ԼՐԱՀՈՍ - Հեղինակ՝ Admin. Thursday, March 10, 2016 8:58 - չքննարկված
Կանթեղ գրական: ՍՈՒՍԱՆՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ
ՀԱՅՈՒՀԻ ՍՈՒՍԱՆՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ
**
Նորից աստղազարդ, կապույտ գիշեր է,
Լուսնի աղոթքն է կախվել երկնքից,
Ինչ-որ մեկը մեզ կարծես հուշել է`
Եկել է վերջին ժամը արբունքի:
Սենյակս լցված քաղցրաբույր մեղքով`
Կարմիր գինու պես ծորում է ժամը…
Ու ես հալվում եմ գգվանքներից քո,
Ծաղկի նեկտար է շուրթերիդ համը:
Գիտեմ, որ նորից մենության ժամին
Զղջումիս տխուր երգը կգրեմ,
Բայց դե ինչ արած. խենթացած քամին
Սիրո կրակ է այսօր բորբոքել:
**
ՉՀԱՍԿԱՑՎԱԾ
Խխունջի նման երկփեղկվող կյանք էր.
Մարգարիտները ծովում մնացին,
Այն, ինչը իմն էր, ինձ համար թանկ էր`
Խառնվեց ծովին ու դարձավ թախիծ:
Ես ավելին էի գուցե ուզել…
Իմ առավոտը ուրիշ էր բացվում,
Արևոտ հեռվից էի հյուր եկել,
Ինձպեսների դեմ դուռը չեն բացում:
Ալիքների պես ծփացող կյանք էր.
Եվ ես մնացի խարխուլ մակույկում,
Նա, ով իմ հոգու վառվող կրակն էր`
Մեկ այլ աշխարհում ինձ է ծանակում:
ՀԱՅՈՒՀԻ ՍՈՒՍԱՆՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