ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ Admin. Sunday, January 24, 2016 0:04 - չքննարկված
Կանթեղ գրական:ՆԱԻՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ
ՆԱԻՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ
***
Օ՜, ինչ փառահեղ շուքով են դարձել
Կտրիճներն արի՝ հրայրքիս խոնարհ,
Սիրավառ սիրտս երբ ձեզ եմ բերել
Մարել եք նրա զարկը կենարար:
Վարքս թեթև էր ձեզ թվում այնժամ.
Չշնորհեցիք ճախրանքիս երկինք,
Անգին համբույրս ձեզ թվաց էժան,
Զեխ խաղ հերթական սերս կարծեցիք:
Հիմա եկել են՝ երբ հեռացել եմ,
Ընտել է արդեն կսկիծն իմ հոգուն,
Հույզերի վարգը կամքիս սանձել եմ.
Ինձանից հառնածն ինձ չի ճանաչում:
Դարձել են շուքով անցյալից անլույս –
Ամուլ թախիծով կորած օրերի,
Ի՜նչ պիտի բերի ձեր դարձը սիրուս –
Գողգոթա ունի այն բյուր շուրթերի…
ՆԱԻՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ
***
Եղավ՝ ինչ եղավ, մնաց այն, ինչ կա –
Ձեռքերդ պարզիր – ա՛փդ դատարկ է,
Վանիր երկյուղդ ու հարբած մնա՝
Կյանքն էլ մեր որ կա՝ վերինից գրավ է:
Եկանք, որ բարդվենք մահվան մեղքերին,
Մինչդեռ կյա՛նքն է այս անողոք խաղում,
Տիեզերքի կամքը հյուլեիդ ջանքին
Պորտալարով էր մայրդ նո՜ւրբ կապում…
ՆԱԻՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ
**