Posts Tagged ‘ՀԱԶՐԱԹ ԻՆԱՅԱԹ ԽԱՆ’
ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Monday, November 7, 2011 20:25 - 7 Comments
ՀԱԶՐԱԹ ԻՆԱՅԱԹ ԽԱՆ «ՀՆՉՅՈՒՆԻ ՄԻՍՏԻԿԱՆ» (ԳՐՔԻՑ)
ՀԱԶՐԱԹ ԻՆԱՅԱԹ ԽԱՆ «ՀՆՉՅՈՒՆԻ ՄԻՍՏԻԿԱՆ» (ԳՐՔԻՑ)
Հազրաթ Ինայաթ Խան (1882-1927)
Հնդիկ սուֆիստ մտածող, երգահան, երաժիշտ, տեսաբան եւ կրոնական գործիչ Հազրաթ Ինայաթ Խանի գրքերում եւ դասախոսություններում պերճաբան ու նրբինորեն միահյուսվում են Արեւելքի պատմությունը, միստիցիզմը, բանաստեղծությունն ու փիլիսոփայությունը, կրոնական սիմվոլիկան, այլաբանությունն ու երաժշտական ընկալունակությունը:
1910 թվականին նրան հրավիրեցին համերգներով հանդես գալու Արեւմուտքում, սկզբում` Ամերիկայում, այնուհետեւ` Փարիզում, ուր նա մտերմացավ Կլոդ Դեբյուսիի հետ, ում մի քանի մեղեդիներ է նվիրել, որոնք կարելի է գտնել նրա մի քանի սիմֆոնիկ ստեղծագործություններում:
Ռուսաստանում Ինայաթ Խանը ծանոթացավ Լեւ Տոլստոյի որդու եւ ռուս ամենաուշագրաֆ կոմպոզիտորներից մեկի` Ալեքսանդր Սկրյաբինի հետ, ում նույնպես մի քանի մեղեդիներ է ընծայել, որոնցից մեկը` Աֆղանական սուսերով պարը», նա հետագայում օգտագործեց իր սիմֆոնիկ ստեղծագործություններից մեկում:
Հազրաթ Ինայաթ Խանն իր ասույթների գրքում ասում է. «Մեր կյանքում կա այլ մի նպատակ` գիտակցության մակարդակի բարձրացումը, այլ ոչ թե պարզապես գիտելիքի ընդհանուր ծավալի ընդլայնումը»:
1. ՁԱՅՆԵՐԸ
Ամենայն դրսեւորում իր ողջ տեսանկյուններով գրանցում է, որում վերարտադրվում է ձայնը, եւ այդ ձայնը մարդու միտքն է: Աշխարհում չկա մի այնպիսի վայր, լինի դա անապատ, անտառ, սար կամ տուն, գյուղակ կամ մեծ քաղաք, որտեղ որեւէ ձայն, մեկ անգամ դրոշմվելով, չշարունակվի մինչեւ այսօր: Անշուշտ, յուրաքանչյուր այդպիսի ձայն ունի իր սահմանը` մի ձայնը կարող է ձգվել հազար տարի, մյուսը` մի քանի ամիս, երրորդը` հաշված օրեր, իսկ չորրորդը` մի քանի ժամ կամ ակնթարթ, քանզի ողջ արարվածը, միտումնավոր կամ անմիտում, կյանք ունի, այն ծնվում եւ մահանում է, փաստորեն, այն ունի սկիզբ ու վերջ:
Մարդը կարող է ապրել այդ տարբեր վայրերի մթնոլորտի զգացողության միջոցով: Նստած ժայռի կատարին կամ լեռներում, մարդը հաճախ զգում է թրթիռները նրա, ով նախկինում նստել է այստեղ, թավուտում կամ անապատում կարելի է զգալ այդ տեղի պատմությունը` գուցե այնտեղ քաղաք ու տուն է եղել, եւ այնտեղ ապրել են մարդիկ, եւ թե ինչպես է այդ ամենը վերածվել անապատի: Մարդը սկսում է զգալ ողջ վայրի պատմությունը, այն շփվում է նրա հետ:
Յուրաքանչյուր քաղաք ունի իր յուրահատուկ ձայնը, որն ասես «բարձրաձայն» խոսում է նրանց մասին, ովքեր ապրել են այդ քաղաքում, թե ինչպիսին է եղել նրանց կյանքը, այն խոսում է նրանց էվոլյուցիայի մակարդակի մասին, այն խոսում է նրանց արարքների մասին, այն խոսում է նրանց արարքների արդյունքների մասին: Մարդիկ զգում են այցելած, դատարկաբնակ տների թրթիռները, դա լոկ այն պատճառով, որ այնտեղ գրգռիչ, լարված մթնոլորտ է, եւ այդ պատճառով այն հստակ զգալի է լինում:
Բայց չկա եւ ոչ մի քաղաք, եւ ոչ մի վայր, որը չունենա իր սեփական ձայնը: Դրա տակ ենթադրվում է այն ձայնը, որը դրոշմվել է այնտեղ եւ դարձել վերարտադրող գրանցումն այն ամենի, որը տրված է եղել նրան գիտակցաբար կամ անգիտակցաբար:
Այնտեղ, ուր շատ մարդ է ապրել, գոյություն ունի գերիշխող ձայնը, որն առավել տարբերակելի է, քան այլ ձայները: Սակայն, միաժամանակ, հարանման այն բանին, թե ինչպես է մարդը զգում այն, ինչ կամեցել է հաղորդել երգահանն իր գրած երաժշտության միջոցով, տարատեսակ գործիքների օգնությամբ, ինչպես նաեւ` միատեղ հնչող բազմազան ձայները, ստեղծում են մեկ արդյունք, եւ այդ արդյունքը նման է սիմֆոնիայի նրա համար, ով կարող է լսել այդ ամենը միասին:
Հատկապես կոլեկտիվ միտքը գալիս է այնժամ, երբ մարդ կարող է զգալ այն, անկախ այն բանից, թե նա անվանում է ապրում կամ, ասենք, նոր մեծ քաղաքում: Դա անցյալի ձայնի եւ ներկայի ձայնի տեսակն է` ձայների ամենայնի, որ հնչում են հանց մի ձայն, եւ նա ունի իր սեփական եւ որոշակի ազդեցությունը: Ողջ ավանդույթը պարփակված է այդ ձայնում: Նա, ով կարող է պարզ լսել այն, զգում է` ասես քաղաքը խոսում է իր անցյալի եւ իր ներկայի մասին:
Երբեմն մեկուսի վայրերում ձայները դառնում են ասես թե թաղված, եւ այնտեղ հայտնվում է հնչերանգը, որն առանձնապես նրբին է եւ հանգստավետ է գործում, քանզի ձայները հեռացել են, իսկ թրթիռը մթնոլորտի տեսքով մնացել է: Իսկ եթե այդ վայրը միշտ ամայի է եղել, ապա այն առավել եւս է վսեմացնում, քանզի ունի իր սեփական բնական մթնոլորտը, հատկապես դա ամենից շատ է վսեմացնում: Եվ եթե մի քանի ճամփորդներ անցնեն ընդմեջ դրա, այն մեզ կհասցնի նրանց ձայները, եւ դրանք շատ ավելի լավն են, քան նրանք, որ կարելի է ապրել եւ զգալ մեծ եւ փոքր քաղաքներում, քանզի բնության մեջ մարդը միանգամայն այլ անհատականություն է:
Որքան շատ է նա գտնվում բնության մեջ, այդքան զորեղ է արհեստականը թոթափվում նրանից, եւ նա դառնում է առավել միաձույլ բնությանը: Եվ այսպիսով նախատրամադրվածությունը, որ հենց բնությունն ու ճշմարտությունն է եւ որը բարությունն է, ի դերեւ է ելնում եւ կյանքը նրա համար դարձնում է երազանք, ռոմանտիկա, քնարերգություն, եւ նույնիսկ նրա միտքն այնտեղ, մարդկային միտքը, սկսում է երգել բնության միջից:
Երբ Աբրահամը վերադարձավ Եգիպտոսից, կենաց գաղտնախորհուրդների շնորհառությանն արժանանալուց հետո, նա ժամանեց Մեքքա, եւ այնտեղ քար տեղադրվեց` ի հիշատակ ծիսաշնորհառության, որը նա ստացել էր Եգիպտոսի հինավուրց դպրոցից, եւ ձայնը, տեղադրված քարի մեջ Աբրահամի երգող հոգով, հնչում եւ լսելի է դառնում նրանց համար, ովքեր ունակ են լսելու այն: Այդ ժամանակից ի վեր մարգարեներն ու տեսանողները Քահաբի այդ քարի մոտ ուխտագնացություններ են կատարում, իսկ ձայնը դեռեւս գոյում եւ շարունակում է հնչել:
Մեքքան, որ մի վայր է անապատում, ուր ոչ մի հետաքրքիր բան չկա, ուր հողը բերքատու չէր, իսկ մարդիկ շատ զարգացած չէին, ոչ գիտություն կար, ոչ արվեստ, գոյություն չուներ ոչ ծաղկող բիզնես կամ արդյունաբերություն, այժմ էլ գրավում է միլիոնավոր մարդկանց, որոնք գալիս են լոկ մի նպատակով` ուխտագնացություն կատարելու: Ի՞նչ էր դա եւ ի՞նչ է իրենից ներկայացնում: Դա հենց ձայնն է, որ տեղադրված է այդ քարի մեջ: Քարը ստիպված էր խոսել, եւ այն խոսում է նրանց համար, ում ականջները բաց են:
Զարգացած մարդու միտքն առավել ուժ ունի, քան նրա բովանդակությունը, որովհետեւ մարդն այդ մտքի կյանքն է, իսկ ինքը` միտքը` դա այդ կյանքի քողն է: Գուցե, Աբրահամը ունակ չէր դրոշմելու մեկ այլ քարի վրա այն պահին իրեն տիրապետող զգացողությունները, երբ նա եկել էր առաջին շնորհառությունից ստացված տպավորությամբ, գուցե, այն պահին տպավորությունն ավելի ուժեղ եւ լարված էր, քան իր կյանքի ցանկացած այլ պահին, դրանից առաջ կամ հետո: Եվ նա ասաց` «Այս քարը ես տեղադրում եմ այստեղ` ի հիշատակ շնորհառության, ի հիշատակ Աստծու, ընկալվող` որպես Միասնական Աստված, որպեսզի այս քարը կենա ընդմիշտ հանց տաճար»: Աբրահամը հարուստ մարդ չէր, նա չէր կարող տաճար կառուցել, ոչինչ, բացի այդ քարից: Բայց այդ քարը գոյություն ունի շատ ավելի ժամանակ, քան շատ ու շատ շքեղությամբ կառուցված տաճարներ:
Եվ դա միայն մեկ օրինակ է, բայց կարելի է անթիվ-անհամար օրինակներ գտնել, օրինակ` Բենարեսի մթնոլորտը եւ Աջմիրիի թրթիռները, ուր ապրել, ներհայել եւ մահացել է սուրբ Խվաջա Մոին-ուդ-դին Չիստին: Այնտեղ է նրա շիրիմը եւ այնտեղ մշտապես շարունակվում է թրթիռը, այնքան ուժգին մի թրթիռ, որ ներհայեցողության հակված մարդը կարող է կամենալ նստել այնտեղ եւ ընդմիշտ մնալ: Այն գտնվում է քաղաքի կենտրոնում, սակայն անապատի զգացողություն է բերում, որովհետեւ այդ վայրում սուրբը նստել եւ մեդիտացիա է արել Սաութ-է-Սարմադի վրա, ուր ծավալվում էր տիեզերական սիմֆոնիան, եւ այդ տիեզերական երաժշտությանն անդադար ունկ դնելով էլ ծնվել է տիեզերական երաժշտությունը:
Հետագայում հայտնված մարդկանց մտքերը չեն շարունակի հիմնական միտքը, դրանք կհավելվեն նրան: Օրինակ, կա սրինգը, իսկ հետո նրան կարող է ավելանալ կլարնետը, շեփորը կամ տրոմբոնը, որպեսզի ձայնային ծավալ ստեղծվի, հնչյունի հարստություն, բայց միշտ գոյություն ունի մի գործիք, որը առաջնահերթ դեր է կատարում: Գլխավոր ձայնը ներկայանում է շնչառության տեսքով, եւ բոլոր մյուս ձայները ձգտում են առ նա, որպեսզի նրա շուրջ ձեւակառույց ստեղծեն: Շունչը մնում է որպես կյանք:
Խվաջայի կյանքի օրոք, որ Աջմիրից էր, մի հիասքանչ դեպք է պատահել: Այդ սրբին այցելելու համար, Բաղդադից եկել էր մեծ Վարպետ Խվաջա Աբդուլ Կադիր Ջիլանին, ով նույնպես քննախույզ հոգի էր: Հանդիպումն Աջմիրում հիանալի էր: Վերջինս շատ հաստատուն էր կրոնական ծեսերի պահպանման մեջ, իսկ այնտեղ, որտեղից նա եկել էր, կրոնական մարդիկ երաժշտություն չէին լսում: Այդ իսկ պատճառով, բնականաբար, նրա հավատալիքների հանդեպ հարգանքից ելնելով` Խվաջան Աջմիրից պիտի զոհաբերեր իր ամենօրյա երաժշտական ներհայեցումը: Բայց երբ ժամը հասավ, սիմֆոնիան սկսվեց ինքնաբերաբար, եւ բոլորը լսում էին այն: Խվաջա Աբդուլ Կադիրը զգաց, որ երաժշտությունը հնչում է, թեպետ ոչ ոք չի նվագում: Նա ասաց սրբին` «Եթե նույնիսկ կրոններն արգելում են այն, ապա դա այլոց, եւ ոչ թե քեզ համար է»:
Յուրաքանչյուր տեղ, ուր մարդ թեկուզ մի ակնթարթ նստել ու խորհրդածել է որեւէ թեմայի շուրջ, ներկլանում է մարդու միտքը, այն գրանցում է ողջ ասվածը, այնպես, որ մարդն այլեւս չի կարող թաքցնել իր միտքն ու զգացողությունը, դրանք գրանցված են նույնիսկ աթոռի վրա, որի վրա նա նստած էր, երբ մտածում էր: Եվ շատերը, նրանք, ովքեր զգայուն են, նստելով այդ տեղում, սկսում են զգալ դրանք: Եվ լինում է միանգամայն հակադիր ազդեցությունը: Երբ մարդ նստում է որոշակի տեղում, ապա այդ պահին, երբ նա դա անում է, նրա մեջ կարող է միտք ծագել, որ բնավ ներհատուկ չէ իրեն, կամ զգացողություն, որ իրեն չի պատկանում, դա այն պատճառով է, որ այդ տեղում գտնվել, թրթռացել է այն միտքը, այն զգացողությունը: Եվ, համանման այն բանին, թե ինչպես վայրը կարող է պահպանել թրթիռները շատ ավելի երկար ժամանակ, քան նրա կյանքը, ով մտածել կամ խոսել է, այդպես էլ ազդեցությունը մնում է յուրաքանչյուր վայրում, ուր մարդ նստում է, ուր նա մտածում եւ զգում է, ուր նա բերկրում կամ տառապում է, եւ դա շարունակվում է անհամեմատելի ավելի երկար ժամանակ նրա կյանքից, ով մտածել կամ զգացել է:
Մենք գիտենք, որ հինավուրց մարդիկ մարդու դամբանը կառուցում էին այնտեղ, ուր գտնվում էր նրա նստելավայրը, ուր նրա մթնոլորտն էր, այնտեղ, ուր նա ապրել էր: Շիրիմը նշան էր, որը ցույց էր տալիս, որ նա սովոր էր այդտեղ նստելու: Եվ Հնդկաստանում, ուր տեղի են ունենում դիակիզումներ, շատ հաճախ նստարան էին կառուցում, որպեսզի նշեն այն տեղը, ուր մահացածը ստեղծում էր իր թրթիռները, նա կարող էր եւ այնտեղ թաղված չլինել, բայց նստատեղն այդ վայրում էր գտնվում, նշելով այն:
2. ՁԱՅՆԵՐԸ
Օրհնության գաղտնիքը, որ կարելի է գտնել սրբազան վայրերում, այն սկզբունքում է, որ սրբազան վայրը պարզապես վայր չէ` այն կենդանի էակ է դարձել: Մարգարեները դարերով ազդարարել են Աստծո անունը, իսկ Աստվածային էության դրսեւորումը Սրբազան Երկրի վրա այն կենդանի է դարձնում, եւ այն ողջ Աշխարհի համար գրավչություն ունի: Ասում են, որ Սաադիի շիրիմը երբեք առանց վարդերի չի մնում եւ, որ այնտեղ դարերով վարդեր են աճել: Հավանաբար, այն բանի համար, որ նա գրել է իր «Վարդի այգին»` գեղեցկության մասին մտքերով: Թեպետ Սաադիի մահկանացու մարմինը հեռացել է, նրա մտքի գեղեցկությունը, մեկ անգամ արտաբերված, դեռեւս շարունակվում է, եւ եթե այն պահում է վարդերն իր թաղման վայրում հարյուրամյակներով, ապա դա զարմանալի չէ:
Շատ հաճախ մարդիկ տարակուսում են, թե ինչու հնդիկները, ովքեր մեծ փիլիսոփայական մտքի տեր են եւ աչքի են ընկնում միստիցիզմի խորունկ ընկալմամբ, պիտի հավատան այնպիսի մի բանի, ինչպիսին սրբազան գետն է: Ճիշտ է, որ դա խորհրդանշական է, սակայն, բացի դրանից, գոյություն ունի եւ այլ նշանակություն: Մեծ Մահաթմաները, որ ապրում են Հիմալայների բարձունքներում, ուր թափ են հավաքում Գանգեսի ու Ջումնայի հոսքերը, գիտեն, որ հետո գետերը հոսում են տարբեր ուղղություններով, մինչեւ որ դարձյալ միավորվում են եւ դառնում մեկը, եւ դա իսկական երեւույթ է, իր սիմվոլիզմի մեջ նույնքան խորունկ, ինչպես իրական բնության մեջ: Սիմվոլիկ է, որ գետերը սկսվում են որպես մեկը, իսկ հետո վերածվում են երկակիության, իսկ դրանից հետո, եւ այն բանից հետո, երբ նրանք շատ մղոններով բաժանվում են, տենչում են միմյանց, եւ այնուհետեւ հանդիպում են Ալախաբադի Սանգամ կոչվող վայրում, որ ուխտագնացության տեղ է: Դրա մեկնաբանությունը մեզ տալիս է ողջ կառավարման իդեալը, որը միասնական է սկզբում, երկակի է իր դրսեւորույթում եւ միացյալ է վերջում: Բայց, բացի դրանից, մեծ Մահաթմաների մտքերը, որ հոսում են ջրի հետ, խառնված Գանգեսի կենդանի հոսքին, գալիս են աշխարհ: Այն բերում է մեծերի թրթիռները, եւ նա խոսում է հանց ուժի, արթնության, օրհնանքի, մաքրության ձայնը նրանց համար, ով լսում է այն:
Օրհնանքը չգիտակցողները նույնպես ստանում են այն, լողանալով այդ գետում: Որովհետեւ դա միայն ջուր չէ, դա նաեւ միտք է, ամենակենդանի միտքը, կենդանությամբ օժտված ուժի միտքը: Նա, ով ընկալել է դա, հասկացել է դրա գաղտնիքը: Այդ պատճառով, սանսկրիտով գրված շատ պոեմներում կարելի է կարդալ այն մասին, թե ինչպես Գանգեսի եւ Ջումնայի ալյաց մեջ տեսանողները զգում էին զայրացած հոգիների ձայնը եւ զգում էին այդ առաջընթաց էակների, ջրերի միջով անցնող շնչառության հոսքը, մթնոլորտը:
Մեքքայում մի ջրամբար կա, որից բոլոր ժամանակների մարգարեները ջուր են խմել: Այդ ջրամբարը կոչվում է Զեմզ: Նրանք ոչ թե պարզապես ջուր էին խմում, այլ դրանից ստանում էին այն, ինչն այնտեղ տեղադրված էր, եւ լիցքավորում էին այն բանով, ինչը որ պիտի տային նրան: Նույնիսկ հիմա ուխտավորները գնում են այնտեղ եւ ստանում են ջուրը` հանց օրհնանք:
Հնդկաստանում գոյություն ունի մի վայր, ուր սովոր էր նստել մեծ բուժարարը, ով իր կենաց ընթացքում հազարավոր խնամառուների է բուժել, եւ շատերին նա ակնթարթաբար է բուժել: Այդ վայրում կառուցվել է նրա դամբարանը, մինչեւ այսօր մարդիկ գնում են նրա շիրիմի մոտ, եւ շատերը, դիպչելով այդ տեղին, որ կոչվում է Միրան Դատար, անթարթորեն ապաքինվում են:
Արեւելքում պատմում են հինգ ճամփորդող եղբայրների մասին: Նրանցից յուրաքանչյուրը ինչ-որ բանով օժտված էր, սակայն մի անգամ, երբ նրանք ժամանեցին որոշակի վայր, ապա հանկարծ հայտնաբերեցին, որ կորցրել են իրենց տաղանդը:
Նրանք շփոթված էին, հիասթափված, եւ նրանց համար հետաքրքիր էր իմանալը այդպիսի վիճակի պատճառը, մինչեւ նրանցից ամենաիմաստունը, կենտրոնացման ուժի օգնությամբ, հասկացավ, ի վերջո, որ դա տեղի ազդեցությունն էր: Այդ վայրը կորցրել էր իր կյանքը, դա մեռյալ վայր էր, եւ յուրաքանչյուրը, որ գալիս էր այնտեղ, զգում էր, որ կարծես թե իր մեջ կյանք չկա` ներքին կյանքը հեռանում էր: Մենք տեսնում ենք, որ միեւնույն բանը պատահում է այն տեղում, որը, այն բանից հետո, որ օգտագործվել է հազարավոր տարիներ, կորցրել է ուժը, կենսունակությունը: Եթե արտաքնապես երկիրը կարող է կորցնել այն, ապա նաեւ ներքնապես երկրի շունչը կարող է կորսվել: Հաճախ ինչ-որ մեկը մի տեղում մեծ ներշնչանք է զգում, իսկ մյուսում` ուժեղ ընկճախտ, մի տեղում` շվարմունք, մեկ այլ տեղ նա տաղտուկ է զգում եւ ոչ մի հետաքրքիր, գրավիչ բան չի գտնում: Մարդը կարող է մտածել, որ դա եղանակից է, բայց գոյություն ունեն վայրեր, որ արտաքնապես շատ գեղեցիկ են բնությամբ, հիասքանչ կլիմայով, բայց, այդուհանդերձ, դուք այնտեղ ներշնչանք չեք գտնում: Եթե արվեստագետը ծնվում է մեռյալ երկրում, ապա նրա տաղանդը չի կարող զարգանալ այդ վայրում: Այնտեղ նրա համար սնունդ չկա, նրա գեղարվեստական խթանը կկաթվածահարվի, նրան, ինչպես եւ բույսին, հարկ է օդ, արեւ, ջուր: Իսկ այդ մեռյալ տեղանքը կարող է ներշնչանքով լցնել մարգարեն, պարզապես անցնելով այդ տեղով:
Հարյուրամյակներ առաջ Ջալալ-էդ-Դին Ռումին ասել է, որ միայն մարդու համար կրակը, ջուրը, հողը, օդը եւ եթերը անկենդան են պատկերանում, Աստծո առջեւ դրանք` կենդանի էակներ են, որ գործում են Նրա կամքով: Ռումիի ասածի նշանակությունն այն է, որ բոլոր առարկաները, բոլոր վայրերը տեղեկատվություն են կրում, գրամոֆոնային ձայնագրությունների նման` դրանք ասում են այն, ինչ տեղադրված է նրանցում, դա լսում է կամ ձեր հոգին, կամ ուղեղը, ձեր զարգացմանը համապատասխան:
Կարծես թե այժմ մարդիկ սկսել են հավատալ այն բանին, ինչը հոգեչափություն են կոչում: Ի՞նչ է դա։ Դա լեզվի հետազոտումն է, որով խոսում են առարկաները` մենք հայտնաբերում ենք, գույնից ու ձեւից զատ, որոնցով օժտված է առարկան, նրա մեջ գոյում է ինչ-որ բան, որ խոսում է մեզ հետ, անկախ այն բանից, թե դա ներհատուկ է իրեն կամ պատկանում է նրան, ով օգտագործում է այն, բայց դա առարկայի մեջ է գտնվում:
Երբեմն ինչ-որ մեկը կարող է որեւէ իր բերել տուն, եւ այն պահին, երբ դուք բերում եք դա, մյուս իրերը սկսում են կոտրվել: Մինչեւ այն պահը, որ այդ իրը գտնվում է այդտեղ, գոյություն ունի որոշակի վնաս: Այն կարող է աններդաշնություն բերել տուն, այն կարող է հիվանդություն բերել, այն կարող է անհաջողություն բերել: Այդ պատճառով նրանք, ովքեր գիտեն առարկաներից սերող հոգեբանական ազդեցության մասին, միշտ խուսափում են հին իրեր ստանալուց, որքան էլ որ դրանք գեղեցիկ կամ արժեքավոր լինեն, նրանք իրենց կարիքների համար նոր իրեր են գնում: Իհարկե, անհնար է այդպես վարվել թանկարժեք իրերի հետ, հաճախ դրանք պետք է հին լինեն, բայց կարելի է հայտնաբերել, որ թանկարժեք իրերն ավելի շատ, քան ինչ-որ այլ բան, ներգործում են մարդու վրա, նրա բնավորության վրա, նրա կյանքի, նրա շրջապատի: Մարդ կարող է մարգարիտ ձեռք բերել, որը ամենայն հաջողություն կբերի, այն պահից, ինչ գնվել է, կամ էլ այն հակառակ ներգործությունը կունենա: Շատ հաճախ մարդ այդ մասին չի մտածում, թեեւ ազդեցությունը մշտատեւ է լինում:
Դրանից զատ գոյություն ունի ազդեցությունը մարդու առողջության վրա, նրա ուղեղի վիճակի, նրա զգացմունքների, կախված այն բանից, թե ինչ իրեր է նա կրում: Եթե դա թանկարժեք իր է, այն կարող է ունենալ հազարամյակների ձայնը` որքան հին է թանկարժեք իրը, այնքան ավանդույթներ կան նրա ետեւում: Ինտուիտիվ մարդիկ, նրբին զգացողությամբ, կարող են գիտակցաբար զգալ հին քարերի թրթիռները, թվում է, թե նրանք խոսում են նրանց հետ: Ճիշտ այդպես, եթե ինչ-որ մեկն ուրիշին ուտելիք կամ անուշեղեն, խմիչք, պտուղ կամ ծաղիկ է տալիս, նա դրա հետ մեկտեղ` փոխանցում է նաեւ իր միտքը, իր զգացողությունը, դա ազդեցություն է ունենում: Արեւելքում սուֆիստների մեջ գոյություն ունի հագուստի կտոր, կամ ծաղիկ, պտուղ, եգիպտացորենի մի քանի հատիկ նվիրելու սովորույթ, եւ դրա ետեւում ինչ-որ իմաստ կա: Այդ իմաստը պարփակված է ոչ թե հենց առարկայի մեջ, այլ այն բանում, թե ինչ է տրվում դրա հետ մեկտեղ:
Ինչ քիչ մենք գիտենք, երբ ասում ենք` «Ես հավատում եմ այն բանին, ինչ տեսնում եմ»: Եվ եթե մարդ կարող է տեսնել, թե ինչպես է գործում մտքերի եւ զգացմունքների ազդեցությունը, թե ինչպես են իրերը մասնակցում այդ ամենին եւ փոխանցում են դրանք այլոց, ինչպես ինքը կյանքն է փոխանցվում առարկայի օգնությամբ` դա ամենահրաշալին է:
3. ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գոյություն ունեն բազում վայրեր, ուր կարելի է հայտնաբերել արտիստականորեն փորագրված պատկերներով քարեր կամ արմատներ: Երբեմն դրանք ժայռի կամ քարի վրա դրոշմած տառեր են, որոնք այսօր ոչ ոք չի կարող կարդալ: Եվ, այդուհանդերձ, ինտուիցիայի շնորհով օժտված մարդը կարող է դրանք կարդալ թրթիռներով, մթնոլորտով, դրանցից սերող զգացողությամբ: Արտաքուստ դա փորագրվածք է, ներքուստ դա մշտական գրանցում է, որը միշտ արտահայտում է այն, ինչ որ գրանցված է: Ինտուիցիայի բաց հատկություններով օժտված եւ ոչ մի ճանապարհորդ չի ժխտի այն փաստը, որ հնամենի ավանդույթների երկրում նա տեսել է անթիվ-անհամար վայրեր, որոնք, կարելի է ասել, գովերգում են անցյալի լեգենդը:
Մարդը տեսնում է միեւնույն բանը անտառում, այգիներում` ծառերի մթնոլորտում, որոնք նույնպես արտահայտում են անցյալը, այն տպավորությունները, որոնք տրվել էին նրանց կողմից, ովքեր նստած էին եղել դրանց տակ: Շատ հաճախ մարդիկ սնահավատ են ծառի հանդեպ. որին նրանք այցելում են, եւ շատ ավելի հաճախ դա կարելի է գտնել Արեւելքում: Թրթիռը մեկ անգամ իրոք ստեղծվել է, գիտակցաբար թե անգիտակցաբար, այնտեղ ապրող մեկի կողմից, ով հանգստացել է այդ ծառի տակ եւ խորհրդածել է որոշակի մտքի շուրջ որոշակի զգացողության վրա, որոնք ծառը կլանել եւ արտահայտում է: Գուցե թե, մարդն արդեն մոռացել է, իսկ ծառը դեռեւս կրկնում է այն, ինչը որ տրվել է իրեն: Որովհետեւ ծառը կարող է արտահայտել նրանում տեղադրված ձայնը, առավել հստակ, քան ժայռը:
Արեւադարձային երկրներում, ուր վաղնջական ժամանակներից մարդիկ սովոր են ոտքով ճամփորդելու անտառների եւ ջունգլիների միջով եւ ապաստան փնտրելու որոշակի ծառի տակ, այն ամենը, ինչ նրանք մտածում էին կամ զգում, ներթափանցվում էր այդ ծառի մեջ, եւ բաց ինտուիտիվ ունակություններով օժտվածները դա առավել հստակ են լսում, քան կարելի է լսել կենդանի մարդուց:
Նմանատիպ բան պատահում է նաեւ տնային կենդանիների մեջ, այն սիրեցյալների, որոնք ապրում եւ մասնակից են մտքերին եւ զգացմունքներին` մարդու հետ շփվելու միջոցով: Այդ առթիվ նույնպես շատ սնահավատություներ կան, հատկապես ձիերի վերաբերյալ: Իսկ նրանք, ովքեր գիտեն գաղտնիքը, շատ մանրազնին են նժույգ գնելիս` բացի ցեղախմբից եւ առողջությունից, նա պիտի համապատասխան թրթիռներ ունենա: Շատ հաճախ ազնվացեղ եւ կատարյալ տեսք ունեցող ձին կարող է դժբախտություն բերող լինել: Եվ դրա պատճառն այն է, որ հիասթափությունն ինչ-որ մեկի, որ վարել է նրան, մնացել է նրանում, գրանցված նրա սրտում: Հնարավոր է, որ այդ մարդու վիճակը փոխվել է, բայց այն, որ նրա միջոցով անցել է ձիուն, դեռեւս շարունակում է գործել:
Մի անգամ Նեպալում ես ինքս սաստիկ ցնցվել էի, տեսնելով մի ձի եւ փիղ, որ նախատեսված էին միայն Նեպալի մահարաջայի ուղեւորությունների համար, եւ թվում էր, թե կենդանիները գիտակցում էին, թե դա ինչ հեծյալ է: Նրանց սեփական արժանապատվության զգացողությամբ դուք կարող էիք տեսնել, որ նրանք գիտեն, թե ում են պատկանում: Ձիու ամեն մի շարժման մեջ, փղի նետած ամեն մի հայացքում դուք կարող էիք զգալ մահարաջայի ներկայությունը: Եվ ոչ միայն դա, այլ այն ամենը, ինչ պատկանում էր մահարաջային` ցավը կամ հաճույքը, կյանքն ու զգացողությունները` ամեն ինչ, թվում էր, գրանցված էր փղի մեջ: Իսկ ամենաանսպասելի բանն ահա թե ինչն էր` այդ փիղը չափով մյուս փղերից մեծ չէր, իսկ հաճախ հենց չափսն է փղին արժանապատվություն տալիս, եւ ձին էլ մյուս ձիերից մեծ չէր: Բայց այստեղ չափը նշանակություն չուներ, դա այն ոգին էր, կյանքը, որ դրսեւորվում էր այդ կենդանիների մեջ, որ արտահայտում էին այն զգացողությունը, որ բուն էր դրել նրանց սրտերում:
Դա մեզ արթնացնում է մտքի այլ դաշտի համար, այսինքն` այն բանի, որ հատկապես կարող է մարդու մեջ կապ ստեղծել վսեմ կամ ստորաքարշ մարդու հետ: Նա, ով կապված է, ունի խառնուրդը նրա, ում հետ կապված է, եւ թրթռում է այն բանով, ինչով նա կապված է, եւ դուք միշտ կարող եք լսել, թե ինչպես է դա խոսում մարդու մթնոլորտում, նրա դրսեւորումներում, նրա խոսքում եւ արարքներում: Մարդ, որքան էլ երջանիկ լինի, կունենա վշտի մեղեդային թեման, եթե նա կապված է մեկի հետ, ով դժբախտ է: Այն շարունակվում է, այն երգում է իր երգը ողջ սիմֆոնիայից առանձին, այն ունի իր սեփական տոնայնությունը, դուք միշտ կարող եք տարբերել այն: Իմաստուն մարդը, ով կապված է տխմարի հետ, համանման թեմա ունի: Դա միանգամայն այլ մեղեդի է, այն այլ բանալիով է, այն այլ բարձրություն ունի, որ նախնական երգից տարբեր է:
Այն մարդը, որ կապված է վսեմ, բարձրարժան ինչ-որ մեկի հետ, չնայած իր բոլոր թերություններին, առանձնահատուկ թեմա ունի, որր հստակ հնչում է լսող սրտերի համար:
Հոգեբանական տեսանկյունից շատ կարեւոր է մարդու մեջ այդ կապերը զանազանել կարողանալը եւ դրանց հետ հաշվի նստելը: Քանզի իմաստուն մարդը ոչ միշտ է դրականորեն տրամադրված տխմարի հանդեպ, կամ բարի մարդը ոչ միշտ է դրական չարի հանդեպ: Նա, ով դրական է, չի կարող մշտապես դրական լինել, նա ունի իր ժամանակը, երբ նա պիտի ժխտական լինի փոփոխության համար, եւ այդ պատճառով կապը, իհարկե, մարդուն բերում է այն, որ ստացվում է շփման միջոցով: Գոյություն ունի «Մարդուն ճանաչում են իր ընկերներով» արտահայտության մեծ իմաստությունը: Արեւելքում դրան մեծ նշանակություն են տալիս, հատկապես հոգեւոր տեսանկյունից: Նրանց համար, ովքեր հոգեւոր ճշմարտություն են փնտրում, լինել ընկերների հետ նույն ուղու վրա` ավելի արժեքավոր է, քան աշխարհում այլ մի բան: Ամեն ինչ հետո է գալիս, բայց կապը, ընկերությունը, համարվում է առաջնահերթ ու ամենակարեւոր բանը:
4. ԷԱԿՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՄԱԳՆԻՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Երբ մարդ ինչ-որ բան է պատրաստում, նա ոչ միայն դրա մեջ տեղադրում է իր մագնիսականությունը, այլ նաեւ նրա հոգու ձայնը վերարտադրվում է այն բանում, ինչ նա պատրաստում է: Օրինակ, ինտուիտիվ մարդու համար դժվար գործ չէ` իրեն առաջարկած կերակրով որոշել խոհարարի մտքերը: Ոչ միայն խոհարարի զարգացման աստիճանը, այլ նաեւ այն, թե ինչի մասին է նա մտածել այն որոշակի պահին, երբ կերակուր էր պատրաստում` ամեն ինչ դրանում վերարտադրվում է: Եթե խոհարարուհին պատրաստելիս նյարդայնացած է եղել, եթե նա փնթփնթացել է, եթե նա իրեն դժբախտ է զգացել, եթե վշտի մեջ հոգոց է հանել` այդ ամենը կհառնի մեր առջեւ կերակրի հետ, որը նա պատրաստել է: Հենց այդ փաստի իմացությունն է ստիպում հնդիկներին` որպես խոհարարի, բարձր դասի բրամին հրավիրել, ում էվոլյուցիան բարձր է, ում կյանքը մաքուր է, ում մտքերը վսեմ են: Դա ոչ միայն անցյալի սովորույթ է, դա ժամանակակից սովորույթ է` բրամինը, ով երբեմն գուրու-ուսուցիչ է այլ դասերի համար, կարող է նույնպես խոհարար լինել:
Բացի այդ, հին ժամանակներում, երբ մարդկային անհատը ուժեղ դրսեւորվում էր ամեն ինչում, ինչ նա անում էր, յուրաքանչյուր մարդ` իր կյանքի դիրքի մակարդակից անկախ, գիտեր խոհարարություն անել եւ ճաշատեսակներ պատրաստել իր եւ իր ընկերների համար, եւ նա, ով իր տուն էր հրավիրում ազգականներին կամ ընկերներին եւ նրանց առաջ էր դնում իր ձեռքով պատրաստած ճաշատեսակները, դրանով իսկ ցուցադրելով մեծ հարգանքի եւ կապվածության նշանը: Կարեւորը ոչ թե ճաշատեսակն էր` գլխավորը դրանում պարփակված միտքն էր:
Ներկա ժամանակում կյանքը, կարծես թե, անձնական բնույթի շատ հարցեր հաշվի չի առնում: Սակայն, լինի դա Արեւելքում կամ Արեւմուտքում, կար ժամանակ, երբ գործվածքի կամ հագուստներ գործելու արվեստը հայտնի էր ցանկացած փոքրիկ աղջկա, եւ եղբորը կամ քրոջը, սիրեցյալին կամ ազգականին, քո ձեռքով արված որեւէ փոքր բան նվիրելը սովորույթ էր: Այժմ դա հեշտ է գնել խանութում, ոչ ոք չգիտի, ով է այն արել եւ ինչպես, չուզենալով եւ փնթփնթալով, թե ինչ-որ այլ կերպ: Հիմա առեղծված է մնում, թե այդ պահին ինչ վիճակում է եղել գործողը, եւ ինչ է նա ներդրել իր ստեղծած առարկաների մեջ: Աղջնակը, կարելու ժամանակ` նրա համար, ում նա սիրում է, յուրաքանչյուր հանգույցի հետ, որ նա անում է, բնականաբար, հաղորդում է իր միտքը, եթե նա գործը սիրով է անում եւ ուժգին զգացումով, ապա յուրաքանչյուր հանգույց նոր միտք է ծնում, նա արտահայտում է սիրո այդ կենդանի միտքը, ներքնապես դրանով իսկ գործելով այն օգնությունը, որի կարիքն ունի ամեն մի հոգի:
Բայց վագոնները, անձնակազմերն ու նավերը, որոնք օգտագործվում են կյանքի համար մեծ ռիսկով, ովքե՞ր են դրանք սարքել: Ո՞վ գիտի` ինչպիսի՞ն է եղել «Տիտանիկը» սարքողների մտքի վիճակը: Արդյո՞ք նրանց մեջ եղել է խաղաղարար, ով ուսուցանել է նրանց պահպանել մտքի որոշակի ռիթմը նավի կառուցման ժամանակ:
Ամենայն ինչ, որ երբեւէ ստեղծվել է, իր մեջ մագնիսական ազդեցություն է կրում: Եթե գործն արվել է անպետք մտքով, դա վտանգ է նշանակում, որ սպասում է մարդկանց նավի վրա, գնացքի վագոնում կամ մեքենայի մեջ: Շատ հաճախ դուք անսարքություններ եք հայտնաբերում, որոնք տեսանելի պատճառ չունեն, ասես ինչ-որ բան կոտրվել է` առանց որեւէ նյութական առիթի: Այդ բանի ստեղծման մեջ ներբերվել է միտքը քայքայման մասին: Այն աշխատում է դրա միջոցով, եւ դա ինչ-որ ավելի կենսունակ բան է, քան ինքը` առարկան: Նմանատիպ բան տեղի է ունենում, երբ տուն է կառուցվում: Մտքերը փոխանցվում են դրան կառուցողներից, նախագծի վրա աշխատողներից` ամեն բան պետք է հաշվի առնել:
Իրերին կապված միտքը կենսական ուժ է, ավելի ճիշտ, այն կարելի է թրթռուն ուժ կոչել: Միստիկների կոնցեպցիայում համարվում է, որ թրթիռները երեք հատկանիշ ունեն` լսելիություն, տեսանելիություն եւ զգալիություն: Այսպիսով, առարկայի մեջ դրված թրթիռները երբեք չեն լինում տեսանելի կամ լսելի, դրանք միայն զգալի են: Զգալի են մարդու ինտուիտիվ ունակության շնորհիվ: Սակայն դա չի նշանակում, որ նա, ով կորցրել է ինտուիտիվ ընդունակությունը, չի զգում դրանք, նա նույնպես զգում է, սակայն` անգիտակցաբար:
Շարունակելի
- Երբ Ավանգարդ էինք
- Հստակ գործողություններ ի պատասխան Էրդողանի վայրեհաչոցներին:
- Սերժ Սարգսյանի ընտանեկան կլանը պետք է կանգնի արդարադատության առջև
- Բոլոր դեպքերում, Հայաստանը այսօրվան հասցնողները պատասխանատվության են ենթարկվելու:
- Տարեմուտի խոսք ԵՀՄՖ նախագահ Պարոն Աշոտ Գրիգորյանին
- ՀԱՅԱՍՏԱՆ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ, ԱՄԵՐԻԿԱ, ՌՈՒՍԱՍՏԱՆ… Կամ Հայ քաղաքական մտքի մերօրեայ դեգերումները
- ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՑԵՂԱԿՐՈՆՈՒԹԻՒՆԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ
- ՆԵՐԿԱՅԻՍ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԻ ՄԱՍԻ ՍԻՆ ՅՈՅՍԵՐԸ, ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀՈԳԵՄՏԱՒՈՐ ԾՈՒԼՈՒԹԻՒՆԸ ԿԱՄ ԱՒԱՐԱՅՐԻ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՈԳԻ՞Ն…
- Ստրկամտությունն ու վախը ծնում են ստորություն
- Տաս տարի առաջ բայց կարծես այսօր
- «Նոր մետաքսե ուղու» համաշխարհային համագումարը՝ կրկին առանց Հայաստանի
- Հայաստանով անցնող նոր «մետաքսե ուղին» պաշտոնապես գրանցվեց Չինաստանի միջազգային համագումարում
- ԵՀՄՖ-ի նախագահության կոչը արտերկրի հայկական կազմակերպություններին, գործարարներին և գործիչներին
- Խալիֆաթ:Մաս 2
- Խալիֆաթ:
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 3
- Կեղծիքի և ստի հարուրամյա թավուտներում:Մաս 2
- Կեղծիքի և ստի հարյուրամյա թավուտներում:Մաս 1
- Մի բլոկնոտի Քարտեզի հետքերով:դեպի 1919 թվական :
- Արցախը կարող է դառնալ հայկական Շվեյցարիա. ուսումնասիրություններ
- ԱՊՐԻԼ 2 … ՀԱՂԹԱՆԱ՞Կ..
- ՎԱՃԱՌՎԵ՞Լ, ԹԵ՞ ՉՎԱՃԱՌՎԵԼ ..
- ԵՐԵԽԱՆԵՐԸ ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏՆ ԵՆ.
- ԱԲԻԿ ԳԱՆՏԻԼԵԱՆ
- ԿԱՆԹԵՂԻՆ Խօսքը Հիմնադրութեան երրորդ ամեակին առթիւ
- « ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՆ ՀԱՆՃԱՐՈՅ»
- Այսօր Հայաստանում տիպիկ աֆրիկյան բռնապետություն է:Հարցազրույց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի փոխնախագահ, ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանի հետ
- Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահություն արձագանքում է հայկական NEWSPRESS բաց նամակին
- ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ:ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ
- ԵՎ ԱՇԽԱՐՀԸ ԿԼՍԻ ՊՈԵՏՆԵՐԻ ՁԱՅՆԸ
- Преступный беспредел Комитета по науке
- 7 декабря 1988 года
- Ինչու է «պիսար» Վիգեն Սարգսյանը առաջ տանում «1000 դրամի» ծրագիրը