ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Monday, May 23, 2016 2:25 - չքննարկված
Վիեննայում տապալված բանակցությունների արդյունքում Հայաստանը ունի մի հնարավորություն․լինել նախահարձակ արցախյան ճակատում։ ԵՀՄՖ-ի նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանի տեղեկատվությունը Եվրոմիություն-Ռուսաստան «գազային պատերազմի» շուրջ Ադրբեջանի և Արցախի դերակատարության վերաբերյալ։
Վիեննայում բանակցություններն ավարտվեցին Հայաստանի համար վատագույն ելքով․ բանակցային գործընթացի շարունակություն դարձավ Կազանում Հայաստանի նախագահի կողմից ստորագրված «նոր մադրիդյան սկզբունքների» վատթարագույն տարբերակը։ Սա նշանակում է 5+2 ձևաչափով ազատագրված տարածքների հանձնում՝ բացարձակ ոչ մի երաշխիք չունենալու պայմաններում, նույնիսկ կարելի է ասել՝ առավել վատը․ ազերիները ունեն երաշխիք, որ կարող են Արցախի դեմոգրաֆիան փոխելով, սպասվելիք հանրաքվեում հաղթել։ Խոսքը ազերիների այն պահանջի մասին է, որ անկախության շուրջ հանրաքվե պիտի անցկացվի միայն Ադրբեջանի փախստականներին Արցախ վերադարձնելուց հետո, այսինքն՝ ազատագրված տարածքները վերադարձնելուց հետո ստեղծվում է ստատուս-քվո, որի արդյունքում Արցախ են վերադառնալու անորոշ թվով ազերիներ։ Դա նշանակում է, որ նրանց թիվը կարող է լինել, ասենք, կրկնակի անգամ ավելի շատ, քան Արցախի բնակչությունն է։ Ի՞նչ կարելի է անել նման սարսափելի ապագան կանխելու համար։
Այսօր Եվրոպայում զարգանում է «գազային պատերազմը» Ռուսաստանի և արևմուտքի հակառուսական ուժերի միջև։ Դեռևս այդ «պատերազմում» հաղթում է Ռուսաստանը։ Անցյալ շաբաթ, սակայն, տեղի ունեցան կորդինալ փոփոխություններ․ Ռուսաստանի դեմ ձեռնոց նետեց Ադրբեջան-Թուրքիա տանդեմը։ Սա ցնցող և կարևոր փաստ է Հայաստանի համար արցախյան պատերազմում նույնպես կորդինալ փոփոխություններ մտցնելու առումով: Ինչպե՞ս։ Ըստ ԵՀՄՖ-ի և PANAP-ի (Քաղաքական և Տնտեսական Վերլուծությունների և Կանխատեսումների Համաեվրոպական Կենտրոն) փորձագետների ունեցած տեղեկատվության, ադրբեջանական ղեկավարությունը փորձում է փրկել Եվրոպա գազ մատակարարելու TANAP գազատարի ճակատագիրը, որը բացարձակ կասկածի տակ էր առնվել քառօրյա պատերազմից հետո։ Օգտվելով ռուսական «Հարավային հոսք» գազատարը Բուլղարիայով և այնուհետև Թուրքիայով Եվրոպա բերելու ծրագրի տապալումից, Ադրբեջանը Թուրքիայի և Վրաստանի հետ միասին անցյալ շաբաթ ստորագրեց TANAP-ը ֆինանսավորելու ծրագիրը, որտեղ 58 տոկոս ներդրում կատարում է Ադրբեջանը, 30 տոկոս Թուրքիան և 12 տոկոս իրենց մեծ բարեկամ British Petroleum-ը (Անգլիա)։ Մեծ շուքով ստորագրվեց TANAP-ի վերակենդանացման փորձ հանդիսացող նոր պայմանագիրը Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի նախագահների կողմից։
