ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ Admin. Tuesday, April 26, 2016 15:32 - չքննարկված
ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ: ՄԱՐԻՆԵ ԱԲԳԱՐՅԱՆ
ՄԱՐԻՆԵ ԱԲԳԱՐՅԱՆ
***
Անարդարության զնդանում փակված մի ողջ ժողովուրդ,
Դարավոր վիշտը արցունքակալած աչքերում պահած,
Ապրում է միայն արդար վճռի հատուցման տենչով,
Որ խլեց անմեղ բյուրավոր կյանքեր,
Անավարտ թողեց մեծ երազանքներ…
Այժմ դիմում է աշխարհում ապրող Համայն մարդկության`
Կանխել այսուհետ նորովի փորձեր ցեղասպանության
Այն, որ խաթարեց հայ ժողովրդի անդորրն անառիթ:
Լոկ հագուրդ տված վայրի ու անսանձ բնազդին թուրքի`
Դեռ ինչքա՜ն պիտի այսպես շարունակվի,
Անսպեղանի ցավը մեր սիրտը խոցի:
Հարյուրամյա շեմին այս մեծ Եղեռնի
Այսօր պահանջս մեկն է, հիրավի,
Որ արդարության ձայնը չլռի`
Տալով հատուցում այս անգութ վճռին:
***
Երկինքն արտասվեց այնպե՜ս ուժգնորեն
Մեր հոգին այրող ցավի ժայթքումից.
Մորմոքված սրտի լուռ խոստովանանքը
Այսօր, արդարև, դարձավ մեծ պահանջ,
Այն միլիոն ու կես սրբադաս մարդկանց
Վառ հուշի առաջ, որ մենք, հիրավի,
Այդ թափված անմեղ արյան կաթիլի
Պահանջատերն ու կրողը դարձանք:
***
Անմոռուկներս նորից ծաղկեցին․․․
Դարերի խորքից կանչող հավատով
Թերթերը նորից հանդարտ բացվեցին․․․
Մի ակնթարթում սրտերում պահված
Հայ հիշողության ծնունդը տեսա,
Դեգերումների դժվարին ու լուռ ճամփեքով անցա,
Մի պահ քարացա․
Ապրող աչքերում հայի լուսավոր ապագան տեսա,
Հավատի ուժով ինձ վերագտա…