Posts Tagged ‘ուջանցի Նորիկ’
Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Tuesday, February 10, 2009 22:53 - 11 Comments
ՀՀՇԱԿԱՆ ԾԱՆՐ ՎԱՐԱԳՈՒՅՐԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ
ՆԱՄԱԿ ԲԵԼԳԻԱՅԻՑ
(…Մենք հենց սկզբից էլ տեսնում էինք, գիտեինք, թե ովքեր են ՀՀՇ-ում տեղ գտած մարդիկ, ի՞նչ է նրանց ուզածն առհասարակ, և այդ ամենը խիստ տարբեր էր մեր պատկերացումներից… Նամակն ավարտվում է, բայց այս հարցը բաց է մնում, ինչո՞ւ: ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ)
Արտաշատի` հետագայում «Անկախության բանակ» կոչվող ջոկատը կազմավորվել էր 1989 թվականի սեպտամբերին: Ջոկատի մարտիկները սկզբում 18-ն էին, բոլորն էլ Անկախության գաղափարակիցներ էին: Ջոկատը կազմավորումից անմիջապես հետո` հենց սեպտեմբերին, մեկնեց Գորիսի Տեղ, Կոռնիձոր և Արավուս գյուղերի սահմանային գոտի, որը գնդակոծվում էր ադրբեջանական կողմից: Ջոկատի հրամանատարն ավագ եղբայրս էր՝ Սամվել Մարգարյանը, որի մարտիկներից մեկն էլ կրտսեր եղբայրս էր՝ Վարդանը: Այդ նույն ժամանակ սահմանային նույն գիծ էին գնացել նաև Աշտարակի ջոկատի տղաները, որոնց ղեկավարում էր Գեղազնիկ-Չաուշը, որը հետագայում՝ ՀՀՇ-ի իշխանության անցնելու 10-11-րդ օրը «հանելուկային» ձևով պիտի զոհվեր Երևանի սրտում, ՀԱԲ-ի դեմ` անձամբ Վազգեն Սարգսյանի ձեռնարկած հարձակման ու շրջափակման պայմաններում: Չաուշն ու Սամվելը դարձել էին լավ ընկերներ և համագործակցում էին: Բայց Գեղազնիկի խմբում կային պառակտիչ հհշամետ տարրեր, ինչպես, օրինակ, Մուշեղ Սաղաթելյանը, որոնք ամեն բան անում էին` ցանկացած գործ վիժեցնելու և միացյալ բանակը դեպի ՀՀՇ ուղղորդելու համար, ինչի պատճառով էլ նմաններին զենք չէր վստահվում, նրանց խրամատներ հսկողության չէին ուղարկում և զբաղված էին միայն, բառացիորեն, ջոկատի մյուս անդամների կոշիկները մաքրելու, տարածքը կարգի բերելու և նման գործերով: Մենք, ԱԻՄ-ի անդամներս, այն ժամանակ ամեն ուրբաթ հավաքվում էինք Կույրերի միավորման դահլիճում և Մովսես Գորգիսյանի գլխավորությամբ ժողովներ անցկացնում: Եվ հենց այդ ժամանակ էր, որ Մովսեսը հայտարարեց «Անկախության բանակ» կազմելու մասին: Մովսեսի այս կոչին անմիջապես արձագանքեցին Արավուսում գտնվող արտաշատցի մարտիկները և Մովսեսի, Աշոտ Նավասարդյանի ու Սամվելի անմիջական հանդիպումից ու զրույցից հետո առաջինն էին, որ մտան «Անկախության բանակ» ու դրեցին այդ բանակի հիմքը: 1989 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ առաջին հայ-ադրբեջանական կռիվը՝ Կոռնիձորի կռիվը, որի ժամանակ հայկական կողմն ունեցավ առաջին կորուստը՝ զոհվեց ուջանցի Նորիկը: Կոռնիձորի կռիվների գլխավոր հրամանատարն էր Սամվելը, և նրանք կռվում էին ադրբեջանցիների և նրանց կողքին կանգնած ռուսական բանակի զինվորների դեմ: Այդ մարտը, որի մասին գրվեց թերթերում, մեծ ճանաչում բերեց ջոկատին: Հաջորդը 1990-ի հունվարի 18-19-ի Երասխավանի մարտերն էին, որի ժամանակ նորից առաջինը