ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ Admin. Sunday, January 24, 2016 2:11 - չքննարկված
Կանթեղ գրական: ՆԱՐԻՆԵ ԲԱԼԱՍԲԵԿՅԱՆ
ՆԱՐԻՆԵ ԲԱԼԱՍԲԵԿՅԱՆ
**
Ես չեմ կարող խավարի մեջ երկար մնալ
Ես չեմ կարող խավարի մեջ երկար մնալ
Եվ չեմ սիրում գորշությունը այգաբացի.
Իմ լեռների գագաթներին արև է վառ,
Իսկ թախիծը չեմ էլ թողնում փոխվի լացի:
Ես չեմ կարող խավարի մեջ երկար մնալ
Եվ թռիչքս վեր է տանում թևով ամպոտ,
Չեմ հանդուրժում մանրակենցաղ բարքը մարդոց,
Գլուխս վեր քայլում եմ իմ ճամփով քարոտ:
Ես չեմ կարող խավարի մեջ երկար մնալ,
Իմ երկնքում ծիածան է հազարափեշ
Եվ երգերս՝հոգուս ճիչերն արտագնա,
Պիտ թրատեն անձկությունս այժմ … հավերժ…
Նարինե Բալասբեկյան
**
Լուսաբացս չի՛ վերջացել
Դու իմ Նարեկի առաջին տողը.
Վերջինը,հաստատ,դեռ չեմ կարդացել…
Սիրո բերկրանքիս իսկական դողը.
Վերջինը,գիտեմ,դեռ չեմ զգացել…
Վաղուց հորինված հեքիաթիս թևը..
Ավարտի մասին չեմ էլ մտածել…
Վիրավոր սրտիս պատիժն ու դեղը.
Անդորրը ի՞նչ է՝չեմ էլ իմացել:
Դու կեղծիքի մեջ ստեղծած անուրջս.
Թեպետ ստերիդ չե՜մ հավատացել…
Իմ Երկիր-Երկինք լուսե կամուրջը,
Որով անցել եմ ու …ետ չեմ դարձել…
Դու իմ սիրառատ երգի մեղեդին.
Չափ տալը ի՞նչ է՝չե՜մ կարողացել…
Իմ սիրո համար մի դարը քի՜չ է.
Եվ լուսաբացս դեռ չի վերջացել…
Նարինե Բալասբեկյան
**