ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ Admin. Thursday, March 10, 2016 9:44 - չքննարկված
Կանթեղ գրական:ՀԱՍՄԻԿ ՍԵՐՄԱՐԻՉԱ
ՀԱՍՄԻԿ ՍԵՐՄԱՐԻՉԱ
**
ԱՆՑՅԱԼԸ ՉԻ ԼՌՈՒՄ…
Մեր անցյալը դեռ ավազների մեջ,
Մորթվում է, խեղվում,
Անթաղ զոհերի կմախքներն անվերջ
Կանչում են՝ թաղե՛ք…
Անապատի մեջ անդորր են տենչում,
Որն էլ անդորր չէ,
Հայոց եղեռնի անթաղ դիերի
Եղե՛ռնն է արդեն…
Այդ զարհուրելի արաքից մարդու,
Որն անցավ մահից,
Փշաքաղված է անգամ դժոխքը՝
Ոգին շեյթանի…
Աշխարհի խիղճը մի լաթ է արդեն՝
Աճուրդի հանված,
Ծախվում է, գնվում՝ ինչպես պատահի,
Ամո՛թ, ա՛հ չկա…
Ոսկորներն հայի դարձել են արդեն
Փայլող ճարմանդներ,
Սակայն չեն կոճկում բացերն աշխարհի,
Ճաքում են ցավից…
Մեր անցյալն է նա, կանչը մեր արյան,
Ոճիրն իր դարի,
Որն անարձագանք ու հարյուր տարի
Դեռ կանչում մեզ…
Աղմկում է նա՝ հեծծում ու ճչում,
Չի կարող լռել.
Մեր արյան մեջ է հառաչը ցավի,
Որն ապրելն մեր…
**
ՄԵԾՆ ՄԱՇՏՈՑԻՆ…
Եկա՛ր, որ երբե՜ք, երբե՜ք չգնաս,
Ազգիդ հետ մնաս,
Բերանից – բերան անվերջ նշխարքվես.
Հայ փառքը լինես…
Եկար, որ անվերջ Մասիսված մնաս՝
Հային հայ պահես,
Նրա գոյության արմատը դառնաս,
Գիրը՝ խաչքարես…
Քո սուրբ հանճարով մեզ ծիածանես,
Վեր՝ երկինք տանես,
Աշխարհով անցնես, աստղերին հասնես,
Հայերեն խոսես…
Եկար, որ քեզնով մեր մասունքների,
Մասունքը լինես,
Նախշ դառնաս ու գիր, դարից – դար անցնես,
Հավերժ տաճարվես…
Հայ մանուկների շուրթերին հպվես՝
Մանկանաս անվերջ,
Մեր կյանքի գիրը՝ մեր լեզուն լինես,
Միշտ ապրես մեր մեջ…
Եկար, որ հայի վեհը երկնես
Ի սետե խորոց,
Դո՛ւ, հազարամյա փառահեղությո՛ւն,
Պարծա՛նք իմ հայոց…
ՀԱՍՄԻԿ ՍԵՐՄԱՐԻՉԱ
**