ԿԱՆԹԵՂ ԳՐԱԿԱՆ - Հեղինակ՝ Admin. Saturday, January 23, 2016 23:32 - 1 քննարկում
Կանթեղ գրական: ՀԱՅՈՒՀԻ ՍՈՒՍԱՆՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ
ՀԱՅՈՒՀԻ ՍՈՒՍԱՆՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ
**
Ու թե խենթանանք,
Ես այս երեկո,
Իսկ դու այս գիշեր.
Լուռ կհեռանանք:
Ու թե վարանենք,
Մոռացության մեջ
Մթին գիշերով
Սերը կբուրի
Ծաղկավետ հոգուց:
Իսկ եթե ներենք,
Բարության սերմը
Կձգվի հողում
Ու կփրկվի
Կյանքը անողորմ:
Թե կրկին սիրենք`
Կցնծա կյանքը,
Կխանդավառվի,
Հանդարտ կթևի
Երկնքի սրտում
Սիրո բարերար
Մեր հրեշտակը:
Ս. Ղ.
**
ԱՐԹՆԱՑԵ’Ք
Հողմերի թափից, օրերի վազքից
Կաթվածահար են հոգիները պաղ,
Մարդուկի ահից ու ահեղ գահից
Քաոսի մեջ է աշխարհը, ավա~ղ:
Դարի անճոռնի, պղծված դեմքից
Խեղաթյուրվել է երեսը մարդու,
Համբակի դարում համբակ են դարձել
Հողի մշակն ու այրերը գիտուն:
Եվ ու՞ր է տանում հորձանքը այս խենթ,
Եվ ե՞րբ շեղվեցինք մեր գետի հունից,
Մեր իսկ շվաքում հյուր դարձանք հանկարծ,
Օտարի հողում մի թափառական,
Անտուն ու անբուն, թևատված թռչուն:
Եվ քանի մեզնից չենք զրկվել իսպառ,
Արթնանալ է պետք հասկացեք, մարդի’կ,
Քանի մեր գենը չի փչել շունչը,
Հոգեհան հոգին դեռ չի ավանդել`
Վե’ր ելեք, մարդի’կ, հայանալ է պետք:
Ս. Ղ.
**
1 քննարկում
Ժանետա