ԼՐԱՀՈՍ, ԿՐԹՈՒԹՅՈՒՆ - Հեղինակ՝ . Saturday, May 14, 2016 0:57 - չքննարկված

Նախադպրոցական տարիքի երեխաների հարցասիրությունն ու մտավախությունները

ՍՈՖՅԱ ԱՐԶՈՅԱՆ
Նախադպրոցական տարիքի երեխաների հարցասիրությունն ու մտավախությունները

Երեք տարեկան տղաներն ու աղջիկներնը հասնում են զարգացման այն փուլին, երբ հայրն ու մայրը նրանց թվում են աշխարհի ամենահրաշալի մարդիկ։ Եվ ամեն ինչով ուզում են նմանվել նրանց, անել այն ինչ նրանք են անում։
Երեխան ոչ թե պարզապես լավ է վերաբերվում ծնողներին, այլ շատ մեծ քնքշանք է զգում նրանց հանդեպ։ Բայց նրա սերն այնքան ուժգին չէ, որ միշտ ենթարկվի ծնողներին ու լավ պահի իրեն։ Նա ձգտում է հաստատել իր «ես»-ը, նույնիսկ եթե երբեմն ստիպված է հակառակվել ծնողների կամքին։
Չորս տարեկան հասակում երեխաները հաճախ ցուցաբերում են ինքնագոհություն, իրենց պահում են հանդուգն ու ինքնավստահ։ Այս ամենը մորից պահանջում է խստություն։
Հայրերն ավելի ներողամիտ են դուստրերի, իսկ մայրերը՝ որդիների նկատմամբ։ Դա միանգամայն նորմալ երևույթ է, որովհետև հակադիր սեռերի միջև, բնականաբար, մրցակցությունն ավելի քիչ է։
Համերաշխ ընտանիքում ծնողների ու երեխաների փոխհարաբերությունների միջև գոյություն ունի հավասարակշռություն, որ զարգացման այդ փուլում ուղղություն է տալիս առանց նրանց ցուցաբերած ակնառու ջանքերի։
Երեխաների հարցասիրությունը սահման չունի։ Երեխան հարցնում է այն ամենի մասին, ինչ տեսնում է։ Նա հարուստ երևակայություն ունի։ Եզրակացություններ է անում պատահական փաստերից։ Ամեն ինչ կապում իրար։
Երեք-չորս տարեկան երեխան պատմում է հնարած պատմություններ։ Նա վառ պատկերացնում է այն ամենը, ինչ ասում է։ Նա շատ չի տարբերում, թե որտեղ է վերջանում իրականը ու սկսվում անիրականը։ Ահա թե ինչու այնպես սիրում է լսել հեքիաթներ ու պատմություններ։ Ահա ինչու չի կարելի անհամապատասխան ֆիլմեր դիտելու,դրանք կարող են վախեցնել երեխային։
Կարիք չկա երեխային նախատել, հորինած պատմությունների համար, եթե նա ընդհանուր առմամբ երջանիկ է ու մարդամոտ։ Բայց մյուս կողմից, եթե ամբողջ օրը երեխան պատմություններ է հորինում, հարց է առաջանում՝ արդյո՞ք նա երջանիկ է իրական կյանքում։ Այդպիսի երեխային կարելի է որոշ չափով օգնել, ապահովելով նրան հասակակիցների միջավայրով։ Նա կարիք ունի, որ իրեն փաղաքշեն , իր հետ խաղան, կատակեն, իրենով զբաղվեն կամ ուղղակի բարեկամաբար զրուցեն։
Յուրաքանչյուր մարդ, թե՛ չափահաս, թե՛ երեխա, երբեմն ընկնում է անհարմար վիճակի մեջ, որից առավել դյուրին ու պատշաճ դուրս գալուն օգնում է ոչ մեծ սուտը։ Երեխան չի ծնվում ստախոս։ Եթե հաճախ է ստում, նշանակում է ինչ-որ բան չափից ավելի է ճնշում նրան։ Պետք է պարզել պատճառները։ Բայց դրա համար պահանջվում է ժամանակ, իսկ ծնողից՝ նրբազգացություն։
Երեք-չորս տարեկան հասակում երեխան վախենում է մթությունից, շներից, մահից, հրշեջ մեքենաներից և այլն։ Նրա երևակայությունը հասնում է այն աստիճանի, որ ի վիճակի է իրեն դնել ուրիշների տեղն ու երևակայել այն վտանգները, որոնց երբեք չի ենթարկվել։ Երեխայի հարցասիրությունը հանգիստ չի տալիս ոչ իրեն, ոչ ուրիշներին։ Նա ուզում է իմանալ ոչ միայն տեղի ունեցող երևույթների պատճառները, այլև դրանց կապը անձամբ իր հետ։ Եթե երեխան վախենում է մթությունից, աշխատեք համոզել, որ դա վտանգավոր չէ, բայց ոչ թե խոսքով, այլ սեփական վարքագծով։ Մի ծաղրեք նրան, հնարավորություն տվեք նրան զգալու, որ ուզում եք հասկանալ իրեն, բայց բացարձակապես համոզված եք, որ նրան ոչինչ չի սպառնում։ Նման պահին վատ չի լինի, եթե ավելի փաղաքշանքով վերաբերվեք ու հիշեցնեք, թե շատ եք սիրում նրան և միշտ կպաշտպանեք։ Անկասկած, չի կարելի երեխային վախեցնել հեքիաթների հերոսներով կամ օտար քեռիներով։ Աշխատեք լավ կարգապահության հասնել խստությանբ ու հետևողականությամբ։
Ոչ մի դեպքում չփորձեք երեխային կառավարել սակարկելով Ձեր սերը։ Եթե երեխան սխալ բան է արել, նրան քննադատելու փոխարեն քննադատեք նրա գործողությունները։ Ձեր երեխան անհատականություն է՝ ուժեղ և թույլ կողմերով։ Եվ ընդունեք այնպիսին, ինչպիսին այն կա։
Աշխատեք, որ ձեր երեխայի կյանքը լինի լիքը, հետաքրքիր, պայմաններ ստեղծեք, որ շփվի ուրիշ երեխաների հետ։ Որքան շատ հափշտակվի խաղերով ու ապագայի ծրագրերով, այնքան քիչ կմտածի իր ներքին մտավախությունների մասին։ Գիշերը նրա սենյակի դուռը բաց թողեք կամ սենյակում գիշերալամպ դրեք, եթե դա հանգստացնում է նրան։
Այդ հասակում կարող է հարց տալ մահվան մասին։ Աշխատեք, որ ձեր բացատրությունները չվախեցնեն երեխային։ Եթե ինքներդ մահը համարում եք բնական երևույթ ու չեք վախենում, ապա կարող եք նույն վերաբերմունքը հաղորդել նաև երեխային։ Չմոռանաք այդ պահին գրկել նրան, ժպտալ ու հավատացնել, թե միասին կապրեք դեռ շատ տարիներ։
Այդ հասակում երեխաները հաճախ վախենում են կենդանիներից։ Մի ստիպեք երեխային մոտենալ կենդանուն։ Որքան համառորեն ստիպեք, այնքան նա շատ կդիմադրի։ Կանցնի մի առ ժամանակ , և ինքը կաշխատի հաղթահարել վախն ու մոտենա շանը կամ այլ կենդանուն։ Դա ավելի շուտ տեղի կունենա, եթե հանգիստ թողեք նրան։ Նույնը վերաբերվում է նաև ջրվախությանը։
Հաճախ տանջող մտավախություններից երեխան ազատվում է որոշակի առարկաների առկայությունից, երբ իր խաղերին մասնակից է դարձնում նաև այդ առարկաները։
Ճշմարտություն կյանքի մասին։ Սեռական դաստիարակությունն սկսվում է ավելի վաղ, ցանկանում եք այդ, թե ոչ։ Իր ամբողջ կյանքի ընթացքում երեխան տեղեկանում է կյանքի զանազան երևույթների մասին։ Եթե երեխաներն այդ մասին չիմանան ազնվորեն, ապա կտեղեկանան անառողջ ճանապարհով։ Ավելի լավ է միանգամից ասել ճշմարտությունը, քան հորինել որևէ բացատրություն, իսկ հետո ստիպված փոխել։ Անհրաժեշտ է երեխայի հետաքրքրությունը բացատրել նրա հասկացուղության մակարդակով։ Երբ երեխան հարցնում է, ինչու է խոտը կանաչ կամ ինչու շումը պոչ ունի, չէ որ պատասխանում եք այնպես, որ նրա մոտ տպավորություն ստեղծվի, թե աշխարհում դա ամենաբնական բանն է։ Փորձեք երեխաների ծագման մասին ձեր պատասխանները դարձնել նույնքան բնական։ Ամեն օր առաջանում են իրադրություններ ու խոսակցություններ, որոնցից մայրը կարող է օգտվել ու բավարարել երեխայի հետաքրքրությունը։ Սեռական հասունացումը սովորաբար սկսվում է աղջիկների մոտ 9-13, իսկ տղաների մոտ 11-15 տարեկանում։ Դպրոցում կենսաբանություն ուսումնասիրում են թե ոչ, խիստ կարևոր է, որ ծնողները խոսեն երեխայի հետ նախքան սեռական հասունացման հետ կապված համապատասխան փոփոխությունների սկսվելը։ Այդ ժամանակ անհրաժեշտ է, որ ծնողներն իրենք խոսք բացեն այդ թեմայի շուրջ։ Վեց-յոթ տարեկանից հետո երեխաները դառնում են ամաչկոտ։ Հարկավոր է հարգել նրանց ամաչկոտությունը։

Նախադպրոցական հասակի երեխաների ֆիզիկական զարգացումը

Նախադպրոցական հասակը երեխայի զարգացման շատ կարևոր փուկ է, որովհետև այդ շրջանում տեղի է ունենում գլխուղեղի, բոլոր օրգանների և համակարգերի որակական և ֆունկցիոնալ կատարելագործումը։ Այդ հասակում հիմնականում ավարտվում է մանկան օրգանիզմի ոսկրային հյուսվածքի կառուցվածքի ձևավորումը։
Նախադպրոցական հասակի երեխայի կմախքը զգալի չափով բաղկացած է կռճիկային հյուսվածքից, դրա համար էլ հեշտությամբ է փոփոխվում անբարենպաստ պայմաններից՝ մարմնի ոչ ճիշտ դիրքը, երկար ժամանակ կանգնած կամ նստած լինելը, անհարմար անկողինը, կահույքը։ Եթե այդ առանձնահատկությունները հաշվի չառնենք ու չապահովենք երեխայի ֆիզիկական ճիշտ դաստիարակությունը, ապա կառաջանան կեցվածքի խանգարումներ, որոնք բացասաբար են անդրադառնում արյան շրջանառության, շնչառության ֆունկցիաների վրա, տեղի կունենա ոսկրերի ոչ ճիշտ աճ։
Նախադպրոցական հասակում տեղի է ունենուն բրոնխա-թոքային ապարատի
որակական զարգացում և կատարելագործում։ Շնչառության հաճախականությունը պակասում է, ավելի խոր է դառնում ներշնչումը և ավելի լիարժեք՝ արտաշնչումը։
Նախադպրոցական հասակում արյան շրջանառության օրգանները զգալի անատոմիական ու ֆունկցիոնալ փոփոխություններ են կրում։ Այդ շրջանում սրտի քաշը ավելանում է, որի շնորհիվ աճում է սրտի կծկումների ուժը և բարձրանում է նրա աշխատունակությունը։
Նախադպրոցական հասակում նկատվում է կենտրոնական նյարդային համակարգի հետագա զարգացում։ Ավելի արագ են առաջանում խոսքի նկատմամբ պայմանական ռեֆլեքսներ։ Ամբողջությամբ վերցրած, բարձրանում է նախադպրոցականի օրգանիզմի կենսագործունեությունը, աշխատունակությունը, երևան են գալիս ավելի ու ավելի բարդ ունակությունների ու գիտելիքների յուրացման պայմաններ։
Մեծահասակների ազդեցությամբ և նրանց անմիջական օգնությամբ երեխան անցնում է ինքնուրույն գործողությունների։ Նա կատարում է իր ուժերի չափով աշխատանքային հանձնարարություններ, զբաղվում է ինքնասպասարկմամբ, ենթարկվում է կոլեկտիվի վարքի որոշակի կանոններին։ Նրա վարքագիծը ձեռք է բերում ավելի ու ավելի իմաստավորված բնույթ։ Նախադպրոցականի կյանքում ու զարգացման մեջ կարևորագույն տեղ է գրավում խաղը։ Այդ հասակում նա նկարում է, քանդակում, տիրապետում է բանավոր հաշվին,յուրացնում ու իմաստավորում է հեքիաթների բովանդակությունը։ Հեքիաթը երեխայի լավ ընկերն է, ուրախալի ապրումների աղբյուրը վաղ հասակից սկսած։ Հեքիաթների հերոսների օրինակով երեխան սովորում է լինել համարձակ ու ազնիվ, նպատակասլաց, սովորում է հաղթահարել արգելքները, օգնել ընկերոջը, լինել հավատարիմ՝ բարեկամության մեջ։ Հեքիաթը պետք է համապատասխանի երեխայի հասակին։

Մանկապարտեզ

Նախադպրոցականի զարգացումը էապես նպաստում է մանկապարտեզի կոլեկտիվի աշխատանքային գործունեությանը մասնակցելը։
Մանկապարտեզը հսկայական օգուտ է տալիս երեխաներից շատերին։ Մանկապարտեզում երեխաները սովորում են սիրել կոլեկտիվը, միատեղ աշխատել, պլաններ կազմել ու իրականացնել։ Մանկապարտեզում երեխաները կարող են ազատ վազվզել, պարել, երգել։ Այս ամենը հարկավոր է ինչպես երեք, այնպես էլ չորս տարեկան երեխային, բայց որքան ուշ սկսի ընտելանա կոլեկտիվին, այնքան նրա համար դժվար կլինի։

Նախադպրոցական հասակում, հատկապես հինգ տարեկանից սկսած, երեխան դառնում է շատ հետաքրքրասեր և պատասխան է պահանջում իր բազմաթիվ հարցերին։ Մեծահասակը պետք է պարզ ու հանդիստ պատասխանի երեխայի հարցերին և համբերությամբ լսի նրա պատմածնրը, ուղղելով բառերը, եթե սխալ է արտասանում։ Միևնույն ժամանակ չի կարելի ծանրաբեռնել երեխային անչափ մեծ քանակությամբ նոր տպավորություններով ու հասկացողություններով։ Այդ հասակում կատարելագործվում է նաև զգայարանների աշխատանքը՝ շոշափելիքը, հոտառությունը, համը, տեսողությունը, լսողությունը։
Տեսողության երկարատև լարվածության դեպքում /նկարները,վատ լուսավորված սեղանի շուրջը անհարմար դիրքով դիտելիս/ երեխայի աչքերի մկանները հոգնում են։
Ուստի խիստ կարևոր է հետևել երեխայի ճիշտ նստելուն, հատկապես նկարազարդ գրքեր նայելիս, նկարելիս, ասեղնագործելիս։
Այս տարիքում երեխան պետք է արդեն ինքնուրույն ուտի, պահպանելով հիգիենիկ ունակություններն ու վարքի կանոնները։ Հինգ տարեկան և ավելի մեծ երեխան կարող է արդեն օգնել մորը սեղան գցելու, ուտելուց հետո սեղանը հավաքել։
Նախադպրոցականի, ինչպես և առհասարակ երեխայի նորմալ զարգացման համար կարևոր նշանակություն ունի ճիշտ կազմակերպված օրվա ռեժիմը։ Այն նպաստում է երեխայի կազմակերպվածությանը, կամքի և բնավորության այլ կարևոր գծերի ամրապնդմանը։
Ճիշտ ռեժիմի հասկացողությունը չի բնորոշում միայն սննդի ընդունման և քնի համար հատկացված ժամերի խելացի բաշխումով։ Երեխայի նորմալ զարգացման համար շատ կարևոր է նաև զբաղմունքների և պարապմունքների ճիշտ հերթագայումը՝ հանգիստ և շարժման խաղերը, զբոսանքը, ուժերին համապատասխան աշխատանք տանը։ Ըստ որում պարապմունքը երեխային օգուտ կտա միայն այն դեպքում, եթե նա հաճույքով, հրապուրանքով է զբաղվում դրանով։
Արթնանալով, երեխան պետք է անմիջապես վեր կենա և կատարի առավոտյան մարմնամարզություն, լվացվի, սնունդ ընդունի։ Երեխան ոչ մի բանով չպետք է ուշադրությունը շեղի ուտելու ժամանակ։ Դա վնասակար է, որովհետև արգելակում է մարսողական հյութերի արտադրությունը, որը նույնպես ազդում է ախորժակի վրա։ Ուտելուց հետո օգտակար է հանգիստ խաղեր կամ պարապմունքներ կազմակերպելը։ Պարապմունքների բովանդակությունը հարկավոր է օրեցօր փոխել, դարձնելով ավելի գրավիչ և հետաքրքիր։ Երեխաները սիրում են, երբ նրանց խաղերը կրում են օգտակար աշխատանքի բնույթ։ Հարկավոր է ավելի հաճախ տալ նրանց այդպիսի հնարավորություն։
Օրվա ռեժիմի ճիշտ պահպանումը երեխայի համար պետք է դառնա կայուն սովորություն, վերածվի պահանջի։ Դրա համար հարկավոր է հետևողականություն ։ Նախադպրոցական հասակը ամենօրյա հրապուրիչ հայտնագործությունների ծամանակ է, թե երեխաների , և թե ծնողների համար։ Ընտանիքի կյանքում հատուկ աշխուժություն , բերկրանք է մտցնում այդ հասակը։ Սակայն նախադպրոցական հասակը նաև երեխայի հոգևոր ու ֆիզիկական կերպարի համակողմանի , ակտիվ զարգացման ժամանակն է, ուստի ծնողներից լուրջ և ամենօրյա ուշադրություն է պահանջում։
Կրտսեր դպրոցականների տարիքային առանձնահատկությունները
Կրտսեր դպրոցականների տարիքային առանձնահատկությունները նախադպրոցական տարիքի օրգանական շարունակությունն են։ Այս տարիքի երեխաները շատ հետաքրքրասեր են։ Նրանք ձգտում են ավելի շատ բան իմանալ բնական երևույթների, մարդկանց ու շրջապատող աշխարհի մասին։ Այդ պատճառով էլ նրանք բազմաթիվ ու բազմապիսի հարցեր են տալիս ուսուցիչներին, ծնողներին ու ծանոթներին։ Նրանց այս հատկությունը, եթե խելացի ուսուցչի կողմից ճիշտ ուղղություն ստանա, ապա կարող է դառնալ նրանց մտահորիզոնի և գիտելիքների ընդլայնման հոգեբանական հիմք։
Կրտսեր դպրոցականների մյուս բնորոշ գիծը նրանց հուզական բարձր գրգռվածությունն է։ Ուսուցչի հուզիչ խոսքը, վառ գույները, դիտած կինոնկարը, կարդացած հեքիաթը ամբողջությամբ գրավում, կլանում են երեխաներին։ Սրան հակառակ երկար ու ձանձրալի խոսքային չոր շարադրանքը, խրատական քարոզները հոգնեցնում, շեղում է նրանց ուշադրությունը։
Կրտսեր տարիքի մյուս առանձնահատկությունները ընդօրինակումն է։ Նրանք շատ են սիրում կրկնել ու վերարտադրել մեծերի շարժումները, վարքի ձևերը։ Նրանց ընդօրինակման առաջին օբյեկտը ուսուցիչն է, որը նրանց համար դառնում է ամենաբարձր հեղինակությունը։ Ցավոք, երեխաները ընդօրինակում են նաև բացասական երևույթները, ուստի չափահասները պետք է խուսափեն բացասական վարքի ձևերից։
