ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ . Tuesday, March 15, 2016 12:36 - չքննարկված

Ինչպես իրանաՀայը դարձավ ԿանադաՀայ

Ապրելով և աշխատելով հեռավոր արաբական երկրներից մեկում, հանդիպեցի իրանահայ մեր հայրենակիցներից մեկին, Պետրոսին, որը զբաղված էր բիզնեսով և ուներ իր գրասենյակը Դուբայում և բավականաչափ կարողություն հանգիստ ու խաղաղ ապրելու համար:
Պետրոսը ուներ կին (նույնպես Իրանի մեր ավանդապահ հայրենակցուհիներից) և երկու տղա՝ Լևոնն ու Արգինը, որոնք սովորում էին այդ երկրի լավագույն համալսարաններից մեկում, ըստ որում երկուսն էլ սովորում էին գերազանց, ցուցաբերելով գերազանց ընդունակություններ թե ուսման և թե կազմակերպչական գործերում:
Հանդիպելով պատահական, մենք մտերմացանք շատ արագ, դրան օգնեց հատկապես իմ Երևանից լինելու փաստը, որովհետև այս ընտանիքի մեջ առաջին հերթին արտահայտվում էր (գրեթե բարձրաձայն) հայրենիքի կարոտը: Նրանք այնքան կարոտով և հետաքրքրությամբ էին հարցնում հայրենիքից, որ ես ստիպված էի լինում որոշ փաստերի ու իրադարձությունների մասին նրանց ներկայացնել որոշակի ուղղումներով (կամ ներկայացնելով միայն դրականը):
Ամբողջ ընտանիքը երազում էր իր օջախը ունենալ Հաաստանում, տուն գնել և տղաների ուսման ավարտից հետո գործի անցնել հայրենիքում: Ես իհարկե, սկզբում քաջալերում էի նրանց, ներկայացնելով, որ նման մարդկանց կարիքը շատ ունի մեր հայրենիքը և տեղափոխումը հայրենիք, կլինի չափազանց օգտակար և ընտանիքի և հայրենիքի համար:
Շուտով պարզվեց, որ նրանք կարող են ապրել այլ երկրում, միաժամանակ դառնալ Հայաստանի քաղաքացի և ահա որոշեցինք մտնել Հայաստանի դեսպանատուն և դիմումներ գրել նրանք քաղաքացի դառնալու, իսկ ես տղայիս անձնագիրը երկարացնելու համար:
Մենք հպարտությամբ մտանք Հայաստանի շքեղ դեսպանատուն, որը կառուցված էր Հայաստանից բերված տուֆ քարով և խիստ առանձնանում էր իր շրջապատի նույնպես շքեղ կառույցներից: Դեսպանատանը մեզ ընդունեցին բավական սիրալիր և բացատրեցին, որ ոչ մի կարիք չկա հասնելու Երևան այդ դիմումների համար (խնայելով ճանապարհածախսը), մենք կարող ենք այդ դիմումները այստեղ լրացնել և կարճ ժամկետում (մոտ մեկ ամիս) մենք կստանանք սպառիչ պատասխաններ: Գոհ և ուրախ հանձնեցինք դիմումները, վճարելով յուրաքանչյուրի համար հինգ հարյուրական ԱՄՆ դոլար, դեսպանատան աշխատակիցը կազմելով մեր գործերը և կանչելով քարտուղարուհուն, մեր ներկայությամբ կարգադրեց, որ հենց նույն օրն էլ ուղարկի Երևան: Ճիշտն ասած ինձ համար մի քիչ տարօրինակ թվաց , որ դիմումների համար վճարի արժեքը համարյա մոտենում էր մեկ անձի Դուբայ-Երևան- Դուբայ ճանապարհածախսին, բայց ես վանեցի ինձնից այդ մտքերը, համարելով, որ հավանաբար դրանք անհրաժեշտ ծախսեր են:
Պետրոսը դիմում էր ներկայացրել իր և կնոջ համար, քանի որ տղաները դեռ ցածր կուրսերում էին սովորում և նրանց համար դեռ պետք չէր շտապել: Սպասումի այդ մեկ ամսվա ընթացքում, յուրաքանչյուր հանդիպման ժամանակ Պետրոսն ու իր կինը անընդհատ երազում էին հայրենիքում տուն գնելու և հաստատվելու, արդեն սկսել էին հետաքրքրվել տների գներից և անընդհատ հարցնում էին Երևանի թաղամասերի մասին, կողմնորոշվելու համար թե որտեղ պետք է հիմնավորվեն: Պետրոսը սկսեց հարցնել նաև հայրենիքում բիզնեսի մասին, ներկայացնելով, որ իր իտալացի գործընկերոջ հետ պատրաստվում է ոսկերչական փոքրիկ գործարան հիմնել հայրենիքում: Ես իհարկե քաջալերում էի նրան, բայց անընդհատ համոզում էի այդ գործում չշտապել, առայժմ տուն գնել, հետո միայն կողմնորոշվել: Դա իհարկե զարմացնում էր Պետրոսին, բայց դրանից բոլորովին չէր անհանգստանում, համարելով բիզնեսի նկատմամբ իմ պասիվության արդյունք:
Անցավ 2 ամիս, բայց ոչ մի լուր չեկավ դեսպանությունից, սպասելով ևս 2 ամիս, մենք ներկայացանք դեսպանություն, որտեղ մեզ բացատրեցին, որ գործերը ընթացքի մեջ են և շուտով պատասխանը կստանան Երևանից:
Նայելով մեր շքեղ դեսպանատանը ես անընդհատ վանում էի ինձնից կասկածանքը, մտածելով, որ նրանք մեզ չեն խաբի, շուտով պատասխան կստանանք: Անցավ ևս 2 ամիս, իմ կասկածը ավելի խորացավ և ես զանգահարեցի Երևան, ընկերոջս խնդրելով հետաքրքրվել արտաքին գործերի նախարարությունում, արդյո՞ք մեր դիմումները հասել են Երևան: Երկու օրից ընկերս ինձ հայտնեց, որ ոչ մի դիմում էլ չի ստացվել և խորհուրդ տվեց գալ Երևան և անձամբ զբաղվել մեր գործերով: Ես ինչքան կարող էի, նրբորեն հասկացրի Պետրոսին, որ ավելի լավ կլինի մենք ինքներս ներկայանանք Հայրենիք: Դիմումները հանձնելուց 6 ամիս հետո Պետրոսը իհարկե մի անգամ էլ մտավ դեսպանատուն և նույն պատասխանը ստանալով և հավանաբար ինքն էլ ինչ որ բան կասկածելով, բայց խնամքով թաքցնելով ինձնից, նույնպես առաջարկեց, որ ավելի լավ է գնանք հայրենիք և անձամբ լուծենք մեր հարցերը:
Համոզվելով, որ իզուր ենք հույսներս դրել դեսպանատան վրա, մենք մեկնեցինք Երևան: Պարզվեց, որ ստացվել է միայն Պետրոսի դիմումը, իսկ կնոջ և իմ դիմումները դեռ ճանապարհին են: Մենք իհարկե շատ «արագ» հասկացանք, որ մեզ խաբել են (և կողոպտել), ներկայացանք համապատասխան ատյաններ և նորից դիմումներ տվեցինք: Միայն մեկ տարի հետո Պետրոսը և իր կինը դարձան Հայաստանի քաղաքացի, երբ ես հարցրեցի Պետրոսին, թե ինչպես եղավ դա և ինչպես ստացաք հայրենիքի անձնագրերը, նա դառը ժպտաց և արդեն առանց նախկին ոգևորության ասած. -Գիտե՞ս, մենք սրտատրոփ սպասում էինք այդ պահին, թե երբ ենք երդում տալու և երբ ենք ստանալու անձնագրերը, սակայն պարզվեց, որ դա չեն հասկանում հայրենիքի չինովնիկները, այդ երդում կոչվածը և անձնագրի հանձնումը այնքան ձևական, անշուք ու անհամ անցավ, որ մի պահ մեզ սկսեց թվալ, որ այդ չինովնիկները կարծես թե հայ չեն և այդ իրադարձություններից միայն դառը հիշողություններ մնացին մեր մեջ:
Ես իհարկե սկսեցի մխիթարել Պետրոսին, նշելով, որ հայրենիքի ոչ բոլոր չինովնիկներն են անտարբեր, խաբեբա ու բյուրոկրատ, հազվագյուտ, բայց հանդիպում են նաև բացառություններ:
Հետագա իրադարձությունները սակայն վերջնականորեն փոխեցին Պետրոսի մեջ հայրենի չինովնիկների և իշխանությունների նկատմամբ հավատը, որը և ստիպեց նրան հրաժարվելու հայրենիքում սեփական օջախն ունենալու գաղափարից:
Մոտենում էր Պետրոսի տղաների համալսարանն ավարտելու ժամանակը, նույնիսկ ստացվում էին աշխատանքի լավագույն առաջարկներ, որովհետև տղանները աչքի էին ընկնում շատ բարձր առաջադիմությամբ և անբասիր վարքով: Սակայն Պետրոսի միտքը միայն հայրենիքն էր, պետք էր շուտափույթ դիմումներ ներկայացնել քաղաքացիություն ստանալու համար, տուն գնել և նախապատրաստել հայրենիքում բիզնես սկսելու գործնթացը: Արդեն փորձ ունենալով դեսպանատան հետ շփումից, Պետրոսը ամբողջ ընտանիքով մեկնեց Երևան նշված գործնթացները սկսելու համար … Նախ պարզվեց որ տղաները զինվորական տարիքի են և քաղաքացիություն ստանալուց հետո պարտավոր են ծառայելու հայկական Բանակում: Պետրոսը, որ հսկայական գումար էր ծախսել Պարսկաստանում տղաններին ազատելու զինվորական ծառայությունից, պատրաստ էր նույնը անել նաև հայրենիքում, բայց պարզվեց, որ եթե այդ գործնթացը օրինական էր Պարսկաստանում, ապա Հայաստանում դա կարելի է անել միայն ոչ օրինական ճանապարհով, որից օգտվում են հայ չինովնիկների ու օլիգարխների տղաները:
Բոլոր բանակցությունները, որտեղ Պետրոսը փորձում էր համոզել համապատասխան պաշտոնյաներին, որ ինքը պատրաստ է վճարելու ցանկացած գումար, օրինական ազատելու իր տղաներին զինվորական ծառայությունից, անցնում էին անարդյունավետ. – Ես պատրաստ եմ վճարելու այնքան գումար, որ մեր բանակը կարողանա այդ գումարով վարձակալել մի քանի զինվոր իմ ամեն մի տղայի փոխարեն, և այդ վարձակալվող զինվորները աշխատանք կունենան և մեր բանակը ավելի հզոր կլինի, բացատրում էր ինձ Պետրոսը, – չէ՞ որ դա ակնհայտ է:
Ցավոք այդ ժամանակ Պետրոսը արդեն հետաքրքրվել և ծանոթ էր մեր «փառապանց» բանակի գողական բարքերով և ճշտով ծառայելու մասին և ոչ մի կերպ չէր կարողանում համակերպվել և պատկերացնել իր դաստիրակված, կրթված ու մասնագիտացված տղաներին այդ գողական բարքերում:
Բազմաթիվ փորձերից հետո, Պետրոսը հայրենիքի կարոտը սրտում, հավաքեց իր ընտանիքն ու վերադարձավ Դուբայ: Մի քանի ամսվա մեջ նա մի հրաշալի տուն գնեց Կանադայի Տորոնտո քաղաքում և այս հայրենաբաղձ ընտանիքը կարծում եմ վերջնական հանգրվան գտավ Կանադայում:
Հետագայում ես ծանոթացա բազմաթիվ մեր հայրենակիցների հետ, որոնք նույն պատճառով չեն կարողանում հաստատվել հայրենիքում:
Եվ ահա մեր բոլոր հայրենակիցների կողմից դիմում եմ մեր հանրապետության առաջին տիկնոջը և պաշտպանության նախարարի տիկնոջը խնդրանքով. – Համոզեք ձեր ամուսիններին օրենք ընդունել որոշակի գումարի դիմաց հնարավորություն տալ գոնե սփյուռքահայերին ազատվել զինվորական ծառայությունից, չէ որ այդ գումարները այնքան պետք են մեր երկրին ու մեր բանակին:
Համոզված եմ, այդ օրենքի շնորհիվ բազմաթիվ (հազարավոր) սփյուռքահայեր կհիմնավորվեն հայրենիքում և իրենց լուման կներդնեն հայրենիքի բարգավաճման գործում:
Արա Հովհաննեսյան



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