ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Wednesday, May 4, 2016 20:08 - չքննարկված

«ԻՆՉՈ՞Ւ ՄԵՆՔ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՄՐՑԵԼ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԵՏ ԵՎ ԱՌՀԱՍԱՐԱԿ» ԿԱՐԵՆ ԱԴՈՆՑ

ԿԱՐԵՆ ԱԴՈՆՑ

Չորս օրյա պատերազմը բացահայտեց շատ խնդիրներ, սակայն այստեղ կարեւոր է գիտակցել, որ այդ խնդիրների հիմնական մասը տնտեսական են։ Զենքը՝ տնտեսություն է, զոհվածների ընտանիքների ու վիրավորների սոցիալական խնդիրները՝ տնտեսություն է, բանակի նյութական ապահովումը՝ տնտեսություն է։ Մենք մեր ներկայիս տնտեսության վիճակով երկար չենք ձգի, երկարաժամկետ պատերազմի պարագայում՝ առավել եւս։ Սա պետք է աքսիոմա ընդունել, հետո նոր մտածել այլ խնդիրների մասին։
Ունենալ միայն «խոշոր» արտադրող-արտահանող ընկերություններ, այն էլ հիմնականում գյուղմթերքների վերամշակման ոլորտում, սահմանափակ շուկաներով ու խոսել տնտեսության զարգացման ու ներքին շուկայի մրցակցության մասին, մեղմ ասած՝ միամտություն է։
Առնվազն տարակուսանք կարող է առաջացնել այն միտքը, որ մենք մեր սեփական շուկայում ի զորու չենք տնտեսական դաշտում մրցել ոչ միայն թուրքական ապրանքների, այլ նաեւ՝ եվրոպական, չինական, ռուսական եւ նույնիսկ Վրաստանից ներկրված ապրանքների հետ։
Սակայն, նախ անդրադառնանք թուրքական ապրանքներին ու փորձենք առարկայական հասկանալ՝ ո՞րտեղ է այստեղ խնդիրը։
Չեմ պատրաստվում խոսել կաշառակերությունից, մենաշնորհներից, օլիգարխներից, վարկային բարձր տոկոսադրույքներից, հարկային քաղաքականությունից եւ այլն՝ սա վերջում մտովի «կգումարեք» խնդիրներին։
Այստեղ կարճ կխոսենք մի քանի առավել կոնկրետ հարցերից։
Եւ այսպես, Հայաստանը Թուրքիայից ներմուծում է ապրանքների բավական լայն տեսականի, սկսած սննդամթերքից, վերջացրած՝ տեկստիլ, քիմիական, շինարարական ապրանքներ, պլաստմասե եւ մետաղյա իրեր ու սարքավորումներ։ Սա նշանակում է, որ թուրքական ապրանքների դեմ մրցակցության պետք է դուրս գան հայկական փոքր ու միջին արտադրող ձեռնարկությունները՝ խոշորները, ունենալով սահմանափակ տեսականի, չեն կարող դա անել լայն ճակատով։
Պատրաստ ե՞ն արդյոք հայկական փոքր ու միջին արտադրող ձեռնարկությունները նման նախաձեռնության։ Մեր ՓՄՁ-ը ոչ միայն պատրաստ չեն, այլ նաեւ՝ բոլոր չափանիշներով մրցունակ չեն եւ մեր տնտեսական համակարգում երբեք չեն կարող լինել մրցունակ եւ կայանալ, որպես կայուն զարգացող ընկերություններ։ Սա նուրբ ու խորքային խնդիր է եւ եթե մեր հասարակությունը չգիտակցեց այս հարցի կարեւորությունը, մենք տարիներ շարունակ կարող ենք խոսել սրա մասին եւ ոչինչ չանել՝ ինչպես միշտ։
Անդրադառնանք ՓՄՁ-ի «մեկնարկային» խնդիրներին միկրո հարթության վրա։
