ առավել ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար պարգևատրումներ է խոստացել՝ նույնիսկ պաշտոնների նշանակման ձևով:
2008թ. փետրվարի 29-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում և ազգային անվտանգության ծառայությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ նախապատրաստվում են սադրիչ գործողությունների իրականացմամբ մարտի 1-ին մայրաքաղաքում հրահրել զանգվածային անկարգություններ, և այդ նպատակով Ազատության հրապարակում ընթացող զանգվածային միջոցառման մասնակիցներին պետք է բաժանվեն մեծ քանակությամբ մահակներ, մետաղյա ձողեր, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև՝ հրազեն և նռնակներ:
2008թ. մարտի 1-ի վաղ առավոտյան, երբ ոստիկանության աշխատակիցները, իրացնելով Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու նպատակով հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, պայթուցիկ սարքերի, մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված այլ առարկաների ապօրինի շրջանառության մասին օպերատիվ տեղեկությունը, փորձել են Ազատության հրապարակում հայտնաբերել դրանք և կանխել հետագա պահելը, շրջանառությունը և գործածումը, խմբի անդամները, տեղեկանալով, որ ոստիկանության ստորաբաժանումները պատրաստվում եմ օպերատիվ միջացառում իրականացնել Ազատության հրապարակում, նախապես արթնացրել են հրապարակում տեղակայված վրաններում գիշերող բազմությանը, կոչ արել նրանց զինվել նախապես բերված հանրավտանգ առարկաներով և «պատշաճ» դիմավորել` դիմադրություն ցույց տալ ոստիկաններին: Իսկ երբ ոստիկանության ստորաբաժանումները կոչ են արել հնարավորություն ընձեռել հետազոտել տարածքը, Մյասնիկ Մալխասյանի, Հակոբ Հակոբյանի և զանգվածային միջոցառման մյուս կազմակերպիչների հրահանգով, դրդմամբ և անմիջական ղեկավարմամբ զինված ամբոխը, որոնց թվում Մյասնիկ Մալխասյանի վարորդ Արման Շահինյանը, Հակոբ Հակոբյանի վարորդ Մելիք Գրիգորյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Դավիթ Աղայանը, Մեսրոպ Զաքարյանը, Արմեն Ավագյանը, Սարգիս Պարունակյանը, Ռաջու Պետրոսյանը, Դավիթ Մաթևոսյանը, Ռուբեն Ոսկանյանը, Դավիթ Համբարձումյանը, Հովհաննես Ղազարյանը, Վարտգեզ Գասպարին, Դավիթ Առաքելյանը, Լևիկ Խաչատրյանը, Յաշա Մելքոնյանը, Սողոմոն Երիցյանը, Խաչիկ Գասպարյանը, Արամ Բարեղամյանը, Մասիս Այվազյանը, Սամվել Հարությունյանը, Տիգրան Բաղդասարյանը, Գրիշա Սիմոնյանը, Հրայր Փենինյանը, Աշոտ Մանուկյանը, Վարդգես Հայոցյանը և ուրիշներ, հարձակում են գործել, հանրավտանգ հիշյալ պարագաների օգտագործմամբ դիմադրություն ցույց տվել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել վերջիններիս նկատմամբ, ինչի հետևանքով 34 ոստիկան ստացել է ծանրության տարբեր աստիճանի, այդ թվում նաև ծանր մարմնական վնասվածքներ:
Իրականացված միջոցառման արդյունքում Ազատության հրապարակում հայտնաբերվել են ծրագրված զանգվածային անկարգությունների համար հրապարակ բերված. «ТТ» տեսակի 7.62մմ տրամաչափի ատրճանակ՝ պահունակում 5 փամփուշտով, «Астра» տեսակի 9մմ տրամաչափի ատրճանակ՝ պահունակում 5 փամփուշտներով, 2 հատ «Заря» տեսակի նռնակներ՝ պայթուցիչներով, 7 հատ «Ֆ-1» տեսակի նռնակ՝ պայթուցիչներով, 2 հատ «ՌԳԴ-5» տեսակի նռնակ՝ պայթուցիչներով, 2 հատ «ԱՏԵ» տեսակի նռնակ պայթուցիչներով, 2 հատ «РГ-42» տեսակի նռնակ պայթուցիչներով, 2 հատ պահունակ լիցքավորված 45 հատ և 30 հատ 5.45մմ տրամաչափի փամփուշտներով, 1 հատ 5.45մմ տրամաչափի փամփուշտ, 200 գրամ տրոտիլային շաշկա, 1 հատ «МУВ» տեսակի հարվածային մեխանիզմ, 25 հատ 7.62մմ տրամաչափի հրացանային փամփուշտ, 27 հատ 7.62մմ տրամաչափի ինքնաձիգի փամփուշտ, 30 հատ 5.45մմ տրամաչափի ինքնաձիգի փամփուշտ:
Այնուհետև, զանգվածային միջոցառման մասնակիցները Ալեքսանդր Արզումանյանի, Նիկոլ Փաշինյանի, Սուրեն Սիրունյանի վերը թվարկված նրանց մյուս հանցակիցների ուղղորդմամբ և հրահանգով տեղափոխվել, հավաքվել են Երևան քաղաքի մի շարք փողոցների կարևոր տրանսպորտային հանգույց հանդիսացող Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում, հատուկ պահպանվող օբյեկտներ հանդիսացող ՀՀ-ում Ֆրանսիայի, Իտալիայի և Ռուսաստանի Դաշնության դեսպանատների հարևանությամբ:
Նիկոլ Փաշինյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Սասուն Միքայելյանը հրաժարվել են ընդունել հասարակական կարգի պահպանման և զանգվածային միջոցառման մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով միջոցառումն այլ վայրում իրականացնելու` իշխանությունների առաջարկը: Ավելին, իրենց ելույթներով և հրահանգներով արել են ամեն ինչ հավաքված բազմությանը հնարավորինս երկար տեղում պահելու, այլ վայր տեղափոխելը ձախողելու, ինչպես նաև մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված և ձեռքի տակ եղած այլ միջոցներով զինվելու, հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու, վերջիններիս օրինական պահանջներին ակտիվորեն չենթարկվելու ուղղությամբ:
