ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ Admin. Tuesday, February 2, 2016 6:05 - չքննարկված
Կանթեղ գրական: ԱՐՄԵՆՈՒՀԻ ԴԻԼԱՆՅԱՆ
ԱՐՄԵՆՈՒՀԻ ԴԻԼԱՆՅԱՆ
**
Դեռ ոչ մի կամուրջ
չեմ այրել կյանքում,
Գոհ եմ իմ բախտից, մարդուց,
աշխարհից…
Ես շատ եմ սիրված և մենակ եմ շատ
Ու սպասում եմ ձմռանն իմ ճերմակ…
Չէ՛ չեմ այրելու և կամուրջը
այս …
Որով դու մի օր ինձ մոտ
պիտի գաս…
Բայց սին հույսեր
են՝ այս կյանքս
վկա…
Գողի քայլերով՝ ինձ է մոտենում
ձմեռը ճերմակ…
ԱՐՄԵՆՈՒՀԻ
**
Մի գավ գինի՝ ճաքած նռան…
Պար է գալիս արյանս մեջ,
ԵՎ ոտքերս՝ կտրած հողից…
Ինձ տանում է Աստծուն մոտիկ:
Մեղքերիս հետ նստել սեղան…
Փսփսում եմ ականջներին.
-Ձեզ ծնել եմ, բայց ինձ ներեք,
Ա՜խ երանի մաքուրներին…
Գինովցել եմ, խենթ եմ դարձել,
Այս ի՜նչ միտք էր, տեր, քեզ մեղա՜…
Միջնադար եմ ուզում գնալ,
Քուչակի հետ սեր-սեր խաղալ…
ԱՐՄԵՆՈՒՀԻ
**
Ես գյուղիս ժայռի մասուրների պես` վայրի, ամոթխած…
Իսկ դու գրկեցիր, ինձ համբուրեցիր ` քանի~- քանիսի`~ աչքերին ի տես,
Երբ ավտոբուսը ինձ փրկելու պես տարավ կանգառից,
Շվարած կանգնել, մեղավորի պես նայում էիր դեռ,
…Ու ես հասկացա, շատ ու~շ հասկացա…
Որ մեղավորը այս գարունը չէր, մեղավորն ուրիշ, ուրիշ մի գարուն,
Երբ քսանամյա իմ նազանքների, հրապույրների հպատակն էիր` լուռ ու ծնկաչոք…
… Եվ տարիներով ծխում էիր հեզ կորուստն իմ անհետ…
…Տարիներ հետո…Ի՞նչ արիր, իմ խենթ,
Չէ՞ որ ես քեզ չէի սիրում,
Այլ` խաղերով իմ սեթևեթ` խաղում էի քո հոգու հետ…
ԱՐՄԵՆՈՒՀԻ
**