ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ Admin. Tuesday, May 24, 2016 21:43 - չքննարկված
ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ: ՔՐԻՍՏԻՆԷ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՔՐԻՍՏԻՆԷ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԵՍ ԴՈՒՍՏՐՆ ԵՄ…
Գարունս՝
Քո թիկունքն է գրկում,
Անձրևս՝
Համբուրում է պարանոցդ…
Ծաղիկներս-բացվել
Ու ծաղկել են ծառերն իմ՝ սրտիդ մեջ…
Բայց…
Դու գնում ես դարձյալ,
Ճամփեքով մութ ու ամայի…
Ու դողում է գարունս
Ոտքերիդ տակ…
Հիմա
Ես էլ եմ ցուրտ
Անկախ Հայաստանի պես.
-Ես դուստրն եմ քո
Ու մեր բախտերը
Նման են իրար…
***
Նորից
Կյանքը չոր գինու պես
Գլխիս է խփում,
Ու գտածիս մեջ
Փնտրում եմ կորցրածս…
Փնտրում՝
Չեմ գտնում…
Կյանքը կապել եմ
Ոչնչով.
Այս գիշերն էլ կորավ
Քո միջով…
***
Լափի՛ր քո ապագան.
Ետ տուր քո՛ անցյալը…
Զղջա՛, ողբա՛, մեռի՛ր
Հենց սա՛ է քո կյանքը:
Տանջվի՛ր, ապրի՛ր, մեռի՛ր,
Խեղդի՛ր, խեղդվի՛ր քո մեջ,
«Զի բազումք են կոչեցեալք,
Եվ սակավք են ընտրեալք»:
***
Մի օր վստահ եմ,
Կգտնեմ այն վայրը,
Ուր դու ներկա ես…
Վաղուց հոգնել եմ, Հա՜յր,
Հորինած իմ կապույտից…
Մի օր կգտնեմ,
Կգամ դողաքայլ,
Թափանցիկ դեմքով,
Ու միայն Դու ինձ կճանաչես…
Մի օր կգամ, Հա՜յր…
Այդտեղ կապույտը
Հորինովի չէ…
Մեր կապույտը, Հա՜յր…