ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ Admin. Wednesday, March 23, 2016 20:45 - չքննարկված
ԿաՆթեղ գրական:ԳևՈՐԳ ՄԻՐԶՈՅԱՆ
ԳևՈՐԳ ՄԻՐԶՈՅԱՆ
**
Հայացքդ չափեմ, գաղտնիքներ փնտրեմ,
Սիրուն աչքերիդ խորքերը մտնեմ
Ու այնտեղ միայն, միայն ինձ գտնեմ…
Հոգիդ փորփրեմ, հանցանքներ փնտրեմ,
Անկեղծությանդ հոսանքից շիկնեմ
Ու քո անցյալի սպիտակը գրկեմ…
Քեզնով հմայված երազներ երկնեմ,
Քո երազներում իմերը գտնեմ
Ու քո երազում երազ ես լինեմ…
Քո եփած սուրճից շուրթերս այրեմ,
Հետո համբույրիդ կրակին հանձնեմ
Ու այդ կրակով միայն բժշկվեմ…
Ես քեզնով հիվանդ, հիվանդ միշտ լինեմ…..
**
Ուր էլ գնամ,
Ուր էլ լինեմ,
Սիրտս հայի պիտի փնտրի,
Անվերջ հայի պիտի ձգտի
Ու վեր դասի հայ ասվածը
Ամեն ինչից,
Իր սեփական բարձր ես-ից,
Որ չպոկվեմ ես իմ կեսից,
Այն հայ կեսից,
Որ արյանս շունչ է տալիս,
Ոտքերիս էլ քար ամրություն,
Այն հայ կեսից,
Որ ծնում է մի անսահման հպարտություն,
Հայ մնալու սուրբ ցանկություն:
Հայ լինելու,
Հայ կոչվելու,
Հայի դեմքով կյանք ապրելու,
Հայի գենը փոխանցելու
Հպարտություն ծնող կեսից չեմ պոկվելու,
Փոխարենը մյուս կեսս եմ որոնելու,
Կիսատ հայիս լիարժեք եմ դարձնելու
Ու ինքս էլ հայուհուս եմ լրացնելու…
**
Ես սիրում եմ,
Երբ գրածս սիրով կարդում
Ու նույն սիրով հեռանում են,
Ինձ թողնելով անկեղծություն,
Իմ հոգուց էլ մի պատառիկ գողանում են
Ու պահում են իրենց հոգում,
Որպես խղճից ծնված ալիք,
Որ երբ տեսնեն կյանքում չարիք,
Այդ ալիքը բորբոքելով խեղդեն չարը,
Իսկ երբ տեսնեն կյանքում բարիք,
Նրա սերմը իրենց սրտին պահ տան, ցանեն,
Այդ ալիքով ջրեն, սնեն,
Որ վեր հառած բարու ծառից,
Միշտ սեր քաղեն ,
Երջանկություն մարդկանց ցրեն….
ԳևՈՐԳ ՄԻՐԶՈՅԱՆ