ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Tuesday, September 12, 2017 7:14 - չքննարկված
«Նոր մետաքսե ուղու» համաշխարհային համագումարը՝ կրկին առանց Հայաստանի
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին Չինաստանի հնագույն քաղաքներից մեկում՝ 3100-ամյա Սիանում սկսվեց «Մետաքսե ուղու» միջազգային առևտրատնտեսական պալատի (Silk Road Chamber of International Commerce — SRCIC) կողմից կազմակերպված համաշխարհային համագումարը:
SRCIC-ը «Նոր մետաքսե ուղու» կառուցմանը նվիրված խոշորագույն կազմակերպությունն է, որն ընդգրկում է 41 երկիր, այդ թվում Հայաստանի բոլոր հարևաններին, բացառությամբ Հայաստանից: Հայաստանի մասին խոսվում է միայն EU-ASIA Business Finance Center Հոլդինգի ներկայացրած «Նոր մետաքսե ուղու» հետ կապված ծրագրերում:
Մեր հարևանների ակտիվ մասնակցության շնորհիվ շատ ակտուալ են ընկալվում Ադրբեջանով և Վրաստանով անցնող ուղիները: Կազմակերպության նախագահության կազմում բարձր մակարդակով ընդգրկված են այդ երկրների կառավարությունները: Կազմակերպվել են արդեն խոշոր համագումարներ Բաքվում ու Թբիլիսիում: «Մետաքսե ուղին» այդ երկրներին բերելու է տարեկան միլիարդավոր եվրոների շահույթ: Այս շահույթից օգտվելու համար հարկավոր էր Հայաստանին նույնպես ընդգրկել ծրագրերում: Հոլդինգի նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը նախագծել և քննարկման է ներկայացրել մի յուրահատուկ առաջարկ, ըստ որի «Մետաքսե ուղին» պետք է ունենա հետևյալ տեսքը.
Չինաստան — Իրան — Հայաստան — Վրաստան (Փոթի նավահանգիստ) — Սև ծով — Բուլղարիա (Վառնա/Բուրգաս նավահանգիստներ) և կամ Ռումինիա (Կոնստանտա) — Դանուբ գետ՝ Բրատիսլավայի նավահանգիստ:
Վերջին կետը՝ Բրատիսլավան, ըստ այս ծրագրի, վերածվելու է խոշորագույն հաբի, որի համար էլ Սլովակիայի կառավարությունը շատ ակտիվ սատարում է այս առաջարկը:
Հոլդինգի ղեկավարության հետ միասին Չինաստան է ժամանել նաև Սլովակիայի կողմից պետական բանակցող, ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Դանա Մեագերը, որն անցյալ տարի ներգրավված էր Հայաստան ժամանած Հոլդինգի պատվիրակության կազմում:
Հոլդինգը պատրաստվում է ֆինանսավորել Բրատիսլավայի նավահանգստի վերակառուցման աշխատանքները (մոտ 100 միլիոն եվրո ծավալով) և նաև օգնելու Հայաստանին՝ Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցումն ավարտելու ֆինանսավորման և Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հարցում:
Երկաթուղու կառուցմանը կողմ են և պատրաստ են մասամբ ֆինանսավորելու Իրանն ու Չինաստանը: Ահա այս խնդրի շուրջ ընթանում են բանակցություններ Հոլդինգի ղեկավարության և SRCIC ներկայացուցիչների միջեւ:
Համագումարի ֆինանսական պանելում տիկին Դանա Մեագերը ներկայացնելու է այս հարցը քննարկման:
Ըստ նախնական հաշվարկների՝ երկաթուղու կառուցման համար անհրաժեշտ ծավալը մոտ 3 մլրդ եվրո է: Հոլդինգն իր վրա է վերցրել մինչև 1 մլրդ եվրոյի ֆինանսական ապահովումը, որը պակասում է երկաթուղու ֆինանսավորման համար. սա ՀՀ կառավարության մասով ֆինանսական մասնակցության նախատեսված չափն է:
Համագումարի ավարտից հետո մենք կներկայացնենք «Նոր մետաքսե ուղու» ծրագրին Հայաստանի մասնակցության շուրջ քննարկման արդյունքները: