ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ Admin. Tuesday, May 31, 2016 22:37 - չքննարկված
ՀԱՍՄԻԿ ԱՋԱՄՅԱՆ
ՀԱՍՄԻԿ ԱՋԱՄՅԱՆ
***
Ականջս քո արդար բողոքին`
Քո թշվառ օրն ինձ ես չեմ ներել,
Տկար է մարմինն իմ, բայց ոգին
Կրակե շապիկ է միշտ կրել,
Սիրում եմ ասել քեզ`ժողովուրդ,
Ու զսպել կրքերն իմ անձնական,
Ու սրտանց մոտ լինել հոգուդ,
Վառ լինել, ոնց երկրիս ապագան:
Կռվի մեջ խաղաղ ենք ապրում`
Ոսոխին անունով գիտենք,
Ոնց ամբոխ, հաճախ ենք խաբվում,
Ժողովուրդ`մենք պետք է լինենք:
Չեմ ուզում աչքերդ կապեն,
Ինձ քեզնից օտարեն անհոգի,
Թշնամիք մեղքի պես շատ են,
Անականջ քո արդար բողոքին:
Աչքն առաջ տիրոջն է լույս տալիս,
Օտարից իզուր ենք սեր մուրում,
Մեջ ուտում `ղրաղ է ման գալիս
Օտարն ու մարգարե… չի լինում:
Ժողովուրդ, բռիդ մեջ է հոգիս,
Ձայնդ տուր քո խղճին ու պատվին,
Աստծո պես կների ոգիս ինձ,
Հույսը իմ կապել եմ քո բախտին:
***
Հայկական կանթեղ,անմար կրակով,
Որ երկինք տանող ճամփին ես բոցվել,
Ասում են վառ ես սրբի արցունքով,
Պահում ես նրա հուշից քո մեջ թել:
Նրա հաստատած խորանի վրա`
Արագած լեռան թևերին խաչված ,
Սրբասես լույսի խորհուրդն ես անմահ,
Պահում ես նրա լույսն ի սեր Աստված:
Դու մեր հավատքի պատմության վկա,
Սուրբ Գրիգորի աջով օրհնված,
Հայկական Կանթեղ, հոգու լուսնկա,
Իմ ազգի կամար` աշխարով փռված:
***
Անիմաստ, անհեթեթ իմ հավատ,
Ում հետ ես բողոքի ցույց արել,
Փողատեր ամեն մի կավատ
Ինձ հետ քեզ շուկա է տարել:
Առել ու ծախել են մեկմեկու,
Մեզանով իշխան են ու արքա,
Մեկ չեղանք`մնացինք միշտ երկու,
Նրանք էլ մնացին միշտ ագահ:
Ու հիմա, դու հիմա իմ հավատ
Ինձ հետ ես, որ անհույս չմեռնեմ,
Որ խմենք կյանքը մեր մի գավաթ
Ու հետո թող ցույցը մեր ցրեն:
Անհեթեթ, անիմաստ իմ հավատ,
Որ անվերջ փորձում եմ քեզ փրկել,
Որ հույսը կաթիլի մի գավաթ
Ինձ մեկնած քո ձեռքով չկոտրել:
Հոգնել եմ ուժեղի պայքարից,
Թույլի պես էլ ապրել չեմ կարող,
Չգիտեմ, էլ ինչպես մնամ ինձ,
Որ լինեն երգերս լուսաշող:
Փուլ առ փուլ`հույզերիս փաթեթով
Պոկվում ես ինձանից անվճար,
Չի լինում երգ գրել հոգեթով,
Հայհոյելն ինձ համար չէ բնավ:
Արժեքներն էլ արդեն գին չունեն,
Ամենքը շահին են աչք փակում,
Քեզանով ինձ շատ են տրորել,
Մինչդեռ ես քեզով եմ ինձ չափում:
Փնտրել եմ միշտ խորհուրդ ու իմաստ,
Ինձ տրված կյանքով եմ վաստակել,
Քո առաջ ծնկել եմ արդ նվաստ,
Հաշիվը փորձում եմ ես փակել:
***
Երես եմ թեքում քո ցավից`
Ինձ համար սովորական,
Գահակիրներիդ խավից,
Խաղերից պաշտոնական:
Խուլի նման եմ դարձել`
Էլ հետ չեմ նայում,
Այս ինչքան են շատացել
Պարտքերը քո աշխարհում:
Բերանս էլ չի բացվում
Օրենքներիդ առարկեմ,
Քեզ ինձանով են փորձում
Քո դեմ դուռս որ փակեմ:
Մուրացիկներն աներես
Փողոցներդ են երկարել,
Որ աչքերիս չնայես
Ես քեզ մեջքով եմ դառել:
Անկախ ես, խոսքդ` ազատ,
Շղթաներդ չհաշվես,
Երկիր իմ, տուն հարազատ,
Դու ցավի հետ չհաշտվես:
***
Հարցնում ես` ոնց եմ առանց սիրո ապրում,
Քանզի սիրելով եմ ես երջանիկ,
Մենությունն իմ օրվա հագուստի պես հագնում,
Ու հայելուս տալիս անսեր տարիք:
Խնդությամբ լի սինի կյանքն ինձ չնվիրեց,
Ունեցածիս համար գոհ եմ լինելու չափ,
Իմ կամքն Աստծո կամոք հարատևեց,
Մենության մեջ գտա քաղցր տանջանք:
Չգիտեի կանխավ իմ բախտը պոետի`
Անդինից տուն բերող կամուրջ ու ճանապարհ,
Գանակոծել է ինձ կոտրած ձեռքն աղետի,
Մտքիս մեջ կան ցավի բլուրներ ու խաչքար:
Երջանկության տոն է այցը որդիներիս,
Թոռնիկներիս համար մայրանում եմ կրկին,
Արձագանքն իմ սիրո թևերին երգերիս,
Սիրտ են տալիս, ոգի, պոետիս երկունքին:
***
Ասես կանչող կնոջ պերճանքի փայլ `
Շլացած ապակուն պատուհանիս,
Խաբվեցի արևին` մեջը գոլ չկար,
Ցրտաշունչ օրեր են, ձմռան ամիս:
Վերից է վար գալիս արև ու լույս,
Հայացքիս ուղղությամբ աչքը պահում,
Իմ տան չորս պատի մեջ մնում է կույս`
Արևն, ինչքան իրեն սառն է պահում:
Տաքացա արևին իմ հավատով`
Շլությանն ապակուս հենվեցի,
Արքայություն անցավ իմ կարճ մտքով,
Արդար ես Արեգակ Իմ`ասացի:
***
Ժպիտ չեն դեմքիս ծաղիկներն անգամ,
Որ մանուշակ են, վարդեր ու կակաչ,
Տեղս չգիտի վաղուց իմ արքան,
Դուռս չեմ բացում թակողի առաջ:
Փակվում եմ ներսից դրսում էլ անգամ,
Առաջվանից էլ փխրուն եմ հիմա,
Գտնում եմ մոտիկ տուն տանող ճամփան,
Տանն ասես վաղուց սպասում է նա:
Այդ ծաղիկները թփից մի պոկիր,
Որ մանուշակ են,վարդեր ու կակաչ,
Փնջելու համար ծաղկանց մի ջոկիր,
Մի կարճիր իզուր նրանց կյանքը կարճ:
***
Քեզանից ինձ ձգվող հեռուն
Անապատ է ասես ծարավ,
Այրող ավազն իր բիբերում
Սերմանել է մութը` խավար:
Տկլոր քամին` իմ տրտմության
Հայելու մեջ է լողանում,
Ղողանջում են իմ լռության
Զանգերը հին ու խլանում:
Ինձանից քեզ ձգվող հեռուն
Էլ ծաղկազարդ ճամփա չունի,
Փետրավոր է` ինչպես թռչուն,
Որ մեռնում է հանուն տոնի:
ԵՂԵՎՆԻ
Առաջ էլ էիր վերձիգ ու շքեղ,
Եվ զմրուխտյա էր անգամ ստվերդ,
Անտառը` կանաչ, աշխարհը ջրիկ
Սիրով էր օծում փշոտ ճյուղերդ:
Չէիր երևում աչք շոյելու չափ`
Ամառ ու գարուն ուներ ամեն ծառ,
Կանաչը ծով էր` փռված ափեափ,
Սովորական էր ամեն բան պայծառ:
Վաղուց ընկել են ձմռան ցրտերը,
Անտառը մերկ է` արևից խաբված,
Ձմռան ձյուները մատնում են տեղդ,
Նույն փշոտ ծառն ես` դու անմեղ կանաչ:
ՈՐԴԻՆԵՐԻՍ
Հոգսաշատ ճանապարh անցա.
Հեշտ բան չէ հայր ու մայր լինել,
Ծնկեցի ու ցավից բարձրացա,
Բայց կարող եղա ձեզ սիրել:
Չիմացաք հոգսիս պոչը պահել,
Գայլաձուկ, կարապ ու խեցգետին,
Բայց կարող եղա ձեզ սիրել,
Ծնողի մաշված ու սիրով հին:
Ծերացա ու դուք էլ մեծացաք,
Չեմ ուզում ձեզ համար բեռ լինել,
Թռչնի պես ինձանից հեռացաք,
Իսկ ես դեռ կարող եմ ձեզ սիրել:
*****
Ինձ մի ներիր, մի ներիր ինձ,
Թող աշխարհից խռով մնամ,
Թող խղճիս հետ կիսվեմ մի քիչ,
Ու թևերիդ չծանրանամ:
Ինձ մի ներիր, ինձ չներես,
Հանց անառակ որդի թե գամ,
Անապատի տոթը իմ մեջ`
Քո ծարավի տեղն իմանամ:
Մնամ հեռվում, քեզնից հեռու,
Թե Գողգոթադ էլ ուրանամ,
Թե գինուդ ջուր եմ խառնել`դու
Այնպես ներիր, որ չիմանամ…
***
Որ հաճախ եմ ինձ հակասում, ես էլ գիտեմ,
Խենթությունն իմ, որ տարիքիս էլ չի սազում
Թաքցնում եմ նրան այնպես, որ հեշտ գտնեմ,
Ձեզանից շուտ հետո ես եմ ինձ բամբասում:
Ինձ տանում եմ մի անապատ ձեզ անծանոթ,
Ուր մարմինս քաղց է զգում, մնում ծարավ,
Ինձ սիրելու համար նրան դառնում եմ խորթ,
Ոգու համար չդարձավ նա պիտանի, լավ:
Տենչը հոգու առանց մարմին չի զորանում,
Սրբանալու համար չէր, որ աշխարհ եկա,
Պիտի անվերջ փնտրեմ կեսին իմ անանուն,
Ու հավատամ, որ նա պիտի իր ոտքով գա:
Չէ, ես շատ եմ ինձ հակասում, իմ տեսակն է,
Իմ ծառից չէ, որ պտուղը չի քաղցրանում,
Իմ ավշի մեջ արեգակի հուշը տաք է,
Իսկ արմատը հողոտ երկինք չի բարձրանում…