ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, May 31, 2016 19:17 - չքննարկված

ՆԱԻՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ

ՆԱԻՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ
Նաիրա Սիմոնյան (2)

**

Գարուն, թե մի օր գաս
ու ինձ չգտնես,
և պատուհանիս զեփյուռը մեղմիկ
վարսս որոնի շոյելու համար,
ասա՝ գնացի այն հեռուները,
ուր մայրամուտի բոցեղ գույները
լուռ ծրարել են
լինելությանս
լուսե խորհուրդը,
իսկ սե՛րս՝ հազար շուրթ է համբուրում՝
հասու լինելու
մի ճշմարտության…

**

Այսքան երկմտանք հոգուս, մտքերիս,
Սակայն ժպտում եմ,
Ա՜խ, հավատում ես խոշոր աչքերիս,
Նրանք խաբում են:
Քամին բերում է երկնիս կապույտին
Գորշ, ծանր ամպեր,
Անձրևանոցս եմ պահել քո գլխին՝
Դու զարմանում ես…

**

Երբ հոգեպարար միայնության մեջ
Անունդ եմ տալիս որբ ու մեկուսի,
Իմ ավեր հոգու հուշերից անվերջ
Վեր է խոյանում ծաղիկը հույսի:

Հայացքդ փնտրող տագնապիս վրա
Լոռամրգին իր կարմիրն է կապում,
Եվ կարոտներիս տենդի մեջ ահա
Որդան կարմրով ինձ են թարգմանում:

Ունկս խմբերգին անծիր տայգայի
Մենահամերգ եմ արմենյան մնում,
Մունջ երկխոսում են եղևնի, մայրի,
Թե որքան խո՛րն է հայոցն ինձանում:

Այստեղ կեչին իր հյութը քամելիս
Հող ու երկինքն է դարձնում միակամ,
Այսպես՝ հեռացած ինձ հետ ես գալիս,
Ընդերքիս դաշի՛նք, շե՛րտ բազմադարյան…

Պտղի համը կա ծառերի խորքում.
Մենք արձագանքն ենք մեր նախնիների,
Այսպես կորիզված իրար ենք դառնում
Դու՝ ինձ, ես էլ քեզ, երկիր Նաիրի:

**

ԵՐԿԻՐ ԻՄ
Առնեմ կրծքիս տակ մինչև զորանաս.
Հղիությունս Տե՛րն ապավինի,
Բազկիդ զորությամբ ծովերն իրար տաս
Նույն համառումով որդուդ՝ Տիգրանի:

Առնեմ կրծքիս տակ՝ քեզ սի՛րտս վահան,
Փակվեն երախները պատերազմների,
Սնեմ փառքերով վե՜հ, աստվածահա՜մ
Ճերմա՛կ ստինքից իմ Արարատի:

Առնեմ կրծքիս տակ՝ անխո՜ս թափառեմ,
Օրհասներն անցնեն, աշխարհը խնդա,
Հետո մսուրում քեզ դարձյալ ծնեմ՝
Աշխարհը քո դեմ ծնկաչո՛ք մնա…

**

Ծերացած կեչու ցանցառ ճյուղերին
վերջին տերևն է դողում վախվորած՝
գորշ անձրևաչ է երկինքը հիմա…
Ասում ես. «Եկել մնացել ես
մտքիս երկնքին. պատկերդ է աճել մտքերիս հողին՝
դարձել համատեղ, դարձել մեկմարմին»:
Ես դար վայրկյանդ եմ, մտաերիզիդ
դադարը տևական, սիրենականչդ եմ՝
խաբված նավաստի, իմ խենթ սիրեցյալ…
Փրկվիր, ես արդեն կոշիկս հանել
հոգնած ոտքերս եմ շոյում նրբորեն՝
հանգստացնելու…
( ոտքե՜րս… խաբված իմ խենթ նավաստի,
ես քո անցյալում դրանք չունեի):
Ես երազներն եմ շատ հաճախ քշում,
ես մուսային եմ խաբխբում մեկ-մեկ,
ու ձուլվում եմ բիրտ ա՛յս իրականին…
Ես դուրս ու ներսը առաջհետելով
դեռ երկմտում եմ՝ ուր ապաստանեմ,
դեռ վարանում եմ՝ ում ինձ նվիրեմ,
ումով՝ պարփակվեմ, ում մեջ՝ ներառվեմ,
ումից՝ վերծանվեմ…
ով ինձ ամփոփի, ով վերջակետի…
ես որ հանունի համար գոյացա,
իմ հյուլեն քանի արհավիրք անցավ,
կյանքում քանիսից ապտակ ստացա,
քանիսի սիրո կրակը դարձա,
այլոց սիրելով ինձ քանիսն հիշեց,
ում մեջ մահացա,
ում մեջ կապրեմ ես…