Ինչ բնույթի խնդիրների հետ են առնչվում եւ կառնչվեն ՓՄՁ-ը եթե փորձեն լինել իսկապես մրցունակ՝ միջազգային չափանիշներով։ Այն ինչ այստեղ կասեմ՝ փաստարկված է։
Ասենք հայկական գործող կամ նոր ՓՄՁ-ը հայրենասիրությամբ տոգորված, որոշեցին մրցել ու դուրս մղել թուրքական ապրանքները մեր շուկայից։ Նախ բնական է՝ նրանք պետք է փորձեն արտադրել որակով առավել բարձր, գնով համադրելի, համապատասխան արտադրանք, ինչը հնարավորություն պետք է տա նաեւ հետագայում արտահանել այդ ապրանքները՝ քանի որ ներքին շուկան սահմանափակ է զարգացման համար։
Հումքն ու մեքենասարքավորումները։ Առաջինը, որ մեր ընկերությունները բախվում են եւ կբախվեն, դա՝ Հայաստանը չունի հումքի եւ մեքենասարքավորումների ներքին շուկա։ Այն ինչ կա մեր ներքին շուկայում (բացի գյուղ մթերքներից), դա պատկերավոր ասած «տնտեսական աղբ» է՝ թե՛ որակով, թե՛ հաշվի առնելով գները։ Հետեւաբար, ձեռնարկատերերը ստիպված են լինելու սեփական ուժերով ներմուծել հումքն ու սարքավորումները եւ եթե մտադիր են հետագայում արտահանել իրենց արտադրանքը, ապա հիմնականում արեւմտյան երկրներից եւ մրցունակ գներով։
Ոմանց համար այս հարցերը կարող են ոչ էական թվալ, սակայն ամեն ինչ սկսվում է հենց այս մանրուքներից։
Դիտարկենք մեկ օրինակով, թե՛ ինչ տեղի կունենա եթե փոքր արտադրական ձեռնարկությունը նման զարգացման ծրագիր մշակի ու փորձի իրագործել Հայաստանում։
Ասենք, «Ա» փոքր ընկերությունը ներքին շուկայում համապատասխան որակի եւ արժեքի հումքատեսակների բացակայության պարագայում, որոշեց ներկրել դրանք արեւմտյան երկրներից։ Եվրոպական երկրներում ընտրվեց 5 տարբեր հումքատեսակների 5 մատակարար ընկերություն, որոնցից հավաքական բեռնափոխադրումով որոշեց ներմուծել, ամսեկան յուրաքանչյուր ընկերությունից՝ 1000€ ապրանք, փոխանցելով գումարի 50% որպես կանխավճար, իսկ 50%-ը ապրանքի պատրաստ լինելուն պես՝ ինչպես ընդունված է։
Հայկական բանկերը յուրաքանչյուր 500€ փոխանցման համար (5 ընկերություններին) «Ա» ընկերությունից լրացուցիչ կգանձեն 7500դրամ փոխանցման ժամանակ եւ նվազագույնը 15€ գործընկերոջ հաշվից՝ գումարը նստելուն պես (որը բնական է պետք է վճարի հայկական «Ա» ընկերությունը)։ Սա, ընդհանուրը մոտ 150€ (հումքի արժեքը բարձրացավ 3%-ով)։ Ասեմ ձեզ՝ նման բանկային սպասարկում չկա որեւէ արեւմտյան երկրում։
Այնուհետեւ «Ա» ընկերությունը ստիպված է լինելու վճարել 40-50€ տրանսպորտային ընկերությանը EX1 ձեւի դիմաց՝ եվրոպական մաքսային սահմանը հատող յուրաքանչյուր ինվոյսի համար եւ մոտ 35-40հազար դրամ հայաստանյան բրոքերին յուրաքանչյուր ինվոյսի մաքսազերծման համար։ Սա իհարկե կայացած հումքային շուկա չունենալու հետեւանքն է։
