ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ Admin. Tuesday, March 8, 2016 11:49 - չքննարկված
Կանթեղ գրական:ՆԱՐԻՆԵ ԲԱԼԱՍԲԵԿՅԱՆ
ՆԱՐԻՆԵ ԲԱԼԱՍԲԵԿՅԱՆ
**
ԵՍ ՆՈՐԻՑ ԿԳԱՄ …
Ես նորից կգամ…
կգամ,երբ արդեն մոլորակում այս
տեղս կորսված,
ոտնահետքերս վաղուց տրորված ու
շիրմաքարս հող դարձած լինի:
Մեղքս այրելով ծիրի ջահերում
ես կմաքրվեմ,ես կմանկանամ,
կդառնամ հյուլե լուսավոր ու տաք ու…
նորից կգամ…
Հին աստվածների եռակն սայլում
աստղեր կփռեմ աստղաբույլերով
և նժույգների լուսածին բաշին
կապույտ ասուպներ բուռ-բուռ շաղ տալով`
կիջնեմ հանց անձրև,
ինձ հետ բերելով բազում գոյերի…անգոյությունը`
անմեղ ու զտված…
Ես նորից կգամ…
և արցունքի պես շաղ կտամ մեղքից այդքան ծանրացած
մայր հողի վրա լույսի կաթիլներ,
որ չար որոմը դեռ ծիլ չտված…իսպառ չորանա:
Բյուր գոյերն իմ մեջ արդ մաքրագործած`
կիջնեմ հանց անձրև լույս առավոտի
և պարտքս տված գոհ կանէանամ…
Ես գիտե՛մ…կգա՛մ…
**
ԳԻՇԵՐԱՅԻՆ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ
Փափուկ բարձը գլխատակիս՝
քունս չի տանում
Ու իմ սև անքնությունից
գլուխ չեմ հանում:
Հազար անգամ նույն կածանով
սլանում եմ հետ
Ու աստղածոր ճանապարհին
ձուլվում եմ անհետ:
Լուսնի շողը՝ ձեռքս բռնած
Ուղեկցում է մունջ,
Ձայն եմ տալիս…լռություն է…
Ցնո՜րք է…անուրջ…
Ու գնում եմ սրտապատառ
գիշերվա մեջ մութ,
Մենությունից ցնորվում եմ՝
Տենդում եմ անգութ:
Ետ եմ նայում տեղիս դատարկ,
Փափուկ է բարձը…
Բայց արի տես,չի էլ ձգում՝
Սա՛ է ողջ հարցը:
Գնամ ,հասնեմ պապոնց բաղին,
տանը մեր ծերուկ,
Հոգնած փռվեմ մամռոտ քարին
ու դառնամ մանուկ…
Տատս ձեն տա հուշիկ-նուշիկ,
ու տակի տնից,
Ալրոտ ձեռքերը սրբելով
փնտրի,գտնի ինձ:
Գրկի,տանի վերի տունը,
մեկնվեմ թախտին,
վերմակով տաք-տաք փաթաթի
ու …քնեմ կրկին…
Պապոնց մեր տան ցորնաբույրով
բարձս գրկեի՜,
Հրա՜շք լիներ,գեթ մի գիշեր
այնտեղ քնեի…
ՆԱՐԻՆԵ ԲԱԼԱՍԲԵԿՅԱՆ
**