**

Մեզ ի՜նչ են եկել ասելու,
ոսկեբերան լռությունը
քանդակների,
այն, որ արյան հրաշքը երակներում՝
միությունն է եղել
Տիրոջ ու ծառայի…

**

Այնքան անգին է քեզ համար թախծել,
Նայել երկիրը լրող երկնքին,
Քո հեռուների մշուշը շոյել,
Ու էլ չսպասել քո վերադարձին:
Այնքան անգին է քեզնով մեղանչել,
Միայնակ նստել սենյակում փոքրիկ,
Ոտքերս գրկած հանգիստ օրորվել,
Կարոտդ շոյել այսքան երգեցիկ:
Օդը նյութեղ է, մշուշը՝ մարմնեղ,
Դատարկիդ պահը ոսկեշուրթ քերթող,
Զառանցանքներս են քեզնով հեղեղվել
Թերթիս էջերին տարածվել տող-տող:

**

Շուրթս դրել է շուրթիդ բացակա,
Աշնան գույներում քո գույնը չկա:

Մինչ աքաղաղի երրորդ ծուղրուղուն
Համբույրներդ էին ինձ անվերջ դավում:

Կարոտներիս մեջ քո կարոտն է ջեռ
Փրկիչը սիրո համար է խաչվել:

Ճշմարիտն այն է, որ սերն ինձ գամում,
Բայց քո դրախտին չեմ արժանանում:

**

Մտաթռիչքս անկանոն ընթացք է
Կանոնակարգ երկնքում,
Մայրամուտին թևերս
Տալու եմ Աստծուն…

**

Սա իմ կյանքն է՝ քամին առել է իր լեզվին՝
հյուսիսային պաղ քաղաքի փողոցներով
քարշ է տալիս՝
տուն չի գտնում՝ ապաստանի,
բույն չի գտնում՝ այնտեղ թողնի,
ու վայո՜ւմ է տարագրիս պատմությունը՝
ամբաստանյալ հյուսիսային պա՛ղ, բի՛րտ, քամին:
Սա իմ մահն է՝
ծառն առել է իր ճյուղերին
ու հյուսիսի պաղ ու թափուր
անշուք այգում քարացել է՝
թափոր չկա՝ մահս գոնե հողին հանձնի,
արցունք չկա մահվան սուգը ողբա, լացի…
Այս էլ ես եմ՝
մահկանացու՝ որպես մարմին,
կյա՛նքն իմ ահա լեզվին քամու,
մա՛հս տված ծառի ճյուղին,
ձեր քմայքի պահին հլու
ես ապրում եմ…
Հոգուս լույսն է առաջնորդում
անհայտ ճամփաս ու իմ ուղին,
հետո… գուցե… մարմնի տեղակ
ճշմարիտ է երազը իմ:

**

Որպես նամակներ
նախածննդյան
իջնում են խաղաղ
ձյան փաթիլները՝
կարդացած երկնի
փակ դասագիրքը…
Խոհածովերիս
կանգնելու համար
այլ մաշիկներ են
հարկավոր արդեն…
Հայր մեր, ձեռքդ տուր՝
կանգնեմ ծովերիս,
Հայր մեր, օգնիր ինձ՝
մեղքին այտս տամ,
ու կողիս Լոնգի
հավաստիքն առնեմ՝
սիրուս շապիկը
հանելու համար…

**

ԱՆՏԻԿ ԿԱՐՈՏ

Ես դեռ լսում եմ հին աստվածների աղոթքն անավարտ.
Գոյության քինոտ մարտերում ընկած՝ անթաղ ընդոծին,
Նրանց ոգեղեն պատմությունը դեռ շրջում է անպարտ,
Որ սարսուռներով բացվի մեր հոգու կո՛ւյր մշուշներին:
Ուրվականները ե՜րբ պիտի գտնեն անդորր սրբագին.
Կրակին տրված հոգիներն անգամ դարձ են սպառնում,
Հեթանոսական այս ի՜նչ մրմունջ է իջած իմ շուրթին,
Որի դեմ ծնկած մեղա եմ գալիս այսպես անդադրում:
Եվ ո՜ւմ հոգին է ինձ հաղորդակից դառնում ակամա՝
Սրբած պատմության գորշ փոշիների շերտը վճռագույն-
Եվ հիշողության ինչ որ անստույգ պատկերներ ահա
Բերում են ի տես իմ նոր հավատի շուրթերն անհագուրդ:
Դուք դեռ չեք սսկվել և, ես հոգուս մեջ զգում եմ կրկին
Ինչ-որ հեռավոր մշտնջենական շշունջ ահարկու,
Ջնջե՛ք իմ կյանքի այս երգիծական վայրկյանը չնչին,
Ճախրանքներ տվեք, ձեր մեհյաններին վերադառնալու…

ՆԱԻՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ
**



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