ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ . Friday, February 5, 2016 7:39 - չքննարկված

Կանթեղ գրական: ՏԱԹԵՎ ՄԱՂԱՔՅԱՆ

Տաթեվ Մաղաքյան

ԱՆՀԱՅՏ ՆԿԱՐՉԻ ՕՐԱԳՐԻՑ

Իմ տունը երկու սենյակ ուներ, ավելի ճիշտ այն տունը,որտեղ ապրում էի ես, երբ դեռ չէի հասցրել մատս ու սիրտս օղակել ոսկյա մատանիով։ Ես նկարիչ էի։ Փառքի անուշ բույրը հեռվից ճաշակել էի և այն ինձ հանգիստ չէր տալիս, գիշեր ու զօր աշխատում էի։Նկարել էի Չիկագոյի մեծահարուստներից մեկի տունը, նա էլ գնել էր նկարը ու ինձ թվում էր, թե փողոցում ինձ բոլորը ճանաչում են, թե սրճարաններում իմ ծակ գրպանի վերջին կոպեկները չեն վերցնի, փոխարենը մի լավ կհյուրասիրեն, բայց․․․Իմ տունը երկու սենյակ ուներ, բայց ես ապրում էի մեկ սենյակում, կողքի սենյակում ապրում էր խոհանոցում անընդհատ ինչ-որ բան պատրաստող, մազերը ծոծրակի մոտ հավաքած, ծաղկավոր չթե խալաթով մի աղջիկ։ Ինձ նա բացարձակ հետաքրքիր չէր, թեպետ մի անգամ փորձել էի գլուխս ներս մտցնել ու նայել նրա սենյակի ներսը,բայց նա արագ հայտնվեց դռների մոտ ու քթիս շրխկացրեց դուռը։ Այդ օրվանից հետո նա դադարեց ինձ համար գոյություն ունենալ և մենք սկսեցինք չնկատել միմյանց գոյությունը։ Ես նկարում էի ինչ կարող էի,ինչ տեսնում էի, ինչ կարևոր էի համարում, բայց ցուցահանդես վաճառքների ժամանակ հազիվ կարողանում էի մեկ կամ երկու կտավ վաճառել, որով էլ վճարում էի բնակարանի վարձը։

Մի օր էլ, երբ նկարակալի առջև կանգնած փորձում էի հերթական < <գլուխգործոցն>>արարել, դուռս կամաց բացվեց ու ներս մտավ սրբիչի մեջ փաթաթված, թաց մազերը ուսերին թափած,ոտաբոբիկ ՆԱ։ Ես գլխի շարժումով հասկացրի,որ նստի բազկաթոռին։ Նստեց, գլուխը հետ գցեց, ալիքվող մազերը գրկեցին բազկաթոռի թիկնակը, սրբիչը քիչ ցած սահեց․․․Ոտքը դրեց ոտքին, խենթացնող մերկություն էր, երբ ոչինչ բաց չէ, բայց երևակայել կարող ես,մանավանդ,երբ նկարիչ ես։ Ես մթնեցրի սենյակը վարագույրներով և կանգնեցի նկարակալի մոտ։ Իմ մի քանի հարցին նա միայն գլխի շարժումով էր պատասխանում, երբ արդեն պատրաստ էր էսքիզը,ես կամաց հայտնվեցի բազկաթոռի մոտ, ու գլուխս նրա գլխին խոնարհած ասացի․
-Ես ուզում եմ շնչել քո թաց մարմնի բույրը․․․
-Իմ թաց մարմինն արդեն չորացավ․
-ծիծաղեց նա ու փախավ։
Եթե նկարակալին ամրացված նրա պատկերը չլիներ, կմտածեի, որ տեսիլք էր, չար կատակ։ Ողջ գիշեր քնեցի՝ գրկած բազկաթոռի թիկնակը ու շնչելով այն բույրը, որ այնպես ինձ համար ցանկալի դարձավ։ Առավոտյան նա դարձյալ խոհանոցում էր, իմ ջերմ ողջույնին,պատասխանեց մեկ բառով․< <Անամոթ>>։
Ես առանց երկար մտածելու ասացի․
-Միթե՞ անամոթը ողջ գիշեր կդողա և չի բացի ցանկալի կնոջ սենյակի դուռը․․․
Իմ վերջին խոսքերի հետ նա դուրս վազեց խոհանոցից, ես գազօջախի վրայից փորձեցի կաթսան վերցնել ու այրեցի մատներս։ Իմ բարձր ձայնը լսեց ու զգացի, թե ինչպես մոտեցավ իր դռանը, բայց չբացեց այն։ Ես փշրված էի։ Երեկոյան, չգիտեմ ինչու, բայց սպասում էի, որ դարձյալ կբացվի դուռս ու նա ներս կգա՝ մազերը հավաքած կլինի գլխին, երկար պարանոցը հպարտությամբ պահած կնստի բազկաթոռին ու հայացքով ինձ մոտ կկանչի, և ես կթողնեմ ներկերս, վրձիններս, նկարակալս ու կսկսեմ հանել նրա գուլպաները, դանդաղ ինչպես գարնանային անձրև։ Նա կսկսի մրսել , իսկ ես կփարվեմ նրան ինչպես աշնան քամին դեղնած ծառերին, որ մեկ առ մեկ պոկում է ծառի տերևները․․․Չիմացա,թե ինչպես բացվեց լույսը,արագ գնացի խոհանոց․․․․
-Բարև, մեր հարևանը դու ե՞ս, կինս ասաց, որ նոր հարևան ունենք, ես գիշերն եմ վերադարձել․․․ես․․․,կինս ասաց, որ դու նկարիչ ես․․․