Կրտսեր տարիքի մյուս բնորոշ գիծը կոլեկտիվիզմն է, համատեղ աշխատանքի մեջ ներգրավվելը։ Ուսուցչի խրախուսանքից ավելի ակտիվ ու նախաձեռնող են դառնում։ Սրան հակառակ, ընկերների ց ետ մնալը, պարսավանքի արժանանալը,նրանց մեջ առաջացնում է բացասական հուզական վիճակներ,հոգեկան ակտիվության անկում։Համատեղ ուսումնական աշխատանքն ու խաղը երեխաների մեջ դաստիարակում է բարոյակաան այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են աշխատասիրությունը,հոգատարությունը,կամային վճռականությունը և պարտքի զգացումը։

Իմացական գործընթացների զարգացումը կրտսեր դպրոցական տարիքում

Կրտսեր դպրոցականների ընկալումը սկզբնական շրջանում կրում է ընդհանրացված, ոչ տարբերակված բնույթ։ Նրանք դժվարանում են միանգամից տարբերակել առարկաների ու պատկերների ներքին կառոցվածքային բաղադրիչները։ Աստիճանաբար երեխաները տիրապետում են ընկալման տեխնիկային, սովորում են դիտել, լսել, տարբերել գլխավորը երկրորդականից։ Փոխվում է նաև բառի դերը ընկալման պրոցեսում, այն դառնում է մտավոր հենարան ուրիշ բառի իմաստները ընկալելու համար։ Զգալի չափով զարգանում է ժամանակի և տարածության ընկալումը։ Նրանք տարբերում են տարածական հատկանիշները և կարողանում են չափումներ կատարել։ Երեխաները ավելի շատ դժվարանում են ընկալել ժամանակային հատվածները։ Ժամանակի ճիշտ ընկալումը կախված է երեխաների գործունեության կազմակերպումից։ Ռեժիմի պահպանումը, ուսումնական առաջադրանքների սիստեմատիկ կատարումը, խաղի և աշխատանքի զուգակցումը երեխաների մոտ մշակում է ժամանակի ճիշտ ընկալումը։
Ուշադրություն զարգացումը կրտսեր դպրոցական տարիքում ընթանում է ոչ կամածին տեսակից դեպի կամածին ուշադրությունը։ Սկզբում երեխաները դժվարությամբ են կենտրոնանում հաղորդվող նյութի և ցուցադրվող առարկաների վրա։ Առաջին և երկրորդ դասարաններում ուշադրության կազմակերպման ու կառավարման ուղղությամբ ուսուցչից պահանջվում են մեծ ջանքեր։ Նախ պահանջվում է դասը վարել զննական ու ցուցադրական նյութերի օգտագործման մեթոդով։Խոսքը դարձնել հուզիչ ու գրավիչ, հարկ եղած դեպքում կիրառել ուսուցման խաղային մեթոդները։
Երրորդից չորրորդ դասարաններում արդեն երեխաները ուշադիր լինելու փորձ ու հմտություն են ձեռք բերում և կարողանում են ուշադրությունը բաշխել ու տեղափոխել։ Երեխաների ուշադրությունը կենտրոնացնելու գործում մեծ դեր է խաղում նաև ուսուցչի խոսքի ու աշխատանքի տեմպը։ Չափից դուրս արագ և չափազանց դանդաղ տեմպը շեղում է երեխաների ուշադրությունը։
Դպրոցական ուսուցման առաջին տարիներին երեխաների հիշեղությունը կրում է մեխանիկական վերարտադրողական բնույթ։ Նրանք ձգտում են նույնությամբ սովորել ու կրկնել դասագրքից նյութը կամ ուսուցչի պատմածը։ Այս հանգամանքը դժվարացնում է նյութի հասկացումը, ուստի պահանջվում է զարգացնել նրանց իմաստային հիշողությունը։ Մեխանիկական տեսակից իմաստային ձևին անցնելու համար պահանջվում է կիրառել մեթոդական-հոգեբանական մի քանի հնարներ։
Դրանցից են՝
1․ ծավալուն նյութը առանձին մասերի բաժանելը և մաս-մաս սովորել՝ վեջում այն ամբողջացնելով։
2․Առանձին մասերին վերնագիր նշանակելը։
3․ Նյութի առանձին բազադրիչների միջև նմանությունների և տարբերությունների գտնելը։
4․Նման հատկանիշները խմբավորելը և այլն։
Կարևոր հնարներից է նաև պլանային հարցեր կազմելը, դասակարգելը և առանձին մասերի միջև իմաստային կապեր ստեղծելը։ Հիշողության և գիտելիքների ամրապնդման ավանդական մեթոդ է կրկնությունը։ Սակայն կրկնությունը պետք է կազմակերպել այնպես, որ յուրաքանչյուր անգամ նյութը լրացվի ու հարստացվի նոր փաստերով ու անհայտ կողմերով։ Կրկնության նպատակն է ամրապնդել յուրացման ենթակա ծրագրային նյութը և ուղղել տևական հիշողության մեջ։ Երեխաներն ավելի լավ են հիշում այն նյութը, որը զգացական տպավորություն է թողնում, կամ որի հետ գործողություն են կատարում։ Նրանք վատ մտապահում և վերարտադրում խոսքային, վերացական շարադրանքները։
Կրտսեր դպրոցականների մտածողությունը կրում է կոնկրետ պատկերային բնույթ, թեև պահպանվում են ակնառու գործնական տեսակի տարրերը։
Մտածողության կոնկրետությունը դրսևորվում է նրանում, որ նրանք մոտավոր խնդիրները լուծում են միայն այն դեպքում, երբ առկա են նյութական առարկաները կամ նրանց պատկերները։ Հաշվի առնելով մտածողության այս հատկությունը ուսուցչի մաթեմատիկական առաջադրանքները պետք է կոնկրետացնեն զննական պատկերային ձևով կամ առարկայական օրինակներով։ Կրտսեր տարիքի երեխաներին բնորոշ է կոնկրետ առարկայական մտածողությունից գնալ դեպի ընդհանուր, վերացականը։ Մտածողությունը ավելի շատ վերացական հասկացություններ։ Առաջին դասարանցու համար թիվ մտավոր հենարան դժվար է դառնում առանց կոնկրետ առարկայի։ Թվերի հետ նա գործողություն է կատարում առարկաների միջոցով, որից հետո աստիճանաբար առարկաներին փոխարինում են մատները, փայտիկները կամ հաշվելի հատիկները։
Կրտսեր դպրոցականների երևակայությունը, շնորհիվ նախադպրոցական, խաղային գործունեության, համեմատաբար լավ է զարգացած,քան մյուս հոգեկան պրոցեսները։ Դպրոցական ուսուցումը նոր պահանջներ է դնում նրանց երևակայության առջև։ Երեխաները ընթերցանության և պատմության դասերին ոչ միայն պիտի սովորեն նյութը, այլև պատկերացնեն ու մտովի վերականգնեն անցյալի իրադարձություններն ու դեմքերը, որոնց չեն տեսել։ Սկզբնական շրջանում երեխաների երևակայությունը բնութագրվում է ունեցած մտապատկերների աննշան վերամշակմամբ։ Երևակայության զարգացմանը նպաստում են հիշողության նախկին պատկերները,որոնք երևակայական պատկերների համար դառնում են հոգեբանական «շինանյութ»։
Երեխաների երևակայությունը ուղեկցվում է բարձր հուզականությամբ, հատկապես նկարելիս, գույների ընտրությունը կախված է նրանց տրամադրությունից ու հոգեվիճակից։
Երևակայական մտապատկերները դառնում են երեխայի ստեղծագործական ընդունակությունների հոգեբանական հիմքը։



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