ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Friday, July 22, 2016 11:46 - 3 քննարկում
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի դիմումը համայն հայությանը
Հայաստանում առաջացել է օրհասական վիճակ. ժողովուրդն ապստամբել է, իսկ սերժսարգսյանական ռեժիմն անցել է բռնությունների: Իրավիճակից ելքը իշխանափոխությունն է, որի համար ֆորումի վերջին՝ 2013 թվականին կայացած համագումարի ընթացքում ստեղծվել էր “Հայոց Համահայկական Ճակատ”: Այսօր ժամանակն է համախմբվելու բոլոր առողջ ուժերով՝ պայքարի այդ միացյալ ճակատը զարգացնելու համար:
Պայքարը բաղկացած է երկու փուլից.
Ա. Իշխանափոխություն,
Բ. Տնտեսության վերածնում:
Իշխանափոխության համար պետք է միավորել Սփյուռքի և Հայաստանի ողջ ուժերը և պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը:
Նախապես պետք է համախմբել Հայաստանի և Սփյուռքի արհեստավարժ և փորձառու մասնագետներին և գործիչներին՝ ապագա արհեստավարժ կառավարության ձևավորման համար: Նման ոչքաղաքական կառավարություններ ձևավորվում են կրիզիսային վիճակում գտնվող երկրներում և մեկ֊երկու տարի գործելուց հետո իշխանությունը հանձնվում է ժողովրդավարական ընտրություններով ընտրված կառավարությանը:
Արտերկրի հայությունն ունի, ըստ մեր հաշվարկների ավելի քան տաս֊տասնհինգ միլիարդ եվրոյի ներդրումներ հրատապ կատարելու հնարավորություն: Միայն ԵՀՄՖ-ի շուրջ համախմբված ուժերը պատրաստ են հենց հիմա մի քանի միլիարդ եվրոյի ներդրումներով սկսել երկրի կործանված արդյունաբերության վերականգման գործընթացը:
Նոր կառավարությունը կունենա նաև արտաքին քաղաքականությունը նոր, հայանպաստ ուղով զարգացնելու հնարավորություն և Արցախի խնդիրը միջազգային իրավական նորմերով լուծելու ուժ:
Ելնելով ասվածից առաջարկում ենք Սփյուռքի և Հայաստանի բոլոր առողջ հայրենասեր կազմակերպություններին և անհատներին միավորվել “Հայոց Համահայկական Ճակատ”ի մեջ և լծվել մեր երկրի փրկության խնդրի լուծմանը՝ ոտքի կանգնելով և երկրի նախագահի ու կառավարության հրաժարականը պահանջելով: Նախագահ Սերժ Սարգսյանը պետք է հասկանա, որ ողջամտությանը հետևելու դեպքում միակ ճիշտ, անարյուն և առանց ճակատագրական հետևանքների լուծումն իր շուտափույթ հրաժարականն է:
Համախմբվենք Հայոց Համահայկական Ճակատի ներքո սկսված պայքարն ավարտին հասցնելու համար:
Եվրոպայի Հայկական Միությունների ֆորում:
3 քննարկումներ
Levn Poghosyan