ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Saturday, March 5, 2016 11:29 - 1 քննարկում

Կանթեղ գրական:ԱՐՄԵՆ ԵՐԻՄՅԱՆ

Արմեն ԵրիմյանԱՐՄԵՆ ԵՐԻՄՅԱՆ

**

Ախր ինչ՞ի…
Ինչի՞ պիտի մայրը ողբա,
Երբ մանուկը հաց է ուզում,
Ինչ՞ի պիտի հայրը գոռա,
Բայց այս անգամ՝ ինքն իր վրա…

Ինչի՞ համար հայրը պիտի
Պանդխտության ճամփան բռնի,
Ինչի՞ պիտի հայի քրտինքն
Օտարության հողում թափվի…

Հացի համար բունը լքում
Ու մնում են հավետ գերի,
Օտար ազգի հո՛ղն են ջրում,
Իսկ մերն ահա՝ չոր, ամայի՜…

Ծերանում են մեր հայրերը՝
Պանդխտության երկար ճամփին
Ու քանիսն են գնում – մնում,
Հավատացե՛ք, ցա՜վ եմ ապրում…

Ճերմակում են սուրբ մայրերը՝
Կարոտ կոչված տառապանքից
Ու քանի՜սն են մենակ մնում,
Այս ի՜նչ ցավ է ազգս կրում…

Ինչի՞ համար, ինչի՞ պիտի
Որդին հորը օտար երկրի հողին հանձնի,
Աչքի մեկը Հայաստանին,
Իսկ այն մյուսը՝ հառած մնա հոր շիրիմին…

Դուք, անխիղճնե՛ր, անարժաննե՛ր,
Աթոռ գրկած փառասերնե՛ր,
Մոռացել եք, որ ցածից եք վերև հասել,
Ուրացել եք, որ Մարդի՛կ են ձեզ վեր հանել…

Մի ցած իջեք ու դուրս եկեք,
Տեսեք ազգս ո՜նց է ապրում,
Բայց գողեգող շրջեք մռայլ փողոցներով,
Ժողովուրդը՝ բարև չտա թուք ու մրով…

Ու դեռ նստած ծաղր եք անում
Մրոտ ձեռքով հաց ստեղծողին,
Բայց չե՛ք տեսնում կեղտով պատված,
Շահին ծախված՝ ձեր իսկ հոգին…

Իսկ ես ահա իմ զայրույթից՝
Հայհոյում եմ այս աշխարհին
Ու չե՛մ ներում Հայոց հողում
Անեծքի սերմ ցանողներին..

**

Ուզում եմ դեպի մանկություն գնալ,
Ուզում եմ թռչել ու հասնել անցյալ,
Ուզում եմ ճախրել մայրական գրկում,
Ինչպես աղավնին՝ խաղաղ երկնքում…

Ուզում եմ հորս ամուր գրկելով՝
Ծնկներին նստել, խաղալ ցնծալով,
Ուզում եմ նորից մանկան հայացքով՝
Աշխարհին նայել խաղաղ աչքերով…

Ուզում եմ նորի՛ց լինել դրախտում,
Այս մղձավանջից փախչել եմ ուզում,
Ուզում եմ ապրել մեր հին տնակում,
Իմ քույր ու եղբոր ծիծաղն եմ ուզում…

Ես չեմ հասկանում՝ ի՞նչն է ինձ ստիպում,
Նորից ետ դառնալ իմ վառ մանկություն,
Ի՞նչ եմ ունեցել մանուկ հասակում,
Որ թավալվում եմ հուշերիս գրկում…

Ուսո՞ւմ, աշխատա՞նք, պատիվ ու հարգա՞նք,
Թե՞ ընկեր կյանքի, ընկերներ հարգի…
Ոչինչ չի եղել, անգամ նպատակ,
Ո՛չ սեր է եղել, ո՛չ էլ՝ երազանք…

Չե՛մ գտել ոչինչ, չե՛մ էլ կորցրել,
Ո՛չ կառուցել եմ, ո՛չ էլ՝ ավերել,
Անզգույշ ու փոքրիկ քայլեր եմ արել,
Անգամ գլուխս՝ գետնին հարվածել…

Եթե սայթաքել ու վայր եմ ընկել,
Նորից բարձրացել՝ ոտքի եմ կանգնել,
Եվ եթե անգամ ցավից արտասվել՝
Իմ զիլ ծիծաղն է արցունքս ծածկել…

Ու պարզ էր հոգիս՝
Ծիածան կապած երկնքի նման,
Կյանքս խաղաղ էր՝
Աստղերով լեցուն գիշերվա նման,
Սիրտս մաքուր էր՝
Ձմռան առաջին ճերմակ ձյան նման,
Բայց չհասկացա,
Թե մանկությունս մի օրվա նման,
Ինչպե՞ս հեռացավ գլխիս վրայով՝
Երկնքով թռչող երամի նման…

Օրերս անցան ու լո՜ւռ չքացան՝
Երկնքից թափվող աստղերի նման,
Կյանքի տառապանքն ինձ այցի գալով՝
Խե՜ղճ մանկությանս վերջ տվեց ցավով…

Սպիտակ օրերս հեռացան ինձնից,
Սիրտս խավարեց լույսի սպասումից,
Հոգիս ավերվեց չարիքի ձեռքով,
Գլուխս պատվեց ճերմակ մազերով,
Եվ այս ամենը
Տեսնում եմ ահա իմ թաց աչքերով՝
Ու քայլում դեպի
Կյանքի մայրամուտ տանող հետքերով…

Իմ թշվառ բախտից ոչինչ չեմ ուզում,
Դժոխքի ճամփից փախչել եմ ուզում,
Ուզում եմ գնալ դեպի մանկություն,
Մանուկի նման վազել եմ ուզում
Ու եթե հանկարծ վա՛յր ընկնեմ նորից,
Ուզում եմ հա՛յրս վազի դեպի ինձ,
Իսկ եթե լացեմ,
Թող միայն մո՛րս ձեռքի ապտակից,
Ոչ թե՝ անարդար կյանքի հարվածից..

Ա. Երիմյան

**



1 քննարկում

You can follow any responses to this entry through the RSS 2.0 feed. Both comments and pings are currently closed.

Մելանյա Գ.
Mar 10, 2016 8:43