ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ Admin. Tuesday, March 29, 2016 17:17 - չքննարկված
ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ: ՆԱՐԻՆԵ ԲԱԼԱՍԲԵԿՅԱՆ
ՆԱՐԻՆԵ ԲԱԼԱՍԲԵԿՅԱՆ
**
ԱՅԱՆՏԵՂ, ԱՆԾԱՆՈԹ ՃԱՄՓԱԲԱԺԱՆԻՆ
Այնտեղ,անծանոթ ճամփաբաժանին,
Ուր կհանդիպենք հարյուր տարի անց,
Ուր որ օտար են Երկինք ու Գետին
Եվ ժամանակն էլ չունի վերադարձ,
Դար ապրած հողմերն իրենց փեշերին
Կբերեն մոխիրն այրված հուշերի,
Շաղ կտան ստվեր դարձած ձեռքերիս,
Կմխան սպիներն անցած վերքերի,
Այնտեղ,անծանոթ ճամփաբաժանին,
Ուր կհանդիպենք հարյուր տարի անց,
Անլաց աչքերի հայացքից լուսե
Բյուր ստվերներից կգտնես հանկարծ:
Անդեմ ու անգույն և անիրական
Մարմինս այնպե՜ս կտնքա ցավից,
Ափս կպարզեմ գրկելու համար,
Բայց արդյոք կզգա՞ս ջերմությունս ու ինձ…
Այնտեղ,անծանոթ ճամփաբաժանին,
Ուր կհանդիպենք հարյուր տարի անց,
Մի՜ դար ապարդյուն փնտրելուց հետո
Կփակենք անքուն կոպերը հոգնած,
Ու խաղաղվելով դեգերումներից,
Պինդ,հավերժորեն իրարու գրկած`
Կդառնանք մեկ հել Անհունի ծովում,
Կձուլվենք իրար…կորցրածը փրկած…
**
ՈՒՂՂԱԿԻ
Բացեի աչքերս ուղղակի,
Զարմացած տեսնեի՝կողքիս ես,
Հատվեին հայացքներ շեշտակի,
Պատեպատ չգայի …մեղքիցս:
Հենց այնպես,ուղղակի խոսեի
Ու ծիծաղս հասներ երկնքին,
Հենց այնպես՝խռովեի,
Հաշտվեի հենց այնպես կրկին:
Ուղղակի երազ հյուսեի՝
Գլուխս կրծքիդ հենած,
Ուղղակի խենթի պես սիրեի՝
Փոքրիկ հպումիցդ արբած:
Երկու կեսն ամբողջի լինեինք…
Չշրջվի՞ ճանապարհը հանկարծ
Ու կապույտն այս սև չներկվի՝
Դեպքերից չհասկացված…
Ես հիմա Վեր աղերս եմ հղում,
Որ պահի զգացումն այս լուսե
Եվ ուղին մեր չանցնենք ուղղակի.
Ուղղակի… ո՞նց ապրեմ առանց ՍԵՐ…
**
ՄԻ ՊԱՏԱՌ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ
Դառնայի փոշոտ արահետներով
ու ոտաբոբիկ վազեի արտում,
հասկի արևոտ հոտից արբեցած
փռվեի հողին ու մտնեի քուն:
Թթենիների ստվերոտ այգում
արևից շիկնած՝ դադար առնեի,
ընկերներիս հետ երգով ու խաղով
տատիկիս դրած հացը կիսեի:
Դառնայի քարոտ արահետներով
ու ալրաշաղաղ խմոր հունցեի,
գունդը շարեի ճաքած խոնչային
և իջեցնեի վազքով թոնրատուն:
Ծհանի եզրը ափերս այրեր,
տաք հացի բույրը հասներ Երկնքին,
գիշերվա անդորր ու պարզկա մթում
ընկնող աստղի հետ մնայի արթուն:
Ծերուկ թզենու ստվերները մութ
տանեին հրաշք հեքիաթի աշխարհ,
ողջագուրվեին Երկինք ու Գետին
ծղրիդի երգով զիլ ու միալար:
Դառնայի երազ արահետներով
ու մանուկների խմբով մեր խելառ
թթի շիրոտված շալը լվայինք
գետի ջրերում`տաքուկ ու վարար:
Եվ ջրի ուլունք կաթիլները լույս
ցոլային ոսկե իմ հյուսքերի մեջ,
անհոգ ծիծաղով ջրեինք իրար…
Դառնամ,համբուրեմ կարոտս անվերջ…
ՆԱՐԻՆԵ ԲԱԼԱՍԲԵԿՅԱՆ
**