ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ Admin. Sunday, April 3, 2016 18:41 - չքննարկված
ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ:ՔՐԻՍՏԻՆԷ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՔՐԻՍՏԻՆԷ ՀՈՎՍԵՓՅԱՆ
**
ԻՆՔՆԱՅՐՈՒՄ
Ասա ինձ.
Ի՞նչ անեմ ինքնայրումի մեջ…
Ինչպ՞ես կորցնեմ
Կամ գտնեմ քեզ…
Դիմանամ չդիմանալուս,
Չսիրեմ իմ՝ քեզ սիրելը…
Չանիծեմ աղոթքներս…
Ե՞րբ է վերջապես հրդեհելու ինձ
Ինքնայրումը իմ – այսքան կաշկանդված…
Ե՞րբ եմ անունդ ես շշնջալու
Գիշերվա մթում
Այնպես, որ լսես
Շնչառությունս
Ու կծես լեզուս
Երջանկությունից՝
Պարգևելով ինձ
Ցա~վը երկնային…
**
Քեզ
Ինձ մոտ բերող ճամփան՝
Ճաքած հողի պես
Չոր, փոշոտ…
Քո լույսը
Իմ մթում՝
Մրսող ճրագ…
Ժպիտդ`
Լացիս մեջ,
Բառերդ` լեզվիս.
Ինձ մոտ քեզ բերող
Ճամփան եմ մաքրում
Փեշերով սպիտակ…
Ու փոշոտվում են
Մազերս, դեմքս,
Մարմինս քրտնած.
Ես ցեխ եմ դառնում
Ճակատագրիս
Թաց ոտքերի տակ…
**
ՔՈ ԺՊԻՏԻՑ
Գալդ՝ հայտնություն՝
Սպասումներիս
Պատասխան…
Իմ ամբողջ ճամփան
Քո որոնումն էր…
Գտա՜ քեզ…
Քո ժպիտը պահեցի բերանումս,
Որ հավերժ ժպտամ…
Եվ այսքան տարի թևերս կորցրած
Արդեն պատրաստ եմ բարձր ճախրանքի…
Ես հավատում էի,
Եվ դու հառնեցիր
Օրհնյալ հարությամբ…
ՔՐԻՍՏԻՆԷ ՀՈՎՍԵՓՅԱՆ
**