ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, May 31, 2016 21:59 - չքննարկված

ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆ ** ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՂՏՈՏ ԲԱՆ Է

ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆԼիլիթ Մկրտչյան (1)

**
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՂՏՈՏ ԲԱՆ Է

Բարձրացա վերև, ավելի վերև ու էլի վերև… Ահա, հասա ամենաբարձր ծառի ամենածայրի ճյուղին: Հոգիս զգած բարձունքի վեհությունը: Լավ զգացում է վերևում լինելը. հզորություն է, կարողություն: Եվ բոլորովին էլ կարևոր չէ, թե ինչ ասպարեզում ես, կարևորը վերևում լինելն է, ներքևում ունենալով շատ նվաստներ ու դեպի քեզ հառած աղերսող աչքեր: Նայում եմ շուրջս, գոհ եմ ինձանից: Ցուցադրվելու ցանկություն կա, որ տեսնեն ու նախանձեն: Ահա և նա ում վրա կարող եմ տարածել վերևում գտնվողիս իշխանությունը: Բարակ թևերով, կանաչավուն մի մոծակ տերևին հանգիստ նստած ձվադրում է: Կամացուկ մոտեցա, թաքնվեցի տերևի հետևում: Բարձրության վրա թշնամի ունենալը վտանգավոր բան է, չարժե մոտիկից հանդիպել նրան: Ավելի լավ է հետևել ու վեհությունը և հզորությունը հեռվից ցույց տալ: Չորս կողմս նայեցի, համոզվեցի, որ ոչ ոք չկա, թաքնվեցի ծառի վրա՝ կիսաչոր մրգի հետևը: Կամացուկ մոտեցա տերևին ու շարժեցի այն, մոծակի ձվերից մի քանիսը գլորվեցին ներքևի տերևների վրա: Թաքնվեցի նույն տեղում: Եկավ, տեսավ, թռավ այս ու այն կողմ, գտավ կորած սերունդներին, բերեց և հավաքեց նույն տեղում: Նույն բանը կրկնեցի մի քանի անգամ ազդելով մոծակի մայրական զգացումների վրա: Վերջում, լիարժեք հաղթանակի համար լավ թափահարեցի տերևները ու ցուցադրելով ուժս մոծակի դեմ դիմացով ներքև իջա: Արևը հավաքեց իր ջերմ մատները ու սկսեց գլորվել սարի մյուս կողմը: Աշխատանքս համարելով կատարած և խախտելով բոլոր հնարավոր օրենքները, որոնք ի դեպ սահմանվել են հիմնականում խախտողների համար, սլացա դեպի տուն: Արագաչափերի ու կարմիր լույսերի սահմանափակումները այլևս ինձ համար չէին, չէ՞ որ ես բարձունքում էի… Հոգնածի ամենաբաղձալի ցանկությունն է ներխուժել տուն, մի բանով շոյել քիմքը ու մեկնվել հարմարավետ մի տեղ ննջել, բայց … ցանկությունս մնաց օդի մեջ: Դուռը փակ էր, իսկ ես բանալի չունեի, պատուհաններն էլ հերմետիկ փակված էին: Ներս թափանցելու ոչ մի