ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ Admin. Thursday, March 10, 2016 10:20 - չքննարկված
Կանթեղ գրական:ՍՅՈՒԶԱՆՆԱ ԳԱԼՍԴՅԱՆ
ՍՅՈՒԶԱՆՆԱ ԳԱԼՍԴՅԱՆ
**
Ինձ կարոտ մի թող այն նուրբ հպումին,
Այն տաք շոյանքին, աչքերի փայլին,
Որից սառնության մի շատ ջերմ ալիք
Ծնվի ու ծածկի հրդեհված մարմնիս,
Հասնի աչքերիս ու թրջի հոգիս,
Դառնա մարմնիս դողոցքը նրբին,
Բացատրությունը շփոթված սրտիս կրակին:
Կդողամ ասես քո՝ իմ շուրթերին խառնված շնչից:
Երկուսիս արագ ու ծանր շնչից
Կծնվի ասես փոթորիկն անտես :
Այդ փոթորկի մեջ երկու անհայտ Ես
Աշխարհի ցավից ու հոգսից հեռու
Իրար գրկի մեջ կզգան մեկմեկու
Ու կհանգուցեն շշուկները հոգու:
Մի պահ կպոռթկա շշուկը կրքի,
Բայց որպես ձայն երբեք չի հնչի:
Անկեղծ հույզերի պոռթկուն տարափը,
Որ վաղուց ուներ իր արձագանքը՝
Չի թողնի երբեք, որ գորշ գույները
Սրտում ինչ-որ գույն հանկարծ փոփոխեն:
Իրար գրկի մեջ; լոկ ամուր սեղմված
Ու մեր շուրթերը նուրբ իրար հպած
Կզգանք, թե ինչպես մի քանի վայրկյան
Ամբողջ աշխարհը մեր գիրկը առանք…
**
Չես լսում ավաղ սրտիս մեղեդին
Ու չես նկատում նրա շունչն ուժգին,
Որից ծնվում է շարժը շուրթերիս,
Բառը աչքերիս, դողը մարմնիս…
Ա՜խ ես անզոր եմ այդ մեղեդու դեմ
Ինչպե՞ս դիմադրեմ ես ինքս իմ դեմ:
Ամեն մի հնչյուն գրի էր առնվել
Ու նրա(սրտիս) խորքում արձագանք գտել:
Այդ ինչպե՞ս ու ե՞րբ այդքան հնչյուններ,
Այդքան նուրբ, ուժգին խենթ սրտի զարկեր
Կյանք առան իմ մեջ, ձայնեցին հոգուս մեջ
Ու մի հայացքով արտացոլվեցին քո աչքերի մեջ:
Քո ստեղծած մեղեդին դարձել էր օդն իմ սրտի,
Ամեն հնչյուն նորովի մի նոր շունչն էր իմ սրտի:
Դատարկվել է սիրտս կարծես,
Անսքողվել է ցավս կարծես:
Ինձ տվեցիր այնքան երգեր,
Բայց էլ հոգիս չունի թևեր:
Էլ չեմ ճախրում կապույտներում
Ու մոլորվում խենթ երազում:
Ծանրացել է կուրծքս կարծես,
Թացոտվել են վերքերն ասես,
Ձայն է առել ցավը սրտիս
Ծանր նստել հոգուս, մտքիս :
Ինչպես ու ինչ մի նոր երգով
Վարագուրեմ վշտերս ծով:
Ախր երգը կիսատ թողինք,
Մեր շուրթերին գոհ չթողինք:
Այնքան կիսատ մտքեր մնաց,
Որ մեր սիրտը խռով մնաց:
Վախենամ մի օր հանկարծ
Այս մեղեդին մոռանանք անդարձ,
Չհիշենք հանկարծ, որ մի սրտի մեջ
Չդրեցինք այն ինչ կար մեր սրտի մեջ,
Ափսոսենք հանկարծ, որ երկու խելառ սրտեր
Չձուլեցին իրենց մեջ պահած սիրո հնչյուններ…
( / Ատենք հանկարծ այն խելառ սրտերին,
Որ չձուլեցին իրենց մեջ պահած սիրո հնչյուններին…)
**
ՍՊԱՍՈՒՄ
Արտասվող աշնան գույները գունեղ,
Ներկել են նրա էջերը լուսեղ:
Այդ արևն անգին իր շողով ջերմին
Դիպել էր քնքուշ աշնան էջերին:
Մի անզուսպ կարոտ կրծում է հոգիս,
Մի զույգ խենթ աչքեր տանջում են սրտիս,
Ինչ-որ օտար շունչ արբեցնում է ինձ:
Իմ խենթ երազը մոլորեցնում է ինձ…
ՍՅՈՒԶԱՆՆԱ ԳԱԼՍԴՅԱՆ
**