Ես տաք սուրճը կուլ տվեցի մեծ ումպերով՝ այրելով քիմքս, կոկորդս, լեզուս, ու մի կերպ ասացի․
-Ձեր հարևանն էի, կեսօրին արդեն այստեղ չեմ լինի։
Տղամարդն ինձ ինչ-որ բան էր ասում, երբ թիկունքիս լսեցի նրա քայլերի ձայնը, շրջվեցի, նա քայլեց իմ կողքով, հասավ ամուսնուն, գրկեց ուսը, նայեց ինձ, ու ես հասկացա, որ նա ինձ, երբեք չի ների այն գիշերի իմ անհամարձակության համար․․․
Մի ժամ հետո, ես իմ ողջ ունեցվածքը թևիս տակ, վարձով բնակարան էի փնտրում Չիկագոյի հարավում։ Ես նրան կարոտում էի, երբ մթնում էր, երբ արդեն գիշեր էր, շատ անգամ փորձեցի նկարել նրան բազկաթոռին թիկնած, բայց միշտ ստացվում էր միևնույն պատկերը, նրա գլխավերևում հայտնվում էր ամուսինը, որը այդպես էլ չիմացա, թե որտեղից հայտնվեց․․․
Կինս նման չէր նրան, բայց սիրում էր նստել բազկաթոռին, ոտքերը դնել իրար վրա, ու մազերով գրկել թիկնակը, ես այդ պահերին դուրս էի գալիս սենյակից օդում փնտրելու նրա բույրը, որն այդպես անզգուշաբար կորցրի․․․

ՏԱԹԵՎ ՄԱՂԱՔՅԱՆ



Այս թեմայի շուրջ տարվող Քննարկումները ժամանակավորապես կասեցված են.

ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳՐԵՐ, Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ - Aug 19, 2016 10:00 - չքննարկված

Ինչպես ընդունվեց Հայոց ցեղասպանության և ժխտման քրեականացման օրենքը Սլովակիայում :Ինչպես Հայաստանը ունեցավ Ռազմական ինքնաթիռներ:Ստեփան Քիրեմիջյանի հյուրն էր ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

More In Ս. ՔԻՐԵՄԻՋՅԱՆ


More In


ԷԿՈՆՈՄԻԿԱ - Jun 18, 2016 10:07 - 1 քննարկում

տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների տնօրեն՝ Կարեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր՝ Կարեն Ադոնցը:Մագնիս – Magnis 14.06.2016

More In ԷԿՈՆՈՄԻԿԱ