իրատես տարբերակ չկար: Այնքան այս ու այն կողմ արեցի մինչև Արամը աշխատանքից եկավ: Արամը լավ մարդ է, բոլորից տարբերվում է: Համարյա միշտ նույն հագուստով է, դե դա էլ աշխատանքի բնույթից է, պարտավոր է կրել հիմնարկի տրամադրած հագուստը: Աշխատաքից միշտ հոգնած է գալիս, գրեթե չի խոսում, սնվում է ու քնում: Չեմ հասկանում շատակեր է, թե քչակեր, ափսեի մեջ միշտ թողնում է կերածից, բայց բաժակը դատարկում է մինչև վերջին կաթիլը ու նոր միայն պառկում քնելու: Շարքային բանվոր է, ոչ ուրախ է կյանքի պարգևներով, ոչ էլ դժգոհ: Չի բողոքում թանկացումներից, միևնույն է, որքան էլ աշխատի մի փոր է լցնելու, դրանից է որ երկրի ֆինանսատնտեսական ճգնաժամային փոփոխությունները թեթև է տանում: Անկղծորեն զարմանում է, թե պաշտոնյաների ինչներին է պետք այդքան մեծ ամրոցները ու անհաշիվ մեքենաները, իսկ ավելի հաճախ ի սրտե խղճում էր նրանց: Տարօրինակ մարդ է Արամը, բոլորի նման չէ: Արև էլ չկա, բայց այնքան տոթ է, որ թթվածինն այրվում է օդի մեջ: Արամը գնաց քնելու, ես դեռ ճաշում եմ: Մտովի հիշեցի մոծակին, ծիծաղեցի քթիս տակ ու ես էլ պառկեցի քնելու: Արամը բարձր խռացնում է կողքի սենյակում: Միշտ էլ խռացնում է, երբ լավ խմած է լինում: Չի ստացվում քնել, պարկել էլ չեմ կարողանում: Բարձրացա և սկսեցի աջ ու ձախ անել: Իմ սենյակից դեպի Արամի սենյակ, գնում- գալիս եմ ու մտածում, թե լույսը բացվի ուր գնամ և ինչ անեմ: Ում աչքին երևամ, ումից թաքնվեմ, որ պաշտոնական դեմքի հետ գնամ ճաշելու: Ընտրությունս մեծ է, ում մոտ էլ գնամ չի նեղվի, չէ որ ես բարձունքում եմ, մնում է որոշել ինչ խոհանոցի ուտեստ ճաշակել: Արամի խոհանոցը արդեն ճնշում է իր միօրինակությամբ: Չգիտեմ որքան գնացի եկա, նկատեցի, որ Արամի խռոցը կտրվեց: Մոտեցա սենյակի դռանը, ուզեցի ներս նայել ու… աչքիս առաջ Արամի առանց այն էլ մեծ աչքերը տասնվեց անգամ մեծացան: Չհասցրեցի մի քայլ անել, մի բառ ասել ու …
– Դե, զզվեցրիր էլի, ամբողջ գիշեր տզ հա տզ, – ասաց և մի ամսվա հնություն ունեցող քաղաքական թերթով հարվածեց գլխիս:
Աչքերիս առաջ սև մառախուղ հայտնվեց, գլուխս պտտվեց, հավասարակշռությունս կորցրեցի: Վերջին բանը, որ հիշում եմ թերթում պատգամավորի հաստափոր նկարն էր, ումից խորովածի հոտ էր գալիս:
– Տոթը մի կողմից, աներես ճանճերը մյուս կողմից: Թերթում իբր կեղտը քիչ էր, սա էլ ավելացավ, – վերջին բառերն էր, որ լսեցի խավարի մեջ:

