ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Sunday, October 22, 2017 9:33 - չքննարկված

ՆԵՐԿԱՅԻՍ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԻ ՄԱՍԻ ՍԻՆ ՅՈՅՍԵՐԸ, ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀՈԳԵՄՏԱՒՈՐ ԾՈՒԼՈՒԹԻՒՆԸ ԿԱՄ ԱՒԱՐԱՅՐԻ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՈԳԻ՞Ն…


Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան,
ռազմական պատմաբան

ՆԵՐԿԱՅԻՍ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՄԻ ՄԱՍԻ ՍԻՆ ՅՈՅՍԵՐԸ,

ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀՈԳԵՄՏԱՒՈՐ ԾՈՒԼՈՒԹԻՒՆԸ

ԿԱՄ

ԱՒԱՐԱՅՐԻ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՈԳԻ՞Ն…

ՙՙՀիւա՛նդ, դժբախտ ժողովուրդ, որ մինչեւ այժմ երկու առաքինութիւն է ունեցել` իր դժբախտութիւնները վերագրել արտաքին պատճառների եւ փրկութինը յուսալ արտաքին ոյժերից:՚՚
Գարեգին Նժդեհ

Թէ՛ հայաստանաբնակ, թէ՛ աշխարհասփիւռ հայութեան մի զգալի մասի մէջ թիւր կարծիք է առաջացել, թէ աշխարհի հզօր երկրները պէտք է հայերին օգնեն՝ հասնելու իրենց ազգային նպատակների իրագործմանը: Ցաւօք, այս՝ նժդեհեան տերմինաբանութեամբ ասած՝ քաղաքական հաշմանդամի ու մուրացիկի կարծիքը, աւելին՝ դիրքորոշումը նոր չէ, որ առաջացել է… Բայց, առաւել ցաւօք, պիտի շեշտեմ, որ յայտնի չէ, թէ ե՞րբ վերջ կգտնի այդ սին յոյսը և օտարներից սեփական ազգային խնդիրների լուծումը ակնկալելու-պահանջելու վնասակար դիրքորոշումը…

Եւ այստեղ շատ կարևոր է հայերից շատերի ակնկալիքը ներկայիս գերտէրութիւն ԱՄՆ-ից…

1. Հայերի մի մասը կարծում է, որ ԱՄՆ-ին մնում է պարզապես ի կատար ածել 18 երկրների կողմից վավերացուած Սևրի պայմանագիրը (ստօրագրուած՝ 1920 թ. օգոստոսի 10-ին): Բայց, նախ՝ մոռանում են, որ ԱՄՆ-ն կարող է նաև ի կատար չածե՛լ մի Պայմանագիր, որն ինքը չի՛ ստօրագրել ու չի՛ վաւերացրել, և, բնականաբար, բոլորովին պարտաւոր չէ ուրիշների վաւերացրածն ինքն իրականացնե՛լ:

2. Շատ հայեր թիւրիմացաբար կարծում են, որ միայն Սևրի Պայմանագիրն իրականացնելով ԱՄՆ-ը կամրապնդի իր անվտանգութիւնը (երևի Մերձաւոր Արևելքո՞ւմ): Յարգելինե՛րս, մի՞թէ պարզ չէ, որ ԱՄՆ-ն իր անվտանգութիւնն ու Մերձաւոր Արևելքում դիրքերն ապահովելու ու ամրապնդելու բազում ուղիներ ու մեթոդներ ունի: Հայեր, մենք մի ժողովրդի զաւակներն ենք (ժողովրդի, չեմ ասում ազգի, որովհետև, ՀՀ-ի 26-ամեայ գոյութեան ողբերգական տարիներից յետոյ չեմ տեսնում ԱԶԳ մակարդակի հասած հայ էթնոս), մի ժողովրդի զաւակներն ենք, որը իր սեփական Հայրենիքը, իր սեփական Տունը չի կարողանում կարգի բերել, սեփական պետականութիւն չի կարողանում նորմալ վիճակի բերել ու պահպանել, այլ մշտապէս կախուած է արտաքին յանգամանքներից ու պայմաններից: Աւելին՝ այդ տունը զաւթել են հարևանները՝ թուրքն ու ռուսը, և անում են ինչ կամենում են… Տեսե՞լ էք մի բժիշկ կամ ճարտարապետ, որը նոր աւարտել է բուհ-ը և կարող է հեղինակաւոր դիրքով խորհուրդներ տալ հարիւրաւոր շէնքեր կառուցած կամ հազարաւոր հիւանդներ բուժած բազմամեայ փորձառու մասնագէտին… Չի կարող լինել նման բան: Ուստի պաշտնօնական Վաշինգտոնին աշխարհաքաղաքական բնոյթի խորհուրդներ տալուց առաջ, թերևս, յիշենք, որ ԱՄՆ-ն գերտէրութիւն է, որի համապատասխան հաստատութիւնները, բնականաբար, շատ լաւ տեղեկացուած են այն ամէնի մասին, ինչը պէտք է իրենց գերտէրութեան անվտանգութեան պահպանման ու ամրապնդման համար: Եւ ԱՄՆ-ն իր յոյսը միայն իր վրայ է դնում, ի տարբերութիւն Հայաստանի Հանրապետութեան ներկայիս ղեկավարութեան (որն անընդունակ է համարում Հայաստանը ինքնապաշտպանուելու՝ առանց ռուսական օգնութեան): Եւ ի տարբերութիւն հայերից շատերի, որոնք չեն պատկերացնում հայութեան հետագայ գոյութիւնն առանց, օրինակ՝ Ռուսաստանի: Այդքանով հանդերձ հայերի մի զգալի մասն ԱԿՆԿԱԼՈՒՄ Է, այսինքն յոյս ունի, թէ ԱՄՆ-ն հայութեան համար որևէ բան պիտի անի: Բայց ապա մտածէք. իսկ հայերը որևէ բան արե՞լ են, որ դա ապահովեն, որ դա կարողանան պահանջել ԱՄՆ-ից կամ գոնէ՝ յուսալ: Ո՛չ: Դեռ ոչինչ չեն արել: Տանձի ծառի տակ պառկելով ուզում ենք պտուղն ուղիղ բերաններս ընկնի… Ապրելու, առաւել ևս յաջողութեամբ առաջ գնալու համար պէտք է յամառօրէն և մտածուած, նպատակասլաց ու անդադրում աշխատել… Հայերս նման բաներ, այդ թւում՝ քաղաքական պլանաւորում, չունենք… Այդ մասին է ասուած, մասնաւորապէս ռազմական պատմաբան գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեանի յօդուածում՝ տպագրուած 2016-ի յունիսին՝ ԵՊՀ Պատմութեան ֆակուլտետի ՙՙՊատմութիւն և մշակոյթ՚՚ ամենամեայ հանդէսի հերթական համարում: Որևէ բան փոխուե՞լ է այդ օրուանից… Ցաւօք՝ ոչ: Էլի նոյն անծրագիր ու անքարտէզ, անղեկ ու անկողմնացոյց ժողովուրդն է մնացել հայը… Անառագաստ և նոյնիսկ անթի մակոյկով ծովն է ելել և ակնկալում է, որ օտար ռազմանաւերը իրեն պիտի փրկեն ու հասցնեն ապահով յանգրուան…

3. Հայերի մի մասը կարծում է, թէ ԱՄՆ-ն, ի դէմս Հայաստանի՝ կունենա հաւատարիմ դաշնակից: Բայց, ապա մտածէք. Հայաստանի հաւատարմութիւնը որտե՞ղ է ապացուցուել… Եթէ Ռուսաստանին հաւատարիմ է, ուրեմն ԱՄՆ-ի՞ն էլ հաւատարիմ կլինի… Ռուսաստանին հաւատարիմ է, քանզի դարերով հայերի գլուխները և հոգիները լցրել են

