ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Tuesday, May 31, 2016 9:37 - չքննարկված

ՄԵՐԻ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Մերի Գասպարյան (2)

**

Ո՞վ եմ ես քո ձեռքում.
Մի փոքրիկ թիթեռ
Մի օրվա կյանքով,
Որ ծիածանոտ
Քո խենթ վրձնից չվրիպեցի։
Ու որոշեցի իմ մի օրը
Քո ջերմ ձեռքի
Գծերը հաշվել։
Ձեռքիդ ափի մեջ
Իմ գիծը փնտրել,
Գուցե ես էլ կամ…
Կամ թե ջնջվել եմ
Այրված քո ձեռքում։
Ո՞վ կլինեմ ես ,
Բանտարկված մեկը ,
Թե՞ սիրո ստրուկ։
Հարցեր եմ տալիս
Կյանքս վատնելով,
Այն ինչ սիրո մեջ
Կյանքն է հարց տալիս
Մենք ` պատասխանում ։
Մենք մի ստրուկ ենք,
Ես քո ափի մեջ,
Դուք ձեր կարոտի
ԵՒ կամ թե սիրո …
Թե ցանկանաք…

**

Ու թե գիշերը
Ինչ-որ մի թռչուն կիսատ է երգում,
Ու վազկոտ քամին առաջ չի սուլում,
Մրսում է անշուշտ մի ուրիշ հոգի…
Ու թե մերկ հոգիդ ամառվա կեսին
Էլի վերմակ է ուժգին փափագում,
Թեև սանդղակի կարմիրը վաղուց
Իր տեղը արդեն ոչ թե չի գտնում.
Այլև չի փնտրում ,
Ցավում է անշուշտ մի այլի հոգի…
Թե օրենքները բոլորն անխտիր,
Թվում են միայն նկարված մտքեր ,
Մատիտով գծված ` բարձրացող տողեր
Սիրում է հստակ կապույտի հոգին…

**

Ու թե լիներ
Մի բուռ անձրև,
Սերը երբեք չէր չորանա,
Ճյուղակոտոր մի հին կաղնի
Նոր շիվ կտար։
Ու թե լիներ մի կտոր խոսք,
Լռությունը չէր հասկացվի
Որպես ետ քայլ,
Այլ սրտի ճիչ,
Հոգու մեծ քաղց։
Ու թե լիներ ընդամենը մի մեծ ամպրոպ,
Ծիածանը չէր նախանձի
Ո՛չ մի քամու
Ու դուրս կգար։
Մի փունջ Արև իր ձեռքի մեջ,
Երկնից պոկված Լույսի մի խոսք,
Խաղաղ հոգի առաքելով։
Կառաջանար….
Ու թե լիներ,
Մարդկանց մեջ ուժ
Նոր էջ բացել…
Հնար լիներ
Մի կյանք ապրել..
Ափսոս չկա։

**

Խոնարհված ներկա
Պետք չէ ինձ բնավ,
Ոչ էլ անկատար մշուշոտ անցյալ,
Ինձ ես եմ պետք լոկ,
Ու այն հավատը
Մանանեղի փոքր մեծությամբ `
Այն կատարելին,
Ինձ պետք չէ բնավ
Արժեզուրկ խոսքեր,
Ու երկնից պոկված
Հալչող ձյան պես
Անցնող խոստումներ,
Ինձ աղոթք է պետք ու սրտի խորքից,
Հոգու մեջ կնքված…
Մյուռոնով օծված մի ձեռք է պետք,
Որ դեռ չի հասցրել մեղքի մեջ կնքվել,
Ինձ պետք չէ ոչինչ,
Ինձ թողեք միայն ես Երկինք Նայեմ…
Մի տվեք ոչինչ։

**

Կարոտներ, հուշեր, երազներ հրե,
Անուններ կորած,-մանկական անցյալ,
Ես անկարող եմ ձեր մասին լռել,
Դուք ինձ կանչում եք, հմայում հոգիս:
Դուք աներևույթ, լուռ ու անշշուկ,
Այցելում եք ինձ մենության ժամին,
Հոգուս տալիս եք և ցավ և մրմուռ,
Որպես անծանոթ, որպես անհոգի:
Կարոտներ, հուշեր, երազներ հրե,
Անուններ կորած,-մանկական անցյալ,
Ախ, ես չեմ կարող ձեր մասին լռել,
Դուք եք ինձ կանչում, հմայում դարձյալ:

**

Գիշերն այս սևաչ աղջիկ է մի հեզ,
Բիբերը երկնի կապույտով ներկված,
Որ կապույտ շղարշ շորերը հագին,
Օդը լցրել է անուրջով իր տաք:
Քամին ուռենու մազերն է սանրում,
Գիշերն է հուշեր շշնջում նրան,
Նոր երգ է ծնվում գիշերվա գրկում,
Լուռ համառության հանդերձը վրան:
Փակված խանութի ցուցափեղկերում,
Հարսնացուների շորերն են քնել,
Օրն օրացույցի մի թերթիկ պոկված,
Ջրի հայելուն ձեռքը երկարել,
Լողում եմ ջրում կապույտ, դյութական,
Մարում են կամաց ցոլքերն աստերկ,
Թեքված իր կապույտ, աստղազարդ բարձին,
Լուսինն է նիրհում , տխրադեմ, գունատ…
Ակնաթով լուսնի նման ես մենակ,
Փառքի պես կարմիր, ժպտուն շորերով,
Ես թախծող կակաչ և ՛ սև, և կարմիր,
Գիշերս դարձավ թախծող մանուշակ:

**

Մարդն էլ կարծես ծառի պես է,
Բերք տվողին երանի,
Ու ծառի պես, ծաղիկներով,
Ծիծաղողին երանի,
Սուրբ է մարդը
Եվ անրջանք,
Անհագության
Ծով է նա,
Սուրբ տենչերով
Դեպի բարձունք
Մագլցողին երանի:

**

Զառամյալ , ինչպես բարի ծերունի,
Թեքվել է խաչքարն այս գյուղի ճամփին,
Թաշկինակներ են կից ծառից կախել,
Օ՜, մարդկային ցավ էս ու՞ր ես հասել:

Ու այս հոգնած խաչքարը
Ի՜նչ ցավ ասես, որ չի տեսել,
Ի՜նչ աղերսներ ու խնդրանքներ,
Թաշկինակի պես մաշել…

Օ՜, հինավուրց ծեր խաչքար,
Ինչեր ասես ,որ չես տեսել,
Ժանյա՜կ, թոռան նկարնե՜ր,
Ո՞ր ծեր տատին է կապել:

Մարդկային ցավ բազմաբյուր,
Խաչին փարված թախիծ լուռ,
Օ՜, զառամյալ դու խաչքար,
Հայ հավատի սուրբ նշխար:

**

Այն ժամանակ ոչ թե հիմա
Հիմա այլ է, անիվը կարծես ետ է գլորվում ,
Բայց չէ որ ամեն նախորդի համար,
Փոխվում են բարքեր այդ թվում մտքեր ,
Բայց ոչ թե մարդիկ ,
Փոխվում են թվեր .
Ետ դարձի տխուր խոստումով գնում ,
Որ մի օր կգան, երբ չհիշենք այլևս իրենց,
Որ մեզ հիշեցնեն կյանքում կան բաներ
Շրջանաձև են
Դեռ
Չավարտված սկսում են ,
Առանց վերջակետ
Նոր տող եմ գծում։
Փոխվում են մարդիկ,
Փոխվում են բարքեր
Բայց մարդը ,
Երբեք չի փոխվում կյանքում…
Փուլեր է անցնում ,
Փուլեր ավարտում,
Նորեն սկսում…

**

Տարիքի հետ փոխվում է
Այն դանակը ,որը հոգի է կտրում,
ԵՒ այն ասեղը ,որ կարկատում է
Կտրված հոգիդ ։
Շարու՜մ ես, շարու՜մ,
Այնքան դանակներ,
Ինչքան խրում են։
Վերջում փունջ կազմում
Ու հպարտ նայում `
Անունը դնում «ապրած»-ի փունջն
Ու «չապրած»-ի ուժը ..

ՄԵՐԻ ԳԱՍՊԱՐՅԱՆ

**



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