**
ԵՐԲ ԽԱՂՈՒՄ ԵՍ ՄԵՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Սև – Դե ի՞նչ, բաժանիր խաղաթղթերն ու սկսենք: Մտնենք մեր իսկ հորինած խաղի մեջ և մեզ զգանք իրավիճակի տերը. մերը լինի թե միֆը և թե իրականը: Կարմիր – Նստեք, բաժանեմ: Սև – Մի պայման կա միայն: Կարմիր – Արդեն պայմաններ են դրվում, դա կաղապարում է, ստիպում մնալ սահմանների մեջ, իսկ ես խաղ եմ ուզում, կյանքից դուրս, առանց օրենքների, ուր կարող եմ խաբել, ստել ու ինձ գերագույնը զգալ … Սպիտակ – Ամեն դեպքում պայմաններով խաղալը հետաքրքիր է: Ասա Սև: Սև -Խաղի ընթացքում ընկերություն չկա, կողմնապահություն չենք անում ու ոչ մի զիջում: Մոռանում ենք ով է կարևոր տեղ զբաղեցնում կյանքում, կախումներից անկախ խաղանք: Կանաչ – Համաձայն եմ: Կարմիր – Իսկ ինչի՞ վրա ենք խաղում: էլի ժամանակի՞, նորից բռնելու ենք սլաքի տքտքոցի ընթացքը ու գնա՞նք: Շատ ենք դա արել, ժամանակը անհաղթ է, որքան էլ ճարպիկ խաղացող լինի միևնույն է կուլ կգնա նրան: Ինչ էլ անենք նա է հաղթողը: Սև – Ժամանակի վրա խաղալը հետաքրքիր է, բայց այս անգամ եկեք ժամանակի ավարտի վրա խաղանք: Սպիտակ – Այսի՞նքն: Սև – Այսինքն ով պարտվի նրա ժամանակը լրացած կհամարվի: Պարտվողը կասի իր վերջին խոսքն ու կմարի: Կանաչ- Մի քիչ դաժան չէ՞ Կարմիր- Չէ, չէ, լավ միտք է… եկեք խաղանք: Իսկ նա ով արդեն պարտված է համարում իրեն կարող է ասել վերջին խոսքն ու հեռանալ: Սպիտակ – Լավ, սկսենք: Ո՞վ էր բաժանում, Կարմիր դո՞ւ, դե սկսիր, նստեք: Կարմիր – Մեկ, երկու, երեք չորս, մեկ, երկու, երեք չորս, մեկ, երկու, երեք չորս, մեկ, երկու, երեք չորս: Սև – Ես եմ սկսում: խաչի տղա: Կարմիր – Սրտի աղջիկ: Սպիտակ – Հը՜մ, խաչի պապ: Կանաչ – Ես պաս: Սև – Հա, հա, հա, Կանաչ ո՞նց որ մեր կանաչ ճանապարհը փակվում է հա՞, միթե առաջինը դրախտի գույնն է հանգելու: Կանաչ- Ոչ միայն դրախտի գույնը, այլև երկրագնդի մի մասը: Դեռ հույս կա, մի շտապիր: Սև – Հանգիստ եղիր, երկրագնդից ակտիվորեն մաքրում են քեզ: Սև տաս, տես թե ինչ համահունչ է խաղաքարտս ասածիս, հա, հա, հա: Կարմիր – Կարմիր տաս, տեմպը պահեմ, հա, հա, հա: Սպիտակ – Սրտի տուզ: հը՞ն, ո՞նց է: Կանաչ – Սև տուզ: Ամեն դեպքում կպայքարեմ ջնջվելու դեմ: Սև – Ահա, ահա…բայց քայլ առաջդ ինձ քայլ դեմ արեց, աշխատիր մոլախոտերի հաշվին չտարածվել: Կարմիր – Մեկ, երկու, երեք