ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ Admin. Tuesday, April 26, 2016 15:31 - չքննարկված
ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ:ՀԱՍՄԻԿ ԱՋԱՄՅԱՆ
ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ
Մտքիս մեջ, սրտիս մեջ ու արյան
Ապրում ես ինձանից առավել,
Դու մոր պես,դու տան պես չես միայն`
Երկիր ես ինձ համար դու պահել:
Հայերեն լեզվով են միտք արել
Խոհերը ազգասեր պապերիս,
Հնչել ես զանգի պես, վարարել,
Եկել ու հասել ես այսօր ինձ:
Քեզանով խնդում է ու ապրում
Թոթովանքն իմ մանկան բաղձալի,
Հայատառ գրերը արթուն
Կենսագիրն ունեն աշխարհի:
Հին ես դու` արևի պես ծագող,
Ինձ տրված կամքից էլ դու ազատ,
Անունդ քաղցր ու հոգեթով,
Իմ լեզվին` հայերեն հարազատ:
Երկրիս պես` բախտ է քեզ ունենալ,
Իմ հոգու օրրանն ես արևել,
Քեզ ծառա ու հավերժ տեր մնալ,
Աստծուն էլ հայերեն բարևել :
ԱՊՐԻԼ-2016
Սրտամոտ չէր այս գարունը,
Վառոդի հոտ ուներ,
Ափերի մեջ անհալ ձյունը
Աչքը կտրոեր:
Պրկված բազուկ հանց լինեին
Օրերը տխրալուր,
Երբ երկրի սահմաններին
Սուրող գնդակ կար կույր:
Պայթում էին նռնակ, ական
Հենց հայրենի հողում,
Մեռնում էի ամեն անգամ`
Բայց ես չէի զոհվում:
Տղերքի պես ուժ չունեի
Կրակին դեմ գնալ,
Բազում հերոս Մոնթեների
Նման ամնահանալ:
Այս գարունը երբ կանաչեց,
Ձեր խաչերը գրկին,
Կարմիր կակաչ ծոցում բացվեց,
Ծնրադիր ձեր փառքին:
ԱՄՈՒՍՆՈՒՍ
Կոկորդիս մեջ լացի պես է ցավը փլվում,
Երբ այտերս կրկին հուշիդ եմ դեմ տալիս,
Ես ողջերի մեջ եմ փրկությունն իմ փնտրում,
Դու համբարձման տոնից հետո էլ չես գալիս:
Երազում չեմ հիշում, որ դու վաղուց չկաս,
Որ զոհվեցիր հանկարծ` հանուն ոչ մի բանի,
Խոստումներ ես տալիս, գնում, որ հետո գաս,
Քնից արթնանում եմ` մնալով միշտ այրի:
Հազարների ցավով դու տնքում ես իմ մեջ,
Բնական աղետ էր`կողքից հեշտ են ասում,
Դիմակավոր անթիվ մեղավորներ անվերջ
Իրենց նախկին դեմքը արդեն չեն էլ հիշում:
Բնականի նման ջուրն է ճամփան գտնում,
Քո չապրած կյանքն ինչպես ,ախ,առանց քեզ երկնել,
Վերքի ցավը փակված խոցի պես չի պոկվում
Երկրաշարժից փրկված տապան եմ քեզ բերել….