ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ Admin. Tuesday, March 29, 2016 20:21 - չքննարկված
ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ:ՏԱԹԵՎ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
ՏԱԹԵՎ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
**
Երկու եղբայրներ` նույն օրը ծնված,
Կռիվ էին անում. տանջում էր մի հարց,
Թե ո՞ւմ է մայրը ավելի սիրում,
Երկուսից ո՞ւմն է նա ավելի շատ:
Ու անվերջ դարձած կռվից հոգնեցած՝
Դիմում են հարցով մայրիկին հանկարծ.
-Մայրիկ ո՞ւմ ես դու ավելի սիրում,
-Իմ մայրիկն ես չէ՞ դու ավելի շատ:
Մայրիկը ժպտաց, գրկեց երկուսին,
Ապա պինդ սեղմեց նրանց իր կրծքին.
-Երկուսդ էլ իմն եք հավասարապես
Ու ես էլ ձերն եմ՝ դարձած երկու կես:
-Ձախ կեսը իմն է, իմ(ը)ն է, մայրի՛կ,
Որ լինեմ սրտիդ ես շա՜տ-շա՜տ մոտիկ:
-Աջ կողմն էլ իմն է ուրեմն, եղբայր,
Ես էլ մայրիկին կլինեմ պաշտպան:
Խոսեցին այսպես ու ծիծաղեցին…
Ու տարիներն էլ շուտ գլորվեցին:
Փոքրիկներն արդեն դարձել են արծիվ,
Հսկում են իրենց անդորրը երկրի:
Ամեն օր մայրը զանգի սպասումով
Չէր քնում, մինչև չլսի նրանց,
Եղբայրներն էլ շատ պարտաճանաչ
Բարի գիշեր էին միշտ մաղթում նրան:
Հերթական գիշերը չարագույժ էր շատ,
Մայրն անհանգիստ էր, տագնապում էր նա,
Սիրտն էր ճմլվում, թույլ էր ու տկար,
Չէր զգում ձախը, տանջվում էր նա:
Հենց այդ նույն պահին հեռու դիրքերում,
Որդիք թշնամու հարվածն էին պահում,
Բայց նենգ թշնամու գնդակից հանկարծ,
Խոցվում է որդին, ընկնում թուլացած:
Եղբայրը շտապ իր գիրկն է առնում,
Փորձում է օգնել, սակայն ապարդյուն,
Վերջին բառերն է նա լսում հուզված.
-Ձախ կողմը իմն է, սրտում կմնամ…
…Եվ տուն է դառնում որդին միայնակ,
Կոտրված էր նա, կիսատ, գլխահակ,
Գրկում է մորը իբրև մի պաշտպան՝
Իր ձախն էլ տալիս եղբորն հավիտյան:
**
Շատերն են երգել սեր ու սիրածին,
Ու երգելու են. դա է ապագան,
Գեղեցիկ է շատ գովքը սիրածի,
Սերն ու կարոտը դեպի նա տածած:
Սակայն ուզում եմ խոսել ես այսօր
Մեծ ու անսահաման մոր սիրո մասին,
Եվ արցունքներից՝ անվերջ գլորվող,
Որ որդոց կողմից չսրբվեցին:
Ուզում եմ խոսել, բայց և այս պահին
Տանջում է հոգիս մի ուրիշ կսկիծ,
Մի նոր տագնապ ու ցասում եմ զգում,
Որ սկսել է կրծոտել հոգիս:
Ուզում եմ գոռալ, ուզում եմ լացել,
Ուզում եմ դուրս գալ ես իմ ափերից,
Ու հենց ինձանով վրեժը լուծել
Եվ խաղաղեցնել հոգին մայրերի:
Ուզում եմ, սակայան անկարող եմ ես,
Անկարող եմ ես հետ բերել ՆՐԱՆՑ,
Որ սգացող մոր աչքերը սրբեն,
Ու արժանանան սիրուն անսահման:
Անզորությունից կծիկ եմ դարձել՝
Հատուցման թույնով վարակված կծիկ,
Եվ հարմար պահին պատրաստ եմ պայթել
Իբրև վրեժի ծարավ մի մարտիկ:
**
Շնչել եմ ուզում…
Շնչել եմ ուզում չարիքը դարի,
Քաշել եմ ուզում շնչափողով ներս
Ու արտաշնչել…
Չէ՛, չարտաշնչել, հենց իմ մեջ պահել,
Որ ոչ մի կաթիլ հանկարծ դուրս չգա թոքերիս միջից,
Որ չդառնա սերմ ու չաճի նորից:
Կրակ եմ ուզում…
Ուզում եմ դառնալ կրակվող ալիք,
Դուրս գալ ափերից, դեպի սիրտ ձգվել,
Հասնել սառույցի այդ կտորներին
Ու այնտեղ սիրո կրակը վառել:
Եվ այնպես վառել,
Որ այն չմարի բյուրավոր դարեր:
Փարոս եմ ուզում…
Ուզում եմ լինի մշտավառ, պայծառ,
Լինի ամենքի աչքերին ի տես,
Խոյանա իբրև հիշեցում մարդկանց,
Որ նրանք ՄԱՐԴ են, ոչ թե գազաններ:
Չէ՛, ես չեմ ուզում նոր փարոս սարքել,
Փարոսը այդ կար, մենք ենք ջարդոտել:
ՏԱԹԵՎ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
**