ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Thursday, September 22, 2016 22:30 - 1 քննարկում

ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ: Մնացական Ռ. Խաչատրյան, ռազմական պատմաբան, ՀՀ Զինուած Ուժերի պահեստազօրի գնդապետ

13914047_1663496690643748_6287587651797298130_o

Մնացական Ռ. Խաչատրյան, ռազմական պատմաբան, ՀՀ Զինուած Ուժերի պահեստազօրի գնդապետ

ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հայաստանի Հանրապետութիւնն իր քառորդդարեայ տարեդարձին մօտեցաւ համակարգային փոփոխութիւնների անհրաժեշտութեան հրամայականը աչքի առաջ ունենալով…
Դեռ հայոց մամուլում, այդ թւում ՙԱզգ՚-ում 2016թ. Ապրիլեան պատերազմից առաջ և յատկապէս յետոյ հրապարակուած մեր յօդուածներում և հեռուստաասուլիսին ասել էինք, որ Հայաստանը կանգնած է համակարգային փոփոխութիւնների հրամայականի առջև:

1991թ. սեպտեմբերի 21-ի անկախութեան հանրաքուէով իր ինքնիշխան պետականութեան վերակերտումը հռչակած Հայ ազգը վերջին երկուսուկէս տասնամեակում աստիճանաբար կորցրեց իր ինքնիշխանութեան յատկանիշների մեծ մասը և յայտնուեց Ռուսաստանի նէոգաղութային լծի ներքոյ, որը ժամանակի ընթացքում բացայայտեց իր ամբողջ հակահայկական դաժան էութիւնը… Վերջինիս լկտի և ՙթաց՚ բացայայտումը եղաւ 2015թ. ՙէլեկտրիկ-Երևանով՚, արիւնոտ և առաւել լկտի բացայայտումը ամբողջ Հայ ժողովրդի համար տեղի ունեցաւ 2016թ. Ապրիլեան պատերազմով, իսկ դրա դէմ առաջին լուրջ ընդվզումը՝ Սասնայ Ծռերի Յուլիսեան Ապստամբութեամբ…

Համակարգային փոփոխութիւնների անհրաժեշտութիւնը Հայաստանում շեշտուեց թէ՛ 2016թ. Արցախի Ապրիլեան Քառօրեայ պատերազմին և թէ՛ Սասնայ Ծռերի Երևանի Յուլիսեան ապստամբութեանը յաջորդած կադրային տարաբնոյթ փոփոխութիւններով… Իրենց պաշտօններին հրաժեշտ տուեցին (և դեռ կտան, թէպէտ՝ լուռ և անպատիժ) բազում գեներալներ, փոխնախարարներ, նախարարներ, և նոյնիսկ՝ ՀՀ վարչապետը…
Սակայն, արդեօ՞ք կադրային փոփոխութիւնները նշանակում են համակարգային փոփոխութիւններ…
Թէ՛ պատմութիւնը, թէ՛ Հայաստանի Հանրապետութեան ներկայիս շարունակուող ճգնաժամային վիճակը ցոյց են տալիս, որ ո՛չ…
Հասկանալով այս ամէնը, ՀՀ-ում իշխող ռեժիմը 2016թ. սեպտեմբերի 21-ի Անկախութեան զօրահանդէսին ասպարէզ բերեց իր վերջին յաղթաթղթերից ևս մէկը՝ ռուսական ՙԻսքանդեր-Մ՚ հրթիռային համալիրները…
Սակայն հայկական պետականութեան և հայ ազգի ճակատագրով մտահոգ իւրաքանչիւր քիչ թէ շատ մտածող հայ մարդու համար ակնյայտ է, որ Ռուսաստանի համար ՙՙԻսքանդեր-Մ՚՚-երի երևանեան 2016թ. սեպտեմբեր 21-եան այդ ցուցադրութեան կամ շօուի իմաստը ո՛չ թէ Ադրբեջանին զսպելն է, այլ հայ ժողովրդի հաւատը և հենց Հայաստանը վերջնականապէս չկորցնելը… Իսկ ՙՙՀՀ ռազմաքաղաքական ղեկավարութիւն՚՚ կոչուած նահանգական կգբ-ական վարչակազմի համար ՙՙԻսկանդեր-Մ՚՚-երի երևանեան 2016թ. սեպտեմբեր 21-եան այդ ցուցադրութեան կամ շօուի իմաստն իր աթոռների հնարաւորինս երկարատև պահպանումն է…
Ուստի՝ հայկական պետականութեան և հայ ազգի ճակատագրով մտահոգ իւրաքանչիւր քիչ թէ շատ մտածող հայ մարդու համար համակարգային փոփոխութիւնների անհրաժեշտութիւնը օդում կախուած է…

Հայաստանում համակարգային փոփոխութիւններ անելու համար հարկաւոր է՝
1. ներկայիս հակաժողովրդական և փտած ռեժիմի բոլոր ներկայացուցիչների հեռացումը իշխանութիւնից և նրանցից առաւել մեղաւորներին դատական պատասխանատւութեան ենթարկելը,
2. Նէոգաղութային տէրութեան՝ Ռուսաստանի կողմից տարբեր մեթոդներով Հայաստանի Հանրապետութիւնից խլուած ռազմավարական նշանակութեան տնտեսական օբյեկտների վերադարձը հայ ժողովրդին և Հայաստանին, այդ թւում՝ ատոմակայանի, երկաթուղու, ռազմական գործարանների, կապի համակարգի, գազամատակարարման համակարգի, էլեկտրամատակարարման համակարգի…
3. Ռուսաստանի պաշտպանութեան նախարարութեան զօրքերի և Ռուսաստանի ֆսբ-կգբ-ի սահմանապահ զօրքերի դուրս բերումը Հայաստանից և նրանց փոխարէն հայկական համապատասխան զօրամասերի և զօրամիաւորումների տեղակայումը,
4. Հայաստանում լիւստրացիայի անյապաղ անցկացումը և ռուսական գործակալական ամբողջ ցանցի բացայայտումն ու չէզօքացումը,
5. ՀՀ բոլոր քաղբանտարկեալների անյապաղ ազատ արձակումը,
6. Անաչառ եւ գիտական քննութեան պէտք է ենթարկել մեր զինուած ուժերի վիճակը, Հայաստանի ամբողջ պաշտպանական համակարգի, այդ թւումՙ նրա ուժային կառոյցների, մասնաւորապէս Զինուած ուժերի, նրա բոլոր զորատեսակների, յատկապեսՙ օդուժի, հակաօդային պաշտպանութեան եւ օպերատիւ-մարտավարական հրթիռային զօրքերի հաւասարակշիռ զարգացումը, ռազմավարական զսպման հրթիռային զօրքերի ստեղծման գործընթացի անյապաղ մեկնարկումը, բացի այդՙ ռազմական գիտութեան (ռազմագիտութեան) եւ նրա մասը կազմող ռազմարուեստի պատմութեան առաջանցիկ զարգացման հնարավորութիւնները, մօտիկ եւ հեռու բոլոր հարեւան պետութիւնների եւ մեր տարածաշրջանում ռազմական գործողութիւններին ներգրաւուելու ունակ համաշխարհային գերտերութիւնների եւ միջազգային ռազմաքաղաքական դաշնախմբերի ռազմական դոկտրինները, ինչպես նաեւ համաշխարհային վտանգ ներկայացնող ահաբեկչական կազմակերպութիւնների հաւանական գործողութիւնների սցենարները: Եվ այդ ամէնը պէտք է զուգակցուի արագ, ճշգրիտ ու նպատակասլաց գործնական աշխատանքների իրականացմամբՙ յանուն մեր ռազմական հզօրացման… Կարիք կլինի վերանայելու Հայաստանի ռազմական դոկտրինը, լուրջ փոփոխութիւններ կատարել ՀՀ Ազգային անվտանգութեան ռազմավարութիւնում… Կարիք կայ կատարելու լուրջ պաշտպանական, տնտեսական, գիտական, կրթական բարեփոխումներ եւ այդ ամէնը՝ առհասարակ քաղաքական համակարգի լուրջ փոփոխութիւնների համատեքստում և դրանց զուգահեռ…
7. Ի շարունակումն ռազմական և ռազմաքաղաքական բարեփոխումների՝
ա. առաւելագոյնս մաքրել եւ հզօրացնել ՀՀ պաշտպանական համակարգը…
բ. ձևաւորել յաղթելու հնարավորութիւնը տեսնող և այդ հնարաւորութիւնը ստեղծող վճռական եւ մաքուր ռազմաքաղաքական ղեկավարութիւն…
գ. ՀՀ-ն պետք է անցնի շուէյցարա-իսրայէլական պաշտպանական համակարգի, ստեղծի համաժողովրդական ռեզերվային բանակ,
դ. Զարգացնել հայկական պետականութեան քաղաքացիական պաշտպանութեան համակարգը` մեր ազգաբնակչութիւնը եւ տնտեսութիւնը պաշտպանելու նպատակով.
ե. Զարգացնել մեր սեփական միջին եւ հեռահար ՕՄՀ-ների և ՌՀ-ների համակարգը, ինչպէս նաև` հիմնադրել և զարգացնել ՀՀ օդատիեզերական ուժերը, դրանով իսկ անցնելով 6-րդ սերնդի պատերազմ մղելու ընդունակ պետութիւնների շարքը.
զ.Պէտք է թուրք-ազերիական ագրեսիւ ծրագրերին հակադրել ՀՀ-ում եւ Արցախում մեր սեփական հակահրթիռային եւ հակաօդային պաշտպանութեան հզօր համակարգի ծաւալումը՝ դուրս մղելով ռուսական գաղութային կամ նէոգաղութային քաղաքականութեան որևէ տարր.
է. Հայաստանը թուրքական օղակաձև վտանգի դէմ պէտք է անցնի շրջանաձեւ պաշտպանութեան…
ը. Մշակել 7-րդ սերնդի պատերազմ վարելու յարձակողական և պաշտպանական հայեցակարգ և ստեղծել համապատասխան ուժեր ու միջոցներ:

8. Քառորդ դար շարունակ Հայաստանի Հանրապետութեան և նրա մասը կազմող Արցախի ազգաբնակչութեան մեթոդիկ նուազեցման քաղաքականութեան փոխարէն անցնել այդ ազգաբնակչութեան արագ և արդիւնաւէտ աճի քաղաքականութեան՝ հայ ժողովրդին և հայ հասարակութեանը դիտելով որպէս Հայկական պետականութեան մեծագոյն ռեսուրս, իսկ Հայկական պետականութիւնը՝ որպէս Հայ Ազգի մեծագոյն արժէք…

9. Հայաստանի Հանրապետութեան Ազգային անվտանգութեան ռազմավարութեանը զուգահեռ` ստեղծել Հայ Ազգի համազգային անվտանգութեան հայեցակարգ:

10. Սփիւռքը մաքրել ռուսական ֆսբ-կգբ-ի և նրա գործիքի՝ հայկական կգբ-ի կողմից ներդրուած պղտորիչ տարրերից…

11. Արևմտեան Հայաստանի հողերի վերադարձը յայտարարել ՀՀ-ի և համայն հայութեան համազգային խնդիրը և Արևմտեան Հայաստանի դրօշը խլել օտար ուժերի կողմից կառավարուող զանազան անհատներից ու կազմակերպութիւններից…

12. Ազատ, Անկախ, Միացեալ Հայաստանի ստեղծման յայտարարումը և համահայկական իշխանութեան մարմինների, այդ թւում՝ համազգային խորհրդարանի և համազգային վստահութեան կառավարութեան կազմաւորումը՝ ներգրաւելով ՀՀ, Արցախի, Ջաւախքի, Նախիջևանահայութեան, Արևմտեան Հայաստանի և Սփիւռքի բոլոր կարող ու նուիրեալ, մաքուր ազգային ուժերին:

Ահա միայն այս կերպ, այլ ոչ թէ՝ ձևական կադրային փոփոխութիւններով, Հայաստանը կունենայ համակարգային փոփոխութիւններ, որոնք կ՛յանգեցնեն Հայկական պետութեան ինքնիշխանութեան և իրական անկախութեան վերահաստատմանը, ինչպէս նաև ՀՀ ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական և հոգևոր-մշակութային անվտանգութեան իրական ապահովմանը:

Սա է Հայկական ինքնուրոյն պետականութեան ապագան կերտելուն և Հայ ազգի յարատևմանն ուղղուած կարևորագոյն քաղաքական քայլը…



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Levn Poghosyan
Sep 23, 2016 21:11