ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ Admin. Friday, February 12, 2016 0:21 - չքննարկված
Կանթեղ գրական: ԱԻԴԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱԻԴԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
**
Լռությունս տարազ է հայկական՝
նռե կոճակներով :
Թումանյանի Անուշն է թխամազ,
ամեն առավոտ կույս սափորով ջուր է բերում
աղբյուրից,
ափսոս չունի իգիթ յար,
որ ծարավը հագեցնի:
Լռությունս շերամ է, թթենու փարթամ
տերևներից կախված,
գլխի ճոճանակաձև շարժումներով,
ութանման թելակույտեր է կծկում,
խոստացել է, որ մինչև թիթեռ դառնալս
իսկական մետաքսից երեսքող կգործի հարսնահանդեսիս համար:
**
Հիշում եմ,
քեզ տեսնելու համար
ոտնաչափերս մեծացան,
ծիլը սրտիս ծառ դարձավ:
Անկե°ղծ, ստախոս էի այն ժամանակ՝
ասում էի թե բևեռներն եմ սիրում աջ ու ձախ,
այնինչ աչքիս բոլորակն էիր տաք:
Հիշում եմ ճիգերս տևական,
որ աճում էին ինձնից հեռու՝
բազուկներիդ տակ:
Կրունկներիս հաշվին
հասել էի շուրթերիդ անհաշտ,
հաղթանակը մեծ էր,
մարմինս՝ վտանգված:
Հիշում եմ, երջանիկ էիր ինձնից շատ,
դեռ զույգ չդարձած
թառել էիր կառքը պատվական :
Ցայտոտում էիր, աքլորականչ տալիս,
ասես ուզում էիր համոզել վերևներին,
որ հրեշտակ եմ հանդերձով հարսնացուի:
Տասներկուսն անց կես էր
ձեռքս միամիտ
մեջքիս տարա,
ամուր բռնել էիր ՝
խորամանկ,
բայց անվարժ:
Ուզում էի անվանարկել,,
տարեցների եկեղեցուց կանչել,
բայց իրականում արդեն քիչ էի քո գրկում,
ուժ չունեի անունդ փոխել:
Անդամատվեցի,
մի քանի վայրկյանում նկարիչ դարձա:
Նկարեցի վանդակ, մեկ էլ թռչուն:
Թռչունս շանթում էր խոնարհ,
ցատկերը ծանր էին,
երևի դիտմամբ էր մաճուկ հագել,
որ հին բնակատեղին դատարկ չմնա…
ԱԻԴԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