ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ Admin. Tuesday, March 29, 2016 17:15 - չքննարկված
ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ: ՆԱԻՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ
ՆԱԻՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ
**
ԲՈԴԼԵՐՅԱՆ
Հրով սնիր արյունը իմ –
Սիրո տենդում ընդերք, ավյուն,
Ոչ մարմարյա, այլ մսե կին –
Երկունքների ցավերն ինձնում:
Շուրթը շուրթին, արբունքն հոգում,
Տիեզերածին եռքը իմ մեջ,
Այրումների ծուխ ու ժայթքում
Պարող հրի վարքով անշեջ:
Թրծիր, կավը իմ ամրանա,
Որ խմորեմ հող ու երկինք,
Գարո՛ւն լինեմ զմրուխտագահ
Սերմերի եռք, կենաց ալիք:
Կրակներիս լեզվին կապեմ
Լույս վեր հանող հույզի պատրույգ,
Նորեն աշխարհն այս արարեմ
Իգական բորբ ցասմամբ հանդուգն:
**
ՄԵԼԱՆԽՈԼԻԿ ԵՐԵԿՈ
Ինձ այլևս չի ճանաչում
Այս երկինքը աստղերով լի,
Հիմա ուրիշ երգ է առնում
Քամին իր պաղ շրթունքներին:
Ինչ տխուր են շշուկներն այս․
անպիրկ դող են մկանների,
Թևեր չունեն երկնասլաց՝
Հուրը գրկեն հոգով խենթի:
Հիմա իմ այս երգի վրա
Ոռնոց կիջնի մի անտեր շան,
Տխուր է և երգը նրա
Հանգույն ծանած մեր ինքնության․․․
**
Երբ քո արցունքը էլ ինձ համար չէ,
Արյանդ հոսքը մեղմ է, անալիք,
Վերադարձն, ասա՛, ինչի՞ համար է,
Ո՞ւմ է պետք կուրծքը՝ անդող, սառնասիրտ:
Երբ կարոտներից թեժ, իրարամեժ,
Հույզը չհորդեց խառնած թերթ, քնար,
Երբ իմ անունը շուրթդ զուսպ պահեց՝
Բախտին չնետած առարկումի քար:
… Հույզերիս ճիչը ես մունջ թմրեցրի,
Երբ գալարվում էր տենդը իմ ներսում,
Ժամերն օրհնությամբ լուռ զմռսեցի,
Որ կյա՜նք շոշափեմ քո պաղ շուրթերում…
ՆԱԻՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ
**