ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ Admin. Friday, February 12, 2016 1:19 - չքննարկված
Կանթեղ գրական: ՔՐԻՍՏԻՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՔՐԻՍՏԻՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
**
Զատիկը
Չեմ հասկանում
Կարմիր է –սև պուտերով,
Թե հակառակը…
-Զատիկ-զատիկ,
Ցանկապատից այն կողմ թռիր,
Թող բողբոջեն ծառերը
Ու ետ արի…
Կյանքս`
Հադեսի թագավորություն…
Ես խմեցի
Լեթայի ջրերից.
Իսկ իմ զատիկը
Լիզեց շրթունքս…
Երեսուն տարի
Պատի ճեղքի մեջ
Ճզմված զատիկ…
Իմ հայացքը
Կարոտում է
Թռիչքին քո…
**
Պապս թաքցնում էր բաժակը,
Տատս չէր սիրում, երբ խմում էր նա…
Քթի տակ վախվորած
Բառեր էր մրմնջում…
Տատս բարի էր,
Ու ամեն անգամ,
Երբ պապս խմում էր,
Ես արցունքներն էի հավաքում տատիս…
Ու լսում տրտունջ ու
Խոսքեր Սուրբ գրքից.
Այսօր էլ
Պապս
Հարբած էր, ու…
Արդեն հարյուր տարի է,
Ինչ
Տատս հայի կենացն էր խմում
Պապիս արցունքներով…
Քրիստինէ Հովսեփյան
**