չորս, մեկ, երկու, երեք չորս, մեկ, երկու, երեք չորս, մեկ, երկու, երեք չորս: Սև – Սրտի վեց, Կարմիր, լավ խառնիր խաղաթղթերը, կողմնապահություն մի արա: Կարմիր – Սրտի պապ, լավ էլ խառնված է, ոչ մի կողմնապահություն: Սպիտակ – Սրտի տղա: Կանաչ – Ես քայլ չունեմ, քարտերս բացում եմ: Սպիտակ- Վայ, տես է՜… վեց, վեց, յոթ, ութ… մտածված բաժանեիր չէր ստացվի… Կարմիր – Ափսոս… Մեր լավ եղբայրը հեռանում է մեզանից, ա՜յ, գինին տեղին կլիներ: Սև – Պայմանը, պայաման է, դե՞ Կանաչ ասա խոսքդ: Կանաչ – Ի՞նչ ասեմ, պայմանը իրոք պայման է: Կամ խաղի մեջ ես կամ խաղից դուրս… գուցե՞ բախտի բան է, կա՞մ էլ խելքի: Խելք ունենաի չէի խաղա, բախտ ունենաի կհաղթեի… Գուցե՞ տխրեք, գուցե հավատը մի օր կանաչ բույս կծնի ժայռերի ստորոտին, ում այնքան սեր կտաք, որ կտարածվի ու հետ կբերի գեղեցիկը տեսնելու ունակությունը… չերկարեցնեմ, խաղը սպասում է, մնացած երկուսիդ կհանդիպեմ դեռ ու կփորձենք միախառնվել գուցե նոր գույն ծնվի, իսկ նա, ով կմնա սեղանի շուրջ կապող օղակ թող հանդիսանա, փարոսի նման դեպի արարման ձգող: Սև օգնիր մարեմ: Սև – այդ գործին միշտ պատրաստ եմ: Սպիտակ –Ուրիշ խնդրանք լիներ այսպես արագ կանեի՞ր, խոսքը օդի մեջ թողեցիր: Սև – Ինչո՞ւ երկարացրել…տանջել չեմ սիրում…ով էլ լինի հեռացողը միշտ էլ օգնության կհասնեմ, հա, հա, հա: Կարմիր – Շարունակում ենք, մեկ, երկու, երեք չորս, մեկ, երկու, երեք չորս, մեկ, երկու, երեք չորս: Սև – Խաչի ութ: Կարմիր – Խաչի տղա: Սպիտակ – Խաչի աղջիկ: Սև – Հըմ, խաչի տզին ի՞նչ կասեք: Կարմիր – Կասենք, խաչի տաս: Սպիտակ –ինձ մոտ ջոկեռ է,կարմիր վերջին խոսքդ: Կարմիր –Կարմիրը բոլորիդ մեջ է և ուր էլ լինեմ միևնույն է ձեր մեջ եմ լինելու…Կանաչը իզուր էր կարծում թե կյանքի գույնն է… կյանքի գույնը ես եմ…ինձանով եք կյանք տեսնում և ինձանով եք կյանքը բաց թողնում ձեր մեջից: Ինձնից հետո թե ինչ գույն կունենան արյան կանչն ու արյան վրեժը չեմ պատկերացնում … Սև – Բոլորը կյանք են, բոլորը կարևոր, բայց թե ո՞նց էին խաղի մեջ պատվով մնալու ու պայմանից չխուսափելու… հա, հա, հա: Սպիտակ – Սև ինչո՞ւ արեցիր, գուցե էլի բան ուներ ասելու: Սև – Խաղդ խաղա: Գիտեմ, ասելու էր օգնիր մարեմ… շարքային անճարունակություն: Սպիտակ – Բաժանե՞մ: Մեկ, երկու, երեք չորս, մեկ, երկու, երեք չորս: Սև – Խաչի պապ: Սպիտակ – Կարմիր տուզ: Սև – Սրտի տղա: Սպիտակ – Կարմիր վեց: Սև – Հը՜մ, Սև յոթ: Սպիտակ – Կարմիր տղա: Սև – Հա, հա, հա…հաղթանակը իմն է, ջոկեռ: Սպիտակ –Առանց պայմանի խաղերի ժամանակ գրեթե միշտ հաղթում էի, ժամանակի վրա էր հույսս. գիշերը լուսաբացի կվերածվեր ու… է՜հ, բախտս ժամանակից առաջ ընկավ, ի՞նչ արած… Ախր դու նույնիսկ գույն էլ չես, սև գույն գոյություն չունի, դու ընդամենը դատարկ տարածություն ես… Սև- Դատարկ տարածություն եմ բայց և այնպես հաղթեցի բոլորիդ Սպիտակ- վայելիր հաղթանակդ բայց մի օգնիր ինձ, ես ինքս կմարեմ…սակայն իմացիր, որ երբ ես մարեմ շատ շուտով քո գոյությունն էլ անիմաստ կդառնա: Սև- Սակայն եթե համաձայնես կեղծել… ոչ ոք չի իմանա… միևնույն է արդեն մարել են Սպիտակ – Եթե կեղծեմ կգունափոխվեմ, դա էլ նույն մարելն է, իմ տեսակի կորելը: Ոչ: Սև – Լավ, որոշումը քոնն է… Միևնույն է մի ամբողջ գիշեր դեռ կա, սև ու մութ գիշեր դատարկ երկնքով: Իսկ խաղատան տերը ձեռքերը տարածելով սեղանի շուրջը, դեռ երկար կխաղա ինքն իր հետ, գինու կիսատ շշերի արանքից ու պայմաններ հորինելով միշտ կպարտվի անիծելով ու հայհոյելով իր իսկ սև բախտին, կարմիր խղճին, սպիտակ մտքին և կանաչ հոգուն, որոնց հետ ամեն գիշեր քարթ է խաղում, հատիկ-հատիկ գերի դարձնելով նրանց ժամացույցի կլորում:

**

ՕԴԻ ՃՆՇՈՒՄԸ ԲԱՐՁՐ Է

**
Հեռանում եմ իմ ափերից, լողում եմ դեպի քեզ, հայտնվում քո տրամադրության մեջ, հագնում քո մտքերի շապիկները: Ուզում եմ բռնել խճճված կծիկիդ ծայրը, միաժամանակ հազարավոր մտքեր, գաղափարներ ու պրոբլեմներ են փաթաթված հայացքիդ թախիծի մեջ: Բայց ժպտում ես ինձ, ամեն մտքիդ համար լուծում գտնելիս, երբ հայացքդ հանդիպում է ինձ, ժպտում ես և քեզ համոզելու համար ինձ ես ասում, … Անհավատս հավատում է ցանկությանդ և մտքերիդ հետևից շնչակտուր վազելով` փորձում իրականություն դարձնել դրանք:
Կտրում ես բոլոր մտքերիդ թելերը, նստում կողքիս, հիմա հայացքիս մեջ ես տեսնում քեզ: Զգում եմ, որ ուզում ես նոր կծիկ փաթաթել, այլ թեմայի շուրջ ծավալվել: Թերթում եմ հայացքիս մտքերը, փոխում նրանց ուղղվածությունը, բայց նույն պահին էլ հասկանում, թե ինչ ես էլի ուզում ասել: Արդեն մի ամիս նույն բանն ես ասում, պնդում, համոզում: Սևեռուն գաղափարով ես տարված: Մռայլվում եմ օրվա պես, սև ամպերը քաշում եմ աչքերիցս վեր: Զգում ես, որ փակվում եմ իմ մտքերի մեջ: Փաթաթվում ես ինձ, առնում թևերիդ մեջ.
-Ուզում եմ մնալ այս աշխարհի մեջ, քո աշխարհի, քո գրկի մեջ: Չեմ ուզում, որ բաց թողնես ինձ, քո սրտի հետ է միայն իմ սիրտը շնչում, քո ափերից են գալիս զարկերն ու ուժ հաղորդում զարկերակիս: Արի բարձրանանք սարը, գնանք սրբի մոտ: Լսիր ինձ, գոնե այս մի անգամ լսիր, խնդրում եմ:
– Լավ, գնանք:
Երեխայի նման ուրախությունից վեր թռար տեղիցդ, արագ-արագ գնում-գալիս ես սենյակում, համոզում, փաստարկներ բերում, անուններ հիշատակում, ովքեր բուժում են ստացել այդ հավատքով: Չեմ ուզում հակաճառել, ընդհատել, գիտեմ, որ դա արդեն ավելի շատ քեզ է պետք, քան ինձ…
Չեմ լսում ասածներդ, մտքերս վազում են բժշկի սենյակ: Սեղանին մի քանի թուղթ առջևս դրված, բժշկական ինչ-որ տերմիններ, մտահոգ հայացքներ, անհույս բուժումների տարբերակներ… Սենյակում հիվանդանոցին բնորոշ հոտ է, որը միշտ հաճելի է եղել, մի տեսակ առողջություն էի պատկերացնում այդ հոտի մեջ: Հիմա ամեն ինչ փոխվեց, կարծես շուռ եկավ աշխարհը, տհաճ զգացողություն ունեմ, ուզում եմ դուրս փախնել սենյակից, աշխարհից, ինձանից, ջնջել մի քանի թուղթ և շարունակել ապրել: Թղթերից հայացքս բարձրացրեցի, նայեցի բժշկի աչքերին, երևի հասկացավ, որ ատեցի նրան, կարծես նա էր մեղավոր իմ հիվանդության մեջ, չգիտեմ ինչու այդ միտքը մթագնեց ողջամտությունս, եթե նա չբացահայտեր` ոչինչ էլ չէր լինի… Սովոր էր երևի նման արձագանքի: Լուռ բարձրացավ, բացեց դուռը, դուրս եկավ սենյակից` թողնելով ինձ թղթերի ու մի զույգ մութ աչքերի հետ մենակ: Նայեցի կոպերիդ իջած գիշերներին, միակ բանը, որ ասացիր սենյակ մտնելուց հետո. : Մի ակնթարթ ապրեցի ողջ աշխարհդ, գժվել էին հայացքներդ, հույսերդ: Շնչահեղձ դուրս նետեցի ինձ մտքերիդ քաոսից: Արագ բարձրացա աթոռից, զգացմունքներս չզսպելով պատառոտեցի թղթերը, թափեցի սենյակով մեկ, բռնեցի ձեռքդ, քաշելով դեպի ինձ.
– Սուտ բաներ են, մի հավատա, հիմար են, հորինում են, իհարկե չի կարող նման բան լինել, արի գնանք, զզվում եմ սրանցից, էլ երբեք չեմ գա այստեղ…
Ու դուրս եկանք, երկար քայլեցինք` կատակներ էի անում, ուզում էի, որ չհիշի պատահածը, ամեն ինչ կանեի, որ մոռանաիր, չապրեիր այդ օրվա կես ժամը: Ոչ մի բան չշեղեց ուշադրությունդ, ամեն քայլափոխին հարցնում էիր.
-Ոնց ես. – ու ուրիշ ոչինչ:
Հազիվ էի զսպում մեջս փոթորկող հիստերիան, արցունքներս: Չէի ուզում հասկանայիր ինձ, զգայիր, որ վախենում եմ… վախենում եմ քեզ ինձ հետ չունենալուց, բաժանումից… Սև անորոշություն էր կանգնել մեր միջև, ծիծաղում էր երկուսիս վրա, լեզու ցույց տալիս, հիշեցնում մեր երդումները, խոստումները ու ցինիկաբար հռհռալով բղավում.