ա.հայերի սեփական անկարողութեան,

բ.թուրքի դէմ անպաշտպանութեան և

գ.Ռուսաստանի՝ հայոց փրկիչ լինելու

տխմար ու հիւանդագին գաղափարներով…

Իսկ ԱՄՆ-ն ինչպէ՞ս հաւատա հայերի հաւատարմութեանը, երբ տեսնում է, որ հայերը գալիս են արտասահման, Արևմուտք, այդ թւում՝ ԱՄՆ, փախչելով ներկայիս Ռուսաստանի – երեկուայ Սովետի ստեղծած դժոխային հասարակա-տնտեսական և ռազմա-քաղաքական իրավիճակներից, և, ապրելով ապահով Արևմուտքում՝ շարունակում են Ռուսաստանի հետ կապել իրենց ժողովրդա-ազատագրական յոյսերը, լսել ռուսական ՙՙմուզիկա՚՚, նայել ռուսական հեռուստատեսութիւնները, գովել պուտինին ու ստալինին, ռուսական զէնքի փառքը և այլ յիմարութիւններ… Դուք լինէիք կհաւատայի՞ք նման ՙՙուտող-ուրացող՚՚ ժողովրդին… Չէ՞ որ մեծ չափով հենց ԱՄՆ-ի հզօրութիւնն ու ֆինանսական, ռազմական, քաղաքական, տեղեկատուական և այլ օգնութիւններն են պատճառը, որ Ռուսաստանը 1991-ից մինչև այժմ չի կարողանում պարզապէս վերացնել Հայկական պետականութիւնը և տեղը ստեղծել Երևանի գուբերնիա՝ Ռուսաստան-Սովետ-2-ի կազմում… Նախ և առաջ հենց Արևմուտքի, այդ թւում՝ ԱՄՆ գերտէրութեան վախից է, որ Կրեմլը չի յամարձակւում այդ՝ իր երազած քայլին գնալ… Դրա համար էլ իր ագենտների (ՀՀ-ն 26 տարի կառավարողների) և այլոց ձեռքով Հայաստանի Հանրապետութիւնը մտցրել է իր ռուսա-սովետական ԵԱՏՄ-ի մէջ ու կամաց հրում է դէպի Սովետ-2… ՀՀ-ն պէտք է ինքնալիկուիդացուի, որպէսզի Կրեմլը գոհ մնա: ԱՄՆ-ն դա հասկանում է և ամէն կերպ խոչընդոտում: Ի դէպ, Արցախի հարցն էլ չի լուծւում յօգուտ ազերա-թուրքերի՝ գրեթէ միայն ԱՄՆ-ի ու Արևմուտքի, այդ թւում Ֆրանսիայի հակառուսական քաղաքականութեան, և, իհարկէ, հայ զինուորականների ու հասարակ ժողովրդի հայրենասիրութեան ու անձնազոհութեան շնորհիւ: Արևմուտքը, այդ թւում ԱՄՆ-ն ու Ֆրանսիան վաղուց է ըմբռնել Կրեմլի այն կեղտոտ խաղերի իմաստը, որոնք ռուսա-սովետական քաղաքական գործիչները վարում են հայերի ու թուրքերի հետ:

4.Հայերի մի մասը կարծում է, թէ քանի դեռ ԱՄՆ-ի ռազմակայանները գտնվում են թրքա-քրդական ցեղերի կողմից բռնազավթված տարածքներում, ԱՄՆ-ի նոր դաշնակից պետությունների, իմա՝ Հայաստանի և Յունաստանի պատմական և պատկան տարածքների վերադարձման խնդրի իրականացումն, ընդամենը տեխնիկայի խնդիր է լինելու: Ո՛չ, յարգելի յուսավառ հայեր: Ի դէպ, ո՛չ Հայաստանն է հաւատարիմ ԱՄՆ-ին, ո՛չ էլ Յունաստանը: Երկուսի պատմութիւնն էլ ցոյց է տալիս, որ Արևմուտքի օգնութեամբ վերականգնել են իրենց պետականութիւնները (ի դէպ, մեծ անգլիացի բանաստեղծ լորդ Ջորջ Գորդոն Բայրոնը, նո՛յն այն Բայրոնը, որը Հայոց լեզու և Հայոց Պատմութիւն էր ուսումնասիրում Սուրբ Ղազարի Մխիթարեան միաբանութիւնում, հենց օսմանահպատակ Յունաստանի ազատագրութեան համար կռիւներում գտաւ իր հերոսական մահկանացուն)… Բայց, այնուամենայնիւ, երկուսն՝ Հայաստանն էլ, Յունաստանն էլ վազել են ՙՙուղղափառ՚՚ Ռուսաստանի կողմը: Երկուսին էլ Ռուսաստանը պատժեց իրենց անհիմն, անիմաստ և, փաստօրէն, ինքնավնաս ռուսասիրութեան համար: Օրինակ՝ 1920 թուականին հենց ռուսական-սովետական զէնքով ու ոսկով էր, և ռուսական զորահրամանատարների՝ պաշտպանութեան նարկոմ Ֆրունզէի, յաջորդ նարկոմացու Վորոշիլովի, սովետի ռազմական հետախուզութեան պետ Արալովի և այլոց թաքուն ղեկավարութեամբ ու բացայայտ խորհրդատւութեամբ էր, որ Աթաթուրքի զօրքերը ջարդեցին յունական բանակը Անկարայի մօտ: Յետոյ նոյն բանը թուրքերը նոյն այն ռուսական զէնքերով և նոյն այդ և միւս սովետա-ռուսական գործիչների օգնութեամբ արեցին Հայաստանի դէմ՝ Սարիղամիշ-Կարս-Ալեքսանդրապոլ և Կաղզուան-Իգդիր ուղղութիւններով: Ռուսներն էլ, ապահովելու համար իրենց բարեկամ, դաշնակից և եղբայր թուրքերի յաղթանակը՝ Հայաստանի առաջին հանրապետութիւն ներխուժեցին արևելեան կողմից՝ Ղազախ-Իջևան կամ Քարվանսարայ… Այսինքն նոյն այն սցենարով խաղացին, որով Ստալինը Հիտլերի հետ միասին 19 տարի յետո կիսեց-յօշօտեց Լեհաստանը: Այդ մասին էլ կարող էք կարդալ ռազմական պատմաբան գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեանի յօդուածը ՙՙԿուրսանտ՚՚ ամսագրի 2011-2012 թթ. համարներում՝ I-ից VI մասեր… Դրա համար, իհարկէ, այժմ արդէն պահեստազօրի գնդապետի գլուխը չշոյեցին, սակայն հայ սպաներից, ռազմական դասախօսներից և կուրսանտներից շատերը հասկացան, թէ ո՞վ է իրականում Ռուսաստանը հայերի համար…

ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ.
1.Հայերը մի բան սպասելուց առաջ պէտք է այդ ԲԱՆԸ նախապատրաստեն… Եթէ մատդ մատին չես խփել, ի՞նչ ես ակնկալում…
2.Երբեմն յարկաւոր է բաւական երկար աշխատել: Մի՛ մոռացէք, որ արդի Իսրայէլի պետութեան ստեղծումը կատարուել է բազում տասնամեակների յամառ և նպատակասլաց աշխատանքի արդիւնքում…
3.Վերջում յիշէ՛ք յայտնի և բնութագրական անեկդոտը Աւարայրի ճակատամարտի մասին (451 թ. մայիսի 26): Նպատակը՝ հասկանալ սեփական անպատասխանատւութեան չափը և դրա հետևանքները, ինչպէս նաև փորձել հնարաւորինս փոխել էթնիկական բնաւորութիւն դարձող համաժողովրդական անպատասխանատու վերաբերմունքը սեփական հիմնախնդիրների նկատմամբ, ինչն էլ հենց քանդում է հայ ժողովրդի Տունը…

Եւ այսպէս.
Աստուած վերևից նայում է երկու հակամարտ բանակներին: Վաղը ճակատամարտն է: Պարսիկները պատրաստւում են, զինւում, պարապում զինավարժութեամբ, վազքով, նետաձգութեամբ ու սուսերամարտով, ձիավարութեամբ, ստօրաբաժանումների փոխգործակցութեամբ, պաշտպանական ժամանակաւոր կառոյցներ են պատրաստում, զէնքի, սննդամթերքի, անասնակերի, դեղանիւթերի պաշարներ են պատրաստում, փղերին գինի են խմեցնում, պատրաստում են մարտական բոլոր կենդանիներին, ստուգում, նորոգում ու փայլեցնում զէնքերը, կարգի բերում տեխնիկական միջոցներն ու փոխադրամիջոցները, հետախուզում են տեղանքը և հակառակորդի բանակի վիճակը… Մի խօսքով՝ ինչ որ պիտի անի նորմալ զօրաբանակը ճակատամարտից առաջ: Ապա նայում է Աստուած հայկական բանակին: Այստեղ հայերը խնջոյք են անում, զէնքերն ու զրահները մի կողմ դրած, կենդանիներին անխնամ թողած, գինի են խմում, խորոված են անում ու ուտում, երգում, պարում, ծափ տալիս… Մի խօսքով՝ լիակատար անյոգութիւն… Եւ Աստուած ասում է. ՙՙԱյս հայերը դարձեալ յոյսներն ինձ վրայ են դրել՚՚…

2016-ի Ապրիլեան Քառօրեայ պատերազմում (և ոչ միայն այդ հարցում) հայկական ղեկավարութեան ցուցաբերած քաղաքականութիւնը վկայ…

Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան,
ռազմական պատմաբան
Լուսանկարներում՝

Ռուսաստանը 1920-ին փրկեց Թուրքիային վերջնական կործանումից, ռուս-սովետական զօրահրամանատարները, միլիոններով ոսկին ու յսկայական քանակութեամբ զէնքն ու զինամթերքն ուղարկուեցին Աթաթուրքին օգութեան… Ֆրունզէի, Վորոշիլովի, Արալովի արձանները Աթաթուրքի արձանի կողքին այժմ էլ կանգնած են Կոստանդնուպօլիս – Ստամբուլի Թաքսիմ հրապարակի կենտրոնում…





Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