ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ Admin. Wednesday, March 23, 2016 20:04 - չքննարկված
ԿաՆթեղ գրական:ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
* *
Ոչ երազ է, ոչ իրական,
Դեռ անճանաչ, ուրիշ գույն է.
Հալածում է ու հմայում
Անմատույցի քաղցր թույնը:
Թանկը երբեք հեշտ չի տրվում.
Խեցու մեջ է մարգարիտը,
Կարգազանցին զգույշ դատիր,
Գուցե նա է ճշմարիտը:
Ինչ եղել է, պիտի լիներ`
Կամ պարգև էր, կամ էլ պատիժ,
Ով ձգտում է առավելի,
Սահմանները պիտի հատի:
Թե հեռանաս ու վերանաս
Պատրանքածին խինդ ու լացից,
Տիեզերքը սիրահոժար
Իր գաղտնիքը քեզ կբացի:
Գանգատվելուց առաջ հիշիր`
Որտեղ վարդը, այնտեղ փուշը:
Թող կենսակիր սերը լինի
Այրումներիդ ուղենիշը:
* *
Աստղ չեմ ուզում` իջեցնես վերից,
Ինձ բեր առավոտ` տա՜ք, նարնջաբույր,
Որ աչքերիս մեջ հիրիկներ բացվեն,
Ու շուրթս տենչա արևոտ համբույր:
Ժպիտիս խաղով հպվեմ կարոտիդ,
Դատարկ ծնկներիդ հառաչը լսեմ,
Այնպես հագենամ քո շռայլ սիրուց,
Որ մնա աստղ երկնքից ուզեմ:
* *
Քարերը սուզվում են
կուլ տված բառերի պես,
ու ծովի վրա
կիսաժպիտներ են փայլփլում
ձկների տեսքով:
Որքա՜ն գայթակղիչ են
փրփրաբաշ ալիքները,
բայց ես հո տեսել եմ`
ծածանվող վարագույրը
մենության մեջ է վայելում
իր փեշի պարը…
ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
**