– Դե’, արեք խոստումներդ, դե’, մի բաժանվեք, ձեզ ոչինչ չէր բաժանելու, ոչ ոք ձեզ չէր կարող բաժանել, մոռացել էիք ինձ:
Ու իրոք մոռացել էինք նրան, չէինք մտածել, որ բաժանման մի տարբերակ էլ կար, որը մեզ էլ էր սպառնալու` ուշ, թե շուտ: Եվ իրոք, եթե կա այդ ուշն ու շուտը, ինչու ենք այսքան իրարանցման մեջ ընկել, ինչու ենք հուզվել, չէ որ լինելու բան էր:
Բարձրանում ենք սարը` սրբի մոտ: Ուղղահայաց սար է, հեռվից նայողր կկարծի` պատի վրայով քայլող մարդիկ ենք: Հրաշք տեսարան է, կարծես աշխարհն ես տեսնում վերևից: Հետաքրքիր է` մարդն ինչքան փոքրիկ և անպաշտպան արարած է երկրի վրա: Փոքրիկ-փոքրիկ են, միայն նրանց շարժն է նկատվում, և արված զարմանալի աշխատանքները: Դաշտերը` ոնց որ մեծ վերմակներ լինեն փռված սարերի տակ, տարբեր գույների ու նախշերի` կարմիր, դեղին, կանաչ, մոխրագույն երանգներով :
Շունչդ կտրվում է արագ քայլերից, օդի ճնշումն էլ խտանում է բարձրության հետ` արագացնելով սրտիդ աշխատանքը: Չես ուզում հանգստանալ, անհամբեր ես դաñÓել, ուզում ես շուտ տեղ հասնել, խնդրանքդ հաղորդել, մոմերի լույսի արագությամբ դրանք հասցնել սրբերին: Ձեռքիդ` մոմեր են, նայում ես նրանց, հետո մատանիներին ու կամաց խոսում ես հետս: Շշնջում ես.
– Լավ կլինի, կտեսնես լավ է լինելու…
Հասնում ես սարի վերին մասում կառուցած մատուռին: Վառում մոմերը, մատանիները պահել ես ափիդ մեջ, քոնն էլ ես հանել մատիցդ: Երկար շշնջացիր աղոթքներդ: Բազմաթիվ սրբապատկերների, թաշկինակների, գլխաշորերի, խաչերի ու արձանիկների կողքին դրեցիր մեր մատանիներն ու փակեցիր աչքերդ, ես ժպտացի աչքերիդ…
Գիտեմ, խաղաղված կիջնես սարից…

**

ԿԱՐՄԻՐ ԿՅԱՆՔ ՍՊԻՏԱԿ ՔԱՐԵՐՈՒՄ

Հավերժ կյանք ամպերից վերև
ՆՎԻՐՎՈՒՄ Է ԱԶԱՏ ԱՍՈՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Սպիտակ ժայռերի մեջտեղում մի քաղաք էր ծվարել, որի կենտրոնից դեպի երկինք էր ձգվում սպիտակ եկեղեցին՝ գմբեթի խաչին հառելով հավատով լի աչքեր:
Բնակիչների փոքր քանակություւնը կարծես ճիշտ հաշվարկով լրացնում էր նույնչափ փոքրիկ հողակտորը: Կյանքի ռիթմը համաչափ տարածվում էր քարերից մինչև մանուկների անմեղ աչքերը: Խաղաղ էր քաղաքը, բնակիչների ամենօրյա հոգսերի, երեխաներ ուրախ քրքիջների ձայնով: Օդում քամին հանգիստ սավառնում էր, ոչ մի ահաբեկող շունչ չկար նրա թռիչքի մեջ: Մի ակնթարթում լռեց քաղաքի սրտի զարգը, երկնքի ջինջ կապույտը կուլ գնաց մռայլին ու սարսափը զրգաց եկեղեցու զարգերի մեջ: Քաղաքին շատ մոտ ապրող մի այլ ազգություն որոշեց պայքարի ելնել այդ լեռների համար ու խլել այնտեղի անդորրը: Ազգություն որում և ապրում էին կարծես թե նույն մարդիկ, նույն ընտանեկան, մանուկների սիրով շաղաղված, ֆիզիոլոգիապես նույն մեխանիզմով գոյատևողներ հպատակ դարձան Սատանային: Բայց քաղաքը բնությանն էր, նրան լիարժեքությունը պահող մի մասնիկ ու հենց այնպես չէր կարող ջնջվել: Հսկա ժայռերը կսկվել փոքրացել էին ու սպասում էին, թե որ ազգը կհաղթի ու գերի կմնա չարին՝ իրենց հզորության մեջ:
Աստված լուռ էր, սպասում էր, ուզում էր տեսնել, թե ու՞ր կհասնի իր իսկ կողմից ստեղծված էակը: Նրանց արարքներից զարմ անալու հատկությունը վաղուց էր կորցրել ու չէր հասկանում, թե ինչո՞ւ այդքան շուտ են տրվում սևին, չէ որն նա լույս ու սեր էր դրել նրանց մեջ: Միթե՞ սխալը նա էր, որ տվեց ազատ ընտրության հնարավորություն ու դա օգտագործվեց իր իսկ դեմ:
Մարտիկի շորեր հագած տղան Հայկի ցեղակից էր, ամուր բազուկներով: Արյան մեջ ուներ դարերով եկած անարդար զավթումների ու խոշտանգումների գենետիկ վրեժի ծարավ: Նա իր ոտքերի ամրությունը զգում էր այդ հողի ընդերքով ու այդ հողը պաշտպանելը նրա համար արդարացված էր՝ իր մեջ ու իր եկեղեցու առաջ: Նա ողջ հոգով հավատում իր անմեղ հոգու փրկությանը ու հավատը վահան դարձրած առաջ վազեց: Մտքում մեղաա եկավ Աստծո առաջ, բռունցքի մեջ սեղմեց խաչը, ծնողների ու սիրելի էակի աչքերը վառվեցին նրա աչքերում, ներեղություն խնդրեց նրանցից ու կարծես ավելի հզորացավ, քանզի նրա պայքարը փրկության համար էր:
Երբ պայթեց առաջին ականը և գնդակները երկու կողմից սկսեցին պատառոտել օդի խաղաղ վիճակը, գորշ ծուխը ծածկեց երկնքի աչքերը ու երիտասարդը, ով Աստված ուներ իր աչքերի մեջ դուրս մնաց Աստծո տեսադաշտից: Հակարակորդի գնդակները մխրջվեցին նրա սրտի մեջ ու արյունը տաք աղբյուրի նման դուրս թափվեց նրա կրծքից: Մի ակնթարթ չհավատաց, որ այդքան արագ ու անարդարացի մահը մտավ իր մեջ ու սկսեց անխնա կլանել նոր բողբոջող կյանքը իր մեջից: Ցավից ծնկի եկավ ու հայացքը ուղղեց վերև: Ծխի ու կրակի միջից Սատանան քրքջաց նրա աչքերի առաջ հարցնելով.
– Ի՞մն ես:
Տղան ափը դրեց վերքին փորձելով դանդաղեցնել կյանքի դուրս սահելը: Արյան շիթը հողի վրա փոս էր գոյացրել ու անկուշտ խմումէր կենարար ավյունը: Հողը ընդունում էր իր մի մասնիկին, ուզում էր կլանել նրան ու նոր արարում տալ այդ շնչին: Երիտասարդի աչքերում լույսը մթագնեց, հասկացավ որ դա վերջն է, մի փոքր ձգվեց վերև, աչքերը լայն բացեց, ուզեցավ իր երկնակտորի պատկերը դաջել հայացքի մեջ:
Սատանան ավելի բարձր հռհռաց.
– Դե, խոսիր, հիմա հասկացա՞ր որ սուտ էր քո հավատքը, ուզում ես կյանք տամ քեզ, որ համոզվե զորությանս մեջ ու դառնաս իմ հպատակը:
Տղան ուժասպառ պարկեց, բռունցքի մեջ սեղմեց արյունոտ հողը ու խաղաղ շշնջաց.
– Աստված կա:
Սատանան զարկվեց ժայռի բեկորներին, ցրիվ անելով քարերը: Իր չարության խորը կեղևը հիմքից ճեղքվեց: Կատաղությանը տրված հակառակորդը կրակին հույս դնելով սկսեցին առաջ գնալ, բայց հողը որը սնվել էր հավատի ու անմեղության արյամբ իր վրա չհանդուրժեց նրանց:
Աստված արտասվեց…

ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉՅԱՆ

**



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