մարտի դաշտ մտան Արտաշատի «Անկախության բանակի»-ի մարտիկները` քաջաբար կռվելով երկու օր շարունակ և տալով մեկ ոտքից վիրավոր՝ Գոռ Վարդանյանին: Այն ժամանակ դեռ բոլորին անհայտ, Արարատի ՀՀՇ-ի անդամ Վազգեն Սարգսյանը, որն այդ և մյուս բոլոր մարտերին Երասխավանի ճանապարհի ոլորանում տեղադրված և ճակատային գծից բավական հեռու գտնվող իր հրամանատարական փայտյա կետից էր «ղեկավարում» մարտը, գրեց «Ձեր ցավը տանեմ, արտաշատցիներ» վերնագրով մի հոդված` նվիրված Արտաշատի «Անկախության բանակի» մարտիկներին: Դրանից հետո ողջ հանրապետությունում ջոկատը դարձավ իսկական լեգենդ, և սկսվեցին ՀՀՇ-ի անընդմեջ պահանջները` ջոկատն իրենց ենթակայության տակ անցնելու համար: Հատկապես Վազգենը և Արտաշատի ՀՀՇ-ի անդամները ջանք ու եռանդ չէին խնայում` ջոկատն իրենց ենթարկեցնելու համար, որոնք միշտ էլ ապարդյուն էին անցնում: Շարունակական այս պահանջները, որոնց մասին Մովսեսի մահից հետո ես անձամբ տեղյակ էի պահում Աշոտ Նավասարդյանին, բերեցին նրան, որ կենտրոնի կողմից Արտաշատ ուղարկվեց հին քաղբանտարկյալ, ԱՄԿ-ի անդամ, քաղաքական հայտնի գործիչ Հակոբջան Թադևոսյանը՝ տեղում աշխատանքները կոորդինացնելու համար: Հակոբջանի մուտքը Արտաշատ ներվային սպազմ առաջացրեց ՀՀՇ-ի մոտ, և ստիպեց նրանց վերջ տալ անհարկի առաջարկություններին: 1990 թվականի ապրիլի 2-ին Նավասարդյանը, համաձայն ԱՄՆ-ից ուղարկված Հայրիկյանի հրամանի՝ կամ ԱԻՄ-ը զինաթափել ու բերել բացառապես քաղաքական դիրքերի վրա, կամ՝հեռանալ, հեռացավ` դնելով ՀՀԿ հիմքը, որի կազմ մտան հենց առաջինը Արտաշատի «Անկախության բանակի» մարտիկներն ամբողջ կազմով՝ 32 հոգի:
Այսպիսի տեղաշարժը, պարզ է, ՀՀՇ-ի սրտով չէր երբեք և ոչ էլ նրանց այն ժամանակվա տերերի ու թելադրողների՝ Կոմունիստական Մոսկվայի և նրանց հայ գործընկերների: Եվ սկսվեցին արտաշատյան հայտնի արյունոտ դեպքերը: Ջոկատի դեմ կազմակերպվեցին բազմաթիվ սադրանքներ, որոնք իրականացնում էին իրենց ՀՀՇ-ի զինված կազմավորում հայտարարած մարտիկներն ու շրջանի հին հանցագործները: Ջոկատը շարունակում էր հսկել երկրի սահմանները Վայքում, մասնակցում էր Նոյեմբերյանի, Երասխավանի, Բարձրունու կռիվներին` միաժամանակ պաշտպանվելով այն հանցավոր խմբից, ովքեր, չգիտես ինչպես, հասցրել էին կարճ ժամանակահատվածում զինվել և դուրս գալ ջոկատի դեմ: Կատարված արյունելի դեպքերը վերջնականապես հեղինակազրկեցին ջոկատին, որոնց ավելացան նաև անհայտ մարդկանց կողմից միտումնավոր տարածած սուտ ու հորինովի պատմությունները ջոկատի մասին` դարձնելով այդ նվիրյալ մարտիկներին սարսափազդուկերպարներ: Եվ այս ամենը վերջացավ նրանով, որ ՀՀՇ-ի իշխանության անցնելուց հետո, երբ արդեն բանտերում էին ՀԱԲ-ի, «Անկախության լեգիոն»-ի մարտիկները, մենք ևս հայտնվեցինք երկաթյա վարագույրի հետևում: Ջոկատի ձերբակալություններն սկսվեցին 1990-ի սեպտեմբերի 16-ին, այն բանից հետո, երբ Վազգեն Սարգսյանի հետ հանդիպման գնացինք ես և Սամվելը: Չհամաձայնելով գնալ նրա