ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ Admin. Tuesday, May 31, 2016 14:24 - չքննարկված
ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ:ՀԵՐՄԻՆԵ ԱՆՏՈՆՅԱՆ
ՀԵՐՄԻՆԵ ԱՆՏՈՆՅԱՆ
**
Սանդուղքով,անգայթ,
Իջնում է առավոտը՝
Կոկոնվում է
Լույսի բերկրությունը,
Աղոթքի հյուլեներ է մեկտեղում Երկինքը.
Լցվում են օրհնության սկահակները…
Հողն արտաշնչում է
Հոգնության փոշին….
Երկնքում դրոշմվում է
Օրվա անցուղին,
Շռայլվում է
Մեծ խանդաղատանքը,
Բացվում է լուսավոր ամպը…
Կարոտե՜լ եմ քեզ, Տե՛ր…
**
Վաղուց արդեն Ճաշս ավարտել եմ
Երազանքի պանդոկում
Եվ ետ եմ հրել
Սիրո բոլոր փշրանքները…
Ու հիմա զուր եմ փնտրում ՝
Ինչ-որ մեկն արդեն գտել է քեզ,
Որ բոլորովին իմ ուզածը չէիր…
Կարծում էի՝ բանաստեղծություն ես՝
Կշտկեմ՝ կդառնաս շքեղ.
Չստացվեց. բռնահանգերը շատ էին…
**
Օրվա երկվությունից կծկվում եմ…
Երազանքի կողքին
Իրականությունը
Ծանր հյուսերն է պտտեցնում.
Էջանշում եմ ուրա՛խ թրթիռներս…
Դու սեփականում ես
Խաղերը հոգուս
Եվ ցույց տալիս մտքերիս
Դիմանկարները,
Սրտիս մեջ սեղմվում է
Հայացքիդ երկտողը.
Լռի՛ր, ու՛շ է հուշը կիսելը…
Ապակուց այն կողմ՝
Գույները կարող են խաբել,
Բայց անպայման կպատմեմ
Խոստացած հեքիաթներս…
**
Քո կանչը չկա…
Դու անձայն կանգնեցիր
Փակվող դռան առաջ,
Իսկ այնտեղ՝ դռան ետևում ՝
Սահմանագծից այն կողմ,
Ավարտվում էր սերը…
Ես բարության
Հանքերն էի պեղում,
Ինչպես մեծ արշավի ժամանակ,
Սրդողում ՝ մենամարտից առաջ՝
«Կա» ու «Չկա»-յի խառնազանգվածում:
Դու ձանձրույթից մաքրեցիր
Կոշիկներիդ փոշին,
Վերցրիր վերջին բանալին,
Կողպեցիր դուռը՝
Երկար, ուշի-ուշո՜վ,
Ինչպես մեծ արշավից առաջ…
**
Անցորդ չկար. Ճամփաները սոսկացին…
Մի գողունի հայացք
Կիսաբացվեց՝
Փշաքաղ ավազից զատ,
Ողջագուրվեցին
Ամայության հատուկենտ
Բնազդները,
Ժամանակի մրուրը
Շարունակեց պարը…
Կսկիծը փայլատ աչքը ճպճպացրեց.
Իրակա՛ն էր սեպը՝
Փառքի գուլպաներ հագան
Սպասված ոտնահետքերը…
**
Սիրո կիսատ մի օր
Լուսամուտներ
Փնտրեցի զուր՝
Մխիթարանքի ճերմակ
Հողաթափեր գտա,
Հետո…թևերս ընտելացրի
Համբերության հավերժին:
Սիրո կիսատ մի օր
Անդորրի հուլունքաշարը
Ցիրուցան եղավ,
Սուզվեց կանաչող կղզին,
Ծաղկի մաղթանքը
Կակազեց,
Մնաց քամահրանքը՝
Խրախճանա՜ծ…
**
Մի՜ վտանգիր մութս,
Որ ավարտին է մոտենում.
Գուցե հասցնեմ
Մարաթոնին լույսի՝
Խամաճիկների
Ցատկերն անգոսնելով,
Չցնծալով ծաղրանքի
Դրոշների տակ…
Մի՜վտանգիր հույսս՝
Գալարապտույտ
Ձանձրույթ է՝ճնշող,
Կենսաձևը՝
ժպտուն ճամփաների, հնացե՜լ է,
Խաբվածների ճակատամարտ է՝
Խաբկանքի հաղթությամբ…
Մի՜ վտանգիր թելս՝
Կարկատանների.
Անդու՛նդ նետիր
Լուտանքներս ինքնապարսավ.
Անապատներ կփնտրի
Արցունքս,
Կզննի խոցերը մենության…
Մի՜ վտանգիր պարտությունս,
Որ հաղթանա՜կ է մի…
**
Դու երաշտ էիր.
Սիրտս կարկանդակներ թխեց՝
Աչքերս պղտորվեցին
Երկմտանքի ծխից…
Մամուռի տակ պառկած
Խոնավություն էիր.
Ես քո հողը չէի,
Ու դու տարածվեցիր
Քարերի վրա…
Երեկո էիր.
Խոսքերդ խուրձ էիր արել՝
Բախտորոշ սվսվում էիր՝
Փշրելով սիրո լապտերները…
Զու՜ր ես բռունցքներդ պարզել
Խղճիդ հողմերին…
**
Մի՛ կծկվիր, գիշեր.
Իմ ցավը որովայնիդ մեջ չէ,
Ապաշավանք է հոսում արևից,
Ծուլացել է սրտիս
Խաղաղությունը՝
Փնտրում եմ…
Իսկ ես քարափներ էի զուգել
Ծիլերովս միամիտ,
Բայց ցավացին սրտիս հետքերը…
Մի՜ հոտոտիր, գիշեր,
Չե՛մ տա լույսի իմ հացը…
**
Կհիշես ինձ
Հաջող օրվա ժպիտով.
Պատահականության պես
Ժլատ չես լինի.
Տարտամ հայացքները
Կասկած կունենան,
Թե սպեղանի ես…
Իսկ ես, մի պահ միայն,
Իմ պատուհանից կդիտեմ
Հորձանուտս.
Դու չտխրես
Սիրո անցուդարձին,
Մենավո՜րս…
**
Եդեմի դուռը
Միշտ բաց է…
Փորձիր հաշվել
Խճաքարերը….
Իսկ իմ շունչը կտրվեց
Անհետացող
Հարթակները ելնելուց…
Ցեխաջրի մեջ
Շուտասելուկներ են՝
Չեն երևա,
Թե փշերի վրայո՛վ նայես:
Չե՛մ կարող բարձս հպել
Անմաքուր պատին.
Իմ երամը կվերադառնա՜
Մեկուսի վայրերից.
Ինձ չկանգնեցնես,
Թեկուզ մե՜ղր ծորա
Շփոթմամբ…
**
Բզկտված երգ կար
Ճամփին՝
Մերկ էր.
Լքել էր նրան մեկը,
Երևի…
Ուզեցի օգնել՝
Տրտմեցի վերքից՝
Ամոթի վիհը մտա…
Մի ուրիշ երգ կար
Ճամփին՝
Հեղգ էր.
Մոռացել էր մեկը,
Երևի.
Շոյեցի մատները
Մգլոտ,
Գանգուրների փոշին
Երգեցի,
Ցատկեց՝ պատռելու՛
Կոկորդս,
Ասաց՝
Կամ ՝ ես,
Կամ՝ դու…
14.07.2016
ՀԵՐՄԻՆԵ ԱՆՏՈՆՅԱՆ
Նոյեմբեր 19. 2016