ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, May 31, 2016 23:22 - չքննարկված

ՀԱՅՈՒՀԻ ՍՈՒՍԱՆՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ

ՀԱՅՈՒՀԻ ՍՈՒՍԱՆՆԱ ՂԱԶԱՐՅԱՆՀայուհի Սուսաննա Ղազարյան (3)

**

ՊՈԵՏԱՎԱՐԻ

Ես նորից կապրեմ պոետավարի`
թողած քեզ այնտեղ, որ մարդիկ
հաճախ անցյալ են կոչում.
բայց չեն դադարում ապրել անցյալում…
Անհաշիվ օրեր, անքուն գիշերներ,
ու ցավե’ր, ցավե’ր, ցավե’ր անամոք,
գինու մեջ խեղդվող, գինով մոռացվող:
Ժամանակը իր սելը կտանի`
ես մի անհասցե, անտուն սայլապան,
որ հայտնվում է միշտ անժամանակ,
ու ժամանակի ծանրությունն առած
փխրուն ուսերին` գնում է դեպի անհայտությունը…
Ես նորից կապրեմ պոետավարի`
իմ խենթ ու խելառ երգերի նման,
ու կմշուշվեն իմ մութ ու խոնավ
ճամփաները հին:
Անտեր շներին ընկեր կդառնամ,
որոնց տերերը լքել են վաղուց,
ու կթափառենք անվերջ-անդադար`
որսալով լուսնի արտացոլանքը ջրափոսերում:
Պայծառ աստղերի ցոլանքի ներքո
հանգիստ ու խաղաղ մենք քուն կմտնենք
մինչև լուսաբաց… իսկ լուսաբացին`
հոգիս կբաշխեմ ամեն-ամենքին
ու կհարմարվեմ` պոետի կյանքին:

**

ԳՐԿԻ’Ր ԻՆՁ…

Գրկի’ր ինձ…
Գրկիր ամո’ւր, այնքան ամո’ւր.
թող որ լսեմ ոսկորներիս ճարճատյունը,
թող որ հալվեմ, անէանամ քո տաք գրկում,
իսկ թե հետո ինչ կլինի`
թող ծանրանա այս բիրտ կյանքի
չեղած խղճին:
Վանդակի’ր ինձ.
Թող վիրավոր թռչնի նման
ես թպրտամ քո ձեռքերում,
և թևերս անզոր լինեն
վերստին երկինք ճախրելու:
Չէ որ, հոգի’ս, իմ երկինքը դու ես հիմա:
Իմ աստղավառ, իմ արևկա…
Դե’, գրկի’ր ինձ, ամուր-ամուր.
թող խորտակվեմ քո ձեռքերում,
իսկ թե վաղը ինչ կլինի…
Թող որ մնա այս անարդար,
այս գորշ կյանքի մեռած խղճին:

**

Մի անտես ծաղրածու
Անկոչ հյուրի նման
Եկել է ու թառել
Հոգուս ավեր բնում,
Սովորեցնում է ինձ
Հնարքներ անհմա,
Սովորեցնում է ինձ`
Լինել այլոց նման`
Լինել կեղծ ու քսու
Մի հացկատակ խոնարհ
Եվ զարկ տալով դառնալ`
Մունետիկը դարի,
Եվ շռայլել խոսքեր
Ամեն խեղկատակի,
Սիրագորով փարվել
Ամեն մի ստահակի,
Որ ճամփաս խոյանա
Լույս ոլորտում կյանքի…

Բայց ինչ անեմ իմ ծույլ,
Համառ հոգու համար…
Չսերտեց ոչ մի դաս
,,Կինտոների շարքից,,
Մնացել է մենակ,
Մնացել անվրդով,
Հեռու խառնամբոխի
Կեղծ ծափերից, դափից,
Կանչող հեռուներում
Արշալույս է փնտրում…

Բայց ծաղրածուն անտես,
Հեռանալիս թողեց
Արցունքների միջից
Ծիծաղելու արվեստ…

**

ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Մա’յր իմ, նորից եկել եմ քո
Բազմաչարչար հողին այցի,
Եկել եմ իմ նոր երգերով`
Ողջակիզվող սիրտդ բացի’ր:

Երազում եմ քո տաք գիրկը,
Հրդեհներիդ բոցն արևոտ,
Կապտակամար քո երկինքը
Եվ ժայռերդ` վեհ ու քարոտ:

Հոգեվարքիդ գիշերներին`
Տխուր, մռայլ ու արյունոտ,
Հրաժե’շտ տուր, Մա’յր թանկագին,
Բա’վ է` դառնաս լաց ու կարոտ…

**

Եվ իջնում է մթնշաղը արծաթե,
Արբունքի մեջ նռան ծաղիկն է նիրհում,
Ինչ դյուրին է մթնշաղին անրջել,
Երբ հոգուդ մեջ լուռ ցավեր են գիշերում:

Երբ անարև ու մի ծանոթ տխրություն
Կապույտի մեջ իր գորշ թևերն է փռել,
Թռչուն դարձած` մի մեկուսի մենություն`
Եկել է ու սրտիդ խորքում բույն դրել:

Ինչ դյութիչ է մթնշաղը արծաթե
Աստեղային ցոլանքների շուքի տակ,
Ուր նիրհում են երազները ոսկեթև
Թիթեռի պես բույր տենչացող աղջկա:

**

Ցողե կաթիլը արցունքի նման
Դանդաղ հոսում է վարդի այտերից,
Ծագող արևը ձյունառատ ձմռան
Ծաղկի բույրեր է ցողում երկնքից:

Ու խնդությամբ է լցվում կյանքը մեր,
Օվկիան է դառնում մի կաթիլ ցողը,
Ու ջերմանում է մեր հոգին անսեր,
Նորից ճաքում է օրհնված հողը:

Բացե’նք դռները պաղ հոգիների,
Թող հրավառվեն արևի բոցով,
Մեր թոնիրներից թող աղոթք բուրի,
Ու մեր ամբարը լիանա հացով:

**

ԵՍ ՉԳԻՏԵՄ…

Ես չգիտեմ` լուսաբացին ինչ կլինի…
Բայց արևներ գլորվեցին մինչ լուսաբաց,
Ու թե հանկարծ սիրախաղն այս շուտ ավարտվի`
Ես կմնամ իմ հուշերի անկողնում թաց:

Կբարուրվեմ քո ձեռքերի տաք սավանում`
Իբրև սիրված ու լիահույս մի քնքուշ կին,
Հեռանալիս քեզ չեմ ասի վերադարձիր`
Գնացողը էլ երբևէ ետ չի դառնում:

Ես չգիտեմ` լուսաբացին ինչ կլինի…
Բայց սիրո մեջ` ով է հաշիվ-հաշվարկ անում:
Հիմա ամուր ու սիրատենչ դու ինձ գրկիր`
Մեկ է` վաղը արդեն ոչինչ չի խոստանում…

**

ԱՅՍՕՐ…

Ես այսօր նորից հարբել եմ ուզում.
Ինչ դառն է կյանքը` գարեջրի պես:
Դիմակ-դերերը էլ ինձ չեն հուզում.
Տաք էր համբույրդ և դյութիչ այնպես:

Ես դեն եմ նետել շղարշը մեղքի.
Թող որ վայելքի օվկիանն ինձ տանի,
Միայն ես գիտեմ ցավը իմ վերքի,
Դե’, էլ չդատեք ինձ հանիրավի:

Ես այսօր նորից արբել եմ ուզում.
Քո տաքուկ գրկից, քո նուրբ շոյանքից,
Իմ հիվանդ հոգին քեզ է երազում…
Դե’, արի փրկի’ր ինձ խորտակումից:

**

ԾԱՌԸ

Վառ գարունների ափերից հեռու
Ձմռան ցրտի մեջ մրսում է հոգիս,
Ինչ-որ մեկը իմ կեղևն է փորում,
Մութ կամար կապում պայծառ երկնքիս:

Սրբում եմ հոգուս թախծոտ ապակին,
Որ ներս թափանցեն արևները բորբ,
Աստղափոշի եմ շաղ տալիս կրկին,
Որ սաղարթներս հյուսեն գարնան գորգ:

Իմ ծաղկանկար երկնակամարում
Կապույտը իր նուրբ թևերն է փռել,
Ինչ-որ մեկը իմ կեղևն է փորում,
Բայց իմ ճյուղերը վեր են ընձյուղվել:

**

ԵՍ ԿԱՄ Ու ՉԿԱՄ…

Հոգուս աշունը Սարուխանոտ է.
Մշուշն է թառել դեղին օրերին,
Գալիքը անհայտ ու շաղաոտ է,
Որ նստել է իմ ծանր կոպերին:

Ու կանչում են ինձ, կանչում են հեռվում
Ծանոթ ձայները այնքան հարազատ,
Ձեր ծաղկաբույլին ես էլ եմ տենչում,
Որ կապույտներում սավառնեմ ազատ…

Ոսկե աշունս Սարուխանոտ է.
Ոսկիների մեջ դեռ արևներ կան:
Անհուն թախիծդ ինձ այնքան մոտ է,
Որ թվում է, թե` ես կամ ու չկամ…

**

Երեկոն նորից փռվել է իմ մեջ,
Մեղկ հուշի նման թափառում է լուռ,
Ձյունի պես ճերմակ հոգուս մեջ անվերջ
Մի գունատ աղջիկ թախծում է անլուր:

Դու պիտի, գնա’ս, իմ տխուր աղջիկ.
Քեզ կկարոտեմ, ինչ էլ որ լինի,
Դու իմ հուշերում ստվեր թափանցիկ,
Իմ մեջ արթնացող պատկերը հնի:

Քո ձյունաճերմակ հետքերը ցավոտ
Կփորձեմ ջնջել հուշիս կտավից,
Միասին անցանք այս ճամփան քարոտ`
Պիտի բաժանվենք այսօր իրարից:

Ես գինու քաղցր գավաթ եմ ուզում,
Խնջույք եմ ուզում այս հարբած կյանքից,
Քո նուրբ թախիծը էլ ինձ չի հուզում,
Ես էլ ուժ չունեմ տառապել ցավից:

Դե’, մնաս բարով, իմ տխուր աղջիկ.
Հորիզոնում իմ արևն է շողում,
Այնտեղ կդառնաս մի հուշ անցողիկ,
Ուր ապագայի լույսերն են շաղվում:

ՀԱՅՈՒՀԻ ՍՈՒՍԱՆՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ

**



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