Նիկոլ Փաշինյանի, Սուրեն Սիրունյանի, Հակոբ Հակոբյանի, Վիրաբ Մանուկյանի և այլոց կազմակերպմամբ ու անմիջական ցուցումներով նոր տրանսպորտային միջոցներ, ինչպես նաև այլ գույք վնասելով և շարքից դուրս բերելով ամրացվել են ստեղծված արգելապատնեշները, որին զուգահեռ Նիկոլ Փաշինյանը կոչեր է արել զինվել և պատրաստ լինել դիմակայության, ինչպես նաև ցանկացած եղանակով նոր մարդիկ ներգրավել:
Զանգվածային անկարգությունների մասնակիցները աղբատար ավտոմեքենայի վարորդին մարմնական վնասվածքներ պատճառելու սպառնալիքներով կանգնեցրել, Գ.Լուսավորչի և Զաքիյան փողոցների խաչմերուկի մեջտեղում դատարկել են բեռնախցիկը, որից հետո, հավաքված բազմությանը բռնարարքների մղելու դիտավորությամբ, սադրիչ լուրեր են տարածվել, թե իբր Ազատության հրապարակում ոստիկանները մանկահասակ երեխայի են սպանել, իսկ Լաուրա Մելքոնյանը, աղբի միջից գտնելով երեխայի կոշիկ, տարածվող լուրերի ազդեցության տակ հայտարարել է, թե դա սպանված երեխայի կոշիկն է: Հետագայում, կրքերն ավելի բորբոքելու նպատակով, Մյասնիկյանի արձանի հարևանությամբ՝ քննությամբ դեռևս չպարզված անձինք մոմեր են վառել՝ ի հիշատակ զոհված երեխայի:
Այդ ընթացքում ամբոխը հարձակվել է հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների վրա, որից հետո զանգվածային անկարգության մասնակիցները պարբերաբար ծեծի են ենթարկել ոստիկանության մի շարք աշխատակիցների, այդ թվում՝ ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Գրիշա Այվազյանին, ում ծեծի ենթարկելու ընթացքում Արա Հովհաննիսյանը հափշտակել է վերջինիս հաշվեցուցակային ատրճանակը: Ոգեշնչվելով կազմակերպիչների ռազմաշունչ, ոստիկանների նկատմամբ կիրառված բռնությունները փառաբանող ելույթներից՝ վերջիններիս անմիջական կազմակերպմամբ ու ուղղորդմամբ զանգվածային անկարգությունների մասնակիցները զինվել են մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված ձեռքի տակ եղած առարկաներով` քարեր, ձողեր, փայտեր և այլն, այնպես էլ նախապես պատրաստված և անկարգություների վայր բերված պայթուցիկ նյութերով, պայթուցիկ սարքերով, հրազենով և «Մոլոտովի կոկտեյլ» կոչվող դյուրավառ հեղուկով լցված շշերով: Ընդ որում, շշերը դյուրավառ հեղուկով լցվել են անմիջապես Մյասնիկյանի արձանի հարթակի հետևի հատվածում և հարակից այգում: Այդ նպատակով Հակոբ Հակոբյանի հավաքագրած Արմեն Ֆարմանյանի, Գաբրիել Գաբրիելյանի, ինչպես նաև մյուս կազմակերպիչների հավաքագրած այլ անձանց միջոցով ներգրավել են նոր մարդկանց, ամբոխի առավել ագրեսիվ զանգվածին բաժանել զենք, մարմնական վնասվածքներ պատճառելու, հրկիզումներ ու ավերումներ առաջացնելու համար հարմարեցված մետաղական ձողեր, մահակներ, այլ առարկաներ, բենզինով լցված շշեր և այլ պարագաներ:
Այսպես, 2008թ. մարտի 1-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, «Ճտեմ» մականունով Արմեն Ֆարմանյանը, Հակոբ Հակոբյանի ֆինանսավորմամբ, յուրաքանչյուրին վճարելով 5000-ական դրամ, Մալաթիա թաղամասից հավաքագրել է մի խումբ երիտասարդների և ուղեկցել սկզբում վերջինիս տան մոտ, ապա Մյասնիկյանի արձանի հարակից տարածք: Ժամը 16-ի սահմաններում Արմեն Ֆարմանյանն իր հավաքագրած անձանց բաժանել է մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված փայտե մահակներ և երկաթե ձողեր, իսկ ավելի ուշ բաժանել է նաև բենզինով լցված շշեր՝ վառելու համար ծայրերին հարմարեցված լաթերով, լրացուցիչ երկաթե ձողեր՝ հրահանգելով, որ պատրաստ լինեն ոստիկանների վրա հարձակվելուն: Որոշ ժամանակ անց, Արմեն Ֆարմանյանի առաջնորդությամբ, զանգվածային անկարգությունների այլ մասնակիցների հետ երիտասարդների հիշյալ խումբը՝ մահակների, ձողերի և դյուրավառ հեղուկներով լի շշերի գործադրմամբ հարձակում է գործել ոստիկանների վրա:
Հակոբ Հակոբյանի կարգադրությամբ, աշխատանքից ազատելու սպառնալիքով, վերջինիս պատկանող «Անուշ» ՏԱՄ ՍՊԸ-ի և Մալաթիայի գյուղմթերքների շուկայի 200-ից ավելի աշխատակիցների՝ Ամատունի Սարգսյանին, Մակար Սահակյանին, Սերոբ Սերոբյանին, Մարտուն Շուշանյանին, Վլադիմիր Եսայանին, Արամ Գրիգորյանին և այլոց, 2008թ. մարտի 1-ին՝ ժամը 11-ի սահմաններում, պարտավորեցրել են ավարտել աշխատանքը, հավաքվել նրա տան մոտ և արդեն այդտեղ հավաքված թաղամասի բնակիչների հետ գնալ քաղաքապետարանի հարակից տարածք՝ միանալու հավաքված բազմությանը՝ իշխանափոխություն իրականացնելու նպատակով:
Բացի այդ, Հակոբ Հակոբյանի ազգական Գաբրիել Գաբրիելյանը, վարձակալության հիմունքներով աշխատելով «Մալաթիայի գյուղմթերքի շուկային» կից Հակոբ Հակոբյանին պատկանող «Անուշ» ՏԱՄ ՍՊԸ`-ի թիվ 12 պահեստում, անձնական շահագրգռվածությունից ելնելով, վերջինիս դրդմամբ և հրահրմամբ, 2008թ. մարտի 1-ի առավոտյան աշխատանքից ազատելու կամ նշված շուկայի տարածքում առևտրով զբաղվելն արգելելու սպառնալիքի տակ շուկայի բեռնակիր բանվորներ Լավրենտ Գասպարյանին, Աշոտ Մելքոնյանին և քրեական գործով անձերը չպարզված Էրիկին, Գարիկին, Դավիթին, ինչպես նաև այլ բեռնակիրների ու առևտրով զբաղվող մի խումբ անձանց կարգադրել է դադարեցնել աշխատանքը, որից հետո կազմակերպված խմբով նրանց ուղեկցել է Հակոբ Հակոբյանի` Երևան քաղաքի Ոսկանյան փողոցի թիվ 10 տան մոտ, ապա` Երևանի քաղաքապետարանի հարակից տարածք:
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան և քաղաքապետարանի շենքի հարակից տարածքներում ղեկավարել, կոնոնակարգել է իր հավաքագրած անձանց գործողությունները, որի ընթացքում նրանց ու ամբոխի մեջ գտնվողներին հորդորել է չցրվել, չենթարկվել իշխանության ներկայացուցիչների պահանջներին, բռնություն կիրառել նրանց նկատմամբ: Նույն օրը` ժամը 15-ի սահմաններում, երբ ոստիկանները ցուցարարների հարձակումից փորձել են պատսպարվել քաղաքապետարանի շենքի մոտ, Գաբրիել Գաբրիելյանը նրանց վրա հարձակվող այլ անձանց հետ, բռնություն գործադրելու դիտավորությամբ, հետապնդել է ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցներին, որի ընթացքում, շենքերի միջնամասում գտնվող խոտածածկ տարածքից վերցնելով քարեր, նետել է փախչող ոստիկանների ուղղությամբ և մասնակցել ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Գրիշա Այվազյանին ծեծի ենթարկելուն: Այնուհետև միացել է իր կողմից անմիջականորեն ղեկավարվող անձանց, նախատել նրանց ժամանակավորապես իր կողքին չգտնվելու համար, կարգադրել է զինվել մահակներով և բռնություն գործադրել իրավապահների նկատմամբ:
Շարունակվող զանգվածային անկարգությունների ընթացքում` ժամը 20-ի սահմաններում, Գաբրիել Գաբրիելյանը, անմիջականորեն ղեկավարելով իր հավաքագրած անձանց, նրանց ոգեշնչելու, հորդորելու և զանգվածային անկարգությունների կատարմանը ներգրավելու դիտավորությամբ անձամբ զինվել է մահակով, որից հետո միացել է մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված առարկաներ, վառելահեղուկով լի շշեր ոստիկանների ուղղությամբ նետող անձանց, Լավրենտ Գասպարյանին և մյուսներին կոչ է արել ու կարգադրել զինվել այդտեղ նախապատրաստած բետոնե սալահատակներով և դրանք նետել Գրիգոր Լուսավորչի փողոցում` ՌԴ դեսպանատան մոտ հասարակական կարգի պահպանություն իրականացնող, օրինախախտների հարձակումից պաշտպանվող իրավապահների ուղղությամբ: Լավրենտ Գասպարյանը, օգտվելով տիրող համընդհանուր անվերահսկելի իրավիճակից, ինչպես նաև այն հանգամանքից, որ զանգվածային անկարգությունների մասնակիցները կոտրել են Երևանի կենտրոնում գտնվող մի շարք խանութների ապակիներ, իր հետ նշված վայրում գտնվող անձանց կերակրելու համար ապօրինի մուտք է գործել Մաշտոցի պողոտայի 5 հասցեում գտնվող «Երևան-Սիթի» խանութ, որտեղից վերցնելով տարբեր ապրանքներ՝ լցրել է արկղի մեջ, բացահայտ դուրս հանել խանութից ու, տանելով Մյասնիկյանի արձանի մոտ, բաժանել է այնտեղ գտնվողներին:
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հարակից տարածք մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված մահակներ, ձողեր են բերվել և զանգվածային անկարգությունների մասնակիցներին բաժանվել նաև Խաչատուր Սուքիասյանի կազմակերպմամբ: Նիկոլ Փաշինյանը Սուրեն Սիրունյանի ուղեկցությամբ պարբերաբար շրջել է զանգվածային անկարգությունների մասնակիցների շարքերում, սադրիչ բնույթի կոչերով ամբոխին դրդել անհնազանդության, բռնությունների կատարման:
Սուրեն Սիրունյանը, մշտապես գտնվելով հանցախմբի անդամ, քարոզչության պատասխանատու Նիկոլ Փաշինյանի կողքին, անմիջականորեն իրականացրել է զանգվածային անկարգությունների կազմակերպմանն ու ղեկավարմանն ուղղված նրա հրահանգները: Ավելին, իր հերթին զանգվածային անկարգությունների ընթացքում գտնվել է իրադարձությունների կենտրոնում, անձամբ վերահսկել ջարդերի, հրկիզումների, գույքի դիտավորյալ ոչնչացման, վնասելու և թալանելու գործողությունները, ուղղորդել և հրահանգավորել անկարգություններ կատարողներին, այդ մասին զեկուցել հանցագործության կազմակերպիչներից Ալեքսանդր Արզումանյանին և ստացել հետագա գործողություններ կատարելու հրահանգավորում: Նիկոլ Փաշինյանն ու Ալեքսանդր Արզումանյանը համակարգել և ղեկավարել են մյուս հանցակիցների կազմակերպչական գործողությունները: Զանգվածային անկարգությունների ընթացքում պարբերաբար ելույթներ են ունեցել Նիկոլ Փաշինյանը, Շանթ Հարությունյանը՝ իշխանությունը զավթելու իրենց հրահանգներով արդեն իսկ հավասարակշռությունից դուրս եկած բազմությանը մղելով մարտական գործողությունների, ավերումների, տարաբնույթ բռնարարքների, առաջնորդելով անկարգությունների մասնակիցներին պարբերաբար տեղեկություններ հրապարակելով գրավված նոր տարածքների մասին: Ոստիկաններին հետ մղելուց հետո Նիկոլ Փաշինյանն իր հանցակիցների՝ Ալեքսանդր Արզումանյանի, Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի և մյուսների հետ հաճախակի խորհրդակցելուց հետո հրապարակային ուղղորդումներ է տվել գրաված փողոցների վերահսկողությունն ամրացնելու, և նոր տարածքներ գրավելու նպատակով այլ մարդկանց ներգրավելու համար:
Մասնավորապես, իրենց իսկ հրահրած և կազմակերպած զանգվածային անկարգությունների ամենաթեժ պահերին, զանգվածային անկարգությունների մասնակիցների՝ իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցույց տալու և փոխհրաձգության պայմաններում Ալեքսանդր Արզումանյանը զանգվածային անկարգությունների մասնակիցներին քաջալերելով հայտարարել է. «Սիրելի ժողովուրդ, ամբողջ աշխարհը հպարտանում է ձեզանով, մենք կանգնելու ենք մինչև վերջ, հաղթանակը արդեն շատ մոտ է, մնաց ընդամենը մեկ-երկու օր, հաղթանակ»:
Մյասնիկ Մալխասյանն էլ, մերթ ընդ մերթ դիմելով հավաքվածներին, հորդորել է պայքարել, տապալել իշխանությունը, ոչ մի դեպքում թույլ չտալ Սերժ Սարգսյանին ստանձնել ՀՀ Նախագահի պաշտոնը, կոչեր է արել զինվել ձեռքի տակ եղած ցանկացած առարկայով, պայքարել ամեն գնով՝ ընդհուպ պետական կառույցների շենքերի հրկիզումների միջոցով հասնել իշխանափոխության: Խմբի անդամներն իրենց հրահանգների անվերապահ կատարումն ապահովելու նպատակով Նիկոլ Փաշինյանի միջոցով հայտարարել են. «հիմա եթե չեք վստահելու մեզ, միկրոֆոնը վերցրեք ու շարունակեք բան արեք, եթե վստահում եք, ամեն բառի վրա պետք չի ռեպլիկ` ուշ կլինի, շուտ կլինի, հիմա գնանք, 5 րոպեից գնանք, կամ վստահեք, կամ ինձ վստահեք, կամ Սերժիկին, հիմա էսա: Իմ ելույթից հետո ես հույս ունեմ, որ այսպես չորս մասի կբաժանվենք, յուրաքանչյուրը կմոտենա մի մուտքի, ըտեղ բարիկադանման կառույցներ են կառուցված, ամեն մեկը մի փոքր կտոր, բան որ դնի, ինչ-որ բան կստացվի, ես ձեզնից յուրաքանչյուրին կոչ եմ անում ունենալ ձեռքին ինչ-որ բան՝ ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար՝ կլինի փայտ, կլինի քար, չգիտեմ ինչ»:
Միաժամանակ իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կիրառված բռնությունները քաջալերելու և հավաքվածներին ավելի ոգեշնչելու նպատակով կոչ է արել. «տղերք, չեք պատկերացնի հոգիս ոնց էր փառավորվում, երբ որ իմացա, որ ոստիկանների ձեռքից վահաններ և մահակներ եք խլել», որին ի պատասխան՝ գրգռված ամբոխը վանկարկել է. «լիքը, լիքը, հարյուրավոր»:
Իշխանությունների նկատմամբ ատելություն սերմանելու, անհնազանդության ու բռնարարքների դիմելու պատրաստակամություն առաջացնելու նպատակով հայտարարել է. «Չծառայեք Քոչարյանասերժական հանցագործ կլանին, որը կեղեքում է ձեր մայրերին, ձեր քույրերին, ձեր եղբայրներին և ձեզ ստորացնում:
Վերցրեք ձեր զենքերը և ուղղեք Քոչարյանասերժական հանցագործ կլանի դեմ: Մենք կանգնելու ենք մինչև վերջ, թեկուզ բոլորս զոհվենք այս հրապարակում»: Ամբոխի կողմից գրավված տարածքների մասին հայտարարելով՝ ցուցումներ է տվել դիրքերն ամրապնդելու և մարտական նոր գործողությունների պատրաստվելու համար. «Մեր տղերքը «պրոսպեկտի» կամուրջը գրավել են: Պետք է մի 50 կամավոր, անհրաժեշտ է գնալ առաջ, ամրացնել մեր դիրքերը: Ձկան խանութի մոտ մի 200-300 հոգի առաջ գնացեք, էն խանութների մոտ ամրացրեք մեր դիրքերը: Փառք մեր կանանց, որ այսօր կանգնած են մեր կողքին: Առաջին գծի փշալարերը վերահսկում են մեր տղաները, ուռա… Երկու-երեք շարքով կանգնեք Մյասնիկյանի արձանի ետնամասում, արագ… Հաղթելու ենք, այստեղից չենք գնալու, մինչև չհաղթենք: Մի քիչ էլ համբերեք, ոստիկանները անցնելու են մեր կողմը, այլ կերպ չի կարող լինել… Ձկան խանութի մոտ պոդկրիպլենի ա պետք:
Ուրեմն, այն կողմից, որ եկավ այնտեղ, ամեն ինչ նորմալ է, օգնության կարիք չկա. մնում ենք այստեղ, տղերքը նորմալ պահում են: Ստեղ ուշադիր կլինեք, այնտեղ մեր ամրությունները շատ ուժեղ են, էս կողմը շատ ուժեղ է, էս կողմն էլ է ուժեղ, էս կողմի վրա պետք է ուշադիր լինել, հրահանգով մարդիկ պետք է անցնեն արձանի հետևը: Ժողովուրդ, այսօր պետք է վերջացնենք, էլ արդեն ներվեր, հավես չկա: Սիրելի ժողովուրդ, այս հայրիկը լուր ա բերել, որ Պրոսպեկտի վրա բոլոր զինվորները փախել են: Ուրեմն, սիրելի ժողովուրդ, սա իսկապես արտակարգ գիշեր է: Ամբողջ պրոցեսը գտնվում է վերահսկողության ներքո… Պայքար, պայքար մինչև վերջ (հավաքվածները վանկարկում են), Լևոն, Լևոն: Ազատագրել ենք Պռոշյան փողոցը»:
Շանթ Հարությունյանը, շարունակելով ու լրացնելով Նիկոլ Փաշինյանին, հավաքված բազմությանը քաղաքացիական անհնազանդություն ցուցաբերելու, իրավապահ մարմինների օրինական պահանջներին չենթարկվելու, պետական համակարգի քայքայմանը ու գործող իշխանությունների տապալմանը նպաստելու կոչեր է արել:
Մասնավորապես, մարտի 1-ին՝ ժամը 21:25-ից 00:30-ն ընկած ժամանակահատվածում, դիմելով հավաքված բազմությանը, նա հրապարակավ հանդես է եկել սադրիչ բնույթի ելույթներով՝ ասելով. «Ժողովուրդ ջան, ես նորից եմ կրկնում, եթե այսօր մենք այս գիշեր այստեղ չհաղթենք, մենք չենք կարողանալու նայել մեր զավակների աչքերին, ոչ այսօր, ոչ երբևէ: Եվ այն սրիկաները, այն պաշտոնյաները, նրանց զավակները թքելու են մեր նմանների երեսին… Բայց ես հավատում եմ, վստահ եմ հայ ժողովրդի ոգու կամքին…», լինելով ոստիկանության նախկին աշխատակից և ոստիկանության աշխատակցին ոչ վայել վարքագծի համար հեռացված լինեով աշխատանքից, Շանթ Հարությունյանը քաղաքացիական անհնազանդություն ցուցաբերելու, իրավապահ մարմինների օրինական պահանջներին չենթարկվելու, պետական համակարգի քայքայմանն ու գործող իշխանության տապալմանը նպաստելու հրապարակային կոչերում հայտնել է. «….