Սակայն իրական գլխացավանքը սկսվում է մաքսատանը, որտեղ անտեսվում է եւ ինվոյսը եւ EX1 փաստաթուղթը եւ կիրառելով իրականության հետ որեւէ կապ չունեցող հսկիչ գներ, մաքսային արժեքներ՝ էապես բարձրացվում է ներկրվող հումքի ծախսատարությունը։
Ընթերցողին տեղյակ պահեմ, որ եթե կա ինվոյսի արժեքի հետ նույնացված EX1 ձեւը, ապա սա բացառում է, որ եվրոպական ընկերությունը ինվոյսի արժեքը կարող էր նվազեցրած լիներ, մի պարզ պատճառով՝ հենց EX1 ձեւն է այն հիմնական փաստաթուղթը, որով արտահանող ընկերությունը պետությունից ետ է ստանում իր կողմից ատադրության համար գնված ապրանքների դիմաց վճարած ավելացված արժեքի հարկերը։ Մինչդեռ Հայաստանի մաքսային մարմինները, հաշվի չառնելով այս հանգամանքը, տարբեր մանիպուլիացիաներով հարկման բազան բարձրացնում են առնվազն 30-40%-ով։
Դրանցից մեկը, օրինակ՝ ապրանքների միավոր քաշի չհամապատասխանելու պահն է՝ անկախ նրանից թե՛ապրանքը ինչ չափման միավոր ունի։ Եվրոպացի արտադրողները ձեզ չեն հասկանա, երբ առաջարկեք, որ ապրանքները հոսքագծից անմիջապես չգնան ընդհանուր փաթեթավորման, այլ հատ հատ կշռվեն, այնուհետեւ նոր տեղադրվեն պալետի վրա եւ փաթեթավորվեն՝ միայն այն պատճառով, որ հայկական մաքսատունը այդպիսի պահանջներ է դնում։ Կա տեխնոլոգիական քաշ եւ ընհանուր՝ Նետտո եւ Բրուտո քաշեր։ Խնդիր չկա, կկազմակերպեն՝ գումարեք եւս 10% հումքի ծախսատարությանը։
Ավելացրեք այս ամենին նաեւ հումքային ապրանքների ու մեքենասարքավորումների (ներդրումային ապրանքներ) նկատմամբ մաքսատուրքի կիրառումը եւ ամենազավեշտալին՝ տրանսպորտային ծախսերը մաքսային հարկվող բազայի մեջ ներառելն ու ավելացված արժեքի հարկով կրկնակի հարկելը, եւ պարզ կդառնա՝ թե ինչո՞ւ հայկական փոքր ու միջին ձեռնարկություններն այսօր, նույնիսկ առանց վարկային բարձր տոկոսադրույքներն ու այլ գործոնները հաշվի առնելու, արդեն իսկ չեն կարող լուրջ մրցակցության մեջ մտնել թուրքական ապրանքների հետ եւ ընդհանրապես՝ լուրջ դերակատարում ունենալ ներմուծման փոխարինման եւ արտահանման քաղաքականության առումով։
Այստեղ չեմ խոսում հարկային համակարգից, որի գործելավոճի տարօրինակության աստիճանը սահման չունի՝ որտեղ ե՞ք լսել, որ վնասով գործող սկսնակ ընկերությունը շահութահարկ վճարի, որ հանկարծ չհայտնվի «սեւ ցուցակում», որտեղից ե՞ք վերցրել, որ ներմուծող ընկերությունը չի կարող իրացնել իր արտադրանքը արհեստականորեն բարձրացված ու կիրառված մաքսային արժեքից ցածր գնով՝ հակառակ դեպքում չի կարող հաշվանցել իր վճարած ԱԱՀ-ը, եւ այլն եւ այլն։
Սիրելի ժողովուրդ, մենք ունենք անհեթեթության աստիճանի հասցված տնտեսական կառավարման համակարգ՝ բոլոր առումներով։ Պատերազմող երկիր ենք, չեմ կարող Ձեզ նորից չզգուշացնել դրա մասին



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