ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ Admin. Friday, February 12, 2016 1:03 - չքննարկված
Կանթեղ գրական:ՌՈՒԶԱՆ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
ՌՈՒԶԱՆ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
**
Փակված դռները բացված վերքերի խորություն ունեն,
Եվ մանանեխի հատիկն է հիմա իմ հավատի չափ.–
Այդ դռների տակ հանց արալեզներ շներն են քնել.
Ես էլ կննջեմ, երբ քամիները հանդարտվեն անչար:
Բայց վերքերը դեռ արնահոսու՜մ են – չի՛ փոխվել ոչինչ,
Եվ ամեն քայլը անդունդ ու վիհ է հիշեցնում դարձյալ.
Որքան էլ բարձր ինձ արձագանքեն վիհերը աննինջ,
Բանալու անցքի խորություն ունեն վերքերը բացված…
**
Ես թագ չեմ կրել, իմ պարտությունն է եղել թագուհու,
Քանի անգամ է կյանքն իմ անունը աճուրդի հանել,
Բայց ես իմ ձեռքը երբեք չեմ մեկնել համբույր առնելու.
Իմ ճերմակ ձեռքը ընկածին է լոկ ետևից տարել:
Եվ ծիծաղել է կյանքը ինձ վրա, ո՜նց է ծիծաղել,
Անամոթաբար կանչել՝ մե՛կ արծաթ, երեսու՛ն, հարյու՛ր……
Բայց ես իմ ոսկին շպրտելու տեղ իրեն եմ թողել.–
Ես թագ չեմ կրել – իմ հաղթանակն է եղել թագուհու:
Մի օր էլ մահը՝ հավետ տարաժամ, ինձ մոտ կվազի,
Եվ որպես վրեժ աճուրդի բեմին դու՛ կլինես, կյա՛նք.
Ճակատագիրը երեսը շրջա՛ծ մուրճը կզարկի –
Զի իմ անունը գնահատված է շատ ավելի թանկ:
**
Այսքան սիրել կլիներ,
Որ ես սիրեցի…
Այսքան գտնել կլիներ,
Որ ես կորցրի…
Այսքան սպասել կլիներ,
Որ ես շտապեցի…
Այսքան մեռնել կլիներ,
Որ ես ապրեցի…
**