Ես նրանց գիտեմ՝ մենթերը ովքեր են, մենթերը երբեք չեն եղել ժողովրդի կողմից, բայց այսօր դուք համոզվեցիք, դուք հաղթեցիք, դուք ապացուցեցիք, որ դուք արժանի եք հարգանքի…Դրա համար է, որ ես ասում եմ՝ առավոտյան այդ իշխանավորները Երևանում չեն լինելու, եթե մենք մնում ենք մինչև լույս, իսկ ես վստահ եմ, որ մենք մնալու ենք մինչև լույս և առավոտյան հաղթական երթով քայլելու ենք Երևանի բոլոր փողոցներով… Եթե հարկ լինի, մենք քայլերթով, տրորելով բոլորին, անցնելով նրանց վրայով ազատագրելու ենք նախ և առաջ Երևանը: Այս գիշեր լինելու է հայ ժողովրդի ամենամեծ պատմության գիշերը: Այսօր լինելու է մեր հաղթական գիշերը…Առավոտ բոլորը, ովքեր տեղյակ չեն, լսելու են հաղթական ժողովրդի ձայները, բացականչությունները, և բոլորը ցնծությամբ միանալու են հայ ժողովրդին, ինչպես դա եղել է կինոներում հայրենական պատերազմից վերադարձած հաղթական բանակի հետ: Եվ ամբողջ ժողովուրդը, թիկունքի և ռազմաճակատի, միմյանց շնորհավորում էին ձեռք բերված հաղթանակը: Այսօր հայ ժողովրդի ռազմաճակատի գիծը անցնում է այս հրապարակով և ես վստահ եմ, որ նրանք մեզ լսում են նաև ստեղից:
Մենք պետք է մեր կռիվը տանենք մինչև վերջ: Յուրաքանչյուր ժողովուրդ իր պատմության ընթացքում գոնե մեկ անգամ կանգնում է, զոհվում է, բայց հաղթում է: Հայ ժողովրդի պատմության գրքերում այս օրը լինելու է դեռևս նոր ժամնակների ամենահերոսական օրը, որին, այս պայքարին, այս քաղաքացիական պատերազմին, այդ քաղաքացիական անհնազանդությանը մասնակցում էին բոլորը, և կանայք, և տղամարդիկ… այսօր մենք պետք է ապացուցենք աշխարհին և այդ երկուսին, որ մենք պատրաստ ենք մինչև վերջ կանգնել մեր երեխաների ազատության համար: …Մեր հայրենիքը մենք չենք թողնելու այդ զավթիչներին: …Ես չնայած դրանց երբեք թուրք չեմ անվանել, բայց կարծում եմ, որ այսօր մեր նկատմամբ իշխանությունները, այդ երկուսի հրամանով, փորձում են գործել այնպես, ինչպես կգործեին թուրքերը կամ ադրբեջանցիները ղարաբաղցիների կամ սումգայիթցիների նկատմամբ… Մենք տասնապատիկ ավելի շատ թշնամուն հաղթել ենք Արցախյան պատերազմում: Սիրելի ժողովուրդ, Հայաստանն ընդամենը ունի մոտ 7000 ներքին զորքեր: Դուք այստեղ մի քանի անգամ շատ ընդհանուր զորք ունեք… Եվ մենք իրենց հետ նույն դաժանությամբ չենք վարվում, ինչպես մեր թշնամու հետ ենք վարվել պատերազմի դաշտում, պատերազմի առաջին գծում, ռազմաճակատում:»:
Դրանով իսկ Շանթ Հարությունյանը հանրահավաքի մասնակիցների շրջանում սերմանելով ամբոխավարական տրամադրություններ և զանգվածային բռնարարքների դիմելու կամք, միաժամանակ, իր կոչերով համակարգել և ուղղորդել է զանգվածային անկարգությունները, որոնք զուգորդվել են բռնություններով, ջարդերով, հրկիզումներով, պետական, հանրային և մասնավոր գույքի ոչնչացմամբ, վնասումով, բացահայտ հափշտակություններով:
Կազմակերպիչների դրդմամբ և հրահանգավորմամբ հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների վրա զանգվածային անկարգությունների մասնակիցների զինված հարձակումներն ուղղված են եղել Գր. Լուսավորչի, ապա Պարոնյան փողոցներով դեպի Պռոշյան փողոց, ուր Ձորափի 77ա հասցեում գտնվում են ՀՀ Նախագահի անձնակազմի կառավարական առանձնատները և Պռոշյան փողոցով դեպի Մարշալ Բաղրամյան փողոց, ուր գտնվում է ՀՀ Ազգային ժողովի շենքը, այն դեպքում, երբ Մյասնիկյանի արձանից դեպի «Այրարատ» կինոթատրոն, դեպի Արշակունյաց պողոտա, դեպի «Մետրոպոլ» հյուրանոց տանող բոլոր ուղղությունները չեն վերահսկվել ոստիկանության ուժերի կողմից և գտնվել են ամբոխի հսկողության տակ: Այդ ուղղություններով, ինչպես նաև գրավված Պարոնյան և Լեո փողոցները փակվել և բարիկադներ են կառուցվել, ստեղծվել պաշտպանական դիրքեր:
Այդ ամենի արդյունքում՝ 2008թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Մյասնիկյանի արձանի և Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքում, Երևանի Գր. Լուսավորչի, Մաշտոցի, Լեոի և Պարոնյանի փողոցներում հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և սարքեր գործադրելով տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում զինված դիմադրություն է ցույց տրվել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներին, սպանվել է 10 անձ, տարբեր ծանրության աստիճանների մարմնական վնասվածքներ են ստացել ՀՀ ոստիկանության զորքերի 187 զինծառայող ու ոստիկանության աշխատակից, 32 քաղաքացիական անձ, ջարդերի, գույքի դիտավորյալ ոչնչացման, վնասելու և թալանելու հետևանքով ՀՀ ոստիկանությանը պատճառվել է 25.980.093 դրամի վնաս, Երևան քաղաքին և Կենտրոն թաղային համայնքին՝ 69.288.760 դրամի վնաս, իրավաբանական անձանց՝ 339.954.866 դրամի վնաս, հրկիզվել և վնասվել է 92 տրանսպորտային միջոց, որի հետևանքով ՀՀ ոստիկանությանը, քաղաքացիներին և ուղևորափոխադրող ընկերություններին պատճառվել է ընդհանուր առմամբ 70.854.525 դրամի վնաս:
Զինված հարձակումները և տեղի ունեցող զանգվածային անկարգությունները դադարել են միայն արտակարգ դրություն հայտարարելուց և իրավապահների կողմից դրանք կանխելուց հետո:
Կատարված նախաքննությամբ պարզվել է և հիմնավորվել է, որ Նիկոլ Փաշինյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի, Շանթ Հարությունյանի, Գրիգոր Ոսկերչյանի, Սուրեն Սիրունյանի և մյուսների կազմակերպմամբ տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կատարմանը մասնակցություն են ունեցել, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին զինված դիմադրություն են ցույց տվել, բռնություն գործադրել, ջարդեր, հրկիզումներ իրականացրել, գույք ոչնչացրել և վնասել են Արտաշես Մաթևոսյանը, Հարություն Մկրտչյանը, Արմեն Մովսիսյանը, Գրիգոր Աղամալյանը, Վահե Ղազարյանը, Մկրտիչ Աբրահամյանը, Նվեր Ստեփանյանը, Ռոման Մնացականյանը, Նորիկ Հարությունյանը, Վարդան Ղավալբաբունցը, Արթուր Նազանյանը, Տիգրան Մկրտչյանը, Ալեքսանդր Կիտեսովը, Եղիշե Գրիգորյանը, Տիգրան Սուքիասյանը, Էդվարդ Աշուղյանը, Արմեն Սարգսյանը, Արմենակ Աբրահամյանը, Վարդան Գասպարյանը, Գևորգ Մանուկյանը, Քրիստափոր Էլազյանը, Գևորգ Ղազարյանը, Վահագն Հարեյանը, Դավիթ Աղայանը, Հովհաննես Մնացականյանը, Գրիգոր Բարսեղյանը, Գարեգին Պետրոսյանը, Արման Մարգարյանը, Տիգրան Հակոբյանը, Մկրտիչ Արմենակյանը, Ահարոն Անտոնյանը, Կառլեն Մանուչարյանը, Ստեփան Սարգսյանը, Արա Հովհաննիսյանը, Լավրենտ Գասպարյանը, Հարություն Ղարիբյանը, իսկ Ֆելիքս Գրիգորյանը զանգվածային անկարգությունների ընթացքում իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից օդ կրակոցներ է արձակել՝ անկարգությունների մասնակիցներին ոգեշնչելու և ոստիկանների օրինական գործողություններին խոչընդոտելու դիտավորությամբ:
Կարեն Թարխանյանը, Գաբրիել Գաբրիելյանը և Գևորգ Ղազարյանը, մասնակցելով 2008 թվականի մարտի 1-ին Երևանի կենտրոնական փողոցներում զանգվածային անկարգություններին, կատարել են կազմակերպչական գործողություններ, Ալբերտ Ներսիսյանը, Ասլան Ավետիսյանը իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին ակտիվորեն չենթարկվելու և նրանց նկատմամբ բռնություն կիրառելու կոչեր են արել:
Հովհաննես Մնացականյանը, Գրիգոր Բարսեղյանը, Գարեգին Պետրոսյանը, Արման Մարգարյանը, Տիգրան Հակոբյանը, Մկրտիչ Արմենակյանը, Ահարոն Անտոնյանը, Լավրենտ Գասպարյանը, մասնակցելով զանգվածային անկարգություններին, կատարել են ուրիշի գույքի գաղտնի և բացահայտ հափշտակություններ: Արմեն Գրիգորյանը, Յուրիկ Ղուկասյանը, Արայիկ Բագրատյանը, Մհեր Սարգսյանը, Սարգիս Մկրտչյանը, Խաչատուր Ստեփանյանը, Արման Մարգարյանը, Արտակ Նահապետյանը, Ստյոպա Սարգսյանը, Միքայել Սերոբյանը, Սուրեն Մինասյանը, Անդրանիկ Ղազարյանը, Էդիկ Գրիգորյանը, Կարեն Ավագյանը, Ավագ Պողոսյանը, Ալիկ Խաչատրյանը, Արման Կարապետյանը, Հարություն Վարդապետյանը, Արթուր Մարգարյանը, Արման Գեղամյանը և Աղվան Գրիգորյանը, օգտվելով տիրող համընդհանուր անվերահսկելի վիճակից, անկարգությունների ընթացքում կատարել են ուրիշի գույքի գաղտնի և բացահայտ հափշտակություններ:
Խաչիկ Ստեփանյանը, Գրիգոր Հակոբյանը, Հովհաննես Սիմոնյանը, Կարեն Մարտիրոսյանը, Ստեփան Սարգսյանը, Գրիշա Սիմոնյանը, մասնակցելով Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքներին, հանրահավաքի այլ մասնակիցներից պարբերաբար ձեռք են բերել և առանց բժշկի թույլտվության գործածել «Կանաբիս» խմբի թմրամիջոցներ:
Թվարկված անձանց վերաբերյալ քրեական գործերն անջատվել են առանձին վարույթ և տարբեր ժամանակներում ուղարկվել են դատարան: Նրանց նկատմամաբ կայացվել են մեղադրական դատավճիռներ, իսկ Արման Մարգարյանի վերաբերյալ քրեական գործը կարճվել է՝ տուժողի հետ հաշտվելու կապակցությամբ:
Քննությամբ պարզվել է նաև, որ Սասուն Միքայելյանը ապօրինի կերպով ձեռք է բերել և Հրազդան քաղաքում գտնվող «Վանատուր» ռեստորանի ձկնաբուծարանի պահեստ է փոխադրել, ապա նախնական համաձայնության գալով նույն ձկնաբուծարանի պահակ Էդիկ Խաչատրյանի հետ՝ 2007թ. հոկտեմբերից մինչև 2008թ. մարտի 8-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի կերպով պահել ռազմամթերք հանդիսացող, գործարանային արտադրության 4995 հատ 5,45 մմ, 8208 հատ 7,62 մմ, 343 հատ 12,7 մմ տրամաչափի ակոսափող հրազենի փամփուշտներ, 16 «Ֆ-1», 3 «ՌԳ-42», 1 «ՌԳԴ-5», 15 «ՌԿԳ-3» տեսակի նռնակի իրաններ, 8 նռնակի բռնակներ, 13 «ՈՒԶՌԳՄ»տեսակի պայթուցիչներ, 2 ինքնաշեն եղանակով պատրաստված «Շանթ» կոչվող նռնականետի և 73 մմ տրամաչափի 15 «ՊԳ-15Պ» տեսակի արտամղիչ լիցքեր:
Այնուհետև, հանցագործության հետքերը վերացնելու նպատակով, Սասուն Միքայելյանի հանձնարարությամբ, Էդիկ Խաչատրյանը 2008թ. մարտի 9-ին՝ ժամը 02-ի սահմաններում, արկղերով լի ռազմամթերքը ջրասույզ է արել պահեստի հարևանությամբ գտնվող լճակում: Էդիկ Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործն անջատվել է առանձին վարույթ և ուղարկվել դատարան, կայացվել է մեղադրական դատավճիռ:
2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում 10 անձանց մահվան կապակցությամբ կատարված քննությամբ պարզվել է.
