ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Monday, July 18, 2016 23:50 - 2 քննարկում
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի մամլո քարտուղարության հարցազրույցը նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանի հետ՝ կապված Հայաստանում տիրող իրավիճակի հետ։
-Պարոն Գրիգորյան, Ձեր գնահատականը կատարվածին։
-Ապրում եմ մեծ ցավ, խռովմունք և զայրույթ, նաև՝ խիստ ամոթ եմ ապրում իմ օտարերկրյա քաղաքական գործիչների, գործընկերների և օտարների հետ շփվելիս։ Ստեղծվել է իրավիճակ, որը պատիվ չի բերում մեր ժողովրդին։
-Մեղավորներն ովքե՞ր են։
-Պատասխանը հստակ է։ Միայն և միայն ՀՀ իշխանական համակարգը և առաջին հերթին՝ նախագահի աթոռը զավթած Սերժ Սարգսյանը։ Անկասկած, զինված ապստամբությունը բողոքի ծայրահեղ ձև է, և ամենուր դրան դիմում են ծայրահեղ դեպքերում։ Եվ արդյունքը միշտ էլ լինում է ողբերգական։ Սակայն նման իրավիճակներում պետք է լինել լայնախոհ և ճիշտ վերլուծություններ կատարել։ Տղաների մեծ մասը հայտնի են սփյուռքին որպես չափազանց ազնիվ հայրենասերներ և լուրջ մտավորականներ։ Խոսքը ոչ թե այդ գործողության մասնակիցների, այլ նրանց շուրջ հավաքված մտավորականների ողջ բազմության մասին է։ Տարիներ ի վեր մենք տեսնում ենք Գարեգին Չուքազյանի և Ժիրայր Սեֆիլյանի անմնացորդ ջանքերը՝ երկրում ինչ-որ բան փոխելու ուղղությամբ։ Հայաստանում գործում է իշխանությունը զավթած բանդան և Սերժ Սարգսյանի կողմից «ապրելու իրավունք ստացած» ընդդիմությունը մի կողմից, և կարիերա չհետապնդող, ոչ աթոռապաշտ, այլ իսկապես հայրենասերների ստվար բանակը, որը պայքարում է երկրի ներքին և արտաքին քաղաքականությունը հիմնովին փոխելու համար մյուս կողմից։ Այս մենամարտը գնալով սրվում է, և այսօր ականատես եղանք դրա ծայրահեղ արտահայտությանը։
-Ո՞րն է Հայաստանում դժգոհության հիմնական պատճառը։
-Ես կարող եմ որպես դժգոհության բացառիկ ճիշտ ցուցանիշ ընդունել արտագաղթի և արտագաղթողների մեծ ցանկություն ունեցողների քանակը։ Մենք արտերկրում ականատես ենք, թե ինչպիսի երանությամբ են ժամանում արտագաղթածները և որ ավելի սարսափելին է՝ ինչպիսի երազանքով են ապրում Հայաստանում արտագաղթելու մարմանջով ապրողները։ Եթե տասը տարի առաջ մենք հայհոյում էինք Հայաստանը լքողին՝ հայտարարելով, որ արտերկրի հայությունը պատրաստում է մեծ ներգաղթ դեպի Հայաստան, ապա այսօր լուռ դիմավորում ենք մեր հայրենակիցներին։ Թե ինչու՞ եվրոպական շատ ժողովուրդներ, որոնք ունեն նախկինում ձևավորված հսկայական սփյուռք, օրինակ՝ սլովակները, և այսօր այդ ժողովուրդների մոտ արտագաղթ չի գրանցվում, ունի պարզ բացատրություն․երկրները, որտեղ ապրում են այդ ժողովուրդները, ամբողջովին նորմալ կյանքի պայմաններով են ապահովված, գործում է արդարադատությունը, երկրի ղեկավարությունն իրականացնում է տնտեսության զարգացման պլանները, որի ծրագիրը նա հաստատել էր ընտրությունների ընթացքում։ Հայաստանում ճիշտ հակառակն է․ երկրի նախագահը խոստանում է ամեն ինչ և անում ոչինչ։ Բացահայտորեն ընտրությունների ժամանակ հայտարարում է, որ «խփելու են այնքան տոկոս, որքան ուզեն», արդարադատությունը ծառայում է և սպասարկում նախագահի շահերը, իսկ ժողովրդի նկատմամբ ցինիզմի չափերը անտանելի են և հասել են հիվանդության աստիճանի։ Նման իրավիճակում իշխանությունը թող պատրաստ լինի ժողովրդի կողմից ծայրահեղ քայլերի ու դրան դիմագրավելուն։
-Ինչպիսի՞ն է արտերկրի վերաբերմունքը կատարվածին։
-Կիրակի օրվա ընթացքում ես ստացա բազմաթիվ հեռախոսազանգեր՝ Սլովակիայի և Եվրոպայի հայտնի քաղաքական գործիչներից և գործընկերներից, որոնց ասածը կարող եմ ամփոփել մեկ նախադասությամբ․ երկիրը, որտեղ նման ապստամբություն է կատարվում, ծանր հիվանդ է։ Բնականաբար, նման իրականություն ստեղծելու ողջ մեղավորությունը դրվում է տվյալ երկրի իշխանության վրա։ Ասեմ, որ հատկապես իմ համար ծանր էր լսելու Հայաստանի մեծ բարեկամներ, Սլովակիայի հայտնի քաղաքական գործիչների նման գնահատականները։ ՀՀ նախագահը առանց այն էլ հեղինակություն չունի եվրոպական երկրներում և այս իրավիճակում ընդհանրապես կորցնում է իր վերջին հարգանքը։
-Ինչպե՞ս եք տեսնում ելքը իրավիճակից։
-Միակ ելքը շուտափույթ իշխանափոխությունն է։ Այլևս անիմաստ եմ համարում խոսել նրա մասին, որ Հայաստանում ոչ միայն սփյուռքահայ ներդրողը չի կարող գործել, այլև տեղական արտադրողները դադարեցնում են արտադրությունները, ներմուծողների քանակը պակասում է՝ կենտրոնանալով մի շարք օլիգարխների ձեռքին, արտաքին քաղաքականությունը փակուղի է տարել երկիրը և այլն։ Հատկապես սուր է ընկալվում Արցախի ազատագրված տարածքների շուրջ իշխանության դիրքորոշումը։ Վերջին դեպքի շուրջ խոսելիս պետք է հաշվի առնել նաև Արցախի ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանի և նրա համակիրների վերաբերմունքը Արցախի հարցի շուրջ ստեղծված իրավիճակին։ Նախագահը բացահայտ ցույց է տալիս, որ պատրաստ է «ամայի և մեզ համար անպետք» տարածքները զիջել թշնամուն։ Բնական է, որ ողջ հայ ժողովրդի կողմից սա ընկալվում է որպես պետական դավաճանություն։ Ինչպե՞ս կանխել այն․ միայն և միայն իշխանափոխությամբ։ Իշխանափոխության ի՞նչ ուղիներ ընտրել․ իհարկե՝ անարյուն և իշխանությունների հետ բանակցությունների ճանապարհով։ Ինչպե՞ս հասնել, որ իշխանությունները զիջեն․ իշխանությունների վրա ժողովրդի ազդեցության լծակները մեծացնելով և առավելագույնի հասցնելով։ Դրա ուղիները տարբեր են և իշխանության խելամտությունից է կախված՝ որքան շուտ կընկալի իրավիճակի բարդությունը և հրաժարական կտա։ Կրկնում եմ՝ ՀՀ նախագահի խելամտությունը կարող է օգնել հայ ժողովրդին՝ գնալու ճիշտ ուղով և կամ հակառակը՝ առավել մեծ ուժով շարունակել արտագաղթը (սա՝ պայքարից խուսափողների դեպքում) և առավել մեծացնել իշխանափոխության համար ընթացող պայքարը՝ դիմելով նույնիսկ ծայրահեղությունների (սա էլ՝ հայրենասեր ուժերի և ակտիվ հասարակության կողմից)։ Բացի նախագահի և գործող խայտառակ իշխանությունների հրաժարականից, այլ ելք իրավիճակից ես չեմ տեսնում։
ԵՀՄՖ մամլո քարտուղարություն
2 քննարկումներ
Rudolf Muradyan