ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ Admin. Friday, February 12, 2016 0:54 - չքննարկված
Կանթեղ գրական: ԼԻԼԻԹ ՎԱՐԴԻԿՅԱՆ
ԼԻԼԻԹ ՎԱՐԴԻԿՅԱՆ
**
Աշունը երգ է հոգումս ծնված,
Որ պիտի երգեմ դեղնած մայթերին,
Կախ պիտի ընկնեմ բաճկոնիդ թևից,
Ու պիտի ժպտամ գժվածի նման:
Երգ է աշունը հոգումս ծնված,
Որ պիտի կախեմ ճոճվող ճյուղերից,
Մենք պիտի ճոճվենք տերևի նման,
Իրար գրկի մեջ ու աշնան թևին:
Աշունը երգ է հոգումս ծնվսծ,
Որ պիտի փռեմ ես տանիքներն,
Անձրևների հետ պիտի գա նա ցած,
Աշունով լցնի փողոցները հին:
Երգ է աշունը հոգումս ծնված,
Որ պիտի երգեմ ես հարբածի պես,
Պիտի դատարկեմ գավաթը նրա,
Ու պիտի ձոնեմ կենացներս քեզ:
**
Մի գավաթ տվեք, որ սիրտս բացեմ,
Գինով լի գավաթ, կարմիր թունդ գինով,
Սրտիս պես կարմիր ու թունդ սրտիս պես,
Որ զուր նետեցի ամեն շան առաջ:
Մի գավաթ տվեք, որ մի լավ հարբեմ,
Պարպեմ մինչև վերջ կաթիլը նրա,
Որ հետո լցնեմ գավաթն արցունքով,
Որոնք գոյացան սիրտս լափելիս:
Մի գավաթ տվեք, որ ընկերանամ,
Այս լիրբ կյանքի հետ ու մարդկանց քսու,
Որ էլ չանիծեմ այս կյանքը լեղի,
Որ ընկերանամ բախտիս հետ գծուծ:
Մի գավաթ տվեք, որ չհառաչեմ
Սրտիս մեջ մեխվող ամեն սուր նետից,
Որ այդ գավաթով ես թեթևացնեմ,
Բեռը ուսերիս ու մեղքը դարիս:
Որ կյանքը դառնա անցած մի կամուրջ,
Ու ես հրճվանքով այն ափից նայեմ,
Որ էլ չունենամ կորցրած անուրջ,
Որ կորուստներս գտածով ծածկեմ:
Լիլիթ Վարդիկյան
**