առանձնասենյակ, ուր գիտեինք, որ մի քանի օր առաջ կանչվել ու ձերբակալվել էր «Անկախության լեգիոն»-ի հրամանատար, Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա տեր Գրիգորը, (աշխարհիկ անվամբ՝ Արծրուն Ավետիսյան), մեր զրույցը տեղի ունեցավ նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող պաղպաղակի կետում: Վազգենը հայտնեց մեզ, որ պատրաստվում է երկրապահ ջոկատներ կազմավորել և առաջարկեց մաս կազմել երկրապահներին, հակառակ դեպքում, զգուշացնելով, որ բանտ կգնանք: Սամվելն առաջարկեց զինաթափվել, զենքերը հանձնել և անցնել խաղաղ աշխատանքի, բայց Վազգենը մնաց անդրդվելի` ասելով. «Չէ, կամ մեզ հետ, կամ` բանտ: Մտածեք, ձեզ երկու օր ժամանակ»: Այս մասին ես անձամբ տեղեկացրեցի Աշոտ Նավասարդյանին, իսկ նա ասաց. «չզարմանաք, որ մի օր սրանք ինձ էլ ձերբակալեն» և ուրիշ ոչինչ: Մենք հենց սկզբից էլ տեսնում էինք, գիտեինք, թե ովքեր են ՀՀՇ-ում տեղ գտած մարդիկ, ի՞նչ է նրանց ուզածն առհասարակ, և այդ ամենը խիստ տարբեր էր մեր պատկերացումներից: Գիտեինք, թե ովքեր են մայիսի 27-ի արյունոտ դեպքերի կազմակերպիչները, որոնք նախ կայարան գնալու, զենքերը տանելու առաջարկով դիմել էին մեզ` փորձելով մեր ձեռքով իրականացնել այդ սադրանքը, և մերժում ստանալուց հետո նոր դիմել այն մարտիկներին,որոնք զոհ դարձան նրանց ստոր խարդավանքին: Այժմ էլ ապրում են մեզ մոտ եկած և այդ առաջարկությամբ մեզ դիմած մարդիկ, որոնց գիտենք անուն առ անուն: Գիտեինք. թե ում կողմից թալանվեցին ու յուրացվեցին Արարատի շրջանի Խալիսա գյուղի ադրբեջանցիների ոսկիներն ու փողերը, և ինչու՞ միայն ադրբեջանցիների, գիտեինք, թե ովքեր են գողանում անասուններն ու պարկերով ալյուրը և վաճառում դրանք մեզ մոտ և սահմանից այն կողմ, գիտեինք, թե ում հրահրմամբ և ինչու են տեղի ունեցել Երասխավանի մարտերը, որն է եղել այդ ամենի նպատակը, գիտեինք, թե ովքեր են առհասարակ Վազգենն ու մյուսները, ովքեր Երևանից ու Երասխի ճանապարհից այն կողմ չգնացած` փորձում էին հեղինակություն շահել մեր նմանների միջոցով և իրենց վերագրել հերոսական ամեն բան: Իսկ դրա համար անհրաժեշտ էր կամ իրենց թևի տակ բերել մեզ ու մեր նմաններին, կամ՝ ոչնչացնել: Արդեն տեսնում էինք մեր մարտական ընկերների՝ ՀԱԲ-ի, «Անկախության Լեգիոն»-ի մարտիկերի հանդեպ իրականացված բռնությունները և, բնականաբար, երբեք մաս կազմել չէինք կարող ՀՀՇ-ի նման խայտառակ մի ոհմակի, թեկուզ` հանուն մեր ազատության: Լեոնիդ Ազգալդյանն այդ ժամանակ իր խմբով գտնվում էր Վարդենիսում և լուր էր ուղարկել ու իր մոտ կանչել Սամվելին: Ջոկատը պատրաստվում էր գնալ Վարդենիս` Լեոնիդի մոտ, բայց չհասցրեց… Բանտերում հայտնվեց քաջությամբ, մարտունակությամբ ու կարգապահությամբ հանրապետությունում առաջիններից մեկը եղող մի ջոկատ, որը, Նավասարդյանի խոսքերով ասած, կարող էր դառնալ Անկախ Հայաստանի Մատյան գունդը և ոչ ոք չցանկացավ դեմ գնալ «ամենազորներին» և բացահայտել մեր գլխին փաթաթած, հենց ՆԳ նախարարի տեղակալ Կարլեն Թորոսյանի կողմից մեզ պարտադրված խայտառակ ու արյունոտ դեպքերը:
Բանտերում էր հայտնվել մի ջոկատ, որի մարտիկներից 5-ը պատգամավոր էին և ընտրվել էին հենց ձերբակալված վիճակում` ՀՀՇ-ի կատաղի պայքարի և նույնիսկ երկընտրության պայմաններում: Դատարանի դահլիճ էին գալիս այդ պատգամավոր ազատամարտիկները, որոնց ընտրողները՝ շրջանային կոմիտեի նիստի մասնակիցները, քաղաքական կուսակցությունների շատ ղեկավարներ, պատգամավորներ, գրողներ, սահմանամերձ շրջանների ամբողջ բնակչությունը գրավոր պահանջում էին ՀՀՇ իշխանություններից ազատ արձակել նրանց: Հետաքրքիր է, եթե այսօր ես կամ մեզանից որևէ մեկը կանգնի Լևոն կոչեցյալ ազգադավ սրիկայի դեմ ու պատասխան պահանջի պատերազմական թեժ շրջանում կռվող ազատամարտիկներին բանտերը լցնելու համար, ի՞նչ պատասխան է տալու այդ պատեհապաշտ Մեծ Սրիկան, ինչպե՞ս է արդարացնելու իր և իր ոհմակի այդ քայլը: Հայտնի է, որ նույնիսկ Ստալինի նման մարդակուլ անձը պատերազմի ժամանակ բանտերից ազատ արձակեց բազմաթիվ հանցագործների` ճակատում կռվելու համար: Այսօր իրենց կողմից կատարված հանրապետության համատարած թալանը, ժողովրդի կեղեքման փաստը Լևոնը լկտիաբար արդարացնում է պատերազմով, այն պատերազմով, որին մասնակցած առաջին կամավոր ազատամարտիկներին բանտել էր խցերում և հարցականի տակ դրել պատերազմի ելքն ու երկրի ապագան, հետաքրքիր է, իսկբանտված ազատամարտիկների՞ հարցով ինչպե՞ս է արդարանալու: Այսօր, տարիների հեռվից երբ հետ եմ նայում, նորից եմ համոզվում, որ նման քայլով, ապազգային այդ կազմակերպության՝ ՀՀՇ-ի լիդերները ազատ էին արձակում իրենց սեփական ձեռքերը, որոնք թալանելու էին սեփական երկիրն ու ժողովրդին: Քաղաքական արենայից հեռացնում էին ա՜յն նվիրյալներին, որոնք ոչ մի կերպ հավատարմության երդում չտալով իրենց, կարող էին մի օր բռնել ու կտրել իրենց` ազգակործան ու թալանչի թաթը:
Ջոկատի դեմ կազմակերպված ամբողջ սադրանքի մասին գրեցին ինչպես ժամանակի շատ թերթեր, այնպես էլ այդ ամենի դիպուկգնահատականը հետագայում տվեց ՀԱԲ-ի քաղ. գծով հրամանատար Վարդան Վարդանյանը, իր, եթե չեմ սխալվում, «Երկաթյա վարագույրի հետևում» գրքույկում, մարդ, որը շատ մոտիկից ու լավ էր ճանաչում բոլորիս և մանրամասն տեղյակ էր կատարված ամբողջ դեպքերին:
1990 թվականի սեպտեմբերի 30-ին, օպերայի հրապարակում ԱԻՄ-ի կազմակերպած միտինգից իմ հնչեցրած ելույթը ԼՏՊ-ի և նրա ապազգային քաղաքականության դեմ՝ ի պաշտպանություն ձերբակալված բոլոր ազատամարտիկների, պատճառ հանդիսացավ, որ մեկ ամիս անց` 1990-ի հոկտեմբերի 31-ին, ես ևս հայտնվեմ ՊԱԿ-ի բանտում: Ինձ ձերբակալելու համար չկար և ոչ մի հիմնավոր պատճառ: Գոյություն ուներ միայն մեկ ցուցմունք, ըստ որի, իբր ես մասնակցել եմ Ադրբեջանի Խրդազան կայարանին հասցեագրված վագոնում եղած ապրանքների վաճառքին, որը գրվել էր քննիչի կողմից ցուցմունք տվողին հոգեբանական ճնշման ենթարկելու ազդեցության տակ, ինչը հերքվեց և քննչական խմբի ղեկավար