ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Friday, April 8, 2016 22:24 - չքննարկված
«Խոսակցություններ ժամանակների և մարդկանց մասին» Ֆրանտիշեկ Միկլոշկոյի հետ հարցազրույցը`:
Ներկայացնում ենք Սլովակիայի ամենահայտնի քաղաքական գործիչներից միջազգային համբավ ունեցող, Ազգային Խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոյի հետ հարցազրույցը` տեղավորված «Խոսակցություններ ժամանակների և մարդկանց մասին» գրքում, որի շնորհանդեսը տեղի ունեցավ ապրիլի 5-ին Բրատիսլավայի «Պալֆֆիի» պալատի մեծ դահլիճում։ Շնորհանդեսին մասնակցում էին Սլովակիայի ամենահայտնի անձիք՝ քաղաքական, մշակութային գործիչներ, տարբեր երկրների դեսպաններ, պատգամավորներ և այլն։ ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարությունը անմիջապես թարգմանելով Արցախի վերաբերյալ հատվածը, ներկայացնում է այն հայ հասարակությանը։ Երկխոսությունը տեղի է ունեցել Սլովակիայում հայտնի գրող Յան Շտռասսերի և պարոն Ֆ․Միկլոշկոյի միջև:
Որքանով գիտեմ, Դուք ևս ներգրավվել եք մի աշխարհաքաղաքական խնդրի մեջ
Այո, Ադրբեջանի ներկայացուցիչները վերջերս դիմել էին Ինտերպոլ, որպեսզի վերջինս իմ հանդեպ միջազգային հետախուզում հայտարարի՝ ձերբակալելու նպատակով։ Ինձ պետք է հետևեն, ձերբակալեն և հանձնեն Ադրբեջանի դատին։
Ի սեր Աստծո, ինչու՞
Քանի որ վաղուց հասարակայնորեն աջակցում եմ Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Գրում եմ այդ մասին, պաշտպանում այդ գաղափարը։ Սլովակիայում ապրում է Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը, ով դա անմիջապես փոխանցում է հայկական տեղեկատվական կայքերին։ Կարճ ասած – ես Ադրբեջանի թշնամին եմ։
Պարզաբանեք ինձ խնդրեմ դա ավելի կոնկրետ
Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Միության տարիներին անկախ պետություն էր, որը գտնվում էր Ադրբեջանի տարածքում, սակայն պատմականորեն դա հին հայկական հող է։ Խորհրդային Միության փլուզումից հետո Ադրբեջանը 1991թ․-ին հռչակեց իր անկախությունը և Լեռնային Ղարաբաղը կարճ ժամանակահատվածում հռչակեց նաև իր անկախությունը, Ադրբեջանն այն չճանաչեց, փորձեց բռնությամբ այն պահել, և Հայաստանը հանդես եկավ Ղարաբաղցիների պաշտպանությամբ, քանի որ այնտեղ Հայեր և քրիստոնյաներ են։ Եվ դաժան պատերազմ բռնկվեց մի կողմում Ադրբեջանի, և մյուս կողմում՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև, որը տևեց մինչև 1994թ-ը։
Սակայն ինչպե՞ս Դու՛ք այդ ամենի մեջ ներգրավվեցիք
2004թ․-ին Սլովակիայի Հանրապետության Ազգային Խորհուրդը քննարկումներ էր վարում այն մասին, թե արդյո՞ք Սլովակիան կողմ է այն բանին, որպեսզի սկսվի Թուրքիան Եվրոմիության կազմի մեջ մտնելու գործընթացը։ Աշոտ Գրիգորյանը բանակցում էր մեր քաղաքական գործիչների հետ, որպեսզի Ազգային Խորհուրդը նախևառաջ ընդունի բանաձև այն մասին, որ 1915 թվականին տեղի ունեցած Հայերի սպանդը օսմանյան Թուրքերի կողմից, եղել է ցեղասպանություն։ Ես ասացի, որ Թուրքիան պետք է լուծի իր անցյալի հետ հարցերը, և առաջարկեցի համառոտ բանաձև այն բանի, որ դա եղել է ցեղասպանություն։ Ակտիվ քննարկումից հետո սլովակյան պառլամենտը դա ընդունեց։ 2010թ․ Գրիգորյանը փնտրում էր որևէ քաղաքական գործչի, ով կմեկներ Լեռնային Ղարաբաղ որպես դիտորդ ազգային ժողովի ընտրություններում։ Նա դիմեց ինձ և ես համաձայնվեցի։ Մենք այնտեղ 63 հոգի էինք՝ աշխարհի տարբեր երկրներից։
Գիտեի՞ք, թե ուր եք գնում և ինչի մեջ եք ներգրավվում
Խոստովանում եմ, որ՝ ոչ ամբողջապես․ դա փոքր-ինչ արկած էր։ Ես բացահայտեցի մի չքնաղ երկիր – ինքս ինձ համար անվանեցի այն Ավետյաց երկիր, և բացահայտեցի հիանալի մարդկանց, ովքեր պատրաստ են կռվելու և երբ պետք է՝ կյանքը տալու իրենց երկրի համար։ Լեռնային Ղարաբաղը կյանքի և մահվան միջև է գտնվում։ Ղարաբաղցի Հայերը գիտեն, որ եթե Ադրբեջանի մաս դառնան, Ղարաբաղը կհանգչի։ Ադրբեջանը մեզ՝ բոլոր դիտորդներիս սև ցուցակի մեջ ավելացրեց և մեզ հայտարարեց պերսոնա նոն գրատա։
Սակայն հիմա ինչու՞ են Ձեզ հետապնդում
Կարծում եմ, որ ինձ՝ որպես Սլովակիայի Պառլամենտի նախկին ղեկավարի, ընտրել են, որպեսզի կանխարգելիչ կերպով վախեցնեն բոլոր նրանց, ովքեր կցանկանային գնալ Ղարաբաղ դիտորդական առաքելություն իրականացնելու։
Այսպիսով, Դուք միջազգայնորեն հետապնդվող հանցագո՞րծ եք
Հայաստանի կառավարությունը պաշտոնական բողոք է ներկայացրել Լիոնում Ինտերպոլի կենտրոնական շտաբ այդ փաստի շուրջ: Իմ իրավապաշտպան Յան Չառնոգուրսկին այդ հարցին միջամտության հայցով դիմել է Սլովակիայի Հանրապետության Ներքին գործերի նախարարություն և ստացել է հետևյալ պատասխանը, որ Ինտերպոլն ինձ հանել է փնտրվող հանցագործների ցուցակից, քանի որ դա քաղաքական գործ է։ Երբ ես նայեցի այն մարդկանց լուսանկարները, ում Ինտերպոլը փնտրում է, ինքս նույնպես մի քիչ վախեցա այն մտքից, թե պետք է գտնվեի նրանց միջև։ Սակայն լիովին հանգիստ չեմ քնում, քանի որ Ադրբեջանը նաև ուղարկել է ձերբակալության մասին ակտ անհատապես բոլոր 199 երկրներին, որոնք գտնվում են Ինտերպոլի կազմում։ Եվրոպական Միության կազմում չեմ վախենում, եղել եմ Չեխիայում, Իտալիայում, ինչպես նաև Պորտուգալիայում, սակայն դեպի ավելի շատ երկրներ ես չէի նախընտրի ճանապարհորդել։ Ինձ համար գրեթե նույն կոմունիզմի ժամանակներն են։