Դավիթ Պետրոսյանը զանգվածային անկարգությունների վայր՝ Գր. Լուսավորչի փողոց է գնացել աներոջ որդիների՝ Վահե և Կարեն Դալալոյանների, և քեռու որդի Նարեկ Վարդումյանի հետ, ժամը 20-ի սահմաններում: Մինչ մարմնական վնասվածք ստանալը Դավիթ Պետրոսյանը գտնվել է Պարոնյան փողոցի թիվ 2 շենքի մոտ: Այնուհետև՝ ժամը 21-ի սահմաններում, նույն վայրում բաժանվել է Վահե և Կարեն Դալալոյաններից, Նարեկ Վարդումյանից, կարճ ժամանակ անց վերջիններս Դավիթ Պետրոսյանին գտել են մարմնական վնասվածք ստացած վիճակում և տեղափոխել հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է: Դավիթ Պետրոսյանը ստացել է 9 մմ տրամաչափի գնդակի հրազենային վնասվածք:
Գրիգոր Գևորգայնը զանգվածային անկարգությունների վայր է գնացել աներորդու՝ Ռոմիկ Բաղդասարյանի հետ՝ ժամը 20-ի սահմաններում: Ժամը 21:15-ի սահմաններում Գրիգոր Գևորգյանը զանգվածային անկարգությունների մի խումբ մասնակիցների հետ գտնվել է Պարոնյան և Լեոյի փողոցների խաչմերուկում, որտեղ էլ՝ խաչմերուկին հարակից դալանի մոտ տեղակայված կոշիկի վերանորոգման կետի դիմաց, վիրավորվել ու մահացել է գլխի միջանցիկ հրազենային վնասվածքից:
Տիգրան Խաչատրյանը զանգվածային անկարգությունների վայր է գնացել ընկերոջ՝ Արտյոմ Աբովյանի հետ: Ժամը 20-ի սահմաններում խառնաշփոթի պատճառով կորցրել են միմյանց: Այնուհետև Տիգրան Խաչատրյանը զանգվածային անկարգությունների մի խումբ մասնակիցների հետ գնացել է Պարոնյանի և Լեոյի փողոցների խաչմերուկում գտնվող դալանի մոտ, որտեղ էլ «Չերյոմուխա – 7» տեսակի փամփուշտի գազային նռնակից ստացած գանգուղեղային բաց-բութ վնասվածքից մահացել է:
Արմեն Ֆարմանյանը ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի ներգրավմամբ և ֆինանսավորմամբ որոշակի վարձատրության դիմաց հավաքագրել է մարդկանց խմբեր, ապահովել նրանց մասնակցությունը օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող հրապարակային միջոցառումներին, ինչպես նաև՝ զանգվածային անկարգություններին, որի ընթացքում մետաղյա ձողեր և վառելիքով լցված շշեր է բերել դեպքի վայր ու բաժանել զանգվածային անկարգությունների մասնակիցներին՝ ղեկավարելով նրանց գործողությունները: Պարոնյան փողոցում գտնվող թիվ 24 դպրոցի դիմաց «Չերյոմուխա – 7» տեսակի փամփուշտի գազային նռնակից ստացած գլխի ձախ կեսի կողմնա-քունքային շրջանի վնասվածքից վիրավորվել և մահացել է:
Գոռ Քլոյանը զանգվածային անկարգություններին մասնակցել է Արմեն Ֆարմանյանի ներգրավվմամբ:
Ժամը 21-ի սահմաններում Գոռ Քլոյանը զանգվածային անկարգությունների մի խումբ մասնակիցների հետ գնացել է Մաշտոցի պողոտայի և Գր. Լուսավորչի փողոցի խաչմերուկի կամրջի մոտ, որտեղ էլ «Չերյոմուխա – 7» տեսակի փամփուշտի գազային նռնակից ձախ աճուկա-ենթազստային շրջանում ստացել է վնասվածք ու տեղափոխվել հիվանդանոց: Հիվանդանոցում, առանց գիտակցության գալու, մահացել է:
Հովհաննես Հովհաննիսյանը 2008 թվականի մարտի 1-ին՝ ժամը 19-ի սահմաններում, դուրս է եկել տնից, որից հետո այլևս հեռախոսային կապի մեջ չի եղել և զանգերին չի պատասխանել: Հովհաննես Հովհաննիսյանը ժամը 20-ի սահմաններում գտնվել է Մյասնիկյանի արձանի մոտ, ալկոհոլ օգտագործած վիճակում, գարեջրի շիշը ձեռքին: Այնուհետև ժամը 21-ի սահմաններում Հովհաննես Հովհաննիսյանը զանգվածային անկարգությունների այլ մասնակիցների հետ Մաշտոցի պողոտայի և Գր. Լուսավորչի փողոցի խաչմերուկի կամրջի վրա՝ ձեռքին ունեցած փայտը օդում թափահարելով շարժվել է առաջ: Այդ պահին էլ 5,45մմ տրամաչափի գնդակից ստացած կրծքավանդակի հրազենային վնասվածքից մահացել է:
Զաքար Հովհաննիսյանը զանգվածային անկարգություններին մասնակցել է Արմեն Ֆարմանյանի ներգրավվմամբ, ուր գնացել է ընկերոջ՝ Արմեն Ավետիսյանի հետ: Վերջինս թաքնվել է քննությունից, և նրան հարցաքննել հնարավոր չի եղել, որի պատճառով չի պարզվել, թե ինչ գործողություններ է կատարել Զաքար Հովհաննիսյանը և ինչ պայմաններում է վիրավորվել: Զաքար Հովհաննիսյանը հրազենային վնասվածքը ստացել է Մաշտոցի պողոտայի շուկայի մոտ: Զաքար Հովհաննիսյանը մահացել է 9մմ տրամաչափի գնդակից ստցած որովայնի առաջային մակերեսի հրազենային վնասվածքից:
Սամվել Հարությունյանը զանգվածային անկարգությունների վայր է գնացել ընկերոջ՝ Արամ Բարսեղյանի, և մորաքրոջ որդու՝ Գեղամ Գևորգյանի հետ: Ժամը 21:30-ի սահմաններում Սամվել Հարությունյանը, բաժանվելով Արամ Բարսեղյանից և Գևորգ Գևորգյանից, զանգվածային անկարգությունների մի խումբ մասնակիցների հետ գնացել է Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի և Գր. Լուսավորչի փողոցի խաչմերուկի կամրջի կողմ և քարեր նետելով` շարժվել առաջ, որտեղ էլ ստացել է գանգուղեղային բաց, բութ, թափանցող վնասվածք: Սամվել Հարությունյանի մահը վրա է հասել օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիայից, որը պայմանավորված է եղել գանգուղեղային բաց, բութ, թափանցող վնասվածքով, վերջինիս հետևանքով զարգացած թարախային մենինգիտով, երկկողմանի թարախային թոքաբորբով:
Համլետ Թադևոսյանը ՀՀ ՈԶ թիվ 1032 զորամասի կազմում ժամը 19-ի սահմաններում ծառայություն է իրականացրել Երևանի Գ.Լուսավորչի փողոցում` հասարակական կարգը ապահովելու և զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով: Զանգվածային անկարգությունների մասնակիցների հերթական զինված հարձակումը կանխելու ընթացքում՝ ժամը 21:15-ի սահմաններում, Գ.Լուսավորչի փողոցի թիվ 17 շենքի դիմաց զանգվածային անկարգության՝ դեռևս քննությամբ չպարզված մասնակցի նետած պայթուցիկ սարքի պայթյունից զույգ ստորին և վերին վերջույթների, կոնքի, որովայնի և սեռական օրգանների շրջանում ստացել է բազմաթիվ բեկորային վնասվածքներ, տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:
Համլետ Թադևոսյանի մարմնից և հագուստների վրայից հանվել են գործարանային արտադրության «Ֆ-1», «ՌԳԴ-5» և «ՌԳ-42» տեսակի նռնակներ պայթեցնելու համար նախատեսված «ՈՒԶՌԳՄ» տեսակի պայթուցիչի միացման ականոցի վերին հատվածի բեկորներ, որոնք բեկորացվել են պայթյունի հետևանքով:
Ժամկետային զինծառայության մեջ գտնվող Տիգրան Աբգարյանը ՀՀ ՈԶ թիվ 1033 զորամասի կազմում ժամը 19-ի սահմաններում ծառայություն է իրականացրել Երևանի Գ.Լուսավորչի փողոցում` հասարակական կարգը ապահովելու և զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով: Ժամը 23-ի սահմաններում Լեոյի փողոցի «Սվին» խանութի մոտ զանգվածային անկարգության՝ դեռևս քննությամբ չպարզված մասնակցի գործադրած հրազենի կրակոցից ստացել է պարանոցի միջանցիկ հրազենային-գնդակային վիրավորում, տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ, գիտակցության չգալով, 11.04.2008թ. մահացել է:
Նախաքննական մարմինը որոշումներ է կայացրել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ քր. օր-ի 225-րդ հոդվածի 3-րդ մասով, 225 1-րդ հոդվածի 1-ին մասով, 300-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով, Խաչատուր Սուքիասյանին՝ ՀՀ քր. օր-ի 225-րդ հոդվածի 3-րդ մասով և 300-րդ հոդվածի 1-ին մասով, Համլետ Հովհաննիսյանին՝ ՀՀ քր. օր-ի 225-րդ հոդվածի 3-րդ մասով և 300-րդ հոդվածի 1-ին մասով, Վիրաբ Մանուկյանինին՝ ՀՀ քր. օր-ի 225-րդ հոդվածի 3-րդ մասով, Սևակ Ստեփանյանին՝ ՀՀ քր. օր-ի 225-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու և հետախուզում հայտարարելու մասին:
Զանգվածային անկարգությունների ընթացքում քաղաքացիների և ոստիկանության աշխատակիցների մահվան, վնասվածքներ ստանալու լրիվ հանգամանքների, ՀՀ ոստիկանության կիրառած հարկադրանքի միջոցների` ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելու իրավաչափության հարցը լուծելու և վերջիններիս գործողություններին իրավական գնահատական տալու, ՀՀ Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված գործողություններ կատարելուն, զանգվածային անկարգություններ կազմակերպելուն, հրահրելուն և անմիջականորեն կատարելուն ներգրավված բոլոր անձանց բացահայտելու, նրանց գործողություններին իրավական գնահատական տալու, որպես մեղադրյալ ներգրավված անձանց մասով քննությունն ավարտին հասցնելու, հետախուզման մեջ գտնվող մեղադրյալներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև հայտնաբերված հանցագործությունների այլ դեպքերի մասով քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Նախնական համաձայնությամբ ՀՀ սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված դիտավորյալ գործողություններ կատարելու, սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ, ինչպես նաև իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամաբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնության գործադրում կազմակերպելու համար մեղադրանքներ են առաջադրվել.
Ալեքսանդր Արզումանյանին՝ ՀՀ քր. օր-ի 225-րդ հոդվածի 3-րդ և 300-րդ հոդվածի 1-ին մասերով, Մյասնիկ Մալխասյանին՝ ՀՀ քր. օր-ի 225-րդ հոդվածի 3-րդ, 300-րդ հոդվածի 1-ին մասերով և 38-316-րդ հոդվածի 2-րդ մասով, Սասուն Միքայելյանին՝ ՀՀ քր. օր-ի 225-րդ հոդվածի 3-րդ, 300-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, Հակոբ Հակոբյանին՝ ՀՀ քր. օր-ի 225-րդ հոդվածի 3-րդ և 300-րդ հոդվածի 1-ին մասերով, Շանթ Հարությունյանին՝ ՀՀ քր. օր-ի 225-րդ հոդվածի 3-րդ և 300-րդ հոդվածի 1-ին մասերով, Գրիգոր Ոսկերչյանին՝ ՀՀ քր. օր-ի 225-րդ հոդվածի 3-րդ և 300-րդ հոդվածի 1-ին մասերով, Սուրեն Սիրունյանին՝ ՀՀ քր. օր-ի 225-րդ հոդվածի 3-րդ և 300-րդ հոդվածի 1-ին մասերով: Բացի այդ, Սասուն Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ քր. օր-ի 235-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով` ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և նախնական համաձայնությամբ պահելու համար»:
- Երբ Ավանգարդ էինք
- Հստակ գործողություններ ի պատասխան Էրդողանի վայրեհաչոցներին:
- Սերժ Սարգսյանի ընտանեկան կլանը պետք է կանգնի արդարադատության առջև
- Բոլոր դեպքերում, Հայաստանը այսօրվան հասցնողները պատասխանատվության են ենթարկվելու:
- Տարեմուտի խոսք ԵՀՄՖ նախագահ Պարոն Աշոտ Գրիգորյանին
- ՀԱՅԱՍՏԱՆ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ, ԱՄԵՐԻԿԱ, ՌՈՒՍԱՍՏԱՆ… Կամ Հայ քաղաքական մտքի մերօրեայ դեգերումները
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹԻՒՆԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ
- ՆԵՐԿԱՅԻՍ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԻ ՄԱՍԻ ՍԻՆ ՅՈՅՍԵՐԸ, ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀՈԳԵՄՏԱՒՈՐ ԾՈՒԼՈՒԹԻՒՆԸ ԿԱՄ ԱՒԱՐԱՅՐԻ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՈԳԻ՞Ն…
- Ստրկամտությունն ու վախը ծնում են ստորություն
- Տաս տարի առաջ բայց կարծես այսօր
- «Նոր մետաքսե ուղու» համաշխարհային համագումարը՝ կրկին առանց Հայաստանի
- Հայաստանով անցնող նոր «մետաքսե ուղին» պաշտոնապես գրանցվեց Չինաստանի միջազգային համագումարում
- ԵՀՄՖ-ի նախագահության կոչը արտերկրի հայկական կազմակերպություններին, գործարարներին և գործիչներին
- Խալիֆաթ:Մաս 2
- Խալիֆաթ:
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 3
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 2
- Կեղծիքի և ստի հարյուրամյա թավուտներում:Մաս 1
- Մի բլոկնոտի Քարտեզի հետքերով:դեպի 1919 թվական :
- Արցախը կարող է դառնալ հայկական Շվեյցարիա. ուսումնասիրություններ
- ԱՊՐԻԼ 2 … ՀԱՂԹԱՆԱ՞Կ..
- ՎԱՃԱՌՎԵ՞Լ, ԹԵ՞ ՉՎԱՃԱՌՎԵԼ ..
- ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏՆ ԵՆ.
- ԱԲԻԿ ԳԱՆՏԻԼԵԱՆ
- ԿԱՆԹԵՂԻՆ Խօսքը Հիմնադրութեան երրորդ ամեակին առթիւ
- « ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՆ ՀԱՆՃԱՐՈՅ»
- Այսօր Հայաստանում տիպիկ աֆրիկյան բռնապետություն է:Հարցազրույց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի փոխնախագահ, ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանի հետ
- Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահություն արձագանքում է հայկական NEWSPRESS բաց նամակին
- ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ:ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ
- ԵՎ ԱՇԽԱՐՀԸ ԿԼՍԻ ՊՈԵՏՆԵՐԻ ՁԱՅՆԸ
- Преступный беспредел Комитета по науке
- 7 декабря 1988 года
- Ինչու է «պիսար» Վիգեն Սարգսյանը առաջ տանում «1000 դրամի» ծրագիրը