Եվրոմիությունը Եվրոպա մատակարարվող գազի դիվերսիֆիկացիայի ծրագիրը իրականացնելու միտումով անցյալ շաբաթ որոշում ընդունեց՝ փորձել Eastring ծրագրի իրականացումը։ Eastring-ի խոշոր դերակատարը Սլովակիան է, որտեղ՝ Բրատիսլավայում հանգրվանել է EU Stream համաեվրոպական ընկերությունը, որին հանձնարարվել է զոնդել Eastring-ի իրականացման հնարավորությունը։ Eastring-ը Սլովակիայից դեպի Բալկաններ երկու ճյուղով գազ մատակարարելու ծրագիրն է․ մեկը Հունգարիայով, Ռումինիայով, Բուլղարիայով դեպի Բալկաններ, իսկ մյուսը՝ Բրատիսլավայից, Վիեննայով դեպի Բալկաններ։ Այս գազատարների համակարգը շատ իրատեսական է, եթե աշխատեցվի Ռուսաստան-Սլովակիա-Արևմտյան Եվրոպա գործող հզորագույն «Բրատստվո» գազատարը, որը սակայն, անցնում է Ուկրաինայով։ Այս գազատարի աշխատանքները Գազպրոմը հայտարարել է «անհեռանկարային» և պատրաստվում է փակել 1919թ-ից, քանի որ սա անցնում է անկայուն և մոտակա տարիներին ապագա չունեցող Ուկրաինայով։ Ուկրաինան խոշորագույն կոռումպացված երկիր է, որտեղ տարանցիկ գազի կողոպուտը համարվում է սովորական, իսկ ստորոգրված պայմանագրերը չկատարելը պաշտպանվում է պետության նախագահի կողմից։ Ուկրաինայի համար կայուն աշխատանքային ռեժիմի երաշխիք չեն կարողանում տալ ոչ Բրյուսելը, ոչ Վաշինգտոնը։ Ահա այս իրավիճակում Eastring-ը գազով մատակարարելու խնդիրը մնացել է օդում։ Անցյալ շաբաթ Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչները օրը 24 ժամ թմբկահարում էին Եվրոպայի էներգետիկ անվտանգությամբ զբաղվող ղեկավարության դռները՝ աղերսելով ավելի լուրջ վերաբերվել TANAP ծրագրին։ Բրյուսելը կարծես թե համաձայնվեց այն քննարկել մի պայմանով, որ Հարավային Կովկասում, ասել է թե՝ Արցախում, լինի խաղաղություն և կայուն իրավիճակ։ Ահա այս հանձնարարականով Ադրբեջանը պատրաստվում է շարունակելու TANAP-ի շուրջ բանակցությունները ԵՄ-ի հետ։
TANAP-ը ունի երեք խոշոր թերություն․
1․ ինչպես և նախորդ Nabucco ծրագիրը, Ադրբեջանը չունի բավարար գազ՝ նման գազատարը լցնելու համար, որը սակայն լուծելի է, եթե ազերիներին հաջողվի պակասող գազը այլ երկրների միջոցով լցնել։
2․ ազերիները իրենց այս քայլով դուրս են գալիս Ռուսաստանի դեմ՝ հարվածելով Ռուսաստանին մեջքից, ընդ որում՝ առավել հզոր, քան Թուրքիան արեց վերջերս։
3․ Հարավային Կովկասի անկայունության ստեղծողը հենց ազերիներն են, և դժվար է պատկերացնել նրանց կողմից կայունություն ապահովելու քայլը։
Իլհամ Ալիևը Վիեննայում ոչ միայն չհամաձայնվեց Կազանում ՀՀ նախագահի կողմից ստորագրված խայտառակ փաստաթղթի արդյունքների հետ, այլև պնդեց իր պահանջը՝ հետ տալ ոչ թե 5 շրջան, այլ 6,5։ Միաժամանակ բանակցելով Բրյուսելի հետ, ադրբեջանական գազի մատակարարմամբ Եվրոմիության խնդիրները լուծելու և Ռուսաստանի դերակատարությունը կտրուկ նվազեցնելու շուրջ նա խնդրեց Բրյուսելի օգնությունը՝ Արցախյան հարցի լուծման շուրջ։ Այսինքն՝ էներգակիրների տարանցիկ տեղափոխմամբ ԵՄ-ին օգնելը լրացվեց հենց նույն ԵՄ-ի հանդուրժողականության պայմաններում Հայաստանի դեմ պատերազմը հաղթելու երաշխիքներ ստանալով։ Այսպիսով՝ արցախյան ճակատում կայունությունը Եվրոպա գազի մատակարարման և Ռուսաստանի դեմ «գազային պատերազմը» հաղթելու գրավականն է։
Ահա այստեղ է, որ մեծ անելիք ունի հայկական դիվանագիտությունը և իշխանությունը։ Միանգամից ասենք, որ մեր արտաքին դիվանագիտության էդիկնալբանդյանական մակարդակը և իր աթոռին կառչած նախագահի հնարավորությունները հույս չեն տալիս, որ մեր ասած առաջարկությունները սրանք կարող են իրականություն դարձնել, բայց այնուամենայնիվ ներկայացնում ենք այն քայլերը, որը կաներ արհեստավարժ և իմաստուն, միջազգային ասպարեզում քաշ ունեցող իշխանությունը։ Իհարկե, դրական ելք ունենալու միակ ուղին Ադրբեջանի հետ ուժի դիրքերից խոսելն է։ Նախ, օգտնվելով նրանց քառօրյա պատերազմը սանձարծելու փաստից, անհրաժեշտ էր հրաժարվել Վիեննայի բանակցություններից և/կամ Վիեննայի բանակցությունները տապալել այնպես, ինչպես Իլհամ Ալիևն արեց։ Այսօր ևս, դեռևս ուշ չէ, օգտվելով Իլհամ Ալիևի կողմից ցուցաբերած կոշտ դիրքորոշումից, համանման պատասխան տալ։ Կարելի է այս անգամ լինել նախահարձակ և ստեղծել արցախյան ճակատում խորը անկայունություն․ սա ազերիների համար կլինի սարսափելի պատասխան։ Չմոռանանք, որ խոսքը տարեկան տասնյակ միլիարդներ ապահովող էներգակիրների վաճառքի մասին է, չհաշված, որ ազերիները խառնվել են նաև արևմուտք-Ռուսաստան «գազային պատերազմին»։ Նույնիսկ կարելի է իրականությանը շատ մոտ հայտարարությունների միջոցով հասկացնել հայկական ռազմական տեխնիկայի օգտագործմամբ գազատարների ցանցը վերացնելու հնարավորության մասին։
Երկրորդ կարևորագույն հարցը Ռուսաստանին այս «գազային պատերազմում» կարևորագույն դաշնակից լինելու հարցն է։ Այո, եկել է պահը, որ Հայաստանը դարձել է կարևոր գործոն և կարող է իր վրա վերցնել Ռուսաստանի համար էական խնդիր լուծելու գործը։ Արցախյան ճակատում անկայունությունը այս հարցում մեծ նվեր կլինի Ռուսաստանին։ Կարծում ենք՝ ճիշտ դիվանագիտական քայլեր կատարելու դեպքում կարելի է ստանալ հսկայական արդյունք․ կա՛մ Արդբեջանը Արցախյան հարցում կկատարի զիջումներ, կա՛մ կզրկվի արևմուտքի համար կայուն գործընկեր լինելու ապագայից։ Ճիշտ է, չափազանց մեծ նշանակություն ունի Արդբեջանի համար նաև Ռուսաստանի հետ գործընկերությունը, սակայն Ադրբեջանը, հայտնվելով երկու կրակի արանքում, պետք է գտնի ելք այդ կրակներից առանց այրվելու դուրս գալու համար։
Ինչպես արդեն ներկայացրել ենք նախորդ տեղեկատվությունների ընթացքում (Առավոտ մայիս 12, 168․am մայիս 2) քառօրյա պատերազմը մեծ հարված հասցրեց Եվրոպա գազի մատակարարման` Ադրբեջանի երազանքներին և այսօր Երևանից է կախված կամ այդ ծրագրերը հօդս ցնդեցնելը և/կամ Արցախի ապագան ի նպաստ մեր երկրի լուծելու խնդիրը։