Սերգեյ Պողոսյանը հեռացվեց քննչական խմբից: Ադրբեջան գնացող այդ վագոնը, որը «չգիտես թե» ի՞նչ հրաշքով էր հայտնվել Արտաշատի կայարանում, նախօրոք բացվել էր, այնտեղ գտնվող ապրանքի մի մասը վաճառքի էր հանվել Արտաշատի շրջկոոպի պահեստում և «Մանկական աշխարհ» խանութում և միայն դրանից հետո՝ մարտի 25-ին, երբ ջոկատը Վայքի Բարձրունի գյուղում եռօրյա կատաղի մարտեր էր մղում թշնամու դեմ, դատարկվել ու տեղափոխվել էր մնացածը, որը հետագայում վաճառքի էր հանվելու: Ապրանքի բռնագրավմանը մասնակցել էին Արտաշատի ՀՀՇ-ի 5 անդամներ, ևս մի մարդ, որը ոչ մի կուսակցության և ջոկատի անդամ չէր, և Սամվելի ջոկատից ընդհամենը 2-ը, որոնք շրջան էին իջել` պարեն տեղափոխելու Բարձրունի: Շտաբի պետ Հակոբջանն էլ ներկա էր եղել, բայց ոչ` մասնակից: Ապրանքը տեղափոխվել էր Ազատավան գյուղ, ոչ մի ջոկատի անդամ չհանդիսացող ազատամարտիկի տուն, և վաճառքն իրականացվել էր նրա, ՀՀՇ-ի անդամ հանդիսացող 5-6 մարդու կողմից և մեր ջոկատ մտցված, օրգանների հետ ներքին կարգով աշխատող Զավեն Պողոսյանի կողմից: Բայց այս ամենը չխանգարեց ՀՀՇ-ի բոլոր անդամներին դուրս բերել որպես վկա` ընդամենը կարճաժամկետ ազատազրկելով միայն մեկին, և ամբողջ գործը ջարդելու ողջ ջոկատի մարտիկների, Հակոբջանի ու ինձ վրա, որ ոչ այդ վագոնի առգրավմանը, ոչ էլ նրա վաճառքին էինք գոնե ներկա գտնվել: Ես մեկ ամիս շարունակ գտնվում էի ՊԱԿ-ի նկուղներում` առանց որևէ մեղադրանքի առաջադրման, ինչը օրենքի կոպիտ ոտնահարում էր: Մեկ ամիս հետո ինձ մոտ եկավ քննչական խմբի ղեկավար, Գլխավոր դատախազության հատուկ գործերի քննիչ Սերգեյ Պողոսյանը և հայտնեց, որ Վազգեն Սարգսյանի առաջարկությունն է բերել ինձ: Վազգենը նրա միջոցով առաջարկում էր ինձ.
1. գրավոր ներողություն խնդրել ԼՏՊ-ից` սեպտեմբերի 30-ին օպերայի հրապարակում նրա դեմ ունեցած իմ ելույթի համար,
2. գրավոր դիմում գրել և մտնել ՀՀՇ,
3. նամակ գրել ու հորդորել եղբորս՝ Սամվելին,որը գտնվում էր Նուբարաշենի բանտում, ջոկատի տղաների հետ միասին գրավոր դիմում գրելու և մտնելու ՀՀՇ:
Այս բոլորի դիմաց, Վազգենն ինձ խոստանում էր ազատություն: Երկու օր ժամանակ խնդրեցի քննիչից և երկու օր հետո նրան հանձնեցի այն ժամանակ շատերին հայտնի իմ «Բաց նամակ Վազգեն Սարգսյանին» գրությունը, որը ցնցեց շատերին: Նամակս քննիչին հանձնելուց մի քանի օր հետո ՊԱԿ-ի բանտ, ինձ տեսակցության եկավ այն ժամանակ դատախազության հատուկ քննիչ Վովա Գասպարյանը: Նա կցված չէր քննչական այն խմբին, որը մեր գործն էր քննում: Ինչպես ասաց՝ եկել էր ուղղակի ծանոթանալու ինձ հետ: Նա ինձ ասաց. «դատախազությունում հավաքվել ու միասին կարդացել ենք քո նամակը ուղղված Վազգենին: Բոլորս քո նամակի մեկական կրկնօրինակ վերցրել ենք ու զարմացել, թե ո՞վ է այդ կինը, որը, գտնվելով ՊԱԿ-ի բանտում, չի վախենում և դեռ էնտեղից այսպիսի նամակներ է գրում: Մենք ուղղակի հիացած ենք քեզնով, եկել եմ հատուկ ծանոթանալու քեզ հետ»: Հետո հայտնեց, որ իր վարույթում գտնվող գործերից հայտնի է դառել, որ Աբովյանում գործող «Սեռիի բանդա» անունը կրող հանցավոր խումբը, որի մասին անգամ լսած էլ չկայինք, իր կատարած 32 հանցագործություններից 18-ը կատարել է մեր ջոկատի անվան տակ, ինչն այդպես էլ խոստովանել է: Գասպարյան Վովան քննում էր նաև մեր դեմ ելած Արտաշատի հին հանցագործներից կազմված խմբի գործը, որոնց «հերոսությունները» չէին սահմանափակվում մեր դեմ կատարած դեպքերով և հետ էին գնում մինչև սովետական տարիներին կատարված աղմկահարույց, բայց կոծկված հանցագործություններ և ինչպես ժամանակը ցույց տվեց հետագայում՝ հասան նաև մինչև վերջին ժամանակներս: Գասպարյանն ասում էր, որ «էս անգամ ձուկը գլխից եմ բռնել, Սվետա ջան, բացելու եմ ամեն բան», բայց ինչպես տեսանք, ես էի ճիշտ, երբ նրան ասում էի՝ «դուք էլ ոչինչ չեք անի, ես չեմ հավատում»: Մեր դեմ ելած, բազմակի անգամներ դատապարտված մարդկանցից կազմված այդ խումբը, իր ձերբակալման ժամանակ գրավոր գրելու և խոստովանելու էր, որ իրենց զինել և մեր ջոկատի դեմ էր հանել այն ժամանակվա ՆԳ նախարարի տեղակալ Կառլեն Թորոսյանը` ասելով իրենց. «մեծ քանակությամբ զենք է անցել անկախականների ձեռքը, որը մեծ վտանգ է ներկայացնում կոմունիստներիս համար: Դրանց ոչնչացրեք մինչև վերջին մարդը, դուք պատասխանատվության չեք ենթարկվի»: Այս խոստովանանք-ցուցմունքը մինչ օրս էլ գոյություն ունի գործում, որտեղից զարմանքով տեղեկացանք, թե ո՞ւմ ձեռքի գործերն էին արտաշատյան դեպքերը: Այս տխրահռչակ Կառլեն Թորոսյանը դատարան ներկայացավ մեկ անգամ, որպես վկա, հետո հեռացվելով գործից, հեռուստատեսային մի հաղորդման ժամանակ շտապեց հերքել արտաշատյան դեպքերը իր կողմից կազմակերպված լինելու փաստը և փախավ հանրապետությունից, գնաց Մոսկվա՝ իր տերերի մոտ: Այդ ժամանակ հասկացանք, թե ինչո՞ւ էր այն տարիներին Մոսկվայից Հայաստան եկած հայտնի իրավաբան Գդլյանը, որը բացահայտել էր Ուզբեկստանի գործը, ասում մեզ, որ դուք ներքաշվել եք ահավոր կեղտոտ խաղի մեջ և այնքան վտանգավոր մարդկանց կողմից, որոնց կազմած մաֆիայի դեմ Ուզբեկստանինն ընդհամենը մի խուժան խումբ է: Փաստորեն, մեր հարցում համընկել էին ՀՀՇ-ի և նախկին կոմունիստական կլանի շահերը, որոնք միահամուռ ջանքերով պատրաստում էին մեր ոչնչացումը: Հետագայում մեր գործի քննչական խմբի ղեկավար հանդիսացող Սերգեյ Աբրահամյանը բացահայտ խոստովանում էր, որ ընդամենը Վազգենի ու Լևոնի պատվերն է կատարում: Քննիչ Աբրահամյանը ամբողջ գործի քննությամբ տեսավ, որ շատերս, մանավանդ ջոկատի հրամանատար Սամվել Մարգարյանը իրականում ոչ մի հանցանք չենք կատարել, ինչպես ստահոդ լուրեր էին պտտվում հանրապետությունում, բայց դա չխանգարեց խիղճը գրպանը դրած «օրենքի այդ պաշտպանին» մինչև վերջ կատարելու իր կամակատարի ամոթալի դերը՝ մեզ վրա բարդելով բանդիտիզմի մեղադրանքը, որի համաձայն, անկախ կատարած կամ չկատարած հանցանքներից, ամեն բանի համար պատասխանատու պետք է լինեին նաև ջոկատի պետը և ոչ մի հանցանք չկատարած մյուս մարտիկները: Մեզ խորտակելու համար հհշական «ջոջերը» խոստացել էին Սերգեյ Աբրահամյանին նոր պաշտոն: Ազատվելուցս հետո ես առիթ ունեցա նրան հանդիպելու արդեն Երևանի Շահումյանի շրջանի գլխավոր դատախազի իր առանձնասենյակում և ասելու. «պարոն Աբրահամյան, շնորհավորում եմ մեր ճակատագրերի գնով ձեռք բերված ձեր պաշտոնը»: Քարացած դատախազը կարողացավ միայն արտաբերել. «Սվետա ջան, նույն անաչառ աղջիկն ես մնացել»: Եվ այս ամենը չխանգարեց Սերգեյ Աբրահամյանին գրիչ վերցնելու և գրելու «Որ չկրկնվի մղձավանջը» իր «հանճարեղ» գործը: Կարդալով այն, որն այսօր էլ ունեմ ինձ մոտ, հարց առաջացավ՝ 1996-ին լույս տեսած իր այդ «քերթվածքով» կամակատար Աբրահամյանը ցանկացել էր իրավաբանի իր ծախու բնո՞ւյթը թաքցնել, և մեզ ամեն կերպ գունազարդ հանցագործներ դուրս բերելով, ամբողջ եղածը գրքույկում գլխիվայր ներկայացնելով մի կերպ արդարացնե՞լ իր կատարած բացահայտ հանցանքը, թե՞ ցանկացել էր մինչև վերջ դուր գալ բաց նամակիս պատճառով ոսկորներն իրարից խախտված Վազգենին ու Լևոնին: Անհայտ է, բայց երկու դեպքում էլ բնորոշվում է այդ ողորմելի կամակատարի էությունը, որն իրեն իրավունք էր վերապահում իր «հանճարեղ» այդ գործի մեջ վարկաբեկել նաև Հակոբջան Թադևոսյանի նման անմնացորդ հայրենասեր մարդուն, որի եղունգն անգամ չարժեր ինքը՝ Սերգեյ Աբրահամյան արարածը, որպես մարդ և որպես հայ: Մեր հանդեպ իրագործվող դատավարության և պատժաչափերի թելադրված լինելու փաստը, անձամբ Վազգենիկողմից, չէր ժխտում նաև դատավոր Զինավոր Ղուկասյանը, որը այժմ Սահմանադրական դատարանի դատավոր է: Մենք պարզորոշ զգում էինք, որ մարդը կանգնել է փակուղու առաջ և չունի ուրիշ անելիք, քան կատարելու Վազգենի կամքը: Մինչև դատի վերջին օրը չէին դադարում անգամ դատարան բանակցությունների գալ ՀՀՇ-ի ներկայացուցիչները` առաջարկելով մեր ազատության դիմաց հայտարարել ու մտնել ՀՀՇ: Մենք գիտեինք, հավատում էինք, որ կարճ ժամանակից գալու է ձեր խոսքերով ասած՝ այս ԱԶԳԱԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԻ վերջը, բայց չգիտեինք, որ այսքան ուշ և այսքան մակերեսորեն, որը տղաների վրա նստեց բանտային երկար տարիներ: Ջոկատի մեծ մասը տարիներով անցկացրեց բանտերում, կրտսեր եղբայրս՝ Վարդանը՝ 8, ավագ եղբայրս՝ ջոկատի հրամանատար Սամվելը` 12, ես՝ 2 տարի անընդմեջ ՊԱԿ-ի բանտում, որը լինելով խիստ ռեժիմային, ըստ օրենքի իրավունք չունեին չդատված որևիցե մեկին այդքան երկար այդտեղ պահելու: Հակոբջան Թադևոսյանը հոգեկան խանգարում ստացավ այս ամենից և մահացավ հոգեբուժարանում, ջոկատի հրամանատարի տեղակալ Վահրամ Արամյանը ևս հոգեկան խանգարում ստացավ ու երկար տարիներ համապատասխան բուժման ենթարկվեց, Սամվելը 12 տարի բանտերում անցկացնելուց հետո ազատվեց և 2003-ի օգոստոսին «ավտովթարից» մեկ շաբաթ անց Էրեբունու հիվանդանոցում մահացավ, որը չխանգարեց նրա մահվան վկայականում որպես մահվան պատճառ գրել՝ մահացավ ինքնաթունավորումից:
Այս բոլորը շատ չնչին մասն է մեզ հետ կատարված դեպքերի, որոնք կարծում եմ ուղղություն կտան հասկանալու մեր ողբերգության չափը և այն նորից՝ 18 տարի անց հասարակության սեփականությունը դարձնելու կամ չդարձնելու անհրաժեշտությունը:
Մեծագույն հարգանքներով՝
Սվետլանա Մարգարյան
(Անհասկանալի է ԱԻՄ-ի նախագահ Պարույր Հայրիկյանի վարքը այս երկար տարիների ընթացքում: ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ)
- Երբ Ավանգարդ էինք
- Հստակ գործողություններ ի պատասխան Էրդողանի վայրեհաչոցներին:
- Սերժ Սարգսյանի ընտանեկան կլանը պետք է կանգնի արդարադատության առջև
- Բոլոր դեպքերում, Հայաստանը այսօրվան հասցնողները պատասխանատվության են ենթարկվելու:
- Տարեմուտի խոսք ԵՀՄՖ նախագահ Պարոն Աշոտ Գրիգորյանին
- ՀԱՅԱՍՏԱՆ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ, ԱՄԵՐԻԿԱ, ՌՈՒՍԱՍՏԱՆ… Կամ Հայ քաղաքական մտքի մերօրեայ դեգերումները
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹԻՒՆԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ
- ՆԵՐԿԱՅԻՍ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԻ ՄԱՍԻ ՍԻՆ ՅՈՅՍԵՐԸ, ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀՈԳԵՄՏԱՒՈՐ ԾՈՒԼՈՒԹԻՒՆԸ ԿԱՄ ԱՒԱՐԱՅՐԻ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՈԳԻ՞Ն…
- Ստրկամտությունն ու վախը ծնում են ստորություն
- Տաս տարի առաջ բայց կարծես այսօր
- «Նոր մետաքսե ուղու» համաշխարհային համագումարը՝ կրկին առանց Հայաստանի
- Հայաստանով անցնող նոր «մետաքսե ուղին» պաշտոնապես գրանցվեց Չինաստանի միջազգային համագումարում
- ԵՀՄՖ-ի նախագահության կոչը արտերկրի հայկական կազմակերպություններին, գործարարներին և գործիչներին
- Խալիֆաթ:Մաս 2
- Խալիֆաթ:
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 3
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 2
- Կեղծիքի և ստի հարյուրամյա թավուտներում:Մաս 1
- Մի բլոկնոտի Քարտեզի հետքերով:դեպի 1919 թվական :
- Արցախը կարող է դառնալ հայկական Շվեյցարիա. ուսումնասիրություններ
- ԱՊՐԻԼ 2 … ՀԱՂԹԱՆԱ՞Կ..
- ՎԱՃԱՌՎԵ՞Լ, ԹԵ՞ ՉՎԱՃԱՌՎԵԼ ..
- ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏՆ ԵՆ.
- ԱԲԻԿ ԳԱՆՏԻԼԵԱՆ
- ԿԱՆԹԵՂԻՆ Խօսքը Հիմնադրութեան երրորդ ամեակին առթիւ
- « ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՆ ՀԱՆՃԱՐՈՅ»
- Այսօր Հայաստանում տիպիկ աֆրիկյան բռնապետություն է:Հարցազրույց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի փոխնախագահ, ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանի հետ
- Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահություն արձագանքում է հայկական NEWSPRESS բաց նամակին
- ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ:ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ
- ԵՎ ԱՇԽԱՐՀԸ ԿԼՍԻ ՊՈԵՏՆԵՐԻ ՁԱՅՆԸ
- Преступный беспредел Комитета по науке
- 7 декабря 1988 года
- Ինչու է «պիսար» Վիգեն Սարգսյանը առաջ տանում «1000 դրամի» ծրագիրը