ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ Admin. Thursday, March 10, 2016 4:51 - չքննարկված
Կանթեղ գրական:ԱՐՄԵՆ ԱԼԱՎԵՐՏՅԱՆ
ԱՐՄԵՆ ԱԼԱՎԵՐՏՅԱՆ
**
ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ
Կորնչական ընթացքիս մեջ, Բազմաձիրք,
Սուրբ ծնունդդ ավետիս է, Օրհներգու,
Հինն անտեսում, թե բացում եմ մի նոր գիրք,
Անժխտելի խանդաղատանքդ եմ հերքում:
Պարսավելի մի բան մնաց անցյալում,
Դատավորի կեցվածքն էր՝ ինձ անհարիր,
Տարեգլխին անգամ ես չեմ ընկալում,
Որ մեղքերս են շարակցական, հատընտիր:
Ասես, ցավի ասեղնագործ զարդանախշ,
Վրիպեցի, երբ որ քելքս էր ձախավեր,
Ծածանեցի անհուսության մի շղարշ,
Այս մի մեղքս էլ գուցե անես անվավեր:
Թե ում գետնեց ներսիս անգութ բանսարկուն,
Երբ աշխարհն ինձ թվում էր մի վերելակ,
Որտեղ մնաց իմ հույզերի կաթնտուն,
Օտարված եմ, մեծատոհմիկ նվիրակ:
Նզովում եմ շնորհներս պոետիկ,
Երբ հոգուս մեջ ամայացել եմ իսպառ,
Ինչ եմ անում այն շարժերը տեկտոնիկ,
Ուր ոսկին՝ սույզ, մնացել է լոկ կապար:
**
ԱՆԻ
Ցող արցունքի մեջ աշխարհն ակներև
Գարնան հալոցք է կամ աշնան տերև,
Գոռ կատարներից բացվեց առավոտ,
Ինչ միալար ես, անհասցե կարոտ:
Անին մարգարիտ և լքված խեցի,
Բնավեր ոստան, բյուր եկեղեցի:
Քառասուն դուռ կա քաղաքում անուրջ,
Եվ Ախուրյանից ձգվող մի կամուրջ:
Սմբատ արքայի քանդակ հոյակերտ
Ձեռքիդ պահում ես Անին՝ մանրակերտ:
Մայր տաճարի մեջ Սուրբ Աստվածածին
Որմնանկարում Տերն է միածին:
Զվարթնոցի պես կատարյալ ու շեն
Սուրբ հոգու խորան կոչված Գագկաշեն:
Առաքելոց վանք, Փրկիչ-կացարան,
Որբ է իմ Անին, հուշի կայարան:
Միտքս շրջում է քաղաքում անէ,
Ուր ժամանակը վաղուց անկարգ է,
Զարդեղեն ու զենք և ճենապակի…
Ցավից խորասույզ մեկն ինձ ապտակի:
Եվ հարյուր տարվա մենությունն է այս
Ցող արցունքի մեջ ծվարած երազ,
Գարնան հալոցք է, թե տերև աշնան,
Ինձ կանգնած թաղեք մահս չիմանամ:
Արմեն Ալավերդյան