Posts Tagged ‘Մարտի 1’
Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Wednesday, February 4, 2009 0:46 - 1 Comment
Քեզ համար կուռք մի՛ ստեղծիր
Տեր-Պետրոսյանի կուռքացման ակունքներում, անկասկած, փնտրել է պետք հայ ազգային հոգեմտակերպի երկու թերարժեքը` դարերով հղկված և ժամանակի փորձությամբ թրծված: Չէ՞ որ ավանդաբար մենք պաշտամունքի հասնող սեր ու համակրանք ենք հանդես բերել կրթված մարդկանց և չափազանցված պատկառանք` բազմագետ-գիտունների նկատմամբ:
Կրթվածության տակ ընդունվել է դրա վավերացումը դիպլոմի տեսքով (հատկապես, եթե այն… կարմիր է), բազմագիտության ներքո` հրապարակային վարժ ելույթներն ու լեզուների տիրապետումը: Վերջին դեպքում գործել է, հավանաբար, ավանդական ասացվածքը. «Որքան լեզու գիտես, այնքան մարդ ես»:
Մեր ժողովուրդը գիտելիքի իմացության, անգամ տաղանդի դրսևորումը ընկալում է թվերի, տեղեկությունների, փաստերի ու իրադարձությունների ճշգրիտ և, որ գլխավորն է, արտահայտիչ վերարտադրման տեսքով: Այսինքն` կեղծ հռետորականության յուրովի կարոտախտ է, ինքնակամ հմայություն, անվերապահ խոնարհում: Խոնարհում սեփական թերարժեքումների ընդերքից ծնած կուռքի առջև, ծնրադիր խոնարհում:
Իր հռետորական ձիրքով և արտիստական հմայքով (հայտնի է` միջնակարգն ավարտելով` Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյանը նախ դիմել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժին և չի ընդունվել միայն այն պատճառով, որ այդ տարի դերասանական բաժնում հավաք չի եղել), լեզուների իմացությամբ և դոկտորական իմիջով նա հարմարագույն թեկնածուն էր Երրորդ հանրապետության գլխավոր կուռքի թափուր պատվանդանի, որը ձևակերտվել էր հարյուրամյակների պետականության բացակայության անհույս ու անհեռանկար պայմաններում:
Դավիթ Բեկ գահերեց իշխան, երևելի պետական այր: Դավիթ Բեկն իր ժամանակակիցների համար կուռք չեղավ: Ու ոչ միայն այն պատճառով, որ հայությունը պակաս կռապաշտ էր, քան երեք հարյուր տարի անց, երբ անկախ պետականության կայացման ղեկանիվի մոտ հայտնվեց բազմախոստում գիտական այրը: Պարզապես հայությունը Անիի կործանումից ի վեր դեգերում է պետական այրի (ղեկավարի ու կառավարչի) կերպարի բացահայտման բավիղներում և չգտնելով նրանց` դափնեպսակը դնում է անհրաժեշտ վայրում, անհրաժեշտ պահին հայտնված գլխավոր ճարտասանի ոտքերի տակ:
Այստեղ մի բան է ասվելու, որը տարակուսանք կհարուցի իմ շատ հարգելի ընթերցողի մոտ. Տեր-Պետրոսյանը երբեք, անգամ իր աղետալի կառավարման տարիներին, հայ ժողովրդի հոգեմտակերպում իր պատվանդանից վայր չի նետվել: Այսինքն` հայ ժողովրդի պատմական նշանակալից շրջափուլի գլխավոր կուռքը չկործանվեց: Նա ընդամենը վարագուրվեց և ի հայտ եկավ 2007 թ.-ի աշնանը` դարձյալ անհրաժեշտ պահին և անհրաժեշտ վայրում:
Գարեգին Նժդեհը` երևելի պետական այրը, առանց պետականության, փառահեղ զորավարը, ռանչպարների աշխարհազորով գոտեպնդված և ազգային էթնոիմաստասիրական ջահակիրը, իր անդուլ պայքարի և անհավանական հաղթանակների տարիներին կիսում էր գահերեց իշխանի բախտը: Գուցե այստեղ էլ մեկ այլ ավանդական-ազգային «իմաստասիրությունն» է ավերիչ գործն արել` «Գնա մեռիր, արի սիրեմ»:
Տեր-Պետրոսյանի երկրորդ գալստյան ազդարարը անհավանական թափով խառնակեց հասարակական հավերժական խումհարի մեջ դեգերող հոգեմտակերպը: Ահռելի մի զանգված հաշված րոպեներում… աղանդավորվեց: Ու զարմանալու ոչինչ չկա: Կուռքը նետել էր վարագույրն ու շղարշը և հանրությանը ներկայացել դիվային ողջ հմայքով ու կավատային քմայքով: Մոտ կես միլիոն մարդ շարժվեց կուռքի հետևից և ի՞նչ փույթ, որ վերջինը բացահայտ դավում էր, ակնհայտ մոլորեցնում, պարզորոշ հիմարացնում: Կուռքը, սովորաբար, կռապաշտների հանդեպ տածում է սոսկալի արհամարհանք ու անթաքույց գարշանք:
Ահա դրվագներ «Կուռք – կռապաշտներ» բազմօրյա և բազմաբյուր հանդիսախաղից. «Ես երջանիկ եմ, որ այդ տարիները ժողովուրդը համարում է ցրտի ու մթի տարիներ, քանի որ չի զգացել պատերազմը»: Սա ի՞նչ է, անկեղծ սրտի խոյա՞նք, թե՞… Թողնում եմ կռապաշտների գնահատականին` ավելացնելով միայն, որ, ըստ իս, սա «ընդամենը» խնկարկուներին անբուժելի ապուշների տեղ դնելու հաջողված հնարք է: Հերթական հնարքը:
Հաջողությունից թևավորված Կուռքը մեծագույն հրճվանք է ապրում արդեն «ինքնախարազանմամբ». «Ինչ վերաբերում է մեղադրանքներին, ապա, որպեսզի ոչ ոք չկարծի, թե վախենում կամ խուսափում եմ դրանցից, ինքս կներկայացնեմ դրանց ամբողջական կատալոգը… Մութ ու ցուրտ տարիներ, մազութի գործ, էլեկտրաէներգիայի հողանցում, արդյունաբերության քայքայում, վայրենի սեփականաշնորհում, Խնայբանկի ավանդների փոշիացում…
Հավատացած եմ` ոմանք չարախնդությամբ, իսկ հասարակության մեծագույն մասը, որը տարիներ շարունակ ենթարկվել է գեբելսյան պրոպագանդայի մեթոդներով մատուցած ճշմարտությունների ճնշմանը, ամենայն անկեղծությամբ սպասում է նշված մեղադրանքների վերաբերյալ իմ բացատրություններին: Վստահեցնում եմ` դուք դեռ բազմաթիվ առիթներ կունենաք լսելու այդ բացատրությունները…»:
Առիթները բազմաթիվ էին, բացատրություններ, սակայն, չեղան: Եվ ոչ այն պատճառով, որ լևոնահիշական զարհուրանքը «հասարակության մեծագույն մասի» մարմնի ու հոգու դաժան գալարումներով էր բազմիցս «հողանցվել», ուղղակի չկար դրանց քաղաքական պատճառաբանումը: Իսկապես, ինչո՞ւ արդարանալ, մեղայական տոնով հանդես գալ կամ կոկորդիլոսի արցունքներ հեղել, երբ… հասարակությունն աղանդի թունահաբերը կուլ տալով` այլևս չունի որևէ բացատրության կարիք:
Այսպիսով, հասարակական, թող թույլ տրվի ասել, վերջնականապես մթագնած գիտակցությունը (ասենք` ի՞նչ լուսավորում աղանդին) Կուռքի քողազերծումն ընդունեց մեծագույն խանդավառությամբ և պատրաստ է նրա հետևից ընթանալով… տասնյակ «մարտի 1»-եր կազմակերպել:
Մի անգամ խորհրդային նշանավոր գրող և հրապարակախոս Ֆազիլ Իսքանդերն ասել է. «Մարդիկ հաճախ են շփոթում խլրտուն միտքը վերամբարձ տխմարության հետ»: Կարծես այսօր է ասվել և, կարծես, հենց Տեր-Պետրոսյանի առիթով: Համոզված եմ, այս միտքն էլ ընթերցելով` կռապաշտները արհամարհանքով թոթվելու են ուսերը:
Կուռքը քաղաքական սև ու մթին, երբեմն անգամ կործանարար տեխնոլոգիաներ կիրառելով` կարող էր, իհարկե, թույլ տալ իրեն այնպիսի մի անմեղ զվարճանք, ինչպիսին ռեպ պարելն է: Իսկ ինչո՞ւ ոչ: Երբ կռապաշտներին փորձում էի «դարձի բերել»` ներկայացնելով անառարկելի փաստեր (մասնավորապես, որ իշխանության գալով Կուռքը վեց ամսում գիրացավ 27,5 կիլոգրամով, երբ կռապաշտներն ու ոչ կռապաշտները նմանվում էին անկախ հանրապետությանը ձոնված աբսուրդի թատրոնի բեմում թափառող ուրվականների), վերջինները անմրցելի մի «տրամաբանական գոհար» էին մատուցում… «ինչ անենք, բա ինքը նախագահ ա…»:
Արշակ Երկրորդը ինչո՞ւ Արշակավանը կառուցեց: Ինչո՞ւ Տիգրան Երկրորդ-Մեծի կառավարած ամենաընդարձակ հայկական կայսրությունը փլուզվեց դեռ կայսրի գահակալության օրոք: Ինչո՞ւ Նժդեհը կրկնակի հեռացվեց Դաշնակցությունից… Նման ինչուների պատասխանը չգտնելով (իսկ դրանց թիվը… անթիվ է)` անհնար է ըմբռնել առայժմ անըմբռնելին` պետական քաղաքականության մակարդակի հասցված կռապաշտության որոմի մշտնջենականությունը:
Տեր-Պետրոսյան Լևոնը դեռ երկար է շարունակելու դավել ու դյութել: Եվ, կասկած չկա, փառավորապես տոնելու է իր հերթական հաղթանակները: Եթե, իհարկե, կառափնարան չուղևորվի` որպես բազում ոճրագործությունների հեղինակ:
Սակայն կռապաշտությունը հանդեպ Լ. Տ-Պ-ի, որ կապանքել է հասարակական գիտակցությունը վերից վար, արդյո՞ք քարերը կժողովի ու կնետի նրա ուղղությամբ:
Ինձ հետին թվով մի միտք է շարունակ սարսափեցնում: Եթե «մի քյոռ գյուլլա” պատահաբար գետներ նրան մարտի 1-ին, դրանից առաջ և հետո, կռապաշտներն արդյոք չէի՞ն կործանի Երրորդ հանրապետությունը և արդյոք նրա փլատակների վրա նոր պատվանդաններ չէի՞ն կառուցի նոր կուռքերի համար:
Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ, մինչև Գրիգոր Լուսավորչի փողոց…
ՎՐԵԺ ԱՌԱՔԵԼՅԱՆ
- Երբ Ավանգարդ էինք
- Հստակ գործողություններ ի պատասխան Էրդողանի վայրեհաչոցներին:
- Սերժ Սարգսյանի ընտանեկան կլանը պետք է կանգնի արդարադատության առջև
- Բոլոր դեպքերում, Հայաստանը այսօրվան հասցնողները պատասխանատվության են ենթարկվելու:
- Տարեմուտի խոսք ԵՀՄՖ նախագահ Պարոն Աշոտ Գրիգորյանին
- ՀԱՅԱՍՏԱՆ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ, ԱՄԵՐԻԿԱ, ՌՈՒՍԱՍՏԱՆ… Կամ Հայ քաղաքական մտքի մերօրեայ դեգերումները
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹԻՒՆԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ
- ՆԵՐԿԱՅԻՍ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԻ ՄԱՍԻ ՍԻՆ ՅՈՅՍԵՐԸ, ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀՈԳԵՄՏԱՒՈՐ ԾՈՒԼՈՒԹԻՒՆԸ ԿԱՄ ԱՒԱՐԱՅՐԻ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՈԳԻ՞Ն…
- Ստրկամտությունն ու վախը ծնում են ստորություն
- Տաս տարի առաջ բայց կարծես այսօր
- «Նոր մետաքսե ուղու» համաշխարհային համագումարը՝ կրկին առանց Հայաստանի
- Հայաստանով անցնող նոր «մետաքսե ուղին» պաշտոնապես գրանցվեց Չինաստանի միջազգային համագումարում
- ԵՀՄՖ-ի նախագահության կոչը արտերկրի հայկական կազմակերպություններին, գործարարներին և գործիչներին
- Խալիֆաթ:Մաս 2
- Խալիֆաթ:
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 3
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 2
- Կեղծիքի և ստի հարյուրամյա թավուտներում:Մաս 1
- Մի բլոկնոտի Քարտեզի հետքերով:դեպի 1919 թվական :
- Արցախը կարող է դառնալ հայկական Շվեյցարիա. ուսումնասիրություններ
- ԱՊՐԻԼ 2 … ՀԱՂԹԱՆԱ՞Կ..
- ՎԱՃԱՌՎԵ՞Լ, ԹԵ՞ ՉՎԱՃԱՌՎԵԼ ..
- ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏՆ ԵՆ.
- ԱԲԻԿ ԳԱՆՏԻԼԵԱՆ
- ԿԱՆԹԵՂԻՆ Խօսքը Հիմնադրութեան երրորդ ամեակին առթիւ
- « ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՆ ՀԱՆՃԱՐՈՅ»
- Այսօր Հայաստանում տիպիկ աֆրիկյան բռնապետություն է:Հարցազրույց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի փոխնախագահ, ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանի հետ
- Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահություն արձագանքում է հայկական NEWSPRESS բաց նամակին
- ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ:ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ
- ԵՎ ԱՇԽԱՐՀԸ ԿԼՍԻ ՊՈԵՏՆԵՐԻ ՁԱՅՆԸ
- Преступный беспредел Комитета по науке
- 7 декабря 1988 года
- Ինչու է «պիսար» Վիգեն Սարգսյանը առաջ տանում «1000 դրամի» ծրագիրը