ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ - Հեղինակ՝ . Wednesday, August 19, 2009 3:52 - 1 քննարկում

Ահա թե ինչո՜ւ Իսրայելը փորձում է խաղարկել հայոց ցեղասպանության «խաղաթուղթը»

Ինչո՞ւ հրեաները չեն դատապարտում հակասեմիտիզմը Թուրքիայում


Հարութ Սասունյան, «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիրՌիֆատ Բալին Ստամբուլում ապրող հրեա գիտնական է, որ երկար տարիներ ուսումնասիրում է հակասեմականության դրսեւորումները Թուրքիայում: Նա հեղինակ է թուրք հրեաների պատմության վերաբերյալ բազմաթիվ գրքերի եւ հոդվածների: Նրա «Թուրքիայի հրեաները եւ Հայոց ցեղասպանությունը» խորագրով նոր գիրքը կոթողային աշխատանք է, որը փաստական տվյալներ է պարունակում, թե ինչպես թուրքական կառավարությունը ճնշում է գործադրել ոչ միայն Թուրքիայի հրեաների, այլեւ Իսրայելի կառավարության եւ ամերիկահրեական կազմակերպությունների վրա` քարոզչություն ծավալելու Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ կոնգրեսական բանաձեւերի դեմ:

Թուրքիայի ներսում եւ սահմաններից դուրս գտնվող հրեաների դեմ ուղղված թուրքական շանտաժները նորություն չեն մեր ընթերցողների համար: Նորություն չէ նաեւ այն, որ Թուրքիայում տասնամյակներ շարունակ եղել է լայնատարած հակասեմականություն: Հուլիսին Երուսաղեմում «Հրեական գլոբալ գործերի ինստիտուտի» հրատարակած իր երկարաշունչ հոդվածում Բալին մանրամասն վկայակոչում է փաստեր, որ ռասիստական նման դրսեւորումները գործնականորեն կիրառվում են թուրքական հասարակության համայն սպեկտրի կողմից:

«Մեր օրերի հակասեմականությունը Թուրքիայում» խորագրով հոդվածում Բալին չորս հիմնական կետերի շուրջն է ամփոփում իր ուսումնասիրությունը:

ա) Թուրք մտավորականությունը միշտ էլ պաղեստինամետ եւ հակաիսրայելական դիրքորոշում է ունեցել: Իսլամիստները նպաղեստինյան հարցըե կապում են Թուրքիայի աշխարհիկության զարգացման գործում հրեաների ենթադրյալ ներգրավման հետ: Ձախակողմյանները Իսրայելը համարում են իմպերիալիստական մի պետություն, որը Մերձավոր Արեւելքում ամերիկյան գերիշխանության ընդարձակումն է ապահովում: Նմանատիպ կողմնորոշումներ ունեն նաեւ նացիոնալիստ մտավորականները:

բ) Թուրքական հակադարձություններն իսրայելական պատերազմներին (2006-ին Լիբանանում եւ 2009-ին Գազայում) հաճախ վերաճում են հակասեմականության: Թերթերում հանդես եկող ակադեմիական շրջանակների մտավորականներից ոմանք, որոնք պատկանում են տարբեր գաղափարական հոսանքների, նպաստում են հակահրեական եւ հակաիսրայելական համընդհանուր զգացմունքների տարածմանը: Իսրայելին մեղադրում են Հոլոքոսթը շահագործելու եւ «Ամերիկա-հրեական քարոզչության» ծառայություններն իր ստոր նպատակներին հարմարեցնելու մեջ:

գ) «Պաղեստինյան հարցի» վերաբերյալ թուրքական մոտեցումները հազվադեպ են համարձակվել դուրս գալ թուրքական ժողովրդական մշակույթի ընդունված «կլիշեների» սահմաններից: Թուրքական հրատարակչատները, որոնք այդ թեմայով թարգմանական գործեր են հրապարակում, միշտ զգույշ են` դեմ չգնալու ժողովրդական զգացմունքներին: Թուրք սյունակագիրներն օգտագործում են, եւ նրանց ընթերցողները ստանում հակամարտության վերաբերյալ սահմանափակ աղբյուրների տեղեկություններըե, որոնք գերազանցապես հակաիսրայելական են եւ հակասեմական:

դ) Որեւէ փորձ թուրք-հրեական ղեկավարության կողմից հակադարձելու կամ պայքարելու նման հակասեմական դրսեւորումների դեմ դատապարտված է ձախողման կամ առավել սրելու առկա խնդիրները: Այնպես որ, ներկա իրավիճակում Թուրքիայում ապրող հրեական համայնքին մնում է կամ շարունակել ապրել Թուրքիայում` համատարած հակասեմականության պայմաններում, կամ էլ արտագաղթել:

Պրն Բալին իր դիտարկումները հաստատում է տասնյակ փաստական տվյալներով, որոնք նա մեջբերում է վերջին տարիներին թուրքական թերթերում տպված հակասեմական հոդվածներից: Ահա դրանցից մի քանիսը.

1. Ստամբուլ եւ Ստամբուլ Բիլգի համալսարաններում քաղաքագիտության դասախոս, թերթի սյունակագիր եւ ճանաչված մտավորական, որ հաճախ է հեռուստատեսությամբ հանդես եկել, Թոքթամըշ Աթեշը հրեաներին նկարագրել է որպես «պատմության մեջ առաջին եւ ամենառասիստական ժողովուրդը» («Բուգյուն» թերթի 2006-ի հուլիսի 20-ի համարում):

2. Իսլամական «Միլլի գազետ» թերթի մեկնաբան Այհան Դեմիրը գրել է. «Առաջին բանը, որ պետք է արվի ապահովելու համար Ստամբուլի եւ Երուսաղեմի անվտանգությունը, դա հնարավոր ամենակարճ ժամանակում ձերբազատվելն է այս «խղճուկ քաղաքից», որն սկսել է վնասել աշխարհի ամբողջ մարդկությանը, եւ որ նույնքան ագրեսիվ կերպով սրտի վրա է ազդում, որքան աչքերի վրա: Զավթիչներին` իրենց արյունոտ շառլատանությամբ պատմության աղբանոցն ուղարկելը մարդասիրության անունից կատարված ամենաազնիվ քայլերից մեկը կլինի: Առանց Իսրայելի աշխարհն, անտարակույս, ավելի խաղաղ ու անվտանգ վայր կդառնա» («Միլլի գազեթի» 2008-ի դեկտեմբերի 30-ի համարում):

3. Ճանաչված սյունակագիր Նուհ Գյունուլթաշն էլ իր հերթին ասել է, որ Հիտլերն արդարացի էր այդ ձեւով վերաբերվելու հրեաներին, քանի որ «Իսրայելի պետությունը ավելի մեծ բռնակալ է, քան Հիտլերն ինքը» («Բուգյուն» թերթի 2006-ի օգոստոսի 1-ի համարում):

4. «Զաման» թերթի հայտնի սյունակագիր, իսլամիստ սոցիոլոգ Ալի Բուլաչը Գազան նկարագրել է որպես «համակենտրոնացման մի ճամբար, որ իրականում գերազանցում է նացիստական որեւէ ճամբարի» («Զաման» թերթի 2008-ի դեկտեմբերի 29-ի համարում):

Պարզապես զարմանալի է, որ Իսրայելի պաշտոնատար այրերն ու աշխարհասփյուռ հրեա ղեկավարները հազվադեպ են հակադարձում (առնվազն հրապարակայնորեն) թուրքական նման չարակամ պոռթկումներին: Ինչո՞ւ է Ռիֆատ Բալին խոնարհաբար արձանագրում, որ «ներկա իրավիճակում Թուրքիայում ապրող հրեական համայնքին մնում է կամ շարունակել ապրել Թուրքիայում` համատարած հակասեմականության պայմաններում, կամ էլ արտագաղթել»: Սա հիմնարար մի խնդիր է, որ հրեաներն իրե’նք պետք է լուծեն: Լուռ մնալով հրեա ղեկավարները պարզապես խրախուսում են, որ թուրք մեկնաբանները շարունակեն իրենց ռասիստական եւ վիրավորական ակնարկները հրապարակել: Եթե Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսն ու Հակազրպարտչական լիգայի տնօրեն Աբրահամ Ֆոքսմանն այնքան զբաղված չլինեին հայերի ցեղասպանությունը ժխտելու գործով, գուցե իրենց ժամանակն ավելի արդյունավետ կերպով կօգտագործեին պայքարելու հակասեմականության դեմ:


30.07.2009



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Լիանա
Aug 21, 2009